Եթե ինչ-որ չար դիպվածով հայտնվեր մեկն ու ասեր, թե սեպտեմբերի 22-ին Հայաստանի ընտրանին անմասն կմնա Անթալիայում խաղարկվող մեդալներից, գոնե ես նրան բարեկամաբար խորհուրդ կտայի (նրա իսկ առողջության ազնիվ մտահոգությունից ելնելով) հնարավորինս շատ օգտվել հոգեբույժի ծառայությունից։ Սեպտեմբերի 22-ին մենք մեդալ պետք է ունենայինք և ունեցանք։ Ճիշտ է, գույնի հարցում սպասելիքները չարդարացան, սակայն ո՞վ է ասել, թե բրոնզը պակաս ազնիվ մետաղ է, մանավանդ որ այն հնարավորություն տվեց վեր խոյացնելու հայոց եռագույնը և ևս մեկ անգամ, ի լուր աշխարհի, հնչեցնելու մեր երկրի անունը։
Սակայն ամեն ինչի մասին` հերթով։
Մինչ աշխարհի առաջնությունը Հայաստանի կանանց ընտրանու գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ եթե Էլեն Գրիգորյանն ու Քրիստինե Պետրոսյանը կարողանան տեղ գտնել լավագույն տասնյակում, գերազանց արդյունք կլինի։ Առաջ անցնելով ասենք, որ նրա (ու մեր) սպասումներն արդարացան, և աղջիկներն օլիմպիական հաշվարկով թիմին բերեցին 16 և 18 միավոր, ինչը համապատասխանաբար նշանակում է 10 և 8-րդ տեղեր (դարձյալ օլիմպիական հաշվարկով)։ Ընթերցողի համար պարզաբանենք, որ եթե այս և մյուս տարի Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունների արդյունքով մեր ընտրանին կարողանա հավաքած միավորների քանակով տեղ գտնել լավագույն իննյակում, դա կնշանակի Լոնդոնի օլիմպիական խաղերում ունենալ առավելագույն թվով մասնակից` չորս։
Անթալիայում մեր երրորդ մասնակիցը ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆՆ էր։ Գյումրեցի այս աղջկա նվաճումներն արդեն այնքան շատ են, որ դրանց սոսկ թվարկումը շատ տեղ կպահանջի, հետևաբար հիշատակենք նրա վերջին տիտղոսը` ընթացիկ տարվա Եվրոպայի չեմպիոն լինելը, և անցնենք առաջ։ Պոկում վարժությունում արագ պարզ դարձավ, որ Մելինեն առնվազն բրոնզե մեդալ ունի. երկրորդ մոտեցմամբ բարձրացրած 112 կգ կշռող ծանրաձողը դրա համոզիչ վկայությունն էր։ Ցավոք, մեր մարզուհին ձախողեց երրորդ մոտեցումը։ Չսանձահարած 115 կիլոգրամն իրեն ցավալիորեն զգալ կտա հետագայում` երկամարտում, բայց դե եղավ այն, ինչ եղավ։ Մելինեի 112-ին չին Յուե Կանգը պատասխանեց 113 կգ բարձրացնելով, ինչը, խոստովանենք, մինչ այդ ունեցած 105-ից հետո քիչ հավանական էր թվում։ Սվետլանա Շիմկովան շատ ավելի առաջ գնաց. 116 կիլոգրամը նրա, ասել է թե` Ռուսաստանի հավաքականի համար ոսկե եղավ։ Մինչ այս ռուսներն ունեին ընդամենը մեկ բրոնզե մեդալ, այն էլ շնորհիվ մեր հայրենակից, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Արմեն Ղազարյանի։
Հրում վարժությունը Մելինեն սկսեց 134 կիլոգրամից, ինչին Շիմկովան պատասխանեց 135-ով։ Չինուհին միայն երկրորդ մոտեցմամբ էր հաղթահարել 130-ը, այն էլ` ահռելի ճիգով։ Սակայն, որքան էլ տարօրինակ թվա, ամենախոշոր անակնկալը նրանից էր սպասվում։ Զարմանալի օրինաչափությամբ չին մարզիկ-մարզուհիներն իրենց համար վճռորոշ մոտեցման ժամանակ կարողանում են հավաքվել ու ցույց տալ արդյունք, որը տրամաբանության սահմաններից դուրս է։ Այնպես որ, Շիմկովան չէր մեր հիմնական մրցակիցը, թեպետ ժողովրդական իմաստությունն ասում է. «Չհավնած քարն աչք կծակե»։
Մելինեի երկրորդ մոտեցման համար պատվիրելով 139 կիլոգրամ` մեր մարզչական կորպուսը մեկ հիմնական խնդիր ուներ` լիկվիդացնել Շիմկովայի հետ ունեցած չորս կիլոգրամի տարբերությունը (մեր աղջիկն անձնական քաշով շատ ավելի թեթև էր ռուս մարզուհուց, իսկ, ինչպես հայտնի է, հավասար կիլոգրամների դեպքում նախապատվությունը տրվում է ավելի թեթև քաշ ունեցողին)։ Որ 139-ը Մելինեի համար սահմանային քաշ չէ, ակնհայտ ճշմարտություն է, սակայն, ինչպես երևում է, նրա հետ չար կատակ խաղաց երկամարտում արդեն իսկ երաշխավորված բրոնզե մեդալը, ինչն էլ վերջնահաշվում եղավ հօգուտ թե՛ ռուս, թե՛ չին մարզուհիների, որոնք կարողացան սանձահարել 140 կիլոգրամը. առաջինն իր համար ոսկե, երկրորդը` արծաթե ելքով։ Վերջնահաշվարկում Մելինեի բարձրացրած 139 կիլոգրամը մեզ համար ոչնչով մխիթարական չեղավ, թեպետ աշխարհում երրորդը լինելը շատ ու շատ մարզիկների երազանքների գագաթնակետն է։ Ի դեպ, Մելինեն մեր թիմի միավորներն ավելացրեց 23 կետով։
Ինչևէ, ամենակարևորն այն է, որ Հայաստանի հավաքականը բացեց մեդալների հաշվարկը։ Թող որ երեք բրոնզե մեդալով մեդալ նվաճած թիմերի մեջ մենք առայժմ տասներորդն ենք, սակայն չմոռանանք, որ ամսի 23-ից ասպարեզ է մտնում մեր տղամարդկանց ընտրանին, որտեղ յուրաքանչյուր անուն հեղինակություն է։ Չմոռանանք նաև, որ դեռևս մրցաբեմ չի ելել Հռիփսիմե Խուրշուդյանը։
Գուշակությամբ զբաղվելն անպտուղ բան է, սակայն համարձակվում եմ ասել, որ սեպտեմբերի 23-ը սպասելիքների առումով շատ ավելի խոստումնալից է լինելու, որքան էլ Տիգրան Գևորգի Մարտիրոսյան-Գևորգ Դավթյան տանդեմին ի հակակշիռ չինացիները մարտի են դուրս բերելու իրենց ոչ պակաս զորեղ երկյակին։ Մի փոքր հաջողություն, և մեր տղաները կբացեն ոսկե մեդալների հաշվարկը։
Աստված մեզ օգնական։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Անթալիա