ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱԿՆԹԱՐԹԸ

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱԿՆԹԱՐԹԸ
02.03.2010 | 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսը կատարեց խոստումը` Մատենադարանի շրջակայքում անցկացնելով հանրահավաք։ Ի տարբերություն այդ հարթակում ընդդիմության գումարած վերջին միջոցառմանը, որը հաջորդեց քաղաքային ավագանու ընտրություններին, ժողովուրդը համեմատաբար ավելի շատ էր ու ակտիվ։ Ակնհայտորեն, ինչպես սոցիալական իրավիճակը, այնպես էլ սպասվող թանկացումներն իրենց ազդեցությունը թողել են հանրային տրամադրությունների վրա։ Եթե ընդունենք, որ ընդդիմության վարկանիշը տեսանելի աճ չի արձանագրել, պետք է արձանագրենք նաև, որ դժգոհությունն իշխանություններից հաստատապես մեծացել է։
Այս իրավիճակը սկզբունքորեն դժվար չէր կանխատեսել։ Նախագահական ընտրություններին հաջորդած երկու տարիների ընթացքում իշխանությունները, չնայած որոշ դրական քայլերին, այդպես էլ չկարողացան տնտեսական անկման դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակել։ Պայմանավորել դա միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամով ճիշտ չէ, որովհետև ցանկացած իշխանություն ճգնաժամային իրավիճակում հենց նրա համար է, որ կարողանա այդ ճգնաժամի ազդեցությունը հնարավորինս նվազեցնել։ Մինչդեռ առայժմ իշխանությանը հաջողվել է մեկ միլիարդ դոլարով մեծացնել Հայաստանի արտաքին պարտքը` ի հաշիվ Համաշխարհային բանկից ու Ռուսաստանից ստացած երկու 500-միլիոնանոց վարկերի։ Հանրային տրամադրությունների վրա անխուսափելի ազդեցություն էր թողնելու նաև գազի գնի իսկապես աննախադեպ բարձրացումը։ Հանգամանք, որը, չնայած իշխանությունների ներկայացրած միգուցե և իրականությանը համապատասխանող հիմնավորումներին, միևնույն է, չի մեղմում սոցիալապես ծանր վիճակում գտնվող բնակչության մեծամասնության հոգսը։ Այսինքն, պետությունն ի վիճակի չեղավ գազի գնի բարձրացմանը զուգահեռ նախատեսել գոնե դրա համար եթե ոչ լիարժեք, ապա որոշակի փոխհատուցում` աշխատավարձերի, թոշակների, նպաստների բարձրացման ճանապարհով։ Ավելին, պետական չինովնիկները, մասնավորապես, ի դեմս սոցապ հիմնադրամի նախագահի, բնակչությանը հուսադրելու ավելի լավ ձև չգտան, քան հայտարարել, որ 2012-ից շուտ թոշակները չեն բարձրանա։ Հանգամանք, որն ուղղակի հակասության մեջ է մտնում էկոնոմիկայի նախարարի վերջին դարակազմիկ հայտարարության հետ, թե տնտեսական ճգնաժամն ավարտված է։ Այն դեպքում, երբ ողջ ԱՄՆ-ն ու Միացյալ Եվրոպան, Չինաստանն ու Ռուսաստանը սպասում են ճգնաժամի երրորդ, առանձին տնտեսագետների կանխատեսումներով` ամենաուժգին ալիքին։
Հարց է առաջանում` տնտեսական լճացման, գազի գնի հետ առաջնային նշանակության այլ ապրանքների սպասվող թանկացումների խորապատկերի վրա ո՞ւմ էր պետք ոսկու շուկայի առևտրականների հետ կապված կառավարության «նախաձեռնությունը», կամ էլ շների ու կատուների վրա հարկատեսակ սահմանելու Երևանի քաղաքային իշխանությունների ոչ պակաս «փայլուն» որոշումը։
Սրանք քայլեր են, որոնք հասարակության մեջ անհարկի գրգռվածության մթնոլորտ ստեղծեցին ու ավելի սրեցին հակաիշխանական տրամադրությունները առանց այն էլ բավականին դժգոհ և սոցիալապես անապահով շերտերում։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ հայտարարված պայքարին, ապա այս ուղղությամբ սկզբունքորեն որևէ առաջընթաց չկա։ Անցած տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության սննդամթերքների գները նույն մոնոպոլիստների «գործունեության» շնորհիվ, տարբեր տնտեսագետների գնահատմամբ, աճել են 10-20 տոկոսով, իսկ ապրիլի 1-ից գազի գնի բարձրանալուց հետո, անկասկած, կրկին կաճեն։ Արդեն իսկ լրատվամիջոցներով ու տարբեր հեռուստաալիքներով սկսել են «տեսական ենթադրություններ» շրջանառվել նաև էլեկտրաէներգիայի և խմելու ջրի թանկացման մասին, որը կրկին կապվում է գազի թանկացման հետ, ինչը բնակչության անապահով խավերի համար մխիթարական չէ։
Բոլոր այս գործոններն էին, որ երեկ մարդկանց զգալի մի զանգված բերել էին Մատենադարանի հարթակի շրջակայք, ինչից արմատական ընդդիմության գործիչները, բնականաբար, շատ ոգևորված էին ու չէին թաքցնում իրենց ելույթներում։ Եվ ինչո՞ւ պիտի չոգևորվեին, եթե ընդդիմության իրականում գրեթե բացարձակ անգործության պայմաններում, իշխանությունն ինքն է իր գործողություններով նպաստում հանրության մի մասի համախմբմանը ՀԱԿ-ի շուրջ։ Թեպետ, հանուն արդարության, պետք է արձանագրել, որ անցած ամիսներին կոնգրեսն իր հանրային հեղինակության բարձրացման համար գրեթե որևէ գործնական քայլ չի արել` թիվ 10 ընտրատարածքի ընտրություններում Նիկոլ Փաշինյանին սատարելուց բացի։ ՀԱԿ-ի հրապարակած «100 քայլ» անվանումով տնտեսական ծրագիրը չի կարելի դիտարկել իբրև գործող իշխանության տնտեսական հայեցակարգին այլընտրանք, որովհետև դա սկզբունքորեն ծրագիր չէ, այլ, ավելի շուտ, բարի ցանկությունների հռչակագիր։ Եվ այդքանից հետո, արի ու տես, որ իշխանության շնորհիվ արմատական ընդդիմությունը կրկին գործունեության ռեսուրս է ձեռք բերում հանրային դժգոհության աճի հետևանքով։
Անշուշտ, երեկվա հարաբերականորեն հաջողված հանրահավաքի կայացման պատճառներից մեկն էլ ընդդիմության մյուս, որոշ իմաստով, հակադիր բևեռի` 14-ի ձևաչափի չկայացումն է։ Կուսակցությունների այդ համագործակցությունն այդպես էլ չվերածվեց քաղաքական դաշինքի, առավել ևս` լուրջ ընդդիմադիր բովանդակությամբ միավորման։ Այն մնաց ընդամենը հայ-թուրքական արձանագրությունների դեմ հանդես գալու հարթակ, սակայն 14-ի ձևաչափի հիմնական նախաձեռնող ՀՅԴ-ն իր հետագա բոլոր գործողություններով բազմիցս ընդգծեց, որ չի ցանկանում իշխանությունների նկատմամբ արմատական ընդդիմադիր դիրքորոշում որդեգրել։ Նույնը կարելի է ասել այդ նույն ձևաչափում գործող քաղաքական կուսակցությունների բացարձակ մեծամասնության մասին, բացառությամբ, թերևս, ՆԺԿ-ի և «Ժառանգության»։ Ըստ այդմ, ընդդիմադիր դաշտը կամ հրապարակը գործնականում կրկին մնացել է ՀԱԿ-ի տնօրինության ներքո։
Իհարկե, Մատենադարանի հարթակից մինչև Կորյունի փողոց խիտ կանգնած հանրահավաքի մասնակիցներից բոլորովին էլ ոչ բոլորն են ՀԱԿ-ի կամ նրա առաջնորդի համոզված ու աներկբա համախոհները։ Ընդդիմադիր տրամադրություններ ունեցող զանգվածը, ինչպես միշտ, բազմաշերտ է։ Դրանց թվում են ինչպես արմատական ընդդիմության համոզված հետևորդները, որոնք, անկասկած, փոքրամասնություն են, այնպես էլ երկու տարի առաջ ընդդիմությանն աջակցած, այնուհետև նրանից հիասթափված մարդիկ։ Ինչպես նաև այնպիսիները, որոնք ընդհանրապես երբևէ չեն աջակցել ո՛չ ՀԱԿ-ին, ո՛չ էլ նրա առաջնորդին, չեն մոռացել վերջինիս կառավարման տարիները, որոնք այսօրվանից ոչնչով ավելի լավը չէին։ Բայց այդ հատվածին էլ հրապարակ է բերում ներկա վարչակազմից ունեցած դժգոհությունը, և քանի որ ընդդիմադիր ամբիոնը զբաղեցնելու, ժողովրդին այլընտրանք առաջարկող ուժ չգտնվեց, նրանք գնում են դժգոհությունը մարմնավորող ուժի հետևից` այդ ուժի և նրա առաջնորդի նկատմամբ ունեցած բոլոր վերապահումներով հանդերձ։ Այսինքն, երեկ ընդդիմությունը վերակենդանացման շանս ստացավ` ի դեմս հանրային դժգոհության, այլ հարց է` որքանով կկարողանա այդ հնարավորությունն օգտագործել ավելի լայն շարժում ծավալելու համար։
Ընդ որում, ոչ մի քննադատության չի դիմանում իշխանական շրջանակներից կամ լրատվամիջոցներից շարունակաբար մատուցվող այն թեզը, թե իշխանությունները համաշխարհային ճգնաժամի և այլ գործոնների պատճառով այնպիսի իրավիճակում են հայտնվել, որ, միևնույն է, հնարավոր չէ երկրում հասնել կտրուկ և արագ դրական առաջընթաց ապահովող փոփոխությունների։ Որովհետև եթե իշխանությունն ընդունակ է նախկինի համեմատ գրեթե 180 աստիճանով փոխելու արտաքին քաղաքական կուրսը, «նախաձեռնողական» ոգով երկխոսություն սկսելու դարավոր թշնամու հետ, ապա ի՞նչն է պատճառը, որ նույնպիսի կամ գոնե ավելի համեստ փոփոխություններ չեն արվում երկրի ներսում կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի առումով։ Դա էլ հո ֆինանսական ներդրումներ չի՞ պահանջում, անհրաժեշտ է միայն քաղաքական կամք և իրենց պաշտոնական դիրքն ու լիազորությունները չարաշահող պաշտոնյաներին «տեղը դնելու» հետևողական ցանկություն։ Մինչդեռ հանրային դժգոհությունը զգալի չափով պայմանավորված է նաև այդ երևույթներով։ Մարդիկ կարող են համակերպվել վատ տնտեսական կացության հետ, եթե տեսնում են, որ կողքին ապրող պետական պաշտոնյայի ու իրենց ապրելակերպի տարբերությունը մեծ չէ, ճգնաժամ կոչվածն էլ առնչվում է բոլորին, հասարակության բոլոր խավերին։ Բայց եթե ճգնաժամի հետևանքով սոցիալական բևեռացումը գնալով խորանում է, դժվար է Երկիր մոլորակի վրա գտնել մի երկիր, որի բնակչությունն անտրտունջ կհամակերպվեր նման իրավիճակի հետ։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1494

Մեկնաբանություններ