Սերգեյ ՖՈՒԴԵԼ
Հարցը` կարելի՞ է հաղթահարել (և ինչպե՞ս) սեփական ներքին բթացումը, ինձ համար, իհարկե, այսօր ծանր հարց է։ Պատասխանել կարող է միայն նա, ով ինքն այդ բթացումը հաղթահարել է։ Ես կարող եմ միայն ինչ-որ բան նախազգալ կամ կռահել։ Թե՛ սրտի, թե՛ մտքի համար ակներև են որոշ փաստեր։ Նախ` ակնհայտ է, որ մարդու ներսում կարծես գործում են երկու հակամարտող օրենքներ, մեկը պայմանականորեն կոչվում է ոգու օրենք, իսկ մյուսը` մարմնի։ Ինչպես էլ դրանք կոչենք, միևնույն է` պայքարի հենց փաստն արդեն ակներև է։ Այդ պայքարը դաժան է և ահավոր ու, ի վերջո, ամեն ինչ ուղղված է մարդուն տիրապետելու նպատակին։ Ոմանք այդ պայքարը կարող են բոլորովին չգիտակցել, որովհետև ամբողջովին ենթարկվել են մարմնին և նրանով են խորհում, նրանով զգում։ Նրանք, ովքեր չեն ցանկանում մարմնին ենթարկվել, մեծ տանջանքների և երկարատև աշխատանքի ուղին են բռնում, որը երբեմն թվում է կատարելապես անհույս, բայց ժամանակ առ ժամանակ հանկարծակի մարդու մեջ մտքի, սրտի, բոլոր բաղադրությունների մեջ բացում է այնպիսի երկնագույն երկինքներ և ոսկե արևներ, որ մարդկային հոգին նվաղում է հաղթանակի երանության նախազգացումից և պատրաստ է ջանք թափելու ևս 1000 տարի։
Բայց ոչ միայն այդ մտապատկերի մեջ է աշխատանքի պտուղը։ Այն նաև այն բանի մեջ է, որ մարդն ինչքան շատ է ջանք թափում, այնքան ավելի շատ է ձեռք բերում խաղաղություն և կայունություն։ Իսկ ո՞րն է աշխատանքը։ Ինձ թվում է` այն, երբ մշտապես ջանք են թափում։ Սա պարադոքս չէ ստույգ պատասխանից խուսափելու համար։ Կանխազգացվող երանությունը, գուշակված երջանկությունն ու անդորրն այնքան անպատմելի մեծ են, որ կարող են միայն մի պահ կայծակի պես լույսով ողողել հոգին, բայց նորից այն մնում է մթության մեջ։ Եվ ահա այդ ժամանակ սկսվում է աշխատանքը, որ չմոռանաս, չդադարես հավատալուց, պահպանես քո մեջ այդ պայծառանալու պահերի հիշողությունը, նորից ու նորից փնտրես դրանք, ծեծես փակված դուռը, խնդրես, համառորեն ձգտես, աղաչես, ոչ մի տեղ չհեռանաս և կանգնես, աղքատի պես, այն դռան առաջ, որը տանում է դեպի գանձերը։ Նա, ով իրեն հարուստ է համարում, այդպես չի վարվի, միայն աղքատները կարող են կանգնել դռների տակ։ Միայն աղքատները կարող են զգալ այդ հոգևոր սովը, իսկ հարուստները` երբեք. նրանք միշտ գոհ են իրենցից, իրենց գրքերից, իրենց նվաճումներից, նույնիսկ սեփական ծխախոտի ծխից։
Անընդհատ ձգտել կրկին հասնելու մի պահ երևան եկած և կրկին ինչ-որ տեղ անհետացած երջանկությանը, միշտ հիշել այն, միշտ հավատալ նրան, որպես մեծագույն իրողության. ահա թե որն է աշխատանքը։ Դա բարձրագույն աշխատանք է։ Դրա մեջ էլ հենց ամբողջ հավատն է` ներսում պահպանել անտեսանելին ինչպես մեծագույն տեսանելի իրողություն։ Այդ աշխատանքի ծանրությունն այն է, որ ամեն օր պետք է փնտրել Աստծուն, մշտապես չբավարարված, աստվածային գինին խմելու տենչանքով, անընդհատ Աստծո դռները ծեծելով... Սակայն հենց դրանով մարդը ցույց է տալիս, որ իրոք սիրեց այն, ինչը ստացել էր մի պահ և հիմա ցանկանում է ստանալ հավիտյան։
«Երկնքի արքայությունը նման է այն վաճառականին, որը գեղեցիկ մարգարիտներ էր որոնում և գտնելով թանկարժեք մի մարգարիտ` վաճառում է ողջ ունեցվածքը և գնում այդ մարգարիտը»։
Դժվարությունները մեծ են, սակայն հատուցումն անչափ է։ Մեծ համբերություն է անհրաժեշտ, բայց նաև անճառելի մխիթարություն։ Դրա համար էլ ասված է, թե «նեղ է ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և քչերն են գտնում այն»։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ