Երբ ՀՅԴ խմբակցությունը հայտարարեց գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, դեռ անապահով ընտանիքների համար գազի սակագինը 32 դրամով էժանացնելու մասին խոսք չկար։ Սակայն այսօր էլ հասարակությունը մտահոգված է` բա որ մինչ տարեվերջ գազի գինը բարձրանա՞։
Երեկ խորհրդարանական լսումների ժամանակ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը փաստեց, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո «Գազպրոմի» և «ՀայՌուսգազարդի» կողմից հանձնաժողովի գրանցման որևէ պայմանագիր չի ներկայացվել, ուստի մինչ օրս սահմանի վրա գործում է այն սակագինը, որը սահմանված է` 1 խմ-ի համար 180 դոլար։
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն իր հերթին ընդգծեց. «Երկու նախագահները բանակցությունների արդյունքում պայմանավորվել են, որ եթե ինչ-որ բան էլ փոխվի, որևէ ազդեցություն չպիտի ունենա մեր սակագնի վրա։ Այդպես էլ կա»։ Նախարարը նաև վստահեցրեց` մինչ տարեվերջ բնական գազի սակագինը չի փոխվի, որովհետև կան «և՛ քաղաքական, և՛ տնտեսական բաղադրիչներ»։
Հետաքրքիր է, որ լսումներին «ՀայՌուսգազարդից» ոչ մի ներկայացուցիչ չէր մասնակցում, ինչը հարուցեց դաշնակցականների վրդովմունքը։ Վերջիններս համոզված են, որ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումն անհրաժեշտ է, քանի որ պիտի հստակեցվեն շատ հարցեր, այդ թվում` ինչո՞ւ Հայաստանում տարբեր սակագներ են սահմանված բիզնես ու ֆիզիկական անձանց համար և այլն։ «Հայաստանը սահմանին գազը ստանում է 180 ԱՄՆ դոլարով, բայց երկրի ներսում վաճառում 360 դոլարով, որից հանելով ԱԱՀ-ն, մարժան կազմում է 120 դոլար։ ՈՒզում ենք հասկանալ` իսկապե՞ս այդ համակարգի պահպանման հետ կապված ծախսերն այնքան են, որ մարժան պետք է 120 լինի։ Արդյոք արդա՞ր է հաշվարկված։ Մեր հարցապնդումներն ու փաստաթղթերը մեղադրական եզրակացություն չեն, ընդամենը հարցեր են»,- նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
Անդրադառնալով անապահով ընտանիքների համար գազի սակագնի նվազմանը, նշենք, որ այս քայլից հետո խոսակցություններ կան, թե նախընտրական մարաթոնի մեկնարկն իշխանությունը տվեց` նախընտրական գազի տեսքով։ «Ոչ մի տրամաբանող մարդ չի կարող այս քայլը կապել ընտրությունների հետ երկու պարզ պատճառով. մինչ ընտրությունները դեռ մեկ տարի կա, և երկրորդ` նպատակ ունենք գնաճի պայմաններում սոցիալական խավի խնդիրները մեղմել»,- այսպես մեր դիտարկմանն արձագանքեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը։ «Իսկ սա ժողովրդին մեկ տարի առաջ «հաճոյանալու» քայլ չէ՞», հարցին էլ ի պատասխան ասաց. «Իշխանության գործառույթը հենց դրանում է, որ անի այն, ինչ հասարակությանն անհրաժեշտ է»։
Սակայն արդյո՞ք տրամաբանական է, որ ձմռան ամիսներին իշխանությունն այս քայլը չիրականացրեց, որպեսզի անապահով խավի հոգսը փոքր-ինչ թեթևանա։ «Իշխանությունը որևէ դոտացիա կարող է անել այն ժամանակ ու այն չափով, որքան կարող է այդ պահին»,- հակիրճ վերջակետեց ԱԺ փոխնախագահը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ