ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԻՈԱՆԵ ԲԱԳՐԱՏԻՈՆ ԱՐՔԱՅԱԶՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ

ԻՈԱՆԵ ԲԱԳՐԱՏԻՈՆ ԱՐՔԱՅԱԶՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ
20.11.2009 | 00:00

Նախ` մի քանի խոսք արքայազնի մասին։ Նա վրաց վերջին թագավոր Գեորգի 12-րդի որդին էր։ 1801 թվին Քարթլի-Կախեթի Ռուսաստանին միանալուց հետո վերաբնակվում է Պետերբուրգում և զբաղվում գիտական գործունեությամբ։ Նրա «Կալմասոբա» երկը համարվում է իր թողած գրական ժառանգության գլուխգործոցը, որն ինչ-որ առումով հանրագիտարան-շտեմարանի արժեք ունի։ Ըստ հայ լեզվաբանների` «կալմասոբա» բառը հայկական ծագում ունի, բաղկացած է «կալ» և «մաս» արմատներից, այսինքն` կալմասունք, ինչը նշանակում է հավատացյալներից ցորեն, գինի հավաքել հօգուտ վանքի։
Երկի հերոս արքայազնը Թելավի սեմինարիայի իր դասընկերոջ հետ ճանապարհորդում է Վրաստանում, Հայաստանում և հասնում մինչև սուրբ Էջմիածին։ Ահա այդ ճանապարհորդության ժամանակ նրանք այցելում են Հաղպատի վանք, հանդիպում Սայաթ-Նովային, և նրանց միջև մտերմիկ զրույց է կայանում, որի մասին է այս հոդվածը։
«…Նա (Իոանեն) անցավ դեպի Հաղպատ։ Դիտեց այնտեղի եկեղեցին և կառուցվածքներն ու խիստ հավանեց։ Այդ պահին մի ոմն հայ վանական հրավիրեց Իոանեին իր խուցը, և սա հետևեց նրան։ Վարդապետը Իոանեին հասցրեց իր խուցը, ողջունեց ու ճանապարհորդության հանգամանքների մասին հարցուփորձ արավ։ Նա ամեն ինչ պատմեց, ապա նստեցին, մի փոքր զրուցեցին, վարդապետը նախաճաշիկ մատուցեց, սկսեցին ուտել, սրա հետ լավ գինին էլ մատուցեց Իոանեին և ինքն էլ խմեց։ Ապա վարդապետը վեր բերեց սազը (չոնգուրը) և սկսեց նվագել, ապա սկսեց երգել՝ այսպես ասելով.

Խեղճ իմ գլուխ, ինչպես խաթի մեջ ընկար,
Ողջ աշխարհում ծիծաղելի բան դառար.
ՈՒր էլ փախար, սայթաքեցիր՝ վայր ընկար,
Վերջն էլ, հապա, դու բեդովլաթ մարդ դարձար։

Ո՞Ւմ մեղադրեմ, արդյոք ումնի՞ց այս եղավ,
Այս բաներն իմ խելքիցն է, որ եղավ։

Կարծես էի աշխարհումս ես գոված,
Գավաթի պես ոսկե տուփում ամփոփված.
Ի՞նչ պատահեց այս իմ գլխին անիծված,
Ինչ որ եղավ, ակամայից հո եղավ։

Ո՞Ւմ մեղադրեմ, արդյոք ումնի՞ց այս եղավ,
Այս բաներն իմ խելքիցն է, որ եղավ։

Արքաներից մեջլիսներում հրավիրված,
Իշխաններից պատված, հարգված, մեծարված,
Ծիրանագույն կապա հագած, զըլպըլտված,
Այժմ ահա քուրձը հագին սևացած,
Այս վիճակն առաջնորդից ինձ եղավ։

Ո՞Ւմ մեղադրեմ, արդյոք ումնի՞ց այս եղավ,
Այս բաներն իմ խելքիցն է, որ եղավ։

Ես բրինձ էի, գարի լինելն ինչի՞ս էր,
Բազե էի, ուրուր լինելն ինչի՞ս էր.
Աշխարհիկիս տերտերությունն ինչի՞ս էր.
Ինձ վարդապետ ձեռնադրվելն ինչի՞ս էր։
Կարծեմ, որ քամբախտ գլխիս այս եղավ։

Ո՞Ւմ մեղադրեմ, արդյոք ումնի՞ց այս եղավ,
Այս բաներն իմ խելքիցն է, որ եղավ։
Իոանեն ապշած նայում էր` «Ինչպե՜ս է ողբում աշխարհից հեռանալը», և, ի վերջո, ասաց. «Հայր սուրբ, կուսակրոն (մոզոն) եք, դեպի ձախ չթեքվեք»։
Վարդապետ. -Երբ ես քո հասակումն էի, թե՛ դեպի ձախ էի գլորվում, թե՛ դեպի աջ։
Իոանե. -Հրամայեք, ո՞վ եք դուք։
Վարդապետ. -Ես խղճուկ Սաաթլաման եմ (վրացերենով` Սայաթ-Նովայի անունը- հեղ.), թե որ լսել եք։
Իոանե. -Այո՛, լսել եմ Ձեր գովքը, իբրև սազանդարի՝ քեֆերում։ Արդ, հրամայե՛ք, ինչպե՞ս պատահեց այս։
Սաաթլաման. -Ես լավ նվագում էի սազով և, միաժամանակ, պարսկական ձայնի վերածեցի վրացական խաղերը։ Այն դեռևս ընդունված չէր։ Երբ Էրակլե թագավորը խնջույք սարքեց և մեզ՝ նվագողներիս, տարան նրա մոտ, այն ժամանակ ես պարսկական նվագը վրացերեն երգեցի։ Արքան (բատոնը) շատ հավանեց և խալաթ պարգևեց ինձ։ Հետո շատ ուրիշներն էլ ասին ու ինձ նմանվեցին։ Ես ամեն տեղ ընդունված էի ոչ միայն երգով, կատակով, նույնիսկ աշխարհիկ գործերում, այնպես որ, շատ բանով էի զբաղված։ Ապա կուսակրոնություն ընդունեցի և ահա այստեղ եմ, և այս կուսակրոնության միջոցին հորինած բանաստեղծությունս երգելով ասացի Ձեզ։
Իոանե. -Քանի որ աշխարհից հեռացաք, նվագելուց ու խաղերից ևս ձեռք պետք է վերցնեիք։
Սաաթլաման. -Իմ առաջնորդ (վարդապետն) էր, որ հրամայեց, և ես այսպիսի պայման դրի. քանի որ այս սազը այս լարերով է զարդարված, և այն չի կտրվի, ձեռք չեմ վերցնի։ Այդ պատճառով, երբ ինձ վանական ձեռնադրեցին, այս լարերը ծոցումս էին և սրանք ինձ հետ օծվեցին (օրհնվեցին), և ահա այս օծված լարերով է, որ նվագում եմ սազս։
Իոանե. -Քանի որ ուխտդ պահել ես, ողորմություն կգտնես։
Սաաթլաման. -Ինչ էլ որ լինի, կփրկվեմ, որովհետև այս մեր եկեղեցին քառասուն խորան (սեղան) ունի, և եթե մեկը մեզանից վախճանվում է, քառասուն օր պատարագ են մատուցում։ Եվ այսպես է ասված, որ ով քառասուն օրում տասը պատարագ կմատուցանի իր ննջեցյալի համար, անպայման կփրկվի, եթե վերջին օրը խոստովանվել է ու ճաշակվել է։
Այս վանքի այսքան խորանները Իոանեին շատ ապշեցրին։ Կրկին դիտեց բոլորը և ասաց. «Իսկապես որ հին ճարտարապետները դրվատելի են, որ այսքան լավ են մշակել ու կերտել և սանդուղքներ շինել մի քարից և թաղերը լուսամուտներով դուրս բերել՝ հատակով հանդերձ։ Այսպիսի կառուցվածք ես ոչ մի տեղ չեմ տեսել»։
Եվ վերջապես հրաժեշտ տվեց Սաաթլամային և նորից Բորչալու ուղևորվեց։
Կեսօրին Սադախլո գյուղ հասան…»:

Նյութը քաղեց Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ`
պրոֆեսոր Լ. Մելիքսեթ-Բեկի «Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» գրքից (Գ հատոր, էջ 247)

Դիտվել է՝ 2390

Մեկնաբանություններ