ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թաղիդ աշե

Թաղիդ աշե
16.12.2008 | 00:00

ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐ
«Շմիդտի զավակները» կամ «Փաթաթեք այս քաղաքը, ես այն գնում եմ» խորագրի տակ մեր թերթի ուրբաթօրյա համարի առաջին էջում տեղ գտած տողերիս հեղինակի փոքրիկ ռեպլիկը, ինչպես երևում է, մեծ գլխացավանք է պատճառել Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանին։ Համենայն դեպս, այլ կերպ չես բացատրի ողջ ուրբաթ ու նաև երեկ խմբագրության երկու հեռախոսահամարներով տարբեր սեռի ու տարիքի անձանց կողմից հնչեցվող գրեթե նույնաբովանդակ սպառնալիքները` «բոլորիդ քացու տակ ենք քցելու» մոտիվներով։ Երևի պարոն թաղապետին թվում է, թե այս միջնորդավորված «թեժ գծով» կկարողանա այն աստիճան «լեղիներս ճաքացնել», որ մեկ անգամ և ընդմիշտ կմոռանանք իրեն էլ, իր մերձավորագույն շրջապատն էլ` Հովիկ Աբրահամյանի թամադայությամբ։ Ավա՜ղ, ստիպված ենք հիասթափեցնել թաղային պետին։ Թերթի այս համարում դարձյալ հիշել ենք իրեն (տե՛ս «Սիրեցի յարս կերան») և հիշելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Կենտրոնի թիվ մեկ թաղեցին չի թարգել մամուլի հետ թաղային «ռազբորկեքի» մակարդակով հարաբերվելու գեշ «խասիաթը»։ Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ այս նույն խմբագրակազմը ահաբեկիչների նկատմամբ կարգին իմունիտետ է ձեռք բերել, և մեր «վախն» էլ վաղուց «բռնել» են արդեն։ Այնպես որ, մեծահոգաբար խորհուրդ ենք տալիս պարոն թաղապետին` ավելորդ նյարդեր ու ժամանակ չծախսել դատարկ բաների վրա և գոնե մերթընդմերթ զբաղվել, ինչպես ասում են, իր բուն գործով։ Իսկ գործ Կենտրոն համայնքում ինչքան ասես կա` սկսած ջրամատակարարումից, վերջացրած աղբահանությամբ։ Մայրաքաղաքի «մէրը» լինելու հովերը մի կողմ թողած` բարի եղեք նախ ձեր թաղի սրտացավ տերը լինել։ Ի վերջո, հարազատ կուսակցություն ՀՀԿ-ն «սիրուն աչքերի» համար չի բազմեցրել Ձեզ թաղապետի աթոռին, այլ հենց գործ անելու։ Իսկ գործը չափման շատ յուրօրինակ միավոր ունի, և դա ամենևին էլ Ձեր պատկերացրած դրամական զանգվածը չէ։ Կենտրոնաբնակ յուրաքանչյուր երևանցու հարգալից վերաբերմունքն է, ինչը վաստակելու համար «բոբիկ ոտներով Երուսաղեմ գնալն» էլ վայ թե Ձեզ չօգնի։ Բայց, դե, փորձը փորձանք չէ։ Հենց այսօրվանից հանեք կոշիկներն ու ճանապարհ ընկեք` «մինչև բացվին դռներն հուսո»։

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 4348

Մեկնաբանություններ