ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԱՇԽԱՐՀԻՆ` ՄԵՐ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ-2

ԱՇԽԱՐՀԻՆ` ՄԵՐ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ-2
05.10.2010 | 00:00

Ինչպես կանանց պարագայում, թեթև քաշային կարգերում տղամարդկանց մեջ դարձյալ անվիճելի տնօրինություն են անում Ասիա աշխարհամասի ծանրորդները, որոնց քիչ թե շատ ձեռնոց նետելու փորձ են անում լատինաամերիկյան երկրների ներկայացուցիչները: ՈՒժերի այս հարաբերակցությունը շարունակվում է ընդհուպ մինչև 69 կգ քաշային կարգ, որտեղ Եվրոպան կարծես թե արթնանում է թմբիրից, սկսում կենդանության նշաններ դրսևորել: Ճիշտ է, այն ոչ մի կերպ չի վերաբերում առաջին տեղին, որտեղ չին մարզիկների առավելությունն առավել քան զգալի է: Սակայն եկեք շտապենք փոքր-ինչ դանդաղելով, որովհետև մասնավորապես 56 կգ քաշային կարգում մենք ունենք Սմբատ Մարգար-յան, որն ընթացիկ տարվա Եվրոպայի առաջնությունում երկամարտի 255 կգ արդյունքով հռչակվեց փոխչեմպիոն և ընդամենը մեկ կիլոգրամով զիջեց չեմպիոնին: Մասնակցության դեպքում իր այս արդյունքով Անթալիայում մեր տասնյոթամյա դյուցազունը կարող էր լինել 13-րդը, իսկ Եվրոպան ներկայացրած մարզիկների մեջ` առաջինը: Մեր համեմատության մեջ հետին ակնարկ չկա, պարզապես ուզում ենք տեսնել, թե որքանով է ներկայանալի հայկական ծանրամարտի վաղվա օրը, և ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ մոտ ապագայում: Իհարկե, դժվար է հավատալ, որ արդեն եկող տարի Սմբատը չի փոխի քաշային կարգը, սակայն մեր պատանյակի բազան այնքան ամուր է, որ լիովին իրավունք ունենք նրանից լավ մրցելույթներ ակնկալելու նաև նոր քաշային կարգում:
Հուսադրող որոշակի շեշտադրումներ են նկատվում մինչև 69 կիլոգրամ քաշային կարգում էջմիածինցի Վանիկ Ավետիսյանի ի հայտ գալով, ով արդեն իսկ ամուր «նստած» է 140 և 180 կիլոգրամների վրա, արդյունքներ, որոնք Անթալիայում Եվրոպան ներկայացրած մարզիկների մրցանակային եռյակին միայն մի աստիճանով են զիջում:
Մինչև 77 և 85 կիլոգրամ քաշային կարգերը մեր ոսկե տղաներ Տիգրան Գևորգի Մարտիրոսյանի ու Արա Խաչատրյանի շնորհիվ հայկական գրանցում ունեն ոչ միայն Եվրոպայում: Այստեղ խնդիրը մեկն է` հեռու մնալ հնարավոր վնասվածքներից և պահպանել մարզական անհաշտ ոգին, ու այս դեպքում մեր դեմ իսկապես խաղ չի լինի: Իհարկե, սա չի նշանակում, որ չինացիները հեշտ ու խաղաղ կհամակերպվեն երկրորդը լինելու իրողության հետ և չեն փորձի անակնկալներ մատուցել: Ի դեպ, եթե եվրոպացի ծանրորդների մակարդակով աշխարհի մեր չեմպիոնի քաշային կարգում «առավոտները խաղաղ են», Արան քրտնելու քիչ բան չունի. թե՛ լեհ Ադրիան Զելինսկին, թե՛ ռուս Ալեքսեյ Յուֆկինը, թե՛ բելառուս Սերգեյ Լահունը հեշտ ու հանգիստ կուլ չեն տա մեր տղայի լիդերությունը: Սա միանգամայն բնական է, և իրողությանը պիտի նորմալ վերաբերվել. այդպիսին է նորմալ մրցակցության տրամաբանությունը: ՈՒրախալի է, որ մինչև 77 կիլոգրամ քաշային կարգում մենք ունենք ևս մեկ խոստումնալից անուն` ի դեմս Առաքել Միրզոյանի, ում դեմ աշխարհի առաջնության ճանապարհը փակեց ստացած վնասվածքը: Մեր օլիմպիական հույսին ցանկանք արագ վերականգնում ու վերադարձ ուժեղագույնների շարք:
Մինչև 85 կիլոգրամ քաշային կարգում Եվրոպայի ընթացիկ տարվա չեմպիոն Գևորգ Պողոսյանի մրցելույթը շատերի համար սպասվածը չեղավ, սակայն մեր ծանրորդի պարագայում նրբացուցիչ հանգամանք կար. ընդամենն ամիսներ առաջ է տեղափոխվել նոր քաշային կարգ, և հարմարվելու խնդիր կա: Համենայն դեպս, հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանն այն կարծիքին է, որ արդեն մյուս տարի Գևորգից սպասումներն այլ կլինեն: Հուսանք, որ մարզիչն իր կանխատեսման մեջ չի սխալվի, բայց որ մինչև 94 կիլոգրամ քաշային կարգում նրան դաժանագույն պայքար է սպասում ռուս, ուկրաինացի, լեհ, ռումինացի մարզիկների հետ մրցակցությունում, անվիճելի է: Ասենք, որ այստեղ բացարձակ տնօրինություն են անում եվրոպացի ծանրորդները, և արդյունքները չափազանց մոտ են:
Գևորգ Պողոսյանի նման տղամարդկանց մեր ընտրանուն անչափ կարևոր միավորներ բերեց նաև վանաձորցի Արթուր Բաբայանը` կամային բարձր որակներ ունեցող մարզիկ, ով համառության ու աշխատասիրության շնորհիվ նախ կարողացավ ապացուցել իր բարձր կարգը Հայաստանում և նույն հետևողականությամբ քայլեր է անում միջազգային մրցաբեմն իրենով անելու համար: Մենք արդեն առիթ ունեցել ենք ասելու, որ Արթուրի հարաբերականորեն անհաջող մասնակցության մեջ էապես բացասական դեր ունեցան թիմի ստացած զրոները մինչև 77 և 85 կիլոգրամ քաշային կարգերում: Ցավալի է փաստել, որ այստեղ առաջնության ոսկին ու արծաթը միմյանց մեջ կիսեցին (եթե կիսել կարելի է համարել բացառիկ լարված այդ դիմակայությունը) լեհ Մարչին Դոլեգան և ռուս Դմիտրի Կլոկովը` 415 կիլոգրամ բարձրացնելով, քաշ, որ Արթուրն ընդամենն ամիս-ամիսուկես առաջ սանձահարել էր ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում: Հասկանալի է, որ սկզբունքորեն չի կարելի համեմատել կարգով միանգամայն տարբեր երկու մրցումներ` նկատի առնելով տարբեր գումարելիներ` դրանց թվում և հուզական-հոգեբանական գործոնի շեշտադրմամբ, սակայն, որ հրում վարժությունում Արթուրը գոնե մեդալներից մեկի տերը կարող էր լինել, գոնե ինձ համար անտարակուսելի է: Չեմ վախենում ասել, որ թիմի հնարավոր միավորներից զրկվելու վախը փոխանցվեց և մարզիկին, ինչն էլ արջի ծառայություն մատուցեց ծանրորդին: Ի դեպ, բնավորությամբ չափազանց համեստ այս մարզիկը, կարծես, զոհ է դարձել իր պահվածքին ու շարունակում է այդպիսին մնալ: Որքան մեզ հայտնի է, նա, որպես Հայաստանի հավաքականի անդամ, չի վարձատրվում և թեպետ ցույց է տվել միջազգային վարպետի նորման գերազանցող ցուցանիշ, առայսօր չունի այդ կոչումը: Եթե կլինի մի տաքգլուխ, որը կհակադարձի մեզ` ասելով, թե ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը կարգով այն մրցաշարը չէ, որ կարող է մարզիկին կոչում շնորհելու համար հիմք ծառայել, մենք էլ այդ դեպքում կասենք` եթե մենք մեր երկրի ներսում մեր խաղարկությունը չենք գնահատում, ուրեմն մե՛նք բանի պետք չենք մեր այդ խաղարկությամբ:
Ինչ խոսք, առաջնության զարդերից մեկը պիտի համարել գերծանրքաշայինների մրցակցությունը: Այն, ինչ արեց գերմանացի Մաթեուս Շտեյները, քիչ է անվանել մարզական խիզախություն: Պեկինի օլիմպիական չեմպիոնը, կարելի է ասել, զրոյական կետից ցատկ կատարեց փոխչեմպիոնի բաղձալի տիտղոս` տիրանալով նաև հրում վարժությունում խաղարկվող ոսկե մեդալին: Կամային բարձր որակներ դրսևորեց նաև կորեացի Ջեոն Սանգ Գուենը` հրում վարժությունում բրոնզե մեդալին զուգահեռ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին: Ես այս օրինակները բերում եմ որպես դաս մեր հավաքականի որոշ անդամների համար, ովքեր իրենց անատամ պահվածքով թիմին զրկեցին այնքան կարևոր միավորներից ու պարզապես խայտառակեցին իրենց` ջուրը գցելով հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանի ամիսների քրտնաջան աշխատանքը, ծանրամարտի ֆեդերացիայի ներդրած ջանքերը: Դառնալով գերծանրքաշայիններին` ասենք. խորապես ցավալի էր, որ ռուս Եվգենի Չիգիշևը, պոկում վարժությունում անգերազանցելի մնացած ելույթից հետո, վնասվածք ստացավ ու զրկվեց երկամարտում նույնպես իր բարձր կարգը ցույց տալու հնարավորությունից։ Պակաս տպավորիչ չէր իրանցի 21-ամյա, Սալմիկորդասիաբի դժվարարտասանելի ազգանունը կրող հսկան, ով ճանաչվեց ուժեղագույն: Երկամարտի նրա 453 կիլոգրամ արդյունքն իսկապես գրոսմայստերական է և հրաշալի ուղենիշ մեր Ռուբեն Ալեքսանյանի համար, որը ռեալ շանսեր ունի իրանցու հետ ոչ միայն հավասար պայքար մղելու, այլև նրան գերազանցելու:
Անթալիայի աշխարհի առաջնությունը հրաշալի ստուգատես եղավ տղամարդկանց մեր հավաքականի համար, ստուգատես, որ լավը զարգացնելու և եղած բացթողումներից դասեր քաղելու պարտադրանքին է մղում: Հուսանք, որ եղածից սառը գլխով ու սթափ դատողությամբ հետևություններ կարվեն:
Ամենակարևորը` առանց փութկոտ որոշումների ու առանց ավելորդ ամբիցիաների:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2000

Մեկնաբանություններ