Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջին պաշտոնական այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն։ Նախատեսված են նրա հանդիպումները ՌԴ նոր նախագահ Դմիտրի Մեդվեդևի, վարչապետ Վլադիմիր Պուտինի, Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի և Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ։ Վերջին երեք ամիսների ընթացքում սա Հայաստանի նոր ղեկավարի երրորդ այցն է Ռուսաստան, թեպետ անկախացումից ի վեր Հայաստանում, միևնույն է, ավանդույթ է, որ երկրի նոր ղեկավարն առաջին պաշտոնական այցը կատարում է Մոսկվա։
Բոլոր դեպքերում երեք անընդմեջ այցերն ինքնին խոսում են այն մասին, որ Մոսկվայի ազդեցությունը Երևանի վրա հատկապես հետընտրական ժամանակահատվածում անհամեմատ մեծացել է։ Սա նաև պայմանավորված է նախագահական ընտրությունների ընթացքում և հետընտրական զարգացումներում արևմտյան կառույցների` Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող բավական կոշտ վերաբերմունքով։ Ահա և Հայաստանի նախագահի Մոսկվա կատարելիք այցից օրեր առաջ Եվրախորհրդի վերջին բանաձևի կատարումը վերահսկող զեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն և Ջոն Պրեսկոտը հայտարարեցին, թե Հայաստանի իշխանությունները բավարար միջոցառումներ չեն ձեռնարկել բանաձևի պահանջների կատարման ուղղությամբ։ Երբեմն, իսկապես, զավեշտական իրավիճակներ են ստեղծվում, երբ Արևմուտքն իր գործողություններով ավելի է մղում Հայաստանին Մոսկվայի առանց այդ էլ լայնարձակ գիրկը։ Սակայն ամեն ինչի մասին հերթականությամբ։ Ի՞նչ խնդիրներ կարող են շոշափվել Հայաստանի նախագահի մոսկովյան այցի երեք օրերի ընթացքում։ Բնականաբար, Ռուսաստանի ղեկավարությանն առաջին հերթին անհրաժեշտ է տեղեկանալ նոր նախագահի արտաքին քաղաքական մոտեցումներին և հատկապես համոզված լինել ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում Հայաստանի հետագա ակտիվ մասնակցության մեջ։ Որովհետև Հարավային Կովկասի պետություններից Հայաստանը միակն է, որը շարունակում է անդամակցել այս ռազմաքաղաքական դաշինքին, ինչը Մոսկվայի համար սկզբունքորեն միշտ էլ Երևանի լոյալության առաջին ցուցանիշն է հանդիսացել։ Սկզբունքորեն կարելի է չկասկածել, որ Հայաստանի նախագահի կողմից այս կապակցությամբ կլինեն բավարար հավաստիացումներ, որովհետև հայ¬թուրքական և հայ¬ադրբեջանական փոխհարաբերությունների ներկա իրավիճակը Հայաստանին թույլ չի տալիս նույնիսկ կես լուրջ մտածել ՀԱՊԿ¬ին իր անդամակցության հնարավոր դադարեցման մասին։ Միաժամանակ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ընդլայնման միտումները և հատկապես Իրանի հնարավոր անդամակցությունն այդ կառույցին հուշում են, որ տարածաշրջանում ՆԱՏՕ¬ի ընդլայնման միտումներին զուգահեռ առկա է մեկ այլ` Ռուսաստանի աներկբա աջակցությունը վայելող գործընթաց, ինչը Մոսկվայի և Թեհրանի հետ Երևանի դրական հարաբերությունների պայմաններում Հայաստանի համար նույնպես կարող է առարկայական և հեռանկարային լինել։ Համենայն դեպս ակնհայտ է, որ Հայաստանն այս փուլում չի դիմի կտրուկ տեղաշարժերի արտաքին կողմնորոշման փոփոխության առումով, այլ կփորձի հավաստել ավանդական գործընկերներին` հաստատված հարաբերությունները պահպանելու և զարգացնելու իր մտադրությունը։ Մանավանդ որ դրա համար կան հիմնավոր տնտեսական շարժառիթներ։ Հայաստանը ոչ միայն ռուս¬իրանական առանցքում համեմատաբար արտոնյալ պայմաններով էներգակիրներ ստանալու կախվածությունն ունի, այլև տարեցտարի գնալով ավելի հրատապ է դառնում այստեղ նոր ԱԷԿ¬ի կառուցման խնդիրը։ Ռուսաստանն առայժմ կարծես միակ պետությունն է, որը պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու, եթե, իհարկե, մի կողմ դնենք ԱՄՆ¬ի կողմից նույնպես դրական, բայց հեռանկարի առումով ավելի անորոշ մտադրությունը։ Տնտեսական հարաբերությունների ոլորտում երկրորդ կարևոր խնդիրը կոմունիկացիոն բնույթի պրոբլեմներն են։ Հայաստանի նոր նախագահը և նրա ձևավորած կառավարությունը հայտարարել են արդյունաբերության վերականգնման և առհասարակ տնտեսության զարգացման բավական հավակնոտ ծրագրի մասին։ Մոտակա տարիների հեռանկարում բոլոր այդ ակնկալիքները կամ սպասելիքները կարող են արդարանալ միայն Հայաստանի համար բաց կոմունիկացիոն համակարգի ձևավորման պարագայում։ Հայ¬թուրքական և հայ¬ադրբեջանական հարաբերությունների հիմնավոր կարգավորումը և այս պետությունների տարածքով Հայաստանի համար երկաթուղիների բացումը տեսանելի հեռանկարում իրատեսական չեն։ Վերջին տարիներին ռուս¬վրացական հարաբերությունների պերմանենտ լարվածության պայմաններում հաճախակի են դարձել Վրաստանով անցնող կոմունիկացիոն հոսքերի խափանումները։ Ըստ որում, հաճախ Մոսկվայի նախաձեռնությամբ, որն այդ ճանապարհով փորձում է տնտեսական ճնշում գործադրել Թբիլիսիի վրա` շատ անգամ նույնիսկ անտեսելով դաշնակից Հայաստանի շահերը։ Թեպետ հարկ է արձանագրել, որ թերևս հենց այս իրողության հաշվառումով էր, որ «Ռուսաստանի երկաթուղիներ» պետական ընկերությունը հավատարմագրային կառավարման վերցրեց հայկական երկաթուղին, և այդ ժամանակ բաց տեքստով ասվեց, որ Իրանի և Հայաստանի երկաթուղային համակարգերի միացման խնդիրն առաջիկայում կարող է դառնալ օրակարգային։ Քիչ հավանական է, որ ռուսական կողմը կարողանա այդ խնդիրը լուծել Նախիջևանով անցնող երկաթուղու հատվածը վերականգնելու ճանապարհով. Ադրբեջանը թույլ չի տա։ Հետևապես մնում է մեկ իրատեսական լուծում` Զանգեզուրով դեպի հայ¬իրանական սահման նոր երկաթուղագծի կառուցումը, որը Հայաստանի համար բազմամիլիոն ծախսատարության առումով խիստ դժվար իրագործելի ծրագիր է, բայց Ռուսաստանի համար, ցանկության դեպքում, այդքան էլ մեծ խնդիր չէ։ Մանավանդ որ այդ դեպքում Ռուսաստանը հնարավորություն է ստանում Կասպից ծովով և Իրանի տարածքով, ինչպես նաև իրանա¬թուրքմենա¬ղազախական երկաթուղով Հայաստանում տեղակայված իր ռազմակայանի անխափան կենսագործունեությունն ապահովելու` առանց անհանգստանալու, թե Վրաստանն ամեն պահի կարող է կանխարգելել ռազմական նշանակության բեռների տեղափոխումը։ Այսպիսով, Ռուսաստանից ակնկալվող տնտեսական ներդրումներից զատ այս երկու հիմնական տնտեսական խնդիրները` նոր ԱԷԿ¬ի և իրանական երկաթուղու կառուցումն են հայ¬ռուսական տնտեսական փոխհարաբերությունների առանցքում և, անկասկած, քննարկման առարկա կդառնան Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի ընթացքում։ Արդյունքների մասին կարելի կլինի դատողություններ անել քիչ ավելի ուշ։ Բնականաբար, Կրեմլն անտարբեր չէ Հայաստանի ներքին իրադրության առնչությամբ։ Եվ այս համատեքստում Արևմուտքից կիրառվող ճնշումը նկատի ունենալով` Հայաստանի իշխանություններին շատ անհրաժեշտ է Մոսկվայի քաղաքական աջակցությունը։ Բայց միաժամանակ ակնհայտ է, որ հայաստանյան ներկա իրավիճակի ու հանրային տրամադրությունների պայմաններում սոսկ քաղաքական աջակցությունը բավարար համարվել չի կարող։ Առանց այն էլ վերջին տարիներին հանրության որոշակի շերտերի մեջ աստիճանաբար ամրապնդվում է այն համոզմունքը, թե Մոսկվան Հայաստանի բնակչության վզին է փաթաթում իր ցանկացած իշխանությանը` առանց այդ նույն բնակչության կարծիքն ու տրամադրությունները հաշվի առնելու։ Հետևապես Հայաստանի նոր նախագահին անհրաժեշտ է մոսկովյան բանակցությունների արդյունքում հասնել դրական տեղաշարժերի` առաջին հերթին տնտեսական կարևորություն ունեցող նախագծերի իրականացման ուղղությամբ։ Միայն այդ դեպքում է, որ իշխանության նկատմամբ հանրային վստահությունը գնալով կավելանա` Սերժ Սարգսյանին ընձեռելով իր դիրքերի ամրապնդման իսկապես լուրջ հնարավորություններ։ Եթե Մոսկվայի հետ փոխհարաբերություններում ամեն ինչ մնա նույնը, ինչ Քոչարյանի ժամանակ, դրանից, հասարակական վերաբերմունքի առումով, դրական փոփոխություններ ակնկալելն անիմաստ է։ Որովհետև եթե անգամ ռուսական ընկերությունները դառնում են Հայաստանում շահութաբեր ոլորտների սեփականատերեր, բնակչության կենսամակարդակի, նրա կյանքի որակի փոփոխության վրա դա առայժմ դրական առումով էական ազդեցություն չի ունենում։ Պետք է փոխել հայ¬ռուսական հարաբերությունների բնույթը խորքային առումով և «փոքր եղբոր» կարգավիճակից անցնել իսկապես փոխշահավետ տնտեսական համագործակցության, ինչն իր հերթին առաջ կբերի լուրջ հետաքրքրություն նույն Ռուսաստանի կողմից։ Որքանով դա կհաջողվի նոր նախագահին, ցույց կտան առաջիկա զարգացումները։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ