ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՃ ԿԱ, ԲԱՅՑ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ԴԵՌևՍ ՇԱՏ ԵՆ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՃ ԿԱ, ԲԱՅՑ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ԴԵՌևՍ ՇԱՏ ԵՆ
14.01.2011 | 00:00

Եթե այս տարվա տարեմուտի գնումները համեմատենք երեք տարի առաջվա հետ, ապա առևտրի կենտրոններում նկատվում էր նվազեցում։ Իսկ սրա պատճառը, եթե մեկ նախադասությամբ ներկայացնենք, տնտեսության անկումն է և գնաճի բարձր տեմպը, ինչն ուղղակի հարվածում է բնակչության գրպանին։
Թեև շատ պաշտոնյաներ փորձում են ապացուցել, որ ճգնաժամը Հայաստանում հաղթահարված է, այնուհանդերձ, փաստ է, որ անցած տարի գրանցված 14-տոկոսանոց տնտեսական անկման դիմաց այս տարվա փոքրիկ աճը չէր կարող զգալի լինել բնակչության համար։ Այն, որ տնտեսական աճն այս տարի մեծ չէր, ապացուցում է, որ տնտեսությունն ակտիվ չի եղել, ինչը, կարծում ենք, բնական է։ Թե ինչով է սա պայմանավորված, կխոսենք քիչ հետո։ Եթե նշվածին հավելենք նաև, որ միջազգային դաշտում գործընթացները վկայում են ճգնաժամի նոր ալիքի մասին (ինչը փաստում են նաև փորձագետները), ապա ճգնաժամի հաղթահարված լինելը բարի ցանկությունների շարքից է։
Ինչպիսի՞ պատկեր ունեցանք 2010-ին ֆինանսական և տնտեսական ոլորտներում։ Այստեղ կարծիքները բաժանվում են երկու մասի։ Մի կողմը խոսում է ձեռքբերումների, օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք նպաստել են տնտեսական զարգացմանը, մյուս կողմը, հատկապես փոքր ու միջին բիզնեսը, տնտեսության անկման և դրա արդյունքում ստեղծված դժվարությունների մասին։ Ինչ խոսք, վերջիններիս կարելի է հասկանալ, քանի որ տնտեսական գլոբալ ճգնաժամը շատ խիստ հարվածեց հայաստանյան ՓՄՁ ոլորտին, և քանի որ ճգնաժամը, այնուհանդերձ, իր հետևանքները լրջորեն ամրագրել է աշխարհում ու Հայաստանում, ապա ՓՄՁ ոլորտը մեզանում դեռևս մնում է անպաշտպան։ Մինչդեռ այս ոլորտը մինչև 2009-ը բավականին կայացած էր Հայաստանում, և հենց սրա հաշվին էր, որ սկսել էր ձևավորվել սոցիալական միջին խավ ասվածը։ Հարկ է նկատել, որ ճգնաժամը հաղթահարելուն միտված ծրագրերը, որոնք առաջացրին հարկերի բարձրացում, նույնպես հարվածեցին ՓՄՁ ոլորտին։ Սրան զուգահեռ, ճգնաժամի ընթացքում` 2009-ին, լուրջ անկում արձանագրեց շինարարության ոլորտը։ 2010-ին այս ոլորտում որոշակի դրական տեղաշարժեր եղան։ Հիշեցնենք, որ կառավարությունը լուրջ վարկային միջոցներ ներարկեց այս ոլորտի մասնավոր հատվածում, սակայն, ծրագրի մեկնարկից սկսած «Իրատես de facto»-ն բազմիցս նշել էր, որ ծրագիրը հնարավոր է իրեն չարդարացնի, քանի որ շինարարը խնդիր ունի ոչ թե շինարարության ավարտի հետ կապված, այլ խնդիրը բնակարանների իրացումն է։ Ըստ շինարարների, այսօր արդեն կառուցված բնակարանների իրացման խնդիրը բավականին լուրջ է։ Նկատենք, որ նորակառույց բնակարանների գները խիստ բարձր են` 1 քմ տարածքի գինը հասնում է մինչև 3-5 հազար դոլարի։ Հետաքրքրական է, որ չնայած գնողականության անկմանը, այնուհանդերձ, գները չեն նվազում։ Այս անտրամաբանական քաղաքականությունն իրականում իր հիմքերն ունի։ Պարզվում է, որ այս ոլորտում մասնավոր հատվածը գերադասել է չօգտվել բանկերի տրամադրած վարկային միջոցներից և շինարարությունն իրականացրել է իր հաշվին` սեփական գրպանից ծախս կատարելով։ Եվ այժմ էլ մտահոգված չլինելով վարկի վերադարձման խնդրով, այդ կառույցները, որպես կապիտալ, գերադասում են պահել, քան վաճառել էժան գնով։ Մինչդեռ հիշեցնենք, որ մինչ ճգնաժամը ՀՆԱ-ի աճի մեջ գերակշիռ հատվածն ապահովում էր շինարարության ոլորտը։ Գուցե այս ամենը պայմանավորված էր նրանով, որ էկոնոմիկայի նախարարությունը (որը կոչված է տնտեսական քաղաքականություն մշակելու), մեղմ ասած, չտիրապետեց խնդրին։ Հուսով ենք, որ նշված նախարարության ղեկավարի փոփոխությունը կարող է իր դրական ազդեցությունն ունենալ։
Ֆինանսական ճգնաժամը շատ երկրների, այդ թվում` Հայաստանին, ստիպեց արտաքին աղբյուրներից ներգրավել ֆինանսական միջոցներ ճգնաժամի հետևանքները մեղմելու համար։ Մի կողմից` սա անխուսափելի գործընթաց էր թվում, մյուս կողմից` յուրօրինակ խայծ էր` արտաքին պարտքը մեծացնելու ճանապարհով կախվածության մեջ գցելու առումով։ Ըստ Ազգային վիճակագրության պետական ծառայության տվյալների, 2010-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ, ՀՀ-ի պետական պարտքը մոտենում է 3,7 մլրդ դոլարի, որի մեծ մասն արտաքին ֆինանսական կառույցներից ներգրավված վարկերն են։ Ըստ վերոնշյալ տվյալների, նույն ժամանակահատվածում արտաքին պարտքը գերազանցում է 3,2 մլրդ դոլարը։ Պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը շարունակել է խորանալ նաև 2010-ին։ Ըստ տարբեր վերլուծությունների, մինչ տարեվերջ այն հասել է 43-45 տոկոսի։ Այս կանխատեսման ճշմարտությունը պարզ կդառնա այս տարվա կեսերին։ Իհարկե, նշվածը լուրջ ծանրաբեռնվածություն է բյուջեի վրա, սակայն, չնայած դրան, պետք է ընդգծենք, որ պարտքի մի հատվածի մարումը բյուջեի հետ կիսում է նաև տնտեսական հատվածը, քանի որ ներգրավված վարկային միջոցներն առևտրային բանկերի միջոցով տրամադրվեցին տնտեսությանը։ Ինչ խոսք, վարկերը տնտեսության մեջ աշխատեցնելը շատ ճիշտ քաղաքականություն էր, սակայն այդ միջոցները, ըստ լրատվամիջոցների, դանդաղ են ներարկվել տնտեսության մեջ, քանի որ, գործարարների պնդմամբ, բանկերը բավականին բարձր տոկոսադրույքով են այդ միջոցները հատկացնում։
Այս ամենը, բնականաբար, չի կարող նպաստել տնտեսության զարգացմանը, ասել է թե` ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը։ Այս պահին, կարծում ենք, կարևորն այն է, որ կառավարությունն ամբողջ տարվա ընթացքում, չնայած գլոբալ ճգնաժամի հետևանքներին, փորձեց կիրառել այնպիսի քաղաքականություն, որը, մի կողմից, ամբողջությամբ չանտեսեց կառավարության հաստատած որոշ երկարաժամկետ ծրագրեր, որոնք բխում էին ՀՀ նախագահի նախընտրական ծրագրերից, մյուս կողմից, տարվա կտրվածքով փորձ արվեց ապահովել կարճաժամկետ ծրագրեր, որոնք նպաստեցին շատ հարցերի լուծմանը։ Այդպիսի կարևոր քայլերից է աղետի գոտում բնակշինարարության ծրագրի իրականացումը (անցած տարի, ընդհանուր առմամբ, շահագործման է հանձնվել Գյումրիում` 1056, Սպիտակում` 165, Լոռու մարզի գյուղերում` 303, և Ստեփանավանում` 42 բնակարան)։ Լուրջ ձեռքբերում է արձանագրվել առողջապահության ոլորտում։ Վերակառուցվել և արդի սարքավորումներով հագեցվել են մարզային հինգ բժշկական կենտրոններ։ Տնտեսության բնագավառում, ի վերջո, շահագործման է հանձնվել շաքարի գործարանը։ Սրան զուգահեռ տնտեսական աճը, որը 2008-ի համեմատ գուցե շատ փոքր էր, սակայն 2009-ի անկման համեմատ 2010-ին գրանցված 4-տոկոսանոց աճը զգալի էր, ինչը թույլ տվեց կառավարությանը սոցիալական ոլորտում բարձրացնել կենսաթոշակների և աշխատավարձերի չափը։ Նկատենք, որ որոշակի աճ է գրանցվել նաև դրամական փոխանցումների մասով։ ՈՒ թեև մենք նշեցինք շինարարությունում եղած խնդիրները, այնուհանդերձ, այս ոլորտում, 2009-ի համեմատ, նույնպես դրական տեղաշարժեր են եղել։ Ինչպիսին կլինի 2011-ը, չենք փորձի կանխորոշել, սակայն, կարծում ենք, շատ բան կախված կլինի միջազգային տնտեսական իրավիճակից։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2404

Մեկնաբանություններ