Համաշխարհային քաղաքականության մեջ միշտ էլ կարևոր դեր են խաղացել խորհրդականները, որոնց զբաղեցրած տեղից ու դերից կարելի էր դատել իշխանության էության ու առանձնահատկության, քաղաքական համակարգի մասին։ Կան ազգեր, այդ թվում նաև` շատ խոշոր ազգեր ու պետություններ, որոնք այնքան էլ կարիք չունեն քաղաքական խորհրդականների։ Դա բացատրվում է ոչ միայն քաղաքական կուլտուրայի և քաղտեխնոլոգիական փորձի, այլև ռազմավարական և այլ բնույթի բավականաչափ բարդ խնդիրների բացակայությամբ։ 20-րդ դարում «խորհրդականների սահմանակարգն» աստիճանաբար ձևափոխվեց քաղաքական վերլուծության կառույցների, հետազոտական տարբեր հիմնարկությունների, այսպես կոչված, «ուղեղային կենտրոնների»։ Ինչպես հայտնի է, այդպիսի հիմնարկությունները, որոնք գլխավորապես տարածված են Արևմտյան ընկերակցության երկրներում, ինչ-որ կորպորացիաներ են, որոնց բնորոշ են քաղաքական-գաղափարախոսական ուղղվածությունը, և որոնք հսկայական ազդեցություն են գործում քաղաքական գործընթացների, որոշումների ընդունման, կառավարության կադրային բազայի ձևավորման, նախ և առաջ` արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում։ Միաժամանակ, քաղաքական վերլուծության ոլորտը ինքնըստինքյան բավականին կատաղի պայքարի ասպարեզ է, ուր հետազոտական հաստատություններն ու կենտրոնները քաղաքական բանավեճի սուբյեկտներ են դարձել։ Ներկայումս աշխարհում կա միայն մեկ պետություն, որտեղ քաղաքական վերլուծությունը «մտավոր արդյունաբերություն» է, որտեղ գաղափարները, նախագծերն ու նախաձեռնությունները հոսքագծի վրա են դրված։ Դա, իհարկե, ԱՄՆ-ն է։ Մեծ Բրիտանիայում ևս գոյություն ունի վաղուց ի վեր ստեղծված վերլուծական դպրոց, բայց այդ երկրում նկատվում է «ժանրի ճգնաժամ», և առհասարակ կասկածի տակ է առնված վերլուծական ընկերակցության գոյությունը։ Ժամանակակից Մեծ Բրիտանիայում քաղաքական վերլուծությունը, ավելի շուտ, մի զտուն «արհեստանոց» է։ Ֆրանսիայում վերլուծական ուժերը շատ էական են, բայց շատ են ենթակա կառավարությանը, ինչը սահմանափակում է նրանց հնարավորությունները։ Գերմանիայում քաղաքական վերլուծության ձևավորման համար մի 15-20 տարի էլ պետք կլինի, և վստահություն չկա, որ այդ բարդույթավորված հանրության շրջանում մի բան կստացվի։ Ռուսաստանում դեռևս շարունակում են գոյություն ունենալ ակադեմիական բնույթի հաստատությունների «ուրվականները», որոնք հանգչում են երբեմնի ուռճացած հետազոտական նվաճումների ավերակների վրա։ Մոսկվայում վերլուծական կենտրոններ ստեղծելու բոլոր տեսակի փորձերը ձախողվում էին, իսկ նախաձեռնողները ծիծաղի առարկա էին դառնում։ Բացի երկու-երեք տաղանդավոր վերլուծաբաններից, մնացածը բյուջետային և այլ միջոցների հետևից ընկած բախտախնդիրներ են, պատրաստ ցանկացած ծառայության և` ում ասես։ Գերմանիան հիշեցնող ինչ-որ բան էլ կատարվում է Ճապոնիայի վերլուծական ոլորտում, և միայն Չինաստանն է, որ շատ հետաքրքիր վերլուծական ռեսուրսների ստեղծման լուրջ հայտ է ներկայացրել։ Արևմուտքի խոշոր երկրներում վերլուծական հնարավորությունների կողքին շատ հետաքրքիր վերլուծական խմբեր են առաջանում մի շարք իսլամական երկրներում, օրինակ` Թուրքիայում, Իրանում, Եգիպտոսում, և արաբական ու այլ իսլամական պետությունների որոշ վերլուծաբաններ ու քաղաքագետներ հետաքրքիր դիրքերի են հասել Արևմուտքի պետությունների առաջատար ինստիտուտներում ու կենտրոններում։ Այդպիսիք քիչ չեն նաև Չինաստանից, չինական սփյուռքից, Ճապոնիայից ու Հնդկաստանից սերվածների շրջանում։
Պետք է ասել, որ Եվրոպայի առաջատար պետություններում, առաջին հերթին Մեծ Բրիտանիայում ու Ֆրանսիայում, վերլուծական ոլորտը ճգնաժամ է ապրում, քանի որ, եթե նախկինում քաղաքական ղեկավարներն ու այլ գործիչներ իրենց համարում էին «միանգամայն ուսյալ մարդիկ» և ոչ մի վտանգ չէին տեսնում խոշոր վերլուծաբանների կողմից` որպես տարբեր գաղափարներ նախաձեռնողների, ապա այժմ քաղաքական գործիչներն այնքան են «կրթված», որ նրանց համար խիստ անցանկալի է քաղաքական մշակումներին վերլուծաբանների մասնակցությունը։ Վերլուծաբաններն ու քաղաքական մեկնաբանները համապարփակ տեղեկատվական ցանցի դարում դարձել են ճանաչված քաղաքական գործիչների լուրջ մրցակիցներ։ Հատկանշական է, որ Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի երկրներում խոսք լինել չի կարող քաղաքական որոշումների մշակման և առհասարակ քաղաքական նախագծման գործում վերլուծաբանների որևէ լուրջ մասնակցության մասին։ Սակայն եթե որոշ տարածաշրջաններում այդ վիճակը տարերայնորեն կարգավորվել է և միգուցե միայն մասամբ է ներդրվել քաղաքական շրջանակների կողմից, ապա Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում քաղաքական շրջանակները շատ արագ հասկացան, որ վերլուծաբանությունը կարող է մեծ վտանգ ներկայացնել իրենց, իրենց իշխանության ու բարեկեցության համար։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի, մասամբ էլ Շվեդիայի և Արևմուտքի այլ երկրների տարբեր հիմնադրամներ և ինստիտուտներ բավականին նպաստավոր պայմաններ են ստեղծել քաղաքական վերլուծաբանության զարգացման համար, բայց, ըստ էության, այնքան սահմանափակ ձևաչափով, որ այդ տարածաշրջանի երկրներում ավելի պատկառելի հիմքի վրա վերլուծական ոլորտի ծավալման ոչ մի հույս չկա։
Հարավային Կովկասի երկրների կառավարություններն ու քաղաքական շրջանակները շահագրգռված են բացառապես տեղեկատվական քարոզչության ոլորտի զարգացմամբ, շեշտը դնելով ներքին և արտաքին ասպարեզների վրա, ինչը կապված է իշխանության ամրապնդման, թշնամական քարոզչության հաղթահարման հետ։ Շատ միջոցներ են ծախսվում Վրաստանում և Ադրբեջանում` զանգվածային և բազմակողմ քարոզչություն ծավալելու վրա, ինչն ուղղակի որոշակի «հոգետեղեկատվական» կլինիկայի է վերածվել, որը դեռևս շարունակում է սպասել ճանաչման ու որակավորման։ Հայաստանում շատ ավելի քիչ են ուշադրություն նվիրում այդ կարգի գործունեությանը, ինչը, գուցե, Հայաստանի իշխանություններին բնութագրում է որպես արդի աշխարհում քարոզչության նշանակությունը հասկացող ավելի կարող պաշտոնյաների։ Ավելորդ կլիներ գնահատականներ տալ ժամանակակից տեղեկատվական ցանցին, պետք է սոսկ նշել, որ տեղեկությունների հոսքերն իրենք իրենց խժռում ու մարում են, դառնում այն նախաձեռնող ուժը, որը կուտակում է հակառակորդի կողմից բարձրացող հանդիպական և այլընտրանքային հոսքերը։ Ցանկացած քարոզչություն դառնում է հակաքարոզչություն, ցանկացած փաստարկ վերածվում է հակափաստարկի, և քաղաքականության տարբեր սուբյեկտների իսկական շահերն են միայն շարունակում աշխատել համարժեքորեն։ Եթե նկատի ունենանք Ադրբեջանի քարոզչությունը, ապա կարիք չկար մանրամասնորեն վերլուծել արդի խեղված տեղեկատվական կուլտուրայի այդ երևույթը` պնդելու համար, թե որքան սին ու զուր են Ադրբեջանի ջանքերը։ Քարոզչությունն Ադրբեջանի համար ինքնաբավարարման նման մի բան է, և ոչ ավելին։ Վրաստանում պաշտոնական և ոչ պաշտոնական քարոզչությունը կրում է ավելի համեստ բնույթ, բայց շատ դեպքում այն հիշեցնում է ադրբեջանական քարոզչության ձևերն ու նպատակները։ Բայց ինչո՞ւ է Հայաստանն այդքան պասիվ արտաքին քարոզչության գործում։ Հայերը, ավելի շուտ, իրենց վստահ են զգում, հնարավոր է ավելորդ ինքնավստահություն է դա, բայց հիմնական պատճառն այն է, որ դեռևս չի ձևավորվել տեղեկատվության և քարոզչության ոլորտում «փող լվանալու» պրակտիկան։ Միաժամանակ, ինչ-որ ընդհանրացնող, ընդհանուր հայտարարի նման մի բան կա Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև հարավկովկասյան մնացած պետությունների արտաքին քաղաքականության մեջ։ Այդ պետություններն անընդունակ եղան վարելու քիչ թե շատ արդյունավետ, հասկանալի արտաքին քաղաքականություն։ Տարօրինակ կլիներ, եթե այդ երկրների արտքաղաքական գերատեսչություններն ի վիճակի լինեին արտաքին քաղաքականություն վարելու։ Տարածաշրջանի պետությունները, որքան էլ տարօրինակ լինի, ձգտել են վարել «իրական քաղաքականություն», այսինքն, հիմնվելով այն ռեսուրսների վրա, որ իրենք ունեն, հուսալով, որ ռեսուրսային այդ հիմքը իրենց հնարավորություն կտա դառնալու ուժի համաշխարհային կենտրոնների գործընկերներ։ Վրաստանը հենվել է իր տարանցման, սպասարկման գործառույթի վրա, համոզված, թե այդ ռեսուրսը բավական է, որ իրեն աջակցություն ցուցաբերեն իր խնդիրների լուծման գործում։ Ադրբեջանի հույսն իր նավթի պաշարներն են, հնարավոր է նաև` Թուրքիայի հետ ռասայական ու լեզվական ընդհանրությունը։ Հայաստանը դրսի աջակցության ոչ մի հիմք չունի ու շեշտը դնում է տարածաշրջանում և աշխարհում ուժերի հավասարակշռության վրա։ Իրողությունն այն է, որ այս բոլոր նպատակադրույթները սնանկ են և ոչ մի հիմք չունեն։ Թե՛ տարանցման գործառույթները, թե՛ նավթը, թե՛ ուժերի հավասարակշռությունը շատ կարևոր բաղադրիչներ են, սակայն բավարար չեն այդ երկրների խնդիրները լուծելու համար։ Հարավային Կովկասի առաջնորդներն ու քաղաքական գործիչները որոշակիորեն հայտնվել են սեփական և արտաքին քարոզչության գերության մեջ, ինչպես նաև խոշոր տերությունների (որոնց համարում էին ավելի քան հուսալի գործընկերներ) քաղաքական գործիչների «հմայքի» կապանքներում։ Ձևավորվել են շփման և որոշումների ընդունման բավական «հերմետիկ» համակարգեր, և որքան էլ տարօրինակ լինի, սաստկանում է մերժողականությունը վերլուծական գործընթացի հանդեպ, որը, այսպես թե այնպես, տեղի է ունենում ինչ-որ ինքնավար, չեզոք ռեժիմով։ Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ հարավկովկասյան պետությունների իշխանությունները բավականին համակարգային ձևով օգտվել են համապատասխան սփյուռքի քրեական ազգային խմբերի տեղեկատվական ծառայություններից։ Այսինքն, ներկա վերնախավերի համար քրեական խմբերն ավելի բանիմաց են թվում քաղաքական տեղեկատվության իմաստով, քան վերլուծաբանները։
Այդուամենայնիվ, հայ իրականությունը նախաձեռնություն հանդես բերեց, և սփյուռքում ի հայտ եկան այլ, բավական դրածոյակազմ խմբեր, որոնք, տարբեր պարբերականությամբ, զբաղվում էին քաղաքական տեղեկությունների հավաքմամբ ու վերլուծությամբ, նպատակ ունենալով ազդեցություն գործել Հայաստանի ներսում և արտաքին ասպարեզում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրա։ Դեռ տասը տարի առաջ դրանով փորձեցին զբաղվել մարդիկ, ովքեր քիչ ընդհանուր բան ունեին քաղաքականության հետ և պատշաճ հումանիտար կրթություն էլ չունեին։ Նրանք գիտեին իրենց հնարավորությունները և չափից ավելի չէին բարձրացնում նշաձողը։ Այնուհետև ասպարեզ եկան նոր սերնդի մարդիկ, ովքեր աջակցություն են գտնում հայկական սփյուռքի ավանդական կառույցներից հիասթափված ունևոր մարդկանց կողմից։ Որոշակի իմաստով, այդ մարդիկ անգամ չեն էլ պատկանում հայկական սփյուռքին` սոցիալական իմաստով, ոմանք խառն ամուսնությունների զավակներ են։ Ներկայումս նրանք հասցրել են կազմակերպել բավական արժեքավոր քաղաքական, երբեմն էլ տեխնիկատեխնոլոգիական ու պաշտոնական տեղեկությունների տիրապետող ոչ պաշտոնական կառույցներ, և այդ տեղեկությունները նրանց համար իրենց ֆինանսական կարողությունը պահպանելու հաղթաթուղթ են։ Մշակվել են այդ տեղեկությունները մի շարք երկրների պետական կառույցներին փոխանցելու մոտեցումներ ու ձևեր։ Ի տարբերություն իդեալիստների, որոնք «սոցիալականացան» Խորհրդային Հայաստանում, նրանք կրթություն ստացան և աշխատանքի հիմունքները յուրացրին Արևմուտքի կրթական հաստատություններում և շատ արագ ըմբռնեցին հայ հանրության էությունը, արատներն ու առավելությունները նախ և առաջ Հայաստանում։ Նրանք ոչ մի պատրանք չեն տածում և չեն փորձում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել։ Սակայն Արևմուտքի առաջատար պետություններում և Ռուսաստանում որոշումների ընդունման վրա նրանց որոշ ազդեցությունն ակնհայտ է։ Միջազգային ընկերակցությունը, ինչպես նաև առանձին խոշոր և ոչ այնքան խոշոր պետությունները ներկայումս, ինչպես երբեք, քաղաքական վերլուծության ու տեղեկատվության կարիք ունեն։ Ներկա իրադարձությունները տարբեր տարածաշրջաններում և առաջին հերթին Մերձավոր Արևելքում հերթական անգամ բացահայտորեն ցույց տվեցին, որ Արևմուտքի երկրների, առավել ևս Ռուսաստանի «առաջնակարգ» վերլուծական հիմնարկներն ի վիճակի չեն ո՛չ կանխատեսելու, ո՛չ էլ առավել ևս խորհուրդներ տալու։ Ամերիկյան վերլուծական ընկերակցությունն զգալիորեն իրարով անցավ, իսկ Մերձավոր Արևելքի գծով առաջատար փորձագետները կարող են ուղղակի հիմարություններ դուրս տալ, դրանով իսկ սպառնալիքի տակ դնելով որոշումների ընդունումը և, վերջին հաշվով, ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը։ Արդարացված կլիներ ակնկալել, որ մոտ ժամանակներս ԱՄՆ-ի վերլուծական ընկերակցությունում, էլ չենք խոսում Մեծ Բրիտանիայի մասին, պետք է «կադրային զտումներ» տեղի ունենան, և այդ «ճահճին» փոխարինելու կգան նոր սերնդի ավելի ստեղծագործ մարդիկ, ինչպիսիք շատ են ամերիկյան համալսարաններում։ Այս իրավիճակում ուժի համաշխարհային կենտրոնները կարիք ունեն համարժեք քաղաքական վերլուծության, և այդ առաջադրանքը պետք է կատարել հայկական կառույցների օգնությամբ, ու բնավ էլ չափազանցություն չի լինի, եթե ասենք` «ուրիշը չի կարող դա անել»։ Արևելյան Եվրոպայի և այլ տարածաշրջանների մի ամբողջ շարք երկրների մտավոր դասն օժտված է թույլ համակցական ընդունակություններով և բավականին սահմանափակ է։ Աշխարհում քաղաքական վերլուծաբանների քանակը Հոլիվուդի աստղերի թվին չի հասնի, և դա բնական է, որովհետև դա ոչ թե մասնագիտություն է, այլ մտածելակերպ։ Երևի պետք է ունենալ մտքի չափազանց նուրբ ու ծայրահեղորեն խորաթափանց ընթացք հասկանալու համար, թե ինչ զարգացում է ունենալու համաշխարհային քաղաքական անցուդարձը։ Մի շարք հասարակություններ, չնայած կրթական բարձր մակարդակին, հայտնվել են մտավոր ու ստեղծագործական փակուղում և ընդունակ չեն ստեղծելու որևէ առաջադեմ ու արտասովոր բան, ուստի ներգաղթյալների հոսքի կարիք ունեն։ Լավագույն դեպքում, տեղի է ունենում կա՛մ անցյալի նմուշների պատճենում, կա՛մ ամոթալի գրագողության։
Այսօրվա Հայաստանն ու հայ հասարակությունը թևակոխում են քաղաքական ու տնտեսական կառուցվածքի պարզունակ ձևերի արմատավորման մի նոր փուլ։ Արդի հայ հասարակության մեջ մտավորական խմբերի ներգրավման ցանկացած փորձ ձախողվում է։ Հայաստանը շարունակում է ընթանալ «փորձ և սխալ» քաղաքական գոյատևման ուղիով, ինչը շատ մեծ ճոխություն է։ Դրա հետ մեկտեղ կյանք են մտնում նոր սերունդներ, որոնք մերժում են մշակույթի և խղճի նմանակումը, առաջ է գալիս նոր արժեքների կոշտ ու պարզունակ, բայց, անկասկած, կենսունակ մշակույթ և ճշմարիտ ազգային համակարգ։ Բայց այս ամենն ապագայի բան է, ոչ այնքան հեռավոր, բայց, այնուամենայնիվ, ապագայի։ Հիմա ազգային, գուցեև կեղծ ազգային համակարգերի ժամանակն է, որոնք ընդունակ են լուծելու հայկական իրողություններից դուրս գտնվող խնդիրներ։ Մյուս բոլոր փորձերը պարզապես կդառնան ժամանակի կորուստ։ Շատ ժողովուրդներ, անգամ նրանք, որոնք պատմության ընթացքում բավականին հետաքրքիր բաներ են կուտակել, կկառչեն վաղուց իրենց դարն ապրած ու մեռած մշակույթների փրփուրներից և կկորցնեն նույնիսկ այն քիչը, որ ունեն։ Մեր հնարավորություններն ավելին են, և մենք դրանցից օգտվում ենք։ Առաջին քայլերն արված են, և արված են հաջողությամբ, միայն թե հարկավոր է ստեղծել նոր կառույցներ և չխանգարել միմյանց։ Հայոց արևի տակ բոլորի համար էլ տեղ կճարվի։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ