Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Ով հիշողությունը կորցնում է, դատապարտված է»

«Ով հիշողությունը կորցնում  է, դատապարտված է»
29.03.2013 | 13:03

«Իրատես de facto»-ի հյուրն է «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրեն ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆԸ:

-Պարոն Շերմազանյան, մոտ երկու տարի առաջ ենք զրուցել «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի (հիմնադիր` Մովսես Ձավարյան) գործունեության մասին, երբ նոր-նոր էր մեկնարկում Օձունի Ս. Աստվածածին եկեղեցու վերականգնման ծրագիրը: Ի՞նչ է արվել այս կարճ ժամանակամիջոցում:
-Մեր նախորդ զրույցից հետո իրականացված կարևոր գործառույթներից էր շինարար-կազմակերպության մրցույթը, որի արդյունքում մասնակից ութ կազմակերպություններից հաղթող ճանաչվեց «Լևգուգ» ՓԲԸ-ն` Լևիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Գոյություն ունի եռակողմ հուշագիր, որ ստորագրել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ՀՀ մշակույթի նախարարությունը և հիմնադրամը: Ամբողջ գործընթացը իրագործվել է հուշագրում նշված դրույթների համաձայն: 2012-ի հուլիսի 23-ից սկսվել են շինարարական աշխատանքները: Խնդիր ունեինք` կապված գմբեթի վերականգնման հետ: Գմբեթի վրա երկրաշարժից հետո հինգ ճաք էր գոյացել: Առաջարկվում էր դրանք վերականգնել երկու եղանակով` ժամանակակից միջոցներով կամ ամրաններով: 1888 թվականին Աբովյան գերդաստանը վերականգնել է ամբողջ եկեղեցու ծածկասալերը, կից երկու զանգակատուն է կառուցել: Բայց աշխատանքների այն ժամանակվա և այսօրվա որակները շատ տարբեր են: Վերականգնող ընկերությունը, համաձայնեցնելով իր գործողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հետ, Օձուն հրավիրեց Երևանում գտնվող Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս, անվանի կոնստրուկտոր Լորենցո Յուրինային, ում առաջարկով վերականգնողական աշխատանքներում օգտագործվեց ապակյա կտորը, մի մեթոդ, որը համարվում է լավագույնը, ամենապրակտիկը վերականգնողական ժամանակակից մեթոդների շարքում: Ամեն բան կոորդինացնում է գիտամեթոդական խորհուրդը, որում կարծիքները կիսվել էին: Երբ բացվել էր եկեղեցու գմբեթը, պարզվել էր, որ դրա առաջին շերտում կղմինդր է եղել, այսինքն` ի սկզբանե գմբեթը եղել է կղմինդրածածկ: Մի մասը պնդում էր, որ հենց կղմինդրով էլ պետք է այն վերականգնվի: Բայց Օձունը, գոնե վերջին 100 տարում, աշխարհին հայտնի է իր ներկայիս տեսքով: Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը արտագնա նիստ անցկացրեց Օձունում, և խորհրդի մեծամասնությունը հանգեց այն կարծիքին, որն ի սկզբանե ուներ Լորենցո Յուրինան. գմբեթը պետք է վերականգնել այսօրվա տեսքով: Աշխատանքներում ներգրավվեց նաև իտալացի մասնագետների երկրորդ` ախտորոշող նյութագետների խումբը: Վերջիններս տվիչներ տեղադրեցին եկեղեցու բոլոր ճաքերի վրա, որից հետո շինարարները երկու ամիսը մեկ դրանց արձանագրած արդյունքներն ուղարկեցին Իտալիա, կատարվեցին համապատասխան ուսումնասիրություններ, պարզվեց ճաքերի խորացման դինամիկան: Բացի գմբեթի վրա եղած ճաքերից, երկու ճաք կա նաև եկեղեցու հյուսիս-արևմտյան պատերի վրա: Դրանք ևս անընդհատ զննվում են: Եվ առաջիկայում կորոշվի, թե ինչպես պիտի կարվեն այդ ճաքերը: Ամեն բան կկատարվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջներին համապատասխան:
-Արդյոք շատ թանկ չի՞ նստում իտալացի մասնագետների ներգրավումը Օձունի վերականգնման ծրագրում. նրանք այս բնագավառում առաջատարներից են:
-Իտալացի մասնագետները ներգրավված են զուտ բարեգործական հիմունքներով: Նրանք 90-ականների սկզբին համագործակցել են Օձունը վերականգնող շինարարական կազմակերպության ղեկավարի հետ, և այժմ հարաբերությունները զուտ անձնական ու բարեկամական են:
-Եկեղեցու բակում գտնվող հուշարձան-կոթողը համարվում է ավելի հին, քան եկեղեցին: Իրո՞ք այդպես է:
-Այդ կոթողը պեղված չէ իրականում: Եվ հստակ ոչ ոք ոչինչ չի կարող ասել, եթե մոռանանք այն լեգենդները, որոնք շրջանառվում են վաղ ժամանակներից սկսած: Լեգենդներից մեկը մեզ հուշում է, որ այդ կոթողի տակ թաղված է Սմբատ Բագրատունին: Մյուսը վկայում է, թե հուշարձանը հեթանոսական է: Կարծիք կա, որ հուշարձանի վրա տեղադրված սյուների պատկերաքանդակները ավելացվել են հետագայում` քրիստոնեական շրջանում: Իսկ սյուները, ըստ լեգենդի, Հնդկաստանից բերված երկնաքարեր են: Երկնաքարերի մասին հարուստ գրականություն կա, որը վկայում է, թե երկնաքար ունեցող տարածքը շատ աստվածահաճո է, այդտեղ մարդիկ բարեհաճ են աշխարհի ու միմյանց նկատմամբ: ՈՒ մարդկանց մեջ դարերի խորքից եկող հավատ է ձևավորվել, համաձայն որի` երբ Օձունի երկու սյուները գրկում ու նպատակ ես պահում, այն անպայման իրականանում է: Այդ սյուներից մեկի վրա Հիսուսի խաչելության, մյուսի վրա Հայաստանում քրիստոնեության ընդունման թեմաներով պատկերաքանդակներ են: Տարածքի էկոլոգիական վիճակի, մանավանդ սովետական շրջանում պղնձամոլիբդենային գործարանի արտանետումների ազդեցությամբ պատկերների զգալի մասը ջնջվել-քայքայվել է: Քիչ թե շատ պահպանվել են միայն վերևի հատվածները: Բացի այդ` ներքևի մասում սյուները նեղացած են: Պատճառը, թերևս, նաև այն է, որ մարդիկ ինչ-որ սուր գործիքներով քերել ու իրենց հետ են տարել կոթողի փշրանքները` տարբեր հիվանդություններ բուժելու նպատակով: Անցյալ տարի մենք Օձունում հանդիպեցինք զբոսաշրջիկների մի խմբի, որոնց հետ էր նաև աշխարհահռչակ հայագետ Ժան Պիեռ Մահեն: Նա խոստովանեց, որ տարվա մեջ գոնե մեկ անգամ այցելում է Հայաստան, և այդ ընթացքում անպայման լինում է Օձունում, հիանում սյուների պատկերաքանդակներով ու իր մտերիմների ուշադրությունը հրավիրում հուշարձան-կոթողի վրա, որովհետև այն իր տեսակի մեջ ամենակատարյալն է աշխարհում: Ենթադրություն կա, որ եկեղեցին կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքի վրա: Դեռ 1-ին դարում Թովմաս առաքյալը եկել է Հայաստան, ներկայիս Օձունի եկեղեցու տարածքում մկրտել քահանաներ և եպիսկոպոսներ. դրա վկայությունները կան հենց Օձունի եկեղեցու պատերին: Այնուհետ առաքյալը գնացել է Հնդկաստան` Օձունում թողնելով Հիսուսի բարուրաշորը: Իրականում դա պատանքն է: Այն թաղված է եկեղեցու բեմի տակ: Բայց այս ամենին ստույգ պատասխան կարող են տալ միայն մասնագետները` լուրջ ուսումնասիրություններ կատարելուց հետո:
-Հիմնադրամի իրականացրած բարենորոգումների արդյունքում որքա՞ն ժամանակով կհաջողվի երկարացնել Օձունի եկեղեցու կյանքը:
-Օձունի Ս. Աստվածածին եկեղեցին առնվազն 1500 տարեկան է: Այդ ընթացքում մեկ անգամ է ընդամենը քիչ թե շատ լուրջ նորոգվել 1888-ին` Աբովյան գերդաստանի կողմից, ինչպես արդեն նշեցի: Խորհրդային տարիներին էլ ներսից սվաղել են եկեղեցու պատերն ու այն օգտագործել իբրև պահեստ: 1980-ականներին նույնպես վերականգնողական աշխատանքներ են սկսել: Բայց, ցավոք, ստացվել է հակառակը. քանդել են եկեղեցին գոտևորող հյուսիս-արևմտյան կամարաշարը և նրա հարևանությամբ գտնվող հնամյա գերեզմանոցի մեկ քառորդ մասը: Դրանից հետո դադարեցվեցին «վերականգնողական» աշխատանքները: Հուսանք, որ հիմնադրամի մասնագիտական մանրակրկիտ և հիմնարար վերականգնողական աշխատանքներից հետո հնարավորինս կերկարացվի եկեղեցու կյանքը, ու հետագա սերունդների մեջ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր իրենց ներդրումը կանեն այդ մեծարժեք կոթողը պահպանելու, կյանքը երկարաձգելու գործում: Եվ այն դարեր հետո էլ կզարմացնի ու կհիացնի տեղացիներին ու օտարներին: Նշեմ, որ իտալացի նյութագետները, տեսնելով խորհրդային տարիներին արված սվաղը, ասացին, որ դա ավելի շատ վնասել է քարին, քան օգնել: Նրանք խորհուրդ տվեցին, որ այդ ամենը մաքրվի, համապատասխան նյութերով քարը մշակվի, պատերի մեջ գոյացած փուչ տարածությունները լցվեն, սրսկվի անհրաժեշտ շինանյութ: Այսօր մենք իրականացնում ենք հիմնահատակ նորոգում` սալահատակից մինչև վերջին ծածկասալերը: Մասնագետներն ամեն բան անում են, որ եկեղեցին երկար գոյատևի: Խորհրդային շրջանում մեզ հրամցնում էին, թե եկեղեցին ընդամենը հնություն է: Ո՛չ, դա մեր Տիրոջ և հավատի տունն է, և մեր ապագայի բոլոր գրավականները պահվում են այնտեղ: Այս վստահությամբ են համակված նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված մեր մեծերը` Սոս Սարգսյանը, Արտաշես Հովսեփյանը, Հենրիկ Մամյանը, Սվետլանա Նավասարդյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը: Նրանց հետ համակարծիք էր նաև լուսահոգի գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը, ով երեխայի պես ուրախացել էր, որ Հայաստանում հիմքից մինչև գմբեթ եկեղեցի է վերականգնվելու, մի բան, որ երիցս դժվար է, քան նորը կառուցելը: Երբ վերադառնում ենք մեր արմատներին, մեր պատմությանը, տեսնում ենք, որ այն բոլոր լավ բաները, որոնք երբևէ կատարվել են մեր երկրում, կատարվել են Աստծո կամոք:
-Օձունի նկատմամբ ցուցաբերվող այս հոգածության արդյունքում հանրության հետաքրքրությունը մեծացե՞լ է: Զբոսաշրջության ինչպիսի՞ ցուցանիշներ են արձանագրված:
-Ապրիլից մինչև ուշ աշուն Օձունում չի դադարում զբոսաշրջիկների հոսքը: Մենք մոնիթորինգ չենք անցկացրել, որ ես ստույգ թվեր ներկայացնեմ, բայց ակնհայտ է, որ եկեղեցի այցելող զբոսաշրջիկների թիվը վերջին շրջանում ավելացել է:
-Հիմնադրամն ի՞նչ աշխատանքներ է նախատեսում իրականացնել առաջիկայում: Օձունի եկեղեցու վերանորոգումն ավարտելուց հետո այլ հուշարձաններո՞վ եք զբաղվելու:
-Հայաստանի Հանրապետությունում գրանցված են պատմության և մշակույթի 24000-ից ավելի անշարժ հուշարձաններ, որոնց մեծ մասը կարիք ունի ամրակայման, նորոգման և վերականգնման: Միայն Օձունի տարածքում դրանց թիվն անցնում է մեկ տասնյակից: Դեռ պարզ չէ, թե ինչ մասնակցություն կունենան հիմնադրամի նախաձեռնություններին այլ բարերարներ, ինչքանով ներդրումներ կարվեն մեր ունեցած կարևոր ծրագրերն իրագործելու հարցում: Առանց լրացուցիչ ներդրումների հիմնադրամը երկար չի կարող գործել: Այդուհանդերձ, մենք մշակել ենք տարբեր միջոցառումների ցանկ, հիմնադրամին աջակցելու ճանապարհներ ենք փորձում գտնել նաև ինքներս: Մարդկանց մեջ ձևավորված է հիմնադրամներին չհավատալու, չվստահելու կարծրատիպը: Դա պետք է կոտրել: Մեր ծրագրերը միայն Օձունի եկեղեցու վերանորոգմամբ չեն ավարտվում: Մենք ունենք ծրագիր ոչ միայն վերականգնելու եկեղեցին, այլև վերահրատարակելու եկեղեցուն և Հովհաննես Օձնեցուն վերաբերող գրական ժառանգությունը: Ցանկանում ենք առանձին գրքով հրատարակել եզակի այդ կաթողիկոսի կենսագրությունը, աշխատությունները: Սուրբ Հովհաննես Օձնեցին համեմատաբար կարճ, բայց իմաստալից գործունեություն է ծավալել իբրև կաթողիկոս: Դա մեր ազգի համար փրկչական գործունեություն է եղել: Այս ամենը պետք է հասցվի հանրությանը: Այս նպատակին պետք է ծառայի նաև Օձունի եկեղեցուն, կաթողիկոս Օձնեցուն, Օշականի հուշակոթողին վերաբերող թեմաներով շարադրությունների մրցույթների կազմակերպումը հանրապետության դպրոցականների շրջանում: Ծրագիրը կփորձենք իրագործել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ:
-Խոսքը Օշականի ճանապարհին կանգնեցված հուշարձանի՞ մասին է, որը վերականգնելու ծրագիրը ևս նախանշված էր հիմնադրամի աշխատանքներում:
-Այո՛, դա 1827 թվականին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ տեղի ունեցած Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հուշարձանն է, որը կանգնեցվել է 1833 թվականին: Ճակատամարտը տրվել է 30-հազարանոց պարսկական բանակի դեմ, որը պատրաստվում էր կործանելու Ս. Էջմիածինը: Այս մեծ զորքին դիմակայում են ռուսական երեքհազարանոց զորամիավորումը` գեներալ Աֆանասի Կրասովսկու և հայ ու վրացի կամավորականները` այն ժամանակ դեռևս եպիսկոպոս Ներսես Աշտարակեցու գլխավորությամբ: Համատեղ ուժերով պարսկական զորքին մեծ ջարդ են տալիս` փրկելով Ս. Էջմիածինը և մեր քրիստոնյա գոյությունը: Այս հուշարձանը վերականգնելու հուշագիրը մենք վավերացրել ենք ՀՀ մշակույթի նախարարության հետ 2011-ի դեկտեմբերին, այս տարի արդեն պիտի սկսենք աշխատանքները: Նաև ծրագիր ունենք կանգնեցնելու Վաչագան Բարեպաշտի արձանը Ստեփանակերտում:
-Որպես առաջին հայ օրենսդրի՞ եք կարևորում նրա հիշատակի ոգեկոչումը մեր օրերում:
-Որպես առաջին հայ օրենսդրի, որպես բարեպաշտ թագավորի, որպես մեզանում առաջին անգամ սահմանադրություն ստեղծողի:
-Առանձին գրքով տպագրվել է նաև Վաչագան Բարեպաշտի Սահմանադրությունը:
-Այո՛: Դա արվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Արմեն Դավթյանի հովանավորությամբ: Սահմանադրությունը տպագրվել է հայերեն, ռուսերեն, անգլերեն և տարածվել բոլոր այն կազմակերպություններում, որոնք շահագրգիռ են Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացով: Դա պարզապես վկայագիր է, անհերքելի ապացույց, որ մենք 5-րդ դարում արդեն սահմանադրություն ենք ունեցել` ընդունված հանրաքվեի ճանապարհով: Յուրաքանչյուր հայ մարդ, եթե ուզում է գոյատևել այս երկրում, պիտի իր ձեռքից եկածն անի մեր պատմության դասերը վկայակոչելու, դրանցից մեր կապը չկտրելու ուղղությամբ: Ով հիշողությունը կորցնում է, դատապարտված է: Մենք պատմությունից քաղելու շատ դասեր ունենք: Մեր մեծերի սխալները, անցյալի սխալները չպետք է կրկնենք:


Զրույցը վարեց

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3895

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ