ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՈՐ ԼԻԱԹՈՔ ՇՆՉԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆԸ

ՈՐ ԼԻԱԹՈՔ ՇՆՉԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆԸ
24.05.2011 | 00:00

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Դեռևս 2007-ին, նախկին նախագահին հղած իմ բաց նամակում, առաջարկել եմ Երևանի ճիշտ կենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ, Սայաթ-Նովա և Տերյան փողոցների հատման ստորգետնյա հատվածում կառուցել մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի լրացուցիչ մուտք ու ելք, որի արդյունքում առնվազն 80 %-ով կավելանա ուղևորների թիվը, ինչը երկրին կբերի տարեկան մոտ 2 մլն դոլարի լրացուցիչ եկամուտ:
Այն զգալիորեն կբեռնաթափի ավտոխցանումներով գերհագեցած, այսօր արդեն աղետալի վիճակում հայտնված Երևանի կենտրոնը: Առաջարկության նպատակը չափազանց մեծ փոխադրական պոտենցիալ ունեցող Երևանի մետրոպոլիտենի հնարավորություններն անմնացորդ օգտագործելն է` ի նպաստ քաղաքի փոքր կենտրոնի տրանսպորտային դժվարին և բարդ խնդիրների լուծման ու կարգավորման: Երևանի վերակառուցվող, արագ փոփոխվող կենտրոնի պայմաններում մետրոպոլիտենը, ցավոք, նվազագույնն է ծառայում նրա տրանսպորտային համակարգի նորմալ կայացմանը, կարծես շրջանցելով քաղաքի փոքր կենտրոնը։ Եվ զարմանալի չէ, որ այսօր մետրոյի ծառայությունից օգտվում է քաղաքային տրանսպորտից օգտվողների 6-8 %-ը միայն:
Մետրոյի այդ նոր մուտքը, ընդամենը շարժասանդուղքի (էսկալատորի) և մի քանի տասնյակ մետր ստորգետնյա թունելի օգնությամբ, կմիանա «Երիտասարդական» կայարանի ընդարձակ կառամատույց-սրահին (գծագրում պահպանված է մասշտաբային ճշտությունը), այսինքն, «Երիտասարդական» կայարանը կունենա ևս մեկ լրացուցիչ մուտք ու ելք՝ Սայաթ-Նովա փողոցի վրա` Կարապի լճի հարևանությամբ:
Առաջարկվող մուտք ու ելքի տեղն ու աշխարհագրական դիրքը հասանելի և շատ մոտ են բազմաթիվ պետական, ուսումնական հաստատություններին, մշակույթի օջախներին, հյուրանոցներին, հանգստյան պուրակներին, բազմազան կենցաղսպասարկման ձեռնարկություններին, անթիվ սրճարաններին ու ռեստորաններին, առևտրի զանազան կենտրոններին, Ազատության հրապարակին` այնտեղ հաճախակի կազմակերպվող տոնական համերգներով, շոուներով, ձմռանը՝ Կարապի լճի սահադաշտին և այլն: Հատկապես կարևոր և անգնահատելի է նրա մոտ գտնվելը Հյուսիսային պողոտայի համալիրին և Կասկադին՝ իրենց բազմահազարանոց բնակիչներով և այցելուներով:
Առաջարկված տեղում մետրոյի լրացուցիչ մուտքի հնարավոր առկայության հանգամանքը կարող է հեղաշրջել մայրաքաղաքի կենտրոնի ողջ տրանսպորտային համակարգը՝ զգալիորեն կրճատելով փոքր կենտրոն տանող վերգետնյա բոլոր տեսակի փոխադրամիջոցները, այդ թվում` և երթուղային գծերը, որի ռացիոնալ և խելամիտ լուծման և կարգավորման դեպքում փոքր կենտրոնը ձեռք կբերի նոր կարգավիճակ և իմաստ, դրանով իսկ կդառնա կենտրոնի ևս մեկ՝ յուրօրինակ այցեքարտը: Կնվազի օդի աղտոտվածությունը: Չնախատեսված հանգամանքներում (արտակարգ իրավիճակներ) կամ էլ խիստ անհրաժեշտության դեպքում կօգնի հնարավորինս արագ, ապահով, առանց որևէ (վերգետնյա տրանսպորտին հատուկ) խոչընդոտների, սեղմ ժամկետում «դատարկել» կենտրոնը բնակիչներից: Շեշտակի կավելանա մետրոյից օգտվողների թիվը, և շատ հնարավոր է, որ դրա հետագա շահագործումը մոտ ապագայում կդառնա շահութաբեր, ինչն իր հերթին մետրոպոլիտենին կօգնի աշխատելու առանց պետական ֆինանսավորման: Հօգուտ մետրոպոլիտենի կփոխվի նաև վերգետնյա տրանսպորտի ծառայությունից օգտվողների քանակական հարաբերակցությունը: Չի բացառվում, որ մետրոյի ծառայությունից օգտվողների թվի շեշտակի ավելացումը հնարավորություն կընձեռի ստորգետնյա այս փոխադրամիջոցն աշխատեցնելու մինչև ուշ գիշեր (հերթապահ ռեժիմով):
Ցավոք, առաջին բաց նամակս ժամանակին մնաց անարձագանք, և ես ստիպված էի երկու տարի անց առաջարկությունս ներկայացնել ՀՀ Հանրային խորհրդի դատին (10.11.09 թ.)` ակնկալելով արդար և մասնագիտական քննարկում: Սակայն ՀԽ-ի քաղաքաշինության ենթահանձնաժողովն այդ հարցի առիթով կազմակերպված քննարկման ժամանակ, որին ներկա էի նաև ես, ոչ լրիվ հիմնավորված, կողմնակալ պատճառաբանություններով կտրուկ մերժեց առաջարկս, հաշվի չառնելով իմ ներկայացրած փաստարկները: Ավելին՝ հանձնաժողովն իր զեկուցագրով ապատեղեկացրեց ՀԽ-ի նախագահին, հավաստիացնելով, թե 2005-ին կազմված Երևանի գլխավոր հատակագծում մետրոպոլիտենի զարգացման հեռանկարային պատկերում (նախագծում) արտացոլված է պրն Հաջինյանի առաջարկած լուծումը, այն է` մետրոյի մուտք ու ելք նաև Կարապի լճի կողմից, որը, մեղմ ասած, չի համապատասխանում իրողությանը: Վերոհիշյալ նախագծով մոտ ապագայում նախատեսվում է մուտք ու ելք բացել ոչ թե Սայաթ-Նովա և Տերյան, այլ Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների հատման տեղում, Կաթողիկե եկեղեցու մոտ, որի մասին ես հասցրել էի տեղեկանալ նախքան ՀԽ-ին դիմելը: Թերևս հենց այդ տեղեկությունն ինձ դրդեց դիմելու ՀԽ-ին:
Համոզված եմ, որ այս երկրորդ տարբերակը քիչ հեռանկարային է և, ինչ-որ տեղ, չարդարացված, քանզի բավականին հեռու կգտնվի Կարապի լճին հարակից և նրան մոտակա բոլոր վերը թվարկված հասարակական հաստատություններից և օբյեկտներից, ինչի պատճառով էլ, բնականաբար, շահագործման առաջին իսկ օրվանից դրա շահավետության աստիճանն անհամեմատ փոքր կլինի, քան Կարապի լճի հարևանությամբ ելք ու մուտքի դեպքում: Կարծում եմ` այս կարծիքին համամիտ կլինի երևանցիների (և ոչ միայն երևանցիների) բացարձակ մեծամասնությունը:
Ցավալի է, որ յուրաքանչյուր երևանցու համար կենսական նշանակություն ունեցող հարյուր և ավելի տարիների համար նախատեսված հանրային կառույցները կյանքի ուղեգիր են ստանում առանց լուրջ սոցիոլոգիական հարցումների, մանրակրկիտ և արդարացի վերլուծության, առանց հաշվի առնելու երևանցիների կարծիքն ու ցանկությունը։
Կրկնակի ցավալի է, որ հանրապետական նշանակության հսկայածավալ շինություններն անգամ (Հյուսիսային և Գլխավոր պողոտաները Երևանում) վերջին 7-8 տարում կառուցվել և այսօր էլ կառուցվում են ընդամենը մի խումբ մարդկանց որոշմամբ և հովանավորությամբ, ինչի պտուղներն այսօր, ցավոք «ըմբոշխնում» են շարքային երևանցիները:
Այնինչ, համապետական նշանակության հանրային օբյեկտների, տվյալ դեպքում` մետրոյի լրացուցիչ մուտք ու ելքի տեղի ընտրության հարցը երբևէ չպետք է որոշվի միայն քաղաքապետի, քաղաքի գլխավոր ճարտարապետի գրասենյակներում՝ մեկ կամ մի խումբ իշխանավորների ցանկությամբ, քմահաճույքով կամ պարտադրանքով, չպետք է կապվի կամ ածանցվի ինչ-ինչ երկրորդական նշանակության հանգամանքների՝ հատկացվելիք գումարի, տարբեր բիզնես-պրոյեկտների, ստորգետնյա ավտոկայանատեղիների, հեռանկարային այլ շինությունների կառուցման պլանների կամ անգամ այն փաստի հետ, որ Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ մետրոյի լրացուցիչ մուտքի նախագծումն այսօր ընթացքի մեջ է և այլն:
Հուսով եմ` ՀՀ գործող նախագահին կհետաքրքրի, ավելին, կշահագրգռի երևանցիներիս համար չափազանց արդիական ու անհետաձգելի, գուցե և ուշացած այս հարցը և դրա վերջնական լուծման ժամանակ անպատճառ հաշվի կառնվեն շարքային քաղաքացիներիս կարծիքը, ցանկությունը, գնահատականն ու շահը:
Սերգեյ ՀԱՋԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ