ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ԱԶԳԱՇԱՀ» ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

ՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ԱԶԳԱՇԱՀ» ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
05.02.2010 | 00:00

Այս քառօրյայում ԱԺ-ն հաստատեց Ասիական զարգացման բանկից ՀՀ կառավարությանը տրամադրվելիք վարկային համաձայնագիրը, որը նախատեսում է 1 մլրդ 400 մլն դոլար վարկի տրամադրում։ Տնտեսական ճգնաժամի պայմաններում նման խոշոր վարկային միջոցների ձեռքբերումը պետք է ուրախացներ Հայաստանի քաղաքացիներին։ Սակայն ուրախանալու առիթ չկա. այդ միջոցները չեն ծառայեցվելու ո՛չ սոցիալական ծրագրերի իրագործմանը, ո՛չ արդյունաբերության վերականգնմանը, ո՛չ քայքայման եզրին հասած գյուղատնտեսությունը փրկելուն, ո՛չ էլ որևէ այլ կարևոր համազգային խնդրի լուծմանը։ Դրանք ծախսվելու են խոշոր ճանապարհաշինական ծրագրի իրականացման վրա, և այս համատեքստում խոսքը հատկապես վերաբերում է Մեղրիից Բավրա ճանապարհային ցանցի վերակառուցմանը, որի շնորհիվ մենք, իբր, տարանցիկ արժեք ձեռք կբերենք Վրաստանից Իրան բեռնափոխադրումների առումով, հնարավորություն կունենանք, իբր, արտահանելու չաշխատող արդյունաբերության գոյություն չունեցող արտադրանքը։ Մի խոսքով, ճանապարհաշինությունը այն հին ու բարի կթու կովն է, որից բոլոր ուղղվածությունների ու ժամանակների իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ` հիշյալ գումարները տնօրինող պետական չինովնիկները, «փող են սարքելու»։ Որովհետև կասկած չկա, որ ճանապարհաշինական պատվերներն իջեցվելու են համապատասխան պաշտոնյաներին, կամ նրանց ազգական-բարեկամներին պատկանող ընկերություններին, և վերջիններս էլ «բացառիկ ավյունով» իրագործելու են այս ազգանվեր ծրագիրը։ Բայց ամենակարևորը, որ ահռելի գումար ծախսելուց հետո Հայաստանն այդպես էլ դուրս չի գալու կոմունիկացիոն բլոկադայից։ Այսինքն, չի ունենալու այլընտրանքային երկաթգիծ` Վրաստանից միակողմանի կախվածությունը մեղմելու և նույն Վրաստանին իրենից կախվածության մեջ դնելու համար։
Խոսքը վերաբերում է Զանգեզուրով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը, որի անհրաժեշտության մասին պատեհ-անպատեհ սիրում են ճառել մեր իշխանությունները։ Մինչդեռ երբ լուրջ վարկային միջոցներ են հայտնվել, որոնցով կարելի էր եթե ոչ ամբողջությամբ ավարտին հասցնել այդ նախագիծը, ապա առնվազն դրա մեծ մասը (իշխանավորների ոչ շատ վաղուցվա պնդումների համաձայն` նախագծի իրականացումը կարժենա մոտ 2 մլրդ դոլար), կառավարությունը կրկին որոշել է զբաղվել ճանապարհաշինությամբ։ Հարց է առաջանում. եթե հնարավորություն կար Ասիական զարգացման բանկից ձեռք բերելու այսպիսի միջոցներ, ինչո՞ւ նախօրոք չեն պայմանավորվել դրանք ծախսել երկաթուղու կառուցման վրա։ Չէ՞ որ այդ դեպքում Իրանն էլ շահագրգռված կլիներ և տեսնելով, որ մի անգամ վերջապես Հայաստանը լուրջ որոշում է կայացրել և փոխշահավետ ծրագիր է փորձում իրականացնել, ինքն էլ իր կողմից ջանքեր կգործադրեր այն ավարտին հասցնելու ուղղությամբ։ Մի՞թե պարզ չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մտնում է փակուղի ամենից առաջ Թուրքիայի դիրքորոշման պատճառով, ու ոչ մի հայ-թուրքական սահման էլ չի բացվելու։ Եվ եթե անգամ այն բացվի, մի՞թե իրանական երկաթգիծը չէր մեծացնելու Հայաստանի կոմունիկացիոն անկախությունը նույն Թուրքիայից։ Բոլոր այս հարցերն իրականում, փաստորեն, ոչ ոքի չեն հետաքրքրում։ Միայն քաղաքական շահարկումների ժամանակ է, որ մեր իշխանությունները հիշում են և արդեն 20 տարի շարունակ բողոքում հարևանների կողմից շարունակվող շրջափակման մասին։ Իսկ սեփական ուժերով այդ շրջափակումը վերացնելու ցանկություն, փաստորեն, չկա նույնիսկ այն դեպքում, երբ փողն այդ նպատակի համար, այնուհանդերձ, տալիս են։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ