ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՄՈԴԱՆ ԱՆՑՈՂԻԿ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է, ՈՐՈՆՔ ԳԱԼԻՍ ԵՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԵՀՈՒԹՅԱՄԲ և ՀԵՌԱՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ՆՈՐ ՍԵԶՈՆԻ ՀԵՏ»

«ՄՈԴԱՆ ԱՆՑՈՂԻԿ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է, ՈՐՈՆՔ ԳԱԼԻՍ ԵՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԵՀՈՒԹՅԱՄԲ և ՀԵՌԱՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ՆՈՐ ՍԵԶՈՆԻ ՀԵՏ»
22.10.2010 | 00:00

Հաճախ է ասվում, որ մեզանում պակասում է գրքի գովազդը, առհասարակ, զարգացած չէ գրքի բիզնեսը: Այսօր տեղեկություն տարածելու ամենաակտուալ միջոցներից է համացանցը: Երիտասարդներն այստեղ շփման յուրօրինակ եզրեր են գտնում: Անմասն չեն մնում նաև գրքասերներն ու ժամանակակից գրողները: Բանաստեղծ ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆԸ մի շարք առցանց գրական նախագծերի («Գրանիշ», «Թուղթ ու գիր») նախաձեռնողն է: Հեղինակ է երկու գրքի` «Վերջից հետո, սկզբից առաջ», «Անտաշյան. Պոեզիա 78 տոկոս»: Զրույցը գրողի հետ մերօրյա գրականության խնդիրների շուրջ է:
-«Երբ վերջանում են բոլոր տեսակի նախընտրական արշավները, կուսակցական բախումները, հեղաշրջումները, բնական աղետները, համաճարակները, պատերազմները, ցեղասպանությունները և այն ամենը, ինչից հետո մարդը մենակ է մնում իր ողբերգության հետ, սկսվում է գրականության ժամանակը». հարցազրույցներից մեկի ժամանակ այսպես էիք արտահայտվել: Բայց նշվածները վերջ չունեն, արագորեն հաջորդում են իրար, ուրեմն ժամանակ չկա նաև գրականությա՞ն համար:
-Նշվածները վերջ չունեն պատմության համար, իսկ ապրող մարդը միշտ պատմությունից դուրս է: Պատմությունը մեռած մարդկանց մասին է, գրականությունը` ապրող:
-«Կյանքը սիրում է իրեն նայել կողքից»: Պոեզիան նո՞ւյնպես կյանքին կողքից նայելու, թե՞ կյանքն ավելի ապրելու ու զգալու ձև է:
-Առանց ավելորդ սեթևեթանքի իմ պոեզիան «թուղթ ու գիր» է նախ և առաջ ինձ վրա: Սարսափելի ճշգրտությամբ ինձ հետ կատարվում է այն ամենը, ինչ ես գրում եմ գրական-գեղարվեստական անշառ նկատառումներով: Բայց ես վստահ չեմ, այսպես կոչված, ճակատագրի ներքին կանխազգացո՞ւմն է գրվում, թե՞ դա տարածությունն ու ժամանակը կառավարելու գրի հատկությունն է: Հիմա մի «էքսպերիմենտ եմ դրել». գրել եմ «ձեր սիրած բանաստեղծը կմեռնի առաջիկա աշնանը» տող, եթե մինչ նոյեմբերի վերջ չմեռա, ուրեմն ես ոչ ոքի սիրած բանաստեղծը չեմ, բախտս բերեց:
-Ձեր պոեզիայով փորձում եք մոտենա՞լ իրականությանը, թե՞ հեռանալ իրականությունից:
-Ինչպես արդեն հասկացաք` «կանխակալ նենգությամբ» փորձում եմ ստեղծել այն:
-Արտեմ Հարությունյանն իր գրքի շնորհանդեսի օրը, որպես շատ լավ բանաստեղծ, առանձնացրեց Ձեզ: Համամի՞տ եք նրան:
-Արտեմ Հարությունյանի նոր գրքին լավ ծանոթ եմ, բայց, ցավոք, շնորհանդեսին ներկա չեմ եղել ու Ձեզնից եմ լսում այդ մասին: Հայ գրականության ավագ սերնդից Արտեմ Հարությունյանն այն քչերից է, որ ոչ միայն չի մերժում, այլև ակտիվորեն շփվում է նոր սերնդի հետ, փոխանցում իր գիտելիքն ու փորձը: Իսկ գովեստների գայթակղությանը փորձում եմ դիմակայել` անժամանակ «դասական» չդառնալու համար:
-Կարծում եք` չկա՞ն այսօր բանաստեղծներ, որ գրում են հանգերով, գրում են քնարական, բայց գրում են լավ։
-Կան, իհարկե, կան, ես ինքս երբեք չեմ մերժել հանգավոր բանաստեղծությունը: Օրինակ, կարելի է աճեցնել քառակուսի ձմերուկ` պտուղը նախապես համապատասխան կաղապարի մեջ խցկելով, սակայն դրանից հո ձմերուկը սեխ չի՞ դառնում, էլի նույն ձմերուկն է, ուղղակի խնդալու քառակուսի տեսք ունի:
-Ինչո՞ւ է Սևակին չսիրելը դարձել մոդայիկ:
-Ճիշտ նույն պատճառով, ինչպես և սիրելը: Մոդան անցողիկ բաների մասին է, որոնք գալիս են պատմական վեհությամբ և հեռանում առաջիկա նոր սեզոնի հետ:
-Դուք ո՞ւմ եք սիրում:
-Բոլոր զարդերից միշտ նախընտրել եմ ձուլակտորները: Ես սիրում եմ հայոց լեզուն և դողում եմ լեզվի վրա, ինչպես տղայիս վրա կդողայի:
-Չարենցի անտիպ գործերը մասսայականացնելու վիճահարույց խնդրին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Ես դեմ եմ սեռահասուն մարդկանցից թաքուն պահվող բաներին:
-Չարենցն ի՞նչ կասեր, եթե կարդար Ձեր գործերը: Երբևէ մտածե՞լ եք։
-Համալսարանում մի անգամ հոգի կանչեցինք. Չարենցը եկավ, ես էլ տրամադրված էի, որ հոգուց իմանալու եմ` բանակ գնալո՞ւ եմ, թե չէ, որտե՞ղ եմ աշխատելու, ե՞րբ եմ ամուսնանալու և արդյո՞ք էսինչի հետ, ի՞նչ ավտո եմ քշելու… Բայց որ Չարենցն էր, ամաչեցի հարցնել այդպիսի «ստից բաներ»: Երևի, որ հիմա գա, ասի. «Տղա ջան, մի բան կարդա», կքաշվեմ էլի, չեմ կարդա, կասեմ` ես տնտեսագետ տղա եմ, Մեծություն, քո «Նավզիկեն» էլ աշխարհի ամենասիրած բանաստեղծությունն է իմ:
-Ասում են` ստահակների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է: Գրողներն ի՞նչ են անում այդ տարածքում։
-Գրողի հայրենիքն իր լեզուն է, և բնավ պարտադիր չէ «Օ՜ իմ հայրենիք, ինչ լավ, սիրուն ես» բաներ գրել` հայրենասեր լինելու համար: Ես հայրենիք բառն իր ներկայիս չարչրկված լոզունգայնությամբ տանել չեմ կարողանում. «Հոգևոր ինքնության տիրույթն» ավելի ընդգրկուն է:
-Ավելի շատ իրակա՞ն կյանքում եք լինում, թե՞ վիրտուալ: Գրում եք` «Մենք այստեղ սովորում ենք ապրել առաջին ու վերջին անգամ»: Չե՞ք ցավում այն ժամանակի համար, որ անցկացնում եք համացանցում:
-Ես իրական շփման պակաս չունեմ, ի տարբերություն շատերի, ովքեր համացանցում ծերանում են հայկական լեռնաշխարհում սեքսի և ծովի քրոնիկ բացակայությունից: Ես համացանցն ընդունել եմ իմ կյանք որպես սոցիալական համակեցության նոր կերպ: Առաջիկայում ավելի կկրճատեմ «օնլայն» ժամանակս, երբ ընտանիք ունենամ:
-«Ամբողջ աշխարհը բնակեցված է ուրիշ մարդկանցով»: Այդ «ուրիշները» սոցիալական կայքերում դառնում են քո ընկերները: Վիրտուալ ընկերները: Իրականում գուցե մենա՞կ ես։
-Պորտդ կտրեցին, ցմահ մենակ ես, իսկ երբ համացանցդ են կտրում, դրան գումարած նաև ներվային ես:
-Հայ-թուրքական հարաբերությունները սրվել են, հարցեր են վեր հանվում, որ նախկինում աննկատ էին: Մեկ` պատարագի թույլտվություն, մեկ` նամազ Անիում, ծպտյալ հայերի խնդիրը և այլն, և այլն։ Ո՞րն է գրողի, Ձեր դեպքում նաև` բլոգերի դերը: Կարծես թե լռություն է: Թե՞ երիտասարդների ակտիվությունը դրսևորվում է այնքանով, թե ով ում ինչքան comment կթողնի:
-Որքան էլ մեզ հիմա ցավեցնեն թուրքերի սրբապիղծ կապիկությունները, նրանց հետ որևէ հարաբերություն ունենալն այս փուլում ես նախընտրում եմ հարաբերությունների իսպառ բացակայությունից: Նույնիսկ հակամարտությունը շփման դաշտ է ձևավորում, ամենաքիչն ակտիվացնում է նույն «թաքուն հայերի» ազգային ինքնագիտակցության ներվն ու ավելացնում շարքային թուրքերի տեղեկացվածությունն արմենոիդների մասին:
-Դուք համացանցի միջոցով գովազդում եք ժամանակակից հայ գրականություն, մերօրյա գրողներին: Աննա Մարտիրոսյանը թարգմանելու է Ձեր բանաստեղծությունները հոլանդերեն. դա նո՞ւյնպես գովազդի արդյունք է:
-Ես չեմ գովազդում, ես տեղեկացնում եմ, փորձում եմ անցկացնել հաղորդակցման մալուխներ գրողների ու պոտենցիալ ընթերցողների միջև: Այդ առումով համացանցը հրաշալի միջավայր է: Աննա Մարտիրոսյանն իմ մասին համացանցից չի իմացել, որքան էլ դա զարմանալի է: Նրան իմ մասին պատմել են:
-Երևանը` գրքի մայրաքաղաք. կարծում եք` պատրա՞ստ ենք դրան:
-Պատրաստվելու հրաշալի հնարավորություն է: Էվոլյուցիան կտրուկ քայլերով է ընթանում. միգուցե սա մեր երազած ալի՞քն է հենց:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1197

Մեկնաբանություններ