Ադրբեջանը բռնազավթված բնակավայրերում շարունակում է պետական մակարդակով վարել անհանդուժողական քաղաքականություն՝ հայկական մշակութային ժառանգության նկատմամբ:
Ամենօրյա պարբերականությամբ բազմաթիվ փաստեր ենք արձանագրում՝ օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության առնչությամբ: «Հայքի մշակույթ»-ի օմբուդսմենի գրասենյակի գործընկեր Մխիթար Կարապետյանը հերթական անգամ ահազանգեց, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ադրբեջանցի զավթիչների կողմից հրապարակած տեսանյութում վանդալիզմի հետքեր են նկատվում:
Խոսքը Էլմին Բայրամլիի կողմից 2024 թ. փետրվարի 13-ին յութուբում հրապարակած տեսանյութի մասին է (https://www.youtube.com/watch?v=nADaQAkoiE4): Մեր գրասենյակի կողմից կատարելով տեսանյութի ուսումնասիրություն՝ ակնհայտ դարձավ, որ այս անգամ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը դարձան Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները: Այս ամենը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը:
Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ
Հայքի մշակույթի Օմբուդսմեն
Լուսանկարը՝ Մարութ ՎԱՆՅԱՆԻ