Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Մեր հեռուստաընկերություններին նման ֆիլմերը չեն հետաքրքրում»

«Մեր հեռուստաընկերություններին նման ֆիլմերը չեն հետաքրքրում»
22.01.2013 | 22:47

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Անի. վերականգնումներ հանուն յուրացման» վավերագրական ֆիլմը թարգմանվում է անգլերեն: Շուտով այն օտար դիտողին կներկայացվի անգլերեն տիտրերով: Երկու օրում համացանցում ֆիլմն ունեցել է երեքուկես հազար դիտորդ:
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Ինչո՞ւ նման ֆիլմերը չեն ցուցադրվում հեռուստատեսությամբ: Հուշարձանագետը նշեց, որ «Ջուղա» ֆիլմն, օրինակ, անվճար տրամադրել են գրեթե բոլոր հեռուստաընկերություններին, բայց չի ցուցադրվել անգամ ապրիլի 24-ին՝ որպես մշակութային ցեղասպանությունը ներկայացնող ֆիլմ: ՈՒստի և հարկ չեն համարում ժամանակ վատնել, հայկական եթերի ուշադրությանը ներկայացնել ֆիլմեր, որոնք նետվելու են մի անկյուն: «Մեր հեռուստաընկերություններին նման ֆիլմերը չեն հետաքրքրում»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Նշենք, որ «Անի. վերականգնումներ հանուն յուրացման» ֆիլմը պատմում է Բագրատունյաց մայրաքաղաքի պատմական հուշարձանների մասին: Մասնավորապես նշվում է, որ 1990-ական թվականների վերջերից Անիում առանց հայ մասնագետների մասնակցության հնագիտական պեղումներ, ինչպես նաև հուշարձանների մասնակի կամ ամբողջական ամրակայման և վերականգնման աշխատանքներ են իրականացնում թուրք մասնագետները: Սակայն ակներև է, որ այդ աշխատանքները մեծ մասամբ իրականացվել են և այժմ էլ շարունակում են իրականացվել հուշարձանների վերականգնման գիտական նորմերի անտեսմամբ, հաճախ նաև` յուրացման ակնհայտ միտումներով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ