ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԺՊԻՏ

ԺՊԻՏ
13.05.2011 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ

Եղե՞լ եք արդյոք երջանիկ առանց ժպիտի, առանց ժպիտի միմյանց արտասանած «այո»-ի։ Այնուամենայնիվ, մեզ երջանիկ է դարձնում ոչ ամեն ժպիտ...
Հերիք է միայն արտասանել «ժպիտ» բառը, և յուրաքանչյուրը միանգամից պատկերացնում է սիրալիր, բարեհամբույր մի դեմք առողջության և բարյացակամության անասելի արտահայտությամբ։ Երջանկության կայծ` ինքն իր և ուրիշների համար։ Նաև մի քիչ թեթևություն, մխիթարանք, և գուցե նույնիսկ սեր... Այդպես լինում է երբեմն։ Սակայն այդպես լինում է ոչ միշտ։
Ժպիտը «խաղում է» ոչ միայն բերանի շուրջը. նա «խաղում է» ամբողջ դեմքի վրա և հատկապես աչքերի մեջ, որոնցից ճառագում է։ Երբ ժպտում է միայն բերանը, իսկ աչքերը մնում են լուրջ կամ քարացած, մեզ համար դա դառնում է նույնիսկ սոսկալի։ Իսկ երբ ժպտում են միայն աչքերը, ապա մենք վայելք ենք ապրում թաքնված, զսպված հումորից։ Իսկ մեռնողները, փակ աչքերով, ժպտում են մի քիչ` արտահայտելով նրանց համար ընդհանուր երանելի հանգստություն։
Այդ պատճառով ժպիտն այնքան էլ պարզ չէ և ոչ միշտ է խոսում երջանկության մասին։ Գոյություն ունեն, կարելի է ասել, ժպիտի անթիվ տարատեսակներ։ Արժե, օրինակ, ուշադրության առնել, թե ինչն է գերիշխում ժպիտի մեջ` սեփական առողջությո՞ւնը, թե՞ բարյացակամությունն ուրիշի նկատմամբ։ Առողջությունը շեշտը դնում է ժպտացողի ամենապատվելի «ես»-ի վրա. նա նկատի ունի ինքն իրեն, նրա գործերը լավ են ընթանում, նա իրեն շատ հարմարավետ է զգում։ Բարյացակամությունը, ընդհակառակն, շեշտը դնում է ուրիշի հետ հարաբերության վրա. այդ ժամանակ ժպիտը նկատի ունի «քեզ»` մերձավորին։
«Ես-ժպիտը» հաճախ ինքնագոհ է, մերժող, անգութ և անհամակրելի։ Այն կարող է միանգամայն երեխայական, միամտորեն նշանակել. «Ես առողջ եմ և հաճույք եմ վայելում, ի՞նչ գործ ունեմ ուրիշների հետ»։ Կամ ինքնագոհ. «Իմ մեջ և ինձ վրա ամեն ինչ հոյակապ է»։ Կամ, դեռ ավելին, գոռոզաբար և մեծամտորեն. «Ի՞նչ արժե մնացածը իմ կատարելության կողքին»։ Հետո ժպիտը կարող է դառնալ նույնիսկ ծաղրական և խոցող. «Ի՞նչ է, ինչ-որ մեկը համարձակվում է համեմատվե՞լ ինձ հետ»։ Կամ` արհամարհական. «Դո՞ւք էլ եք այստեղ, թշվառնե՜ր», հիասթափված, նեղացած և այլն։ ՈՒ երբ այդ նեղացած, արհամարհական հեգնանքը ուղղվում է դեպի «վեր», նա դառնում է թունոտ և Աստծուն անարգող. «Դրանք, որ երկնքում են»։ Խուլ չարությամբ համակված, տարածելով ատելության սև ճառագայթները, ժպիտը դառնում է սատանայական` չհաջողված ինքնաստվածացման ջղաձգական ծամածռանք։
Այդպիսով ինքնահաստատվող «բարի առողջությունը», որը կապված չէ սրտացավ բարեհաճության հետ, պարզունակ եսասիրության պատճառով գլորվում ընկնում է դժոխքի ծոցը, որպեսզի շարունակի «ժպտալ» նաև այնտեղից։
«Ժպիտը քեզ», ընդհակառակն, սրտագին համակրանքի ժպիտն է իր բոլոր երանգներով` միամիտ զգացականից մինչև զոհաբերող, հոգևոր սերը, որը շարունակում է ժպտալ հեռուներից նույնիսկ անհավատարիմ սիրեցյալին` ցանկանալով նրան երջանկություն։ Լինում է անարատ մաքրության և համեստության ժպիտ. «Ես ծաղիկ եմ պարտեզում», և անամոթ աներեսության ժպիտ։ Լինում են գրգռող պչրանքի ժպիտ և սրբազան գաղտնիքի ժպիտ, հարցական ժպիտ, ուժասպառության և թախծի, արթնացող խանդի, ներման, մխիթարության, երախտագիտության ժպիտներ։ Լինում են երանելի պայծառության ժպիտ և երջանիկ մոր ժպիտ։ Լինում են դեպքեր, երբ տգեղ դեմքը փրկում է ժպիտը, և երբ ամենագեղեցիկ դեմքը նա աղավաղում է և վարկաբեկում։ Ամբողջությամբ վերցրած` այն արտահայտման անսպառ հարստություն է։
Բայց իսկական ժպիտը միշտ կապված է միանգամայն կոնկրետ պայմանների հետ։ Ժպիտն արտահայտություն է, որը թելադրված է «այո» զգացումով, և այդ «այո»-ն պետք է ճառագայթի լիակատար, կենդանի և անկեղծորեն։ Ոչ անկեղծ ժպիտը միշտ շինծու է ու զզվելի. այն թունավորված է ներսից և ուժասպառված է մերժման «ոչ»-ով։ Իսկական ժպիտը, սակայն, պետք է լինի լիարժեք` արտաքնապես շողալով դեմքի վրա և ներքնապես ճառագայթելով հոգու խորքից։ Պարզությունը և անկեղծությունը ստեղծում են հոգևոր բուրմունք։ Մարդն իր ժպիտի մեջ պետք է լինի ամբողջովին տեսանելի, երեխայի նման, իրեն պահի սրտաբաց և ազատ։ Միայն այդ ժամանակ նա նման կլինի «սիրալիր մանուկի», և նրա ժպիտը կլինի դյութիչ։ Այդ ժամանակ մի թեթև, լուսավոր թել է ձգվում մարդկանց միջև, և միանգամից ծնվում է հոգիների փոխադարձ համակրանքը, այնուհետև` բարեկամությունը և սերը։
Այդպիսի ժպիտը հիրավի կարող է դառնալ Աստծո գործիքը երկրի վրա։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3304

Մեկնաբանություններ