Ընթացիկ մրցաշրջանը նախաօլիմպիական է` 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերից առաջ: Հետաքրքիր է` այս առումով ի՞նչ ծրագրեր ունեն Հայաստանի լողի հավաքականի ներկայացուցիչները, առաջիկայում ինչպիսի՞ մեկնարկներ են սպասում նրանց: Զրուցում ենք Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լողի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր ԻԳՈՐ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ:
-Մի քանի ամիս է, որ փոխվել է լողի միջազգային ֆեդերացիայի կանոնադրությունը,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:- Եթե նախկինում բոլոր երկրների ներկայացուցիչներին տեղեր էին հատկացվում (առնվազն մեկական մարզիկ և մարզուհի) օլիմպիական խաղերին մասնակցելու համար, ապա այժմ այդպես չէ: Խոսքն այն երկրների մասին է, որոնց ներկայացուցիչները համապատասխան վարկանիշ չէին լրացնում: Այժմ տեղեր են տրամադրվելու ոչ բոլորին: Ընտրվելու են այն մարզիկները, ովքեր մինչ այդ բարձր արդյունքներ են ցույց տվել: 2011-ին և մինչև 2012-ի մայիսը օլիմպիական վարկանիշային մեկնարկներ են կազմակերպվելու: Այն երկրները, որոնց ներկայացուցիչները չեն կարողանա վարկանիշը լրացնել, կմնան օդից կախված: Ըստ կանոնադրության, խաղերին մասնակցելու «սպիտակ քարտեր» ստանալու են այն մարզիկ-մարզուհիները, ովքեր ավելի արժանավոր են: Ցուցակներ են կազմվելու, և հրավեր են ստանալու միայն 100 մարզիկ-մարզուհիներ:
-Ի՞նչ է սպասում Հայաստանի ներկայացուցիչներին:
-Հնարավոր է` մասնակիցներ ունենանք օլիմպիական խաղերում, չի բացառվում նաև, որ չունենանք:
-Հայտնի՞ է` ինչպիսի արդյունք ցույց տալու դեպքում մեր մարզիկները կարող են հավակնել օլիմպիական խաղերին մասնակցելու պատվին:
-Այո, սակայն ստույգ որևէ բան ասել հնարավոր չէ, քանի որ ամեն տարի լողորդների ցուցանիշները բարելավվում են:
-Քանի՞ մարզիկ է մասնակցելու լողի օլիմպիական մրցաշարին:
-Նախկինում օլիմպիական խաղերում հանդես էին գալիս 1000-ից ավելի մարզիկ-մարզուհիներ: Այժմ այդ թիվը կրճատվել և հասցվել է 900-ի: Փորձը ցույց է տվել, որ առնվազն 800 լողորդ կարողանում է լրացնել վարկանիշը: Այդ դեպքում կմնա 100 մասնակցի տեղ: Սակայն կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ այդ տեղերն էլ զբաղեցնեն վարկանիշ լրացնողները:
-Իսկ մեր երկրի ներկայացուցիչնե՞րը:
-Չունենք 50 մ երկարությամբ լողավազան, իսկ վարկանիշ կարելի է լրացնել միայն այդպիսի լողավազանում ցույց տված արդյունքի դեպքում:
-Բայց Ծաղկաձորում կա այդպիսի լողավազան: Երևանում 50 մ երկարություն ունի «Գոլդ ջիմ» ակումբի լողավազանը:
-Ո՞վ է Ծաղկաձորում մարզվում, պարապելու համար զգալի ֆինանսներ են պետք, երևանյան լողավազանն էլ մասնավոր սեփականություն է: Սկզբնական շրջանում մեզ ժամեր էին տրամադրում պարապելու համար, սակայն այժմ լողի սիրահարների թիվը մեծացել է, մեզ էլ հանել են: Երկու տարի պարապմունքներն անցկացրել ենք այդ լողավազանում, և մարզիկների արդյունքները բարելավվել են: 2010-ի սեպտեմբերից այլևս Հայաստանի հավաքականն այդ լողավազանում չի պարապում:
-Բայց չէ՞ որ առողջարարական նպատակներով օգտագործվող լողավազաններում չի թույլատրվում, որ մարզիկները պարապեն, թեկուզ այն պատճառով, որ ջրի ջերմաստիճանը համեմատաբար բարձր է:
-Իհարկե, այդպես է: Մասսայական լողի համար բոլորովին այլ պայմաններ են անհրաժեշտ: Փաստն այն է, որ հավաքականը չունի ժամանակակից, համապատասխան չափեր ունեցող լողավազան: Հայաստանում ավելի շատ են 25 մ երկարություն ունեցող լողավազանները, սակայն դրանք էլ մասնավոր են:
-Հայաստանը լողի հավաքական ունի՞:
-Ինչ խոսք, 25 մարզիկ կանոնավոր պարապմունքներ է անցկացնում: Առավոտյան նրանք մարզվում են Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում, իսկ երեկոյան` իրենց ակումբներում:
-Ի՞նչ մրցումներում մեր լողորդները կարող են օլիմպիական խաղերի վարկանիշ լրացնել, հանրապետական մեկնարկներո՞ւմ, թե՞ հատուկ միջազգային մրցաշարերում:
-Հայաստանում դա բացառվում է, քանի որ մեր երկրում բոլոր մեկնարկները, նաև ազգային առաջնությունը կազմակերպվում են կարճ` 25 մ երկարություն ունեցող լողավազաններում: Աշխարհի առաջնությունը, որը կայանալու է 50-մետրանոց լողավազանում, վարկանիշային է, և Հայաստանին երեք մարզիկ ներկայացնելու իրավունք է վերապահվել: Այդ ստուգատեսը կայանալու է հուլիսի 15-30-ին` Չինաստանի Շանհայ քաղաքում: Դա ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունն է, որի ծրագրում, լողից բացի, տեղ են գտել ջրացատկը, ջրագնդակը, գեղալողը, մարաթոնյան լողը:
-Նախկինում, աշխարհի առաջնություններին մասնակցելու համար, Հայաստանին ավելի շատ տեղեր էին հատկացվում: Պատճառն ի՞նչն է, որ այս անգամ պատկերն այդպիսին է:
-2009-ին ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը Հայաստանին 7 լողորդի տեղ էր տրվել: 2010-ին լողի աշխարհի առաջնությունը կազմակերպվել էր 25-մետրանոց լողավազանում, և Հայաստանին 2 տեղ էր տրամադրվել: Այժմ համակարգը փոխվել է: Աշխարհի վերջին առաջնությանը մասնակցել են 165 երկրի ներկայացուցիչներ: Դա ահռելի թիվ է, ինչը կազմակերպիչների համար բարդություններ է ստեղծում:
-Արդեն որոշվա՞ծ է, թե Հայաստանից ովքեր են մասնակցելու լողի աշխարհի առաջնությանը:
-Դեռ պարզ չէ:
-Աշխարհի առաջնությունից բացի, մերոնք 50-մետրանոց լողավազանում վարկանիշային այլ մրցումների կմասնակցե՞ն:
-Եթե անհրաժեշտություն զգացվի, ապա պատվիրակներ կգործուղենք նաև այդպիսի մեկնարկների: Խնդիր է դրված ընտրել երեք լավագույններին, հնարավոր է` երկու լողորդ և մեկ լողորդուհի, կամ էլ` երկու լողորդուհի և մեկ լողորդ: Առավել հույսեր է ներշնչում 5 թեկնածու, որոնցից էլ ընտրություն կկատարվի: Դեռ բավականին ժամանակ կա, և այդ հարցն ինքնըստինքյան կկարգավորվի:
-Այնուամենայնիվ, մեր լողորդները տեղ կզբաղեցնե՞ն օլիմպիական խաղերին հրավիրվելիք 100 թեկնածուների շարքում։
-Մեր երկրի ներկայացուցիչներից երկուսն ակնհայտորեն կարող են դա անել: Նկատի ունեմ Միքայել Քոլոյանին և Խաչիկ Փլավչյանին: Ի դեպ, վերջինս ներկայումս վարպետությունը կատարելագործում է ԱՄՆ-ում: Միքայելը վստահ է հանդես գալիս ազատ ոճի մրցումներում, Խաչիկը` թիկնալողի: Այնպես որ, երկուսն էլ իրական հնարավորություններ ունեն օլիմպիական խաղերին մասնակցելու: Բայց նրանցից միայն մեկն այդպիսի իրավունք կարող է ստանալ:
-Մեր լողորդուհիների հնարավորություններն ինչպիսի՞ն են:
-Հույսեր են ներշնչում երկուսը` Անահիտ Բարսեղյանը և Մոնիկա Վասիլյանը: Երկուսի նախասիրած մրցաձևն էլ ազատ ոճի լողն է: Տեսնենք, թե նրանցից ով լավ արդյունք ցույց կտա:
-Ինչպիսի՞ մեկնարկներ են նախատեսված առաջիկայում մեր լողորդների համար:
-Ապրիլին Երևանում կանցկացվի Հայաստանի առաջնությունը: Այդ ստուգատեսում աչքի ընկնողները կհամալրեն Հայաստանի հավաքականը: Հետո ուսումնամարզական հավաքներ կկազմակերպվեն: Մերոնք մայիսի սկզբին իրենց կարողությունները կփորձեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցաշարում: Դրան կհաջորդի ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը, ապա մեր լողորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը:
-Ֆինանսները կբավարարե՞ն:
-Հայաստանի լողի ֆեդերացիան 2011-ին աջակցության կարգով պետությունից ստացել է 8 մլն դրամ: Դա քիչ է, եթե ֆինանսներ լինեն, ապա անպայման մարզիկներ կգործուղենք թեկուզ մեկ օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարի:
-Հայաստանի լողի ֆեդերացիայի հովանավորները մարզահագուստի խնդիրը լուծե՞լ են:
-Լողի մարզահագուստների խնդիրը վերացել է, քանի որ այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիան 2011-ի հունվարի 1-ից արգելել է մարզիկներին մրցումների ժամանակ հիդրոլողազգեստներ կրել: Փաստորեն, մարզիկները հանդես են գալու սովորական լողազգեստներով, ինչը բոլորին էլ մատչելի է: Մեր լողորդներն էլ խնդիր չունեն: Որևէ ֆիրմայի հետ չունենք պայմանագիր, որ մարզազգեստ հատկացնեն: Նախկինում դա անում էր «Արենա» ֆիրման, այժմ այդ հարցերով զբաղվում է «Սպիդո» ֆիրման: Դիմել ենք, որ աջակցեն: Խոստացել են` օգնել, սակայն դեռևս ոչ մի պատասխան չենք ստացել:
-Լողը մասսայական մարզաձև է: Հայաստանում մեծահարուստներ չկա՞ն, ովքեր կարող էին աջակցել Հայաստանի լողի ֆեդերացիային:
-Չկան: Լողավազանի հարցն անգամ չի լուծվում: Իսկ հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում լողի մանկապատանեկան ոչ մի մարզադպրոց չկա: Բայց հույս ունենք, որ այդ հարցը կլուծվի: Այդ է պատճառը, որ այս մարզաձևում նոր անուններ չունենք: Օրինակ` Քոլոյանը 27 տարեկան է, Փլավչյանը` 22:
-Փորձե՞լ եք կապ հաստատել ԱՄՆ-ի, այլ երկրների հայկական համայնքների հետ: Մարզիկներ չկա՞ն, ովքեր կարող են համալրել Հայաստանի հավաքականը:
-Բարձրակարգ հայ լողորդներ չկան: Ի դեպ, ոմանք այդ հարցով դիմում են, սակայն նրանց արդյունքները ցածր են:
-Կարելի՞ է ասել, որ լողը հայկական մարզաձև է:
-Ոչ, առաջին հերթին պայմաններ են անհրաժեշտ: Պետք է հատուկ ունակություններ ունեցող երեխաների ի հայտ բերել, ովքեր «զգում» են ջուրը, նաև բարձրահասակ են: Աշխարհի վերջին առաջնությունում ազատ ոճի լողի եզրափակիչի 8 մասնակիցների միջին հասակը 196 սմ էր:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ