Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Դատաստան

Դատաստան
03.05.2013 | 11:36

ԹԱՎՐԵ

Յոթ օր առաջ, Ջուլյային ճանապարհ դնելուց հետո, շտապեցի հոսպիտալ` արյանս անալիզների հետևից։ Երկար ու բարակ, անհասկանալի տողադարձումներն աչքի անցկացնելուց հետո` հարցական նայեցի դոկտորի դեմքին:

Առանց ձևականությունների նա դատաստանս շրխկացրեց դեմքիս.
-Չափահաս մարդիկ ենք, պարտավոր եմ ասել… Եթե առաջիկա երկու կամ երեք օրվա ընթացքում համապատասխան դոնոր չգտնվի, ապա ձեզ մնացել է ապրելու մոտավորապես յոթից ութ օր…

Ամեն անգամ, դռների փակվելուց հետո, տրամվայի մեջ կարճատև մի քանի երաժշտական հնչյունի հաջորդում էր ականջ մերսող մի ձայն, հայտարարելով հաջորդ կանգառի անվանումը:
Ստրասբուրգյան տրամվայներն անզուգական են: Ոչ մի զբոսաշրջիկ չի մոռանում դրանց ֆոնի վրա լուսանկարվել։
«Գալիա» կանգառում դուրս եկա ու քայլերս ուղղեցի դեպի բացօթյա «Բռանտ» սրճարանի կողմը. Ջուլյան երևի արդեն ինձ էր սպասում:
- Ողջո՛ւյն…
- Salut !
Ծխում ենք, գինուց կում անում։ Մի պահ զղջում եմ, որ ինձ համար գինու փոխարեն գարեջուր չպատվիրեցի, ու ամեն անգամվա պես մտածում. «Ֆրանսիական գինին լավն է, բայց վասպուրականցի արմատներով լուսահոգի պապիս մառանի գինուն չի հասնի…»:
-Խոսք չունեմ,- կում անելուց հետո` շուրթերս լիզելով, պահում եմ Ջուլյայի զրույցը, - ձերոնք առաջինն են օծանելիքի հարցում, բայց գինու հարցում նույն բարձրության վրա չեն:
-Գիտե՛մ, ասելու ես` ձեր խաղողի գլխին կարգին արև չի դիպչում… Է՛ն, քո իմացած արևը նկատի ունեմ…
«Լա՛վ է, - մտածում եմ, - Ջուլյան կարծես մոռացել է ու հարցեր չի տալիս անալիզներիս մասին…»:
Սեղանին դրված հեռախոսս զնգաց: Ջուլյան նայեց թևի ժամացույցին ու կարծես հասկացրեց, որ գործեր ունի: Հեռախոսիս մյուս ծայրին մանկությանս ընկեր հայրենակիցս է… Ժամանակը մեզ տեղահանելով` ցրել է աշխարհով մեկ, ու հիմա նա ապրում է Կալինինգրադում… Ասում է` իրենց մոտ եռօրյա տոն է հայտարարված… Ռուսաստանի օրն է… Մեկ, երկու օրով հրավիրում է միասին քեֆ անելու` ժամանակ անցկացնելու…
-Այս տարի չեմ կարող…,- կցկտուր արդարանում եմ ես ու նայում արդեն ոտքի ելած Ջուլյայի աչքերին:- Մնաս բարով…
-Պետք է գնամ, - մեղավոր ձևանալով` ասում է Ջուլյան, - բացի այն, որ լիքը գործեր ունեմ, տանը ինձ երկու քաղցած կատվիկներս են սպասում: Երեկվանից նրանց չեմ կերակրել։
-Մեղք են, իհա՛րկե… Գնա՛: Մոտ օրերս կկապվենք,- քրթմնջում եմ ես, ինքս էլ չհավատալով ասածներիս իրագործելիությանը, որովհետև մտքումս հնչում է. «Ապրելու համար քեզ տրված ժամանակը սպառվել է…»։
-Ես կզանգեմ ավելի շուտ, քան կարող ես պատկերացնել, - խոստացավ Ջուլյան:
Սեղանից վերցնելով մեքենայի բանալիները, նա այտը հպեց այտիս ու հեռացավ: Նույն պահին մի կին, թարմությունը չկորցրած ու հաճելի գծագրությամբ, տեղավորվեց մի քանի սեղան հեռվում, իմ դիմաց։
«Հավանաբար միայնակ է»,- մտածեցի ես, քանի որ ամեն անգամ սուրճի վրա հակվելիս` վավաշոտ հայացքներ է նետում: Նրա հայացքում կարոտ կար անթաքույց, ասես խոնավ ձորակում, ստվերների մեջ գոյատևող անթառամ ծաղիկ լիներ, որին արևի շողերը ուշ-ուշ էին դիպչում…

Վճարը թողեցի սեղանին ու ոտքի կանգնեցի: Քայլեցի քաղաքն իր վտակներով մազանոթների պես տարբեր հատվածների բաժանող Ռոն գետի ափին վեր խոյացող երկգմբեթ Սենտ Պոլ եկեղեցու կողմը:
Հեռվից թմբուկների ձայներ լսվեցին. Ազատության պողոտայի վերին ծայրից փառահեղ ընթացքով շքերթ էր մոտենում… Կոկիկ հագնված երեք մոտոցիկլետավոր ոստիկաններ հայտնվեցին խաչմերուկի վրա: Փակելով հատող փողոցը` նրանք մոտեցող մարդկային հոսքի անվտանգությունն ապահովեցին:
Վերջ չունեցող մարդկային թափորի ուղեկցությամբ մի քանի փոքրիկ բեռնատարներ էին դանդաղ մոտենում: Դրանց թափքերը փոքրիկ բեմահարթակների էին վերածված, ու հզոր դինամիկներից տարածվող թմբուկների ռիթմի տակ սիրամարգի պես պճնված, կիսամերկ մարդիկ, օձագալար տալով` լիզում, լպստում էին մեկմեկու։
Դեմքս ծամածռվեց:
Ահա թե ինչ… Համասեռամոլների շքերթ, «գեյ պարադ» է: Դա իրենց գործն է, իսկ իմ մեջ նողկանքի զգացումն ազատորեն ունենալու իրավունքն էլ իմն է: Կեցցե՛ Ֆրանսիան իր դրոշի վրա գրված երեք բառերով` Ազատություն, Եղբայրություն, Հավասարություն:
Քայլերս ինձ հասցրին գետի կամրջին, որն արդեն իր վրա էր վերցնում մոտեցող շքերթի առաջապահներին:
Ինքնազգացողությունս անտանելի է, գլխապտույտս` սրընթաց ու անկառավարելի… Դիմացի մայթին վեր է խոյանում Սենտ Պոլը, բայց նրան մոտենալու համար անհրաժեշտ է ճեղքել խառնիճաղանջ շքերթը, հրմշտվելով անցնել բաքոսյան պաթոսով արբեցած մարդկանց միջով: Հարմար պահի եմ սպասում… Մեկն իր առջևից քայլող շնիկներին ներկել է կարմիր ու կապույտ, մյուսը հենասայլակ է հրում, որի մեջ անտարբեր տեղավորված կաթվածահար ծերունու մազերը ներկված են բնությանը հայտնի բոլոր յոթ գույներով…
Հարմար պահ ընտրելով` թափորը կտրեցի ու անցա հանդիպակաց մայթ: ՈՒժերս սպառվեցին: Գրկախառնվեցի մի հաստաբուն ծառի… Դեռ շարունակում եմ մնալ ոտքերիս վրա և եթե այսքան տարիներ չեմ թողել ծխելս, ինչո՞ւ պետք է հրաժարվեմ վերջին գլանակից…

Հանկարծ ասֆալտը ճաքեց… Մատներիս արանքից դուրս սահեց բժշկական եզրակացությունն ու փետուրի պես ճոճվելով գնաց դեպի ասֆալտի բաց երախը: Գլխապտույտս հաճելիներից էր… Ասֆալտի ճեղքը գնալով լայնանում ու խորանում էր…
Շուտով Ռոն գետի պղտորագույն ջրերը, հասնելով ճեղքված ասֆալտի պռնկին, հանդիպեցին մյուս կողմից մոտեցած շքերթի հոսքին և երկու կողմից թափվել-միախառնվելով` սկսեցին գահավիժել բացված անդունդի մեջ:
Իմ ոտքերն էլ պոկվեցին գետնից, ու ես տեսա, թե ինչպես անզգայացած, անկենդան մարմինս թրմփաց նույն փոսի մեջ… Տեսա՛, թե ինչպես ոլորապտույտի մեջ հայտնվելով` պտտվեց ու կուլ գնաց անհայտությանը…
Ասես հմայված Համելինի նախշուն սրնգահարի հնչյուններից` կրքոտ թափորը շարունակում էր լցվել բացված վիհը, իսկ ես օդ էի բարձրանում` հեռանալով ու հեռանալով… Շուտով սարսափելի էր արդեն ցած նայելն այդպիսի բարձրությունից: Թվում էր, թե կարող եմ ցանկացած պահի ընդհատել վերելքս ու հայտնվել հաստաբուն ծառի կողքին` մարմինս վերագտած ու այդ ծառի բնի հետ գրկախառնված վիճակում…
Սակայն դիմադրելն իմ ուժերից վեր էր, քանզի որքան հեռանում էի, այնքան ավելի պարզ էին հեռվում նշմարվում հարազատ լեռների ուրվագծերն ու նրանց ձյունապատ գագաթները… Լսողությանս մեջ Կոմիտասի շուրթերով հնչող «Դլե յամանն» ավելի կախարդիչ ու կանչող էր…

Դիտվել է՝ 151778

Մեկնաբանություններ