Սեպտեմբերի մեջ, 1901 թվին, այցելեցի Սուրբ Էջմիածին: Նույն թվի, մայիսին, երբ Վենետիկ էի, մեզ ամենիս սիրելի հայր Ղևոնդ Ալիշանը իմ վրա քաղցր պարտ դրեց «Հայոց Հայրիկին կարոտագինս ողջունելու իմ կողմանե»:
Մի երեկո անմոռանալի բախտ ունեցա Հայրիկի մոտ լինելու և համբուրելու նրա աջը։
Սիրտս ուժգին խփում էր հուզմունքից և ուրախությունից։
Առաջարկեց նստել։
- Վեհափառ Հայրիկ, - ասացի ես, - մեծ բախտավորություն եմ զգում, որ ինձ վիճակվել է բերել Նահապետ Ալիշանի կարոտագին ողջույնները Հայոց Հայրիկին։
- Ա՜հ, շատ շնորհակալ եմ։ Դուն Վենետի՞կ էիր, ե՞րբ էիր հոն, ինչպե՞ս է հայր Ղևոնդը, աղե՞կ է:
- Այո, վեհափառ Հայրիկ, այս գարնանը Վենետիկ էի և պատիվ ունեցա մի քանի անգամ լինելու ալեզարդ Նահապետի մոտ: Նա հիվանդոտ է և թույլ...
- Աիսո՜ս, ափսո՜ս, - խոսքս ընդհատեց Հայրիկը , - մենք հասակակիցներ ենք, ես շատ կսիրեմ անոր. անուշ գրիչ ունի: Նա շատ է ազդեր իմ գրչի վրա, նա ինձ շատ բան է ներշնչեր։ Ասա, ուրիշ ի՞նչ կըներ։
- Նա ինքն էլ էր ասում, որ Հայրիկը իրենից հարյուր օր, միայն հարյուր օր մեծ է, և ասում էր, թե բերկրանքով եմ լսում, որ Հայրիկը ձի է նստում և ժողովրդին այցի է ելնում...
Միշտ նախանձում էր Ձեզ վեհափառ Հայրիկ, և ասում էր, թե Հայրիկի բանն ուրիշ է, նա առույգ է մնացել, որովհետև Մասիսի շուքին ներքո է քնում, հայոց դաշտերի ծաղկանուշ հովն է ծծում, Արաքսի ջուրը խմում:
Այստեղ Հայրիկը ուրախ և սրտանց ծիծաղեց:
- Ան կնախանձե ինձ, ես վաղը կկարգադրեմ, որ անոր Մասիսի հողեն, Երասխի ջրեն, Հայաստանի ծաղիկներեն քիչ մը վերցնեն և փոքրիկ արկղով մը ղրկեն Վենետիկ:
Ինչպես հետո իմացա, Հայրիկի կողմից ուղարկվել էր մի փոքր արկղ այդ արմաղաններով, բայց մինչ հասնելը, դժբախտաբար, սիրելի Նահապետը արդեն վախճանված էր եղել (1901 թ. նոյեմբերի մեջ):
Ավ. ԻՍԱՀԱԿՅԱՆ
Նկար՝ Հովհաննես Այվազովսկի։ «Խրիմյան հայրիկը Էջմիածնի շրջակայքում»։
1895 թ. Մկրտիչ Խրիմյանը Պետերբուրգից Էջմիածին վերադարձի ճանապարհին Այվազովսկու հրավերով ացելել է Թեոդոսիա։ Մեկշաբաթյա այս այցի ընթացքում է, որ կաթողիկոսին հյուրընկալելով իր տանը, նկարիչը ստեղծել է Հայրիկին պատկերող կտավը՝ «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում»։ Այն այժմ ցուցադրվում է Թեոդոսիայում գտնվող Այվազովսկու տուն-թանգարանում։
Սասուն Ս.ԱՆԱՆՅԱՆԻ ՖԲ էջից