Բոլոր օպերացիաներն ավարտվել են «Հանձնարարությունը կատարված է» ֆրազով
16.03.2023 | 01:24
Միայն ու միայն այս արտահայտությամբ են ավարտվել պետանվտանգության մարմիններում նրա՝ գեներալ Միխայիլ Իվանի Աղայանցի ավելի քան երեսնամյա գործունեության ընթացքում իրականացված օպերացիաները, որոնց շատերի վրա այսօր էլ դրված է գաղտնիության կնիքը։
Ծնվել է 1906 թվին Թիֆլիսում, հայաշատ այս քաղաքում էլ անցկացրել է մանկության տարիները։ Առժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Ելիզավետպոլ։ Դպրոցական թերի ուսումը հետագայում լրացրել է ինքնակրթությամբ։
1920 թվականին կամավորագրվել է բանակին՝ հաշվառված էր գնդի որդու կարգավիճակով։ 1923-ին ավարտել է խորհրդային կուսդպրոցի դասընթացները, պիոներական, կոմերիտական կազմակերպություններում անցել ղեկավար աշխատանքների, իսկ 1927-1928 թվականներին արդեն հայաստանյան ԳՊՈՒ-ի (ՆԳԺԿ-ին կից պետական քաղաքական վարչություն) աշխատակից էր։ 1928-ին զորակոչվել է բանակ, 1929-ին վաղաժամկետ զորացրվել՝ կուսակցական աշխատանքի անցնելով Ադրբեջանի կոմկուսի օկրուգային կոմիտեում։
1932 թվականից Մ․ Աղայանցը կյանքը բացառապես կապում է պետանվտանգության մարմինների հետ՝ զբաղեցնելով հանգուցային պաշտոններ։ Մինչև 1954-ին Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին կից ՊԱԿ-ի նախագահի առաջին տեղակալի պաշտոնին նշանակվելը եղել է ԽՍՀՄ պետանվտանգության նախարարության հակահետախուզության վարչության պետի տեղակալ։
Հայրենական երկրորդ պատերազմի տարիներին Երկրի հյուսիսային ճակատում ունեցած ծառայության ընթացքում Մ․ Աղայանցը խորհրդային հակահետախուզության իր գործընկերների հետ համատեղված ջանքերով բացահայտել ու վնասազերծել է ամերիկյան ու անգլիական ռեզիդենտուրաների բազմաթիվ կադրային աշխատակիցների, օպերատիվ սպասարկման քողի տակ անգլիական հետախուզական ցանցում ներդրել խորհրդային ավելի քան հարյուր հակահետախույզի։ Արդյունքում՝ «Անդրբևեռի պաշտպանության համար» մեդալ, փոխգնդապետի ուսադիրներ։
1945թ. ստացել ու փայլուն իրականացրել է Յալթայի կոնֆերանսին մասնակցած ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարների անվտանգության ապահովման հանձնարարությունը։ Հստակ կազմակերպված աշխատանքի համար Միխայիլ Իվանովիչն արժանացել է անձամբ Իոսիֆ Ստալինի շնորհակալությանը։ Ավելորդ չհամարենք նշել, որ Մեծ եռյակի նախորդ՝ 1943 թվին կայացած կոնֆերանսի անվտանգության ապահովման գործն էլ է վստահվել Աղայանց տոհմի ներկայացուցչին՝ Թեհրանում մարտական այդ բացառիկ կարևորության օպերացիան համակարգել, իրականացրել է Միխայիլ Աղայանցի կրտսեր եղբայրը՝ լեգենդար հետախույզ, դիվանագիտական փայլուն իմացության տեր Իվան (Հովհաննես) Աղայանցը, ում մահվան փաստը Ռոբերտ Քենեդիի անվան կողքին արժանացել է համաշխարհային լրատվության գիգանտներից մեկի` «Թայմզ» ամսագրի հիշատակմանը։
1945 թվականը Մ․ Աղայանցի ծառայողական կյանքում նշանակալի է ևս մեկ կարևորագույն հանձնարարության փայլուն իրականացմամբ։ ԽՍՀՄ պետանվտանգության բարձրագույն կառույցի գործուղմամբ նա իր ընկեր ու գործընկեր Մարտիրոս (Մարտին) Երվանդի Աղեկյանի հետ, ով 1954-ին նշանակվեց Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին կից ՊԱԿ-ի նախագահի տեղակալ, եղել է Բուխարեստում, ամրացրել ռումինացի կոմունիստների հետ կապերը, հարաբերություններ հաստատել տեղի հայ համայնքի ու եկեղեցու հետ, հանդիպել երկրի թագավորին։
Առանց մանրամասների մեջ խորանալու՝ նշենք, որ այդ փուլում ակտիվորեն կազմավորվում էր սոցիալիստական Ռումինիայի կառավարությունը։
ԽՍՀՄ վերադառնալուն պես Ռումինիա ունեցած գործուղմանը հետևել է Մ․ Աղայանցի ու Մ․ Աղեկյանի Հայաստան գործուղումը։ «Հայկական ԽՍՀ կառավարության հատուկ հանձնարարության հաջող կատարման համար» Միխայիլ Աղայանցը պարգևատրվել է հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով։
Հարկ է նշել, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում Աղայանց տոհմի այս հերթական լեգենդի ղեկավարությամբ իրականացվել է հակահետախուզական օպերացիաների մի ողջ շարք, որոնց հրապարակայանցման վրա դրված արգելքը դեռևս գործողության մեջ է։ Դարձյալ ընդհանրական հիշեցումների կարգով նկատենք, որ պետանվտանգության գեներալի կյանքի այս շրջանի գործողությունների առանցքում ինչպես ներհանրապետական, այնպես և միջազգային խնդիրներն էին՝ մասնավորապես Թուրքիային ուղղված շեշտադրումով։
Մ․ Աղայանցի գործունեությունը բազմիցս է գնահատվել՝ «Պատվո նշան», Կարմի աստղի, Հայրենական պատերազմի 1-ին ու 2-րդ աստիճանի, Կարմիր դրոշի շքանշաններ, մարտական ու հոբելյանական բազմաթիվ մեդալներ, «ԽՍՀՄ պատվավոր չեկիստ», «Անվտանգության պատվավոր աշխատակից» կրծքանշաններ... Մ․ Աղայանցը կրում էր «Հայաստանի պատվավոր քաղաքացի» կոչումը։
1959թ. մայիսին, սեփական դիմումի համաձայն, արձակվում է ծառայությունից։ Պատճառն առողջության կտրուկ վատթարացումն էր։ Անցնելով թոշակի՝ վերադառնում է Մոսկվա, հաշված ամիսներ անց կնքում մահկանացուն, հուղարկավորվում Նովոդևիչյան հանրահայտ գերեզմանատանը։
Մ․ Աղայանցը բազմակողմանի զարգացած անձ էր, ուներ գրական, երաժշտական ձիրք, բանաստեղծությունների, երգերի հեղինակ էր։ Շատ ավելի հասուն տարիքում, երբ արդեն բնակվում էր Երևանում, սկսեց հակվել արձակին։ Նրա ձեռագրերում պահպանված են պատմվածքներ, նովելներ, կան անավարտ գործեր։ Վերջում հավելենք, որ նա մի սերունդի կտրվածքով Խորհրդային Միությանը յոթ հետախույզ տված Աղայանց զարմանահրաշ ընտանիքի միակ ներկայացուցիչն էր, ով հետախուզության փոխարեն ընտրել էր հակահետախուզությունը։
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
Մեկնաբանություններ