ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ՀԱՅ ԿԻՆՈՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ ԿԱ

ՀԱՅ ԿԻՆՈՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ ԿԱ
02.04.2010 | 00:00

Շաբաթ օրը Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատվիրակությունը հյուրընկալվել էր ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Ֆիլմի ցուցադրումից ու ստեղծագործական կազմի հետ հանդիպումից զատ, կինոգործիչները ժամանակավոր անազատության մեջ գտնվողներին ներկայացել էին թեև փոքրիկ, սակայն հաճելի անակնկալով. կինոդիտումից հետո կին հանդիսատեսին էին սպասում հրաշալի վարդերը` ի հիշեցումն հանրապետությունում Կանանց օրվան նվիրված միամսյակի: Իսկ հանդիսատեսի դատին ներկայացվածը կինոռեժիսոր Սուրեն Բաբայանի «Մի՛ նայիր հայելուն» կինոնկարն էր, որը «Մոսկվա» կինոթատրոնի պրեմիերայից հետո առաջին անգամ էր ցուցադրվում, և որի հաջորդ բեմելը Կարլովի Վարիի կինոփառատոնում է նախատեսված (այն ներկայացրին կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ու ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը, որը մարմնավորել է կինոնկարի գլխավոր հերոսներից մեկին):
Ֆիլմը, որը նկարահանված է Պերճ Զեյթունցյանի համանուն վիպակի մոտիվներով, պիտի խոստովանել, վերջին տասնամյակում մեզանում ստեղծված ամենաուշագրավ կինոնկարներից մեկն է` գեղարվեստական բարձրարժեք գործ, որը պատիվ կարող է բերել լուրջ կինոարտադրություն ունեցող ցանկացած երկրի: Այս վերջին միտքը հատկապես ենք շեշտադրում, որովհետև մարտնչող միջակությունը սեռական իր կողմնորոշման կամ չունեցած տաղանդի հիմքի վրա համքարություն կազմած վայ-արվեստագետիկներով, մանրապճեղ դերասան-դերասանիկներով, սպասարկու լրագրողներով ձույլ ամբողջություն կազմած զանգվածային լրատվության հնարավոր ու անհնար միջոցներով լծվել է փրփրապղպջակային իր խծբծանքը որպես կինո ներկայացնելու գործին` ձեռքի հետ զուգահեռ անհուսալիորեն ավերելով նաև մայրենին։ ՈՒ թեև, միևնույն է, ժամանակն աշխատում է հօգուտ լուրջ կինոյի, և նրանք էլ հոգու խորքում հրաշալի հասկանում են, որ դա այդպես է, սակայն օգտվելով ԶԼՄ-ները տնօրինելու իրենց անսահմանափակ հնարավորություններից, շարունակում են ամենաթողության մեր այս ժամանակներում կատաղի շքահանդեսներ կազմակերպել ու իրենց «ռեյտինգային» վայ-ֆիլմերով մանիպուլյացիաներ անել հասարակական գիտակցության հետ: Հուսանք, որ այս «հանրաճանաչ», «տաղանդավոր» (իրենք իրենց միայն այսպիսին են ճանաչում) կինոռեժիսորների, դերասանների ժամանակն էլ բարեհաջող կանցնի մոռացության գիրկը, ու դաշտը կմնա իսկապես շնորհաշատներին:
Լուրջ կինոն, մեծ կինոն, իսկական կինոն (անվանելու կամ բնութագրելու նախապատվությունը թողնենք ընթերցողի հայեցողությանը) այսօր լուրջ խնդրի առջև է կանգնած` կինոդիտողին հասնելու առումով: Ժամանակին կար, գործում էր «կինոպրոկատ» կոչվածը, որն իր ուսերին էր վերցրել կինոն հանդիսատեսին հասցնելու գործը: Ցավոք, կինոթատրոնների հետ կինովարձույթի կառույցն էլ վերացավ, և տեղն առաջացավ խոշոր դատարկություն: Տեսնելով, որ հայ կինոն հայ հանդիսատեսին ներկայացնելու լուրջ խնդիր կա, վերջին երեք-չորս տարիներին Հայաստանի ազգային կինոկենտրոնը, իր սուղ հնարավորությունների շրջանակներում, ջանքեր է գործադրում իրավիճակը քչից-շատից շտկելու ուղղությամբ: Որպես սկզբնաքայլ` թիրախ ընտրվեցին հանրապետության սահմանամերձ ու բարձրլեռնային բնակավայրերը, որոնք իրենց աշխարհագրական դիրքի պատճառով առավել են կտրված հանրապետության մշակութային կյանքից, թեպետ մարզկենտրոնների վիճակն էլ առանձնապես մի բան չէ: Բարեբախտաբար, կարճ ժամանակում կինոկենտրոնի նախաձեռնությունն արժանացավ մշակույթի նախարարության հավանությանը, և համատեղված ուժերով հնարավոր դարձավ ձեռնարկը դարձնել աշխարհագրորեն ավելի ընդգրկուն, ավելի հասցեական: Այստեղ միջանկյալ նշենք, որ ժամանակի հետ նախաձեռնության մեջ ներառվեց նաև պաշտպանության նախարարությունը, և սահմանամերձ ու բարձրլեռնային բնակավայրերի, մարզկենտրոնների կողքին յուրացվող հասցեներ դարձան նաև բանակային կազմավորումները, զորամասերը, իսկ վերջին նախաձեռնությունը խոսում է նաև ՀՀ արդարադատության նախարարության հետ հաստատվող համագործակցության մասին: Հենց այս կարգի հանդիպումների ժամանակ էլ մենք մեզ համար վերստին փաստեցինք (առաջին տխուր արձագանքը եղել էր Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում կինոռեժիսոր Գագիկ Հարությունյանի «Խնկարկում» ֆիլմը ցուցադրելիս), որ մեզանում ծնվել ու հասակ է առել մի սերունդ, որն առաջին անգամ է մարդ տեսնում «պատի վրա»: Փաստն առավել քան տխուր է, եթե չասենք` ողբերգական, որովհետև խոսքը ոչ վաղ անցյալում ամեն մի բնակավայրում եթե ոչ կինոթատրոն, ապա գոնե մշակույթի տուն, պալատ ունեցող երկրի բնակչության մասին է, բնակչություն, որը, գուցե և փոքրիկ ուշացումով, այդուհանդերձ, հաղորդակից էր լինում երկրի մշակութային իրադարձություններին ու, շնորհիվ իր պատրաստվածության, զարգացման մակարդակի, համենայն դեպս, գիտեր մնայուն արժեքը թեփից տարբերել: Ցավոք, այսօր հանրապետությունում վիճակն այլ է (խնդիրը մենք դիտարկում ենք կինոմշակույթի առումով), և ողջ երկրի համար ունեցած երեք կինոթատրոնով խոսել կինոքաղաքականություն մշակելու կամ հանրապետությունում «սինեմատոգրաֆիա» լինել-չլինելու մասին, գրեթե անհեթեթություն է, որքան էլ կինոն, որպես մշակութային երևույթ, մեզանում կա ու ստեղծվում է: Ասում ենք` անհեթեթություն է, որովհետև ի՞նչ կինոքաղաքականության կամ կինո լինելու մասին է խոսքը, եթե այն չես կարողանում հասցնել նրան, ում համար այն ստեղծված է, երբ նա` այդ հասցեատերը, տեսնում է ինչ-որ հրաշքով իրեն հասցվածն ու զարմանում, թե` նման բան որ կա, ինչո՞ւ մենք տեղյակ չենք, ինչո՞ւ ցույց չեք տալիս: Իհարկե, կգտնվեն տաքգլուխներ, որ կասեն` հեռուստատեսությունը լրացնում կամ փորձում է լրացնել եղած բացը, սակայն սա մոտավորապես նման է նրան, որ լինես սոված ու, ինչ-որ պատեհ առիթով հարևանիդ հաց ուտելը տեսնելուց հետո, մտածես, թե ինքդ էլ կշտացար: Նյութի շրջանակներում ավելորդ ենք համարում այն խնդրի վրա ծանրանալը, որ սույն փաստը (կինոյի ու հանդիսատեսի միջև գոյություն ունեցող խզվածությունը) որոշ չարակամների համար պարարտ հող է` հայ կինոյի չգոյության կամ հոգեվարքի մեջ լինելու մասին խոսելու համար, սակայն ասում ենք` եթե արածդ, ստեղծածդ լայն ծավալով ներկայացնելու հնարավորություն չունես, ի վերջո, դուրս է գալիս, որ կինո չունես: Ես դիտմամբ եմ ծայրահեղացնում ասելիքը, որ խնդիրը ոչ միայն լսելի, այլև լսելիության մեջ ընկալելի դառնա, և քայլեր ձեռնարկվեն աղետի դեմն առնելու համար: Իսկ որ հայ կինոն հայ հանդիսատեսին չի հասնում, սա աղետ չէ, ի՞նչ է: Սյունիքի մարզի Խնձորեսկ բնակավայրում էր (եթե չեմ սխալվում), երբ «Յարխուշտա» կարճամետրաժը ցուցադրելուց հետո ձայն խնդրեց մի տղեկ: Ասաց. «Եթե պատերազմ լինի, ես առաջինը կգնամ»: Ի դեպ, ասեմ, որ կինոնկարը պատերազմի մասին չէ, այլ պատերազմի հետևանքների (այս մանրամասնումն անում եմ հատկապես մի հեռուստալրագրողի համար, ով սիրում է իր չհասկացած բաներից խոսել ու «հոգեխանգարմունքի» մեջ է ընկնում հայ կինոյի անունը լսելուց): Պատանու ասածի ու հայացքի մեջ վատ թաքցրած մարտահրավեր կար: Պարզվեց, որ զոհված ազատամարտիկի զավակ է, ապրում է թշվառ պայմաններում` օրվա հացի կարոտ: Չեմ չափազանցում, ոչ էլ խոսքն առավել ազդեցիկ դարձնելու մղումով եմ ասում, թե օրվա հացի կարոտով էր ապրում ու ապրում է: Սա դաժան իրականությունն է: Սակայն խոշոր հաշվով այս մասին էլ չէ, որ ուզում եմ խոսել: Ասելիքս կինոյի հրաշագործ էության մասին է, որ մարդու մեջ արթուն է պահում երկիրը, ազգը պահողի գենետիկ կոդը (ինչպես տվյալ դեպքում տվյալ երեխայի պարագայում էր), մարդուս ինքնությունն ու որակական հատկանիշներն է ի տես դարձնում հանրությանը, երկիր պահողին ու արարողին է էկրանից բերում կյանք։ Թե չէ կուշտ ու կուռ մի քանի «տղերքով», ազգի կերպար խեղաթյուրող, կասկածելի կողմնորոշման տեր լակոտ-լուկուտներով համընդհանրացման անվան տակ հավաքվել, ազգային կինոյի ժամանակավրեպությունից են խոսում` պնակալեզություն ու պոռնկություն, ամենաթողություն ու դիմազրկություն քարոզելով:
Կինոն հանդիսատեսին հասցնելու խնդիր կա, և այդ խնդրի լուծման ճանապարհին չի կարելի սպասել խաշ-խորովածից այդպես էլ չկշտացող, միայն ուտելու մեջ «արվեստ» տեսնող մեր հղփացած փողի տոպրակների գաղափարապես հասունանալուն, որովհետև կորուստն է ծանր լինելու` սերունդ ենք դիմազրկում, տեսակ ենք փչացնում, երկիր ենք կորցնում: Կինոն հանդիսատեսին հասցնելու խնդիր կա, և այդ խնդիրը պետք է լուծել պետության մակարդակով: Նախանցած տարի նման մի քայլ արվեց` ի դեմս «Կինոթատրոն` անիվների վրա» ծրագրի (ինչ խոսք, սա երբևիցե եղած կինոթատրոններին այլընտրանք չէ ու չի էլ կարող լինել, բայց որ հարցի լուծման տարբերակ է, անկասկած է), սակայն վրա հասած ճգնաժամը խլեց-տարավ կինոյի պրոպագանդման խրախուսմանն ուղղված բյուջետային այդ տողը: Հուսանք, որ 2011-ն ավելի բարեբաստիկ տարի կլինի, և վերոհիշյալ ծրագիրն էլ կդառնա առաջին լուրջ նախաքայլը հայ կինոն հայ հանդիսատեսին հասցնելու ճանապարհին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2651

Մեկնաբանություններ