ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՄԻԱՅՆ «ՖԼԵՇ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐ 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԿՆՔՎԱԾ ԱՆՎԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ՄՆԱՑԵԼ»

«ՄԻԱՅՆ «ՖԼԵՇ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐ 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԿՆՔՎԱԾ ԱՆՎԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ՄՆԱՑԵԼ»
22.10.2010 | 00:00

Վերջին օրերին Հայաստանի վառելիքի շուկայում բենզինի գինն էապես իջավ, ինչը տեղիք տվեց տարաբնույթ մեկնաբանությունների։ Նկատենք, որ գնի ամենալուրջ իջեցումն իրականացրեց շուկայում առաջատար դիրք ունեցող «Ֆլեշ» ընկերությունը. բենզինի գինն այս ընկերության լցակայաններում նվազեց 20 դրամով։ Հետաքրքրական է, որ երբ բարձրանում է վառելիքի գինը, միանշանակ այն հասարակության շրջանում դրական չի ընկալվում, ինչը բնական է, քանի որ վառելիքի գնի բարձրացումը զուգահեռաբար ազդում է ընդհանուր սպառման ապրանքների գների վրա։ Իսկ ինչպես է ընկալվում բենզինի գնի իջեցումը։ Խնդրի շուրջ զրուցում ենք «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն ՄՈՒՇԵՂ ԷԼՉՅԱՆԻ հետ։
-Շուկայի մեր ուսումնասիրությունները փաստում են, որ մեր ընկերությանը ձեռնտու է 20 դրամով էժան վաճառել բենզինը։ Այնպես որ, որևէ խնդիր չեմ տեսնում, թեև հարցադրումներ են հնչում, ըստ որոնց, այդպիսով փորձում ենք շուկայում «դեյպինգ» անել։ Հավաստիացնում եմ` նման բան բացառվում է։ Պետք է ընդգծեմ, որ նվազեցրել ենք նաև բենզինի մեծածախ գինը, ինչը նպաստավոր ազդեցություն է ունենում շուկայում փոքր բենզալցակայանների բիզնեսի զարգացման վրա։ Սա նշանակում է, որ «դեյպինգի» խնդիր չկա, հակառակ դեպքում նման քայլի չէինք գնա։ Եվ, ի վերջո, 20 դրամը շատ մեծ թիվ չէ, եթե այն վերածենք տոկոսային հարաբերության, ապա կազմում է 6 տոկոս, ինչը նշանակում է, որ այս պահին ցանկացած ընկերություն կարող է իրեն թույլ տալ 6 տոկոսով գնի նվազեցում կատարել։ Նշեմ, որ եթե մենք այսօրվա դրությամբ բենզինի գինն իջեցրել ենք 20 դրամով, ապա մյուս ընկերություններն այն նվազեցրել են 10 դրամով։ Գնագոյացման հարցը պետք է դիտարկել շուկայական հարաբերությունների ենթատեքստում և որ ընկերությանն ինչ գին հարմար է, այդ գնով էլ վաճառք է իրականացնում։ Կարող եմ նշել, որ գնի այդ իջեցման արդյունքում մեր ընկերությունը վնասով չի աշխատում։ Եվ, ի վերջո, տեղական շուկայում գնի նվազեցումը պայմանավորված է միջազգային շուկայում բենզինի գնի նվազմամբ` հոկտեմբերի 20-ի դրությամբ այն էժանացել էր 35 դոլարով։
-Հաճախ միջազգային շուկայում գնի իջեցման ժամանակ տեղական շուկան, կարծես, համարժեք ձևով չի արձագանքում։
-Նման բան չի կարող լինել։ Եթե հետևենք, ապա կտեսնենք, որ այս տարվա մարտ ամսվա համեմատ օգոստոսին գներն իջել են մոտ 40 դրամով։ Բացի այդ, վառելիքի գնագոյացումը ձևավորվում է պահուստային պաշարների, դրամի արժևորման և այլ գործոններից ելնելով։ Այժմ դրամն արժևորվում է, ինչը նույնպես նպաստում է բենզինի գնի իջեցմանը։ Եթե միջազգային շուկայում բենզինի գինը շարունակի նվազել, ապա մենք ևս տեղական շուկայում կշարունակենք իջեցնել այն։
-Իսկ եթե բենզինի գինը միջազգային շուկայում բարձրանա, այդ դեպքում, այսօրվա գործող գների համեմատ, ինչքանո՞վ կբարձրացնեք այն։
-Այսօրվա գործող գնից ավելի ցածր չենք նվազեցնի։ Կսպասենք, կհետևենք` ինչպես է միջազգային շուկայում զարգանում գործընթացը։ Ի վերջո, յուրաքանչյուր ընկերություն ինքն է որոշում ինչ գնային քաղաքականություն որդեգրել։
-Վառելիքի տեղական շուկայում ձեր ընկերությունն առաջատար դիրք ունի, և այդ տեսանկյունից, կցանկանայի, որպես խոշոր ներկրող, մեկնաբանեիք այս պահին վառելիքի միջազգային շուկայում ընթացող գործընթացները։ Ձեր կանխատեսումներով` մինչև տարեվերջ վառելիքի գինը կբարձրանա՞, թե՞ կնվազի։
-Մինչ տարեվերջ կանխատեսելն անհնար է, եթե կարողանայի այդպիսի կանխատեսում անել, ուրեմն աշխարհի միլիարդատերերից մեկը կլինեի։ Ընդհանրապես, վառելիքի շուկայում գների ձևավորումը, ինչպես վերը նշեցի, կախված է մի քանի գործոններից։ Համենայն դեպս, եթե վերլուծում ենք ներկա իրավիճակը, ապա տեսնում ենք, որ առաջիկա մի քանի օրերին հնարավոր է գների նվազեցում։
-Ինչո՞վ եք դա պայմանավորում։
-Չի բացառվում, որ այս պահին գործ ունենք թանկարժեք մետաղների գնի աճի ազդեցության հետ։ Այսինքն, ներդրողների մի մասն իր ներդրումները սև ոսկու շուկայից ուղղում է դեղին ոսկու շուկա։ Դրա հետ մեկտեղ, միջազգային շուկայում գների վրա զգալի ազդեցություն են ունենում խոշորագույն բանկերի «խաղերը»։ Մասնավորապես, Չինական բանկի և Եվրոպական բանկի կոնսենսուսն ամերիկյան բանկերի հետ, որոնց կապիտալները հսկայական գումարներ են կազմում, այս բանկերի թելադրած խաղի կանոնները նավթամթերքի շուկայում գների վրա զգալի ազդեցություն են ունենում։ Եթե ուսումնասիրենք շուկան, կնկատենք, որ այս խոշոր ֆինանսական կառույցներն իրենց ներդրումները տեղափոխել են թանկարժեք մետաղների շուկա։ Այս պահին այս շուկայում եկամտաբերությունն ավելի մեծ է։ Բացի նշվածից, վառելիքի շուկայի վրա ազդեցություն են ունենում նաև սոցիալ-քաղաքական գործընթացները։ Օրինակ, Ֆրանսիայում ընթացող գործադուլը, մասնավորապես, տրանսպորտի ոլորտում, նույնպես նպաստել է բենզինի գնի նվազեցմանը։
-Տեղական շուկայում բենզինի գինը 10 դրամով նվազեց, դա պայմանավորված էր նրանով, որ առաջատար «Ֆլեշ» ընկերությունը 20 դրամով նվազեցրե՞լ էր գինը։
-Կարող եմ ասել, որ երեկ օրվա երկրորդ կեսին «ՍԻՓԷՍ»-ը տասը դրամով իջեցրեց իր բենզինի գինը, իսկ «Միկաթրեյդինգ» ընկերությունն օրվա սկզբին էր այն իջեցրել։
-Ըստ Ձեզ, եթե համեմատենք վերջին հինգ տարիները, ապա վառելիքի տեղական շուկայում ի՞նչ տեղաբաշխում կատարվեց։
-Վերջին հինգ տարում շուկայից դուրս մնաց երկու ներմուծող փոքր ընկերություն։ Ինչ խոսք, որոշակի փոփոխություններ կատարվեցին, ներմուծման շուկայից դուրս մնացին «Ռանօյլ», «Ագրոպետրոլսերվիս» ընկերությունները։ Շուկայում շեշտակիորեն նվազել են«Միկաթրեյդինգ» ընկերության ներմուծման ծավալները։ Նվազել են նաև «Մաքսուրի» ընկերության ներմուծման ծավալները։
-«Մաքսուրին» նո՞ր ընկերություն է։
-Ոչ, դա, կարծեմ, նույն «Մաքսգրուպն» է։ Ընդհանրապես, մոդայիկ է դարձել անվանափոխությունը, օրինակ, «Քաղպետրոլ սերվիսն» անվանափոխվեց «ՍԻՓԻպետրոլգրուպի»։ Այնպես որ, ընկերությունները հաճախակի փոփոխում են իրենց անվանումները, և միայն «Ֆլեշ» ընկերությունն է, որ 15 տարի առաջ կնքված անվանը հավատարիմ է մնացել։
-Ինչո՞վ եք պայմանավորում այդ փաստը։
-Ընդհանրապես բիզնեսի մեջ ճիշտ է պահպանել սեփական անունը, իսկ եթե հաճախակի այն փոփոխվում է, դա նպաստավոր ազդեցություն չի ունենում տվյալ ընկերության վարկանիշի վրա և տարաբնույթ կասկածների տեղիք է տալիս։
-ՈՒզում եք ասել` շուկայում անբարեխիղճ մրցակցությո՞ւն կա։
-Չեմ ժխտի։ Օրինակ, մեր մրցակիցները տեղեկություն են տարածում, թե «Ֆլեշ» ընկերության վառելիքն անորակ է։
-Գուցե դա պայմանավորված է նրանով, որ շուկայում ձեր ընկերությունը խոշոր դիրք է զբաղեցնում, և ուզում են ձեզ հարվածե՞լ։
-Կարող եմ ասել միայն, որ «Ֆլեշ» ընկերության ներկրած վառելիքը հայաստանյան շուկայում ամենաորակյալն է. այդ մասին փաստում ենք ոչ միայն մենք, այլև մեր բենզինից օգտվող վարորդները։ Համոզվելու համար կարող եք ինքներդ ուսումնասիրություն իրականացնել։ Չմոռանաք, որ մեր կարգախոսն է` «Բարի համբավն ամենաթանկ կապիտալն է»։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1689

Մեկնաբանություններ