ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ՀՈՒՅՍԸ ՄՈՋԱՀԵԴՆԵՐՆ ԷԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ՀՈՒՅՍԸ ՄՈՋԱՀԵԴՆԵՐՆ ԷԻՆ
09.04.2010 | 00:00

Ադրբեջանը միշտ էլ հույսեր է կապել իսլամական աշխարհի հետ, ջանալով ղարաբաղյան հիմնախնդիրը ներկայացնել որպես միջկրոնական բախում։ Սակայն ոչ բոլոր դեպքերում և ոչ միշտ է Ադրբեջանի ղեկավարությունն ընդունել այդ գաղափարը, որովհետև կասկածներ են եղել, թե իսլամական պետություններն Ադրբեջանին էական օգնություն կցուցաբերեն` սոսկ ելնելով տվյալ հանգամանքից։ Բացի դրանից, այդ ձեռնարկումը Բաքվին շատ վտանգավոր էր թվում, քանի որ կարող էր հանգեցնել իսլամական քաղաքական ազդեցության ուժեղացմանը Ադրբեջանում։ Հենց նման անհետևողական քաղաքականության պատճառով իսլամական գործոնն այդպես էլ նշանակալի չդարձավ ղարաբաղյան հակամարտության ընթացքում։
ԱՖՂԱՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակը քաղաքակիրթ աշխարհի առաջին բանակն էր, որ խաչեց զենքը սալաֆյան տիպի միջազգային արմատական իսլամական շարժման հետ։ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին Աֆղանստանի նախագահ Բուրխանուդդին Ռաբանիի հասցեագրած նամակում ասված էր. «Աֆղանստանի ղեկավարությունը հավանություն չի տալիս աֆղան համաքաղաքացիների մասնակցությանը Լեռնային Ղարաբաղում ընթացող զինված գործողություններին և հանդես է գալիս այդ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին»։ Լեռնային Ղարաբաղի Ազգային անվտանգության պետական վարչության (ԱԱՊՎ) տվյալներով, Ադրբեջանի կողմում կռվել են ավելի քան երկուսուկես հազար աֆղան մոջահեդներ, որոնց հիմնական մասը տեղաբաշխված էր հարավային ռազմաճակատում` Իրանի սահմանի մոտ։
Բախտիար Վերբալլահ Վաբերզայիդն աֆղանական Մազարի-Շերիֆ քաղաքից էր։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին նա քսան տարեկան էր, որոնցից ութը կռվել էր գեներալ Աբդուլ-Ռաշիդ Դուստումի կողմում, որն ընդդիմադիր էր Ռաբանիին։ Աֆղան մոջահեդների կազմում Իրանով անցնելով Ադրբեջան, նա ղեկավարում էր 20 հոգուց բաղկացած մի ստորաբաժանում։ Երբ նա վիրավորվեց և ղարաբաղյան ճակատի հարավարևելյան` Ֆիզուլու ուղղությամբ գերի ընկավ հայերի մոտ, պարզվեց, որ ադրբեջանական հրամանատարությունը նրան խոստացել էր մինչև 5 հազար դոլար, որը պետք է վճարվեր պայմանագրի ժամկետի ավարտին։ Առաջին ամիսներին, Բախտիարի խոսքերով, մոջահեդներին, որոնց թիվը Հորադիզում, որտեղ նա կռվում էր, հասնում էր 250-ի, վճարում էին 1000-ական մանաթ (ԱՄՆ 1 դոլարից մի փոքր ավելի)։ Այդ ժամանակահատվածում վարձկանները պետք է արդարացնեին իրենց հետ կապված հույսերը և տարադրամի իրավունք վաստակեին։ Մոջահեդներին առավելապես օգտագործում էին հետևազորի, գրոհային ջոկատների կազմում, քանի որ աֆղանների մեծ մասը լեռնային պայմաններում կռվելու հարուստ փորձ ուներ և հրազենի շատ տեսակների էր տիրապետում։ Ադրբեջանական զինվորների պատրաստության մակարդակը, որոնց մեծ մասն անգամ նախնական ուսուցում չէր անցել, շատ ցածր էր, ուստի և ամբողջ հույսը մոջահեդներն էին։ Նրանց ապրելու, սնվելու պայմաններն ավելի լավ էին, քան ադրբեջանական զինվորներինը, նրանք արձակուրդին հանգստանալու էին մեկնում Բաքու կամ Աֆղանստան։ Ինչպես հաղորդում էր Բախտիար Վաբերզայիդը, աֆղաններն ապրում էին բավականին մեկուսացած, քանի որ շատ ադրբեջանցիներ անտեսում էին շարիաթի օրենքները։ Սակայն հանուն թմրամիջոցների, որ վարձկանները բերում էին Աֆղանստանից, ադրբեջանցի զինվորները նրանց հետ հարաբերություններ էին պահպանում։
Մոջահեդների և ադրբեջանական բարձրագույն հրամանատարության կապող օղակն աֆղան Վայիդալլահն էր, որը Բաքվում կազմակերպում ու համակարգում էր մոջահեդների հետ տարվող աշխատանքը։ Նա Հորադիզ էլ էր գալիս, ու նրանից Բախտիարն իմացել էր, որ Ադրբեջանի իշխանությունները գոհ էին աֆղաններից, շահագրգռված էին նորերի գալով և պատրաստ էին մեծ փողեր ծախսելու այդ նպատակով։ Թղթակիցների այն հարցերին, թե ադրբեջանցիների կազմում կռվո՞ւմ են, արդյոք, «ռուս աֆղաններ», այսինքն` նրանք, ովքեր ժամանակին կռվել են Աֆղանստանում, Բախտիարը պատասխանել էր, թե ինքն անձամբ այդպիսիների չի տեսել, բայց իր ընկերներից լսել է, որ շուրավներ (որ պարսկերեն նշանակում է խորհրդային կամ խորհուրդ) ադրբեջանական կողմում կան, և նրանց հարաբերությունները մոջահեդների հետ շատ լարված են։
Ադրբեջանական զինված ուժերի 200-րդ զորամասի շտաբի պետ գեներալ-մայոր Սադիկովի 1993 թ. օգոստոսի 26-ի հրամանի համաձայն, 160-րդ զորամասի հրամանատարին հանձնարարված է. «1993 թվականի օգոստոսի 15-ից Ադրբեջանի զինված ուժերի 160-րդ զորամասը համալրել ժամանած 522 աֆղան մարտիկներով, նրանց համար ստեղծելով բոլոր պայմանները»։ «Ազգ» թերթի տրամադրության տակ եղած փաստաթղթերի համաձայն, 1993 թ. օգոստոս-սեպտեմբերին ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական բանակը համալրվել է առնվազն 1350 աֆղան վարձկաններով։ Վերոնշյալ 522 վարձկաններից զատ, Ադրբեջան է ժամանել աֆղանների ևս երկու խումբ` բաղկացած 437 և 453 հոգուց։ Որպես թարգմանիչներ նրանց կցելով պարսկերենին տիրապետող ադրբեջանական 50 սպաների, ադրբեջանական հրամանատարությունը «նորակոչիկներին» տեղավորել էր Գերանբոյում և Գյանջայում տեղաբաշխված ադրբեջանական բանակի 160-րդ և 200-րդ զորամասերում։ 522 աֆղան վարձկանների վերաբերյալ, որոնք ադրբեջանական փաստաթղթերում արծարծվում են իբրև մոջահեդներ, 160-րդ զորամասի հրամանատար Մամեդովը հրաման էր արձակել, որն ազդարարում էր. «Ադրբեջանի Հանրապետության` զինվորական ծառայության մասին գործող օրենքի համաձայն, վերոհիշյալ սպաներին զորակոչել և նշանակել համապատասխան պաշտոնների»։ Արձակելով աֆղան վարձկաններին առնչվող կարգադրություններ, ադրբեջանական բանակի հրամանատարությունը նրանց հիշատակում էր ոչ այլ կերպ, քան «հատուկ զորախումբ»։ Իրենք` վարձկանները, ինչպես հայտնի է դառնում Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարության նամակագրություններից, իրենց համարում էին հատուկ կարգավիճակով օժտված մարտիկներ, համապատասխանաբար պահանջելով ապահովել ամենևին էլ ոչ ռազմաճակատային կենցաղային պայմաններ։ Դիմելով նրանց` «Նիվա» ավտոմեքենա, պարենամթերք և այլն հատկացնելու խնդրանքով, 160-րդ զորամասի հրամանատարը միաժամանակ տրտնջում էր, թե` ինչ պայմաններ ուզում ես ապահովիր, միևնույն է, աֆղան վարձկանները դժգոհ կլինեն, քանի որ ոչ մի լուրջ գործով զբաղված չեն։ Ադրբեջանական հրամանատարը նշում էր նաև, թե աֆղանները սանձարձակ են և անկառավարելի։ Դատելով մեր ձեռքին եղած վավերագրային փաստերից, աֆղան-վարձկանները, այդուամենայնիվ, անգործ նստած չէին։ Արաբերեն և պարսկերեն փաստաթղթերը հաստատում են, որ աֆղանները հաշվարկներ էին անում հրետանային մարտերի համար, ընդ որում` խորհրդային ռազմական տեխնիկայով։
ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ադրբեջանն իսլամական պետությունների իրական աջակցությունը չի վայելում որպես քրիստոնյա Հայաստանի հետ ռազմաքաղաքական առճակատման մեջ գտնվող երկիր։ Չնայած իսլամական համաժողովներում և ՄԱԿ-ում իսլամական պետությունները քվեարկում են հօգուտ Ադրբեջանի, գործնական քաղաքականության մեջ և նյութական օգնության ոլորտում Ադրբեջանն իսլամական պետությունների որևէ շոշափելի աջակցություն չի զգում։ Մինչ օրս Ադրբեջանին Իսլամական բանկի ցուցաբերած ամբողջ օգնությունը մոտ 22 մլն դոլար է, իսկ ընդհանուր առմամբ, Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի մարդասիրական օգնությունը 10 տարում կազմել է ոչ ավելի, քան 15 մլն դոլար։ Միաժամանակ, Իրանի, Սիրիայի, Լիբանանի, Թուրքմենստանի, Իրաքի և Տաջիկստանի դիրքորոշումն ուղղված է այն բանին, որ Իսլամական կոնֆերանս կազմակերպությանը (ԻԿԿ) թույլ չտրվի ընդունել Հայաստանի դեմ ուղղված արմատական որոշումներ։ Ադրբեջանը, փաստորեն, վայելում է միայն Թուրքիայի և Պակիստանի աջակցությունը։ Իրանն ու Սիրիան, բացի տնտեսական լայն համագործակցությունից, Հայաստանին ու ԼՂՀ-ին ամենամյա մարդասիրական օգնություն էլ են տրամադրում։ Հայաստանը, Իրանն ու Թուրքմենստանը ստեղծել են իրականորեն գործող աշխարհատնտեսական դաշինք։ Հայաստանն Իրաքի համար առավել բարդ ժամանակաշրջանում նրա հետ բավականին սերտ քաղաքական ու տնտեսական հարաբերություններ է հաստատել։ Արաբական բոլոր երկրները, Իրանը և իսլամական մյուս պետությունները խիստ քննադատաբար և անգամ թշնամաբար են վերաբերվում Ադրբեջանին, որպես մի պետության, որն Իսրայելի ռազմաքաղաքական գործընկերն է և անվերապահորեն կատարում է ԱՄՆ-ի բոլոր պահանջները։ Իրանի, Սիրիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Իրաքի, Թուրքմենստանի ու Տաջիկստանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը համարում են իրենց բնական քաղաքական գործընկեր։ Հայաստանը հարաբերություններ ունի նաև պաղեստինյան վարչակազմի հետ։ Հայաստանն արաբական պետությունների և Իրանի համար հետաքրքրություն է ներկայացնում նաև որպես Ռուսաստանի ռազմաքաղաքական գործընկեր։ Սակայն անգամ ռուս-արաբական և ռուս-իրանական հարաբերությունների վատացման ժամանակաշրջանում Հայաստանի հետ այդ երկրների հարաբերությունները մնում են հարթ ու բարեկամական։ Հայերը, որոնց թիվն այդ երկրներում մոտ 700 հազար է, ամենախոշոր քրիստոնեական համայնքներից են։ Արաբական և մուսուլմանական երկրներում հայ համայնքների բազմադարյան գոյությունն ԱՄՆ-ում համարվում է արտաքին քաղաքականության հետաքրքիր մի ռեսուրս։ ԱՄՆ-ի վարչակազմում շատ հայեր են զբաղված մերձավորարևելյան, կովկաս-կասպիական և կենտրոնասիական ուղղություններում։ Տվյալ պայմաններում Ադրբեջանն այդպես էլ չի կարողացել փոքրիշատե լուրջ դիրքեր նվաճել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և Կենտրոնական Ասիայում։ Հարկ է նշել, որ Թուրքիային և Ադրբեջանին չի հաջողվել թուրքախոս պետությունների միասնական ճակատ ստեղծել ընդդեմ Հայաստանի։ Ղազախստանը, ՈՒզբեկստանն ու Ղրղզստանը, ինչպես նաև պարսկախոս իսլամական Տաջիկստանը Հայաստանի դաշնակիցներն են Հավաքական անվտանգության պայմանագրի գծով։ Հայաստանը, հակառակ Հյուսիսային Կովկասում հակահայ տրամադրություններ բորբոքելու Ադրբեջանի ակտիվ փորձերի, սերտ հարաբերություններ ունի Դաղստանի, Ինգուշիայի, Կաբարդաբալկարիայի, Ադղեայի, Օսիայի և Աբխազիայի հետ։ Հյուսիսային Կովկասի հայ համայնքները կովկասյան այդ հանրապետությունների համար դարձել են առողջապահության կադրերի պատրաստման, ինչպես նաև շինարարության ոլորտում անհրաժեշտ աջակցության, գինեգործության և թեթև արդյունաբերության զարգացմանը նպաստող կարևոր գործոն։
ՉԵՉԵՆԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ
1999-ին չեչենական ազգային շարժման պաշտոնական գաղափարաբան Մովլադի ՈՒդուգովը հայտարարեց, թե Չեչնիայի նպատակներից մեկն էլ հայերից Լեռնային Ղարաբաղի ազատման գործում եղբայրական Ադրբեջանին օգնություն ցուցաբերելն է։ Այն ժամանակահատվածներում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները շարունակում են գաղտնի բանակցությունները ղարաբաղյան հարցի կարգավորման խնդրի շուրջ, բուն դիմակայության ձևաչափն ընդունակ է փոփոխվելու։ Հիշեցնենք, որ երբ չեչեն խռովարարների ջոկատները ներխուժեցին Դաղստան, Շամիլ Բասաևը հայտարարեց, թե դրանից հետո հերթը Լեռնային Ղարաբաղինն է։ Հյուսիսային Կովկասում իսլամական պետության ստեղծումը, նրա ասելով, կդնի «մնացած բոլոր մուսուլմանական հողերի ազատագրման» գործընթացի սկիզբը։ Հայաստանում այս ռազմաշունչ հայտարարությունը ցիտում էին առանց նկատելի անհանգստության։ Պատերազմը Դաղստանում թվում էր ավարտ չունեցող։ Եվ բացի այդ, Երևանում և Ստեփանակերտում լավ են հիշում, որ չեչեն իսլամականները մեկ անգամ արդեն փորձել են օգնել Ադրբեջանին` ճեղքելու ղարաբաղյան պաշտպանությունը, սակայն ապարդյուն։ 1993-94 թթ. չեչեն զինյալների ջոկատը Շամիլ Բասաևի հրամանատարությամբ փորձում էր Մարտակերտի ուղղությամբ` Լեռնային Ղարաբաղի Կարմիրավան գյուղի մոտ, ճեղքել պաշտպանության ճակատը։ Լեռնային Ղարաբաղում գտնվելու վեց ամսվա ընթացքում մոտ 600 հոգուց բաղկացած չեչենական այդ ջոկատը 188 զոհ տվեց և 1994 թ. փետրվարի սկզբին լքեց մարտադաշտը` այդ մասին անգամ չզգուշացնելով ադրբեջանական զինվորական հրամանատարությանը։ Բասաևը հոդվածիս հեղինակին ռադիոկապով բացատրեց, որ «Մեզ ասում էին, թե հայերի թիկունքին կանգնած են ԱՄՆ-ն ու ամբողջ աշխարհը, իսկ ադրբեջանցիները հերոսաբար մարտնչում են քրիստոնեական ստվարաթիվ բանակի դեմ, որի շարքերում կռվում են միայն ռուսներ ու ֆրանսիացիներ։ Իրականում այս պատերազմն ադրբեջանցիներին պետք չէ։ Նրանք իրենց հողի համար չեն ուզում կռվել։ Ամբողջ առաջավոր գիծը լի է լքված ռազմական տեխնիկայով, գյուղերում հազարավոր դասալիքներ կան։ Մենք հեռանում ենք և համարում, որ մեր այստեղ գտնվելը ժամանակի զուտ կորուստ է։ Առաջարկում եմ Ձեզ մեր հետևից կրակ չբացել։ Մենք, իրոք, հեռանում ենք»։ Չեչնիայում դաշնային ուժերի վերջին հաջողությունները, կարծես, բասաևյան սպառնալիքն է՛լ ավելի մտահայեցողական են դարձնում։ Այնուամենայնիվ, ղարաբաղյան ճակատում չեչենական ջոկատների հայտնվելու հնարավորություն գոյություն ունի, և դա բավականին իրական է թվում։ Դա կարող է ապագայում լինել։ Դրա պատճառը դաշնային ուժերի տակտիկան է, որոնք ընտրել են իրենց հսկողության տակ գտնվող տարածքներից խռովարարների աստիճանական դուրսմղման եղանակը։ Դրա պատճառով Բասաևի և Խատաբի բանդաները սեղմվեցին վրացական սահմանին։ Նրանք պարզապես ուրիշ ելք չունեին, քան ճեղքել վրացական սահմանապահների նոսր շարքերն ու հայտնվել Հարավային Կովկասում։ Այդ սպառնալիքը միշտ էր անհանգստացնում Թբիլիսիին։ Ի դեպ, Վրաստանը, որպես քրիստոնեական երկիր, ուր մինչև հիմա էլ լավ են հիշում կովկասյան ցեղախմբերի արյունալի հարձակումները, հազիվ թե հետաքրքրի գրոհայիններին որպես վերջնական նպատակ։ Նրանց համար ավելի հուսալի ու տևական ապաստան կարող է դառնալ մոտակա Ադրբեջանը, որտեղ Դաղստանի իրադարձություններն անվանում են «ազգային ազատագրական պայքար»։ Իհարկե, չեչենական բանդաների մուտքը Ադրբեջան այդ երկրի համար բազմաթիվ վտանգներով է հղի։ Բայց ակնհայտ են նաև լուրջ շահեր։ Տանիք տալով «հավատի մարտիկներին», Բաքուն կարող է ակնկալել ֆունդամենտալիստական երկրների ու կազմակերպությունների նյութական լուրջ աջակցությունը, ինչն օրախնդիր է Ադրբեջանը երկրորդ Քուվեյթի վերածելու պլանների ձախողման պայմաններում։ Բացի այդ, առիթ է ստեղծվում Իրանի հետ հարաբերությունների կարգավորման համար, որը տևական հապաղումներից հետո, այնուամենայնիվ, դատապարտեց ռուսական գործողությունները Չեչնիայում և պահանջեց դադարեցնել դրանք։ Իսկ գլխավորն այն է, որ Ադրբեջանը կստանա լավ վարժեցված ու զինված ստվարաթիվ բանակ, ինչպիսին նրան դեռ չի հաջողվել ստեղծել։ Ի դեպ, ադրբեջանական կողմի հարաբերական ռազմական թուլությունն է մեծապես կանխորոշել երկարատև զինադադարի պահպանումը ղարաբաղյան ճակատում։ Չեչենական ուժեղ ջոկատների առկայությունը, ղարաբաղյան հարցում իշխանությունների քաղաքականությունից ընդդիմադիր շրջաններում ահագնացող դժգոհության զուգորդմամբ, կարող է Բաքվին մղել հերթական անգամ պրոբլեմն ուժային եղանակով լուծելու փորձի։ Մարտական գործողություններ սկսվելու դեպքում դրանք անխուսափելիորեն կտարածվեն հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Իրադարձությունների նման զարգացումը Ռուսաստանին դժվարին ընտրության խնդիր կառաջադրի։ Որպես Երևանի ռազմավարական գործընկեր և դաշնակից` Մոսկվան պարտավոր պետք է լինի հայկական կողմին ցուցաբերելու համակողմանի աջակցություն, ընդհուպ ռազմական։ Առավել ևս, որ մարտական գործողություններին չեչենական ջոկատների մասնակցությունը Ղարաբաղում դիմակայության հերթական բռնկմանը կհաղորդի վահաբականության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի բնույթ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ