ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«2011-Ը ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»

«2011-Ը ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»
05.04.2011 | 00:00

Ըստ մեր աղբյուրի` քաղաքաշինության նախարարը Ջրաշենում իրականացվող անհատական տների շինարարության հետ կապված աշխատավարձերի հարցը նույն օրը ևս մեկ անգամ քննարկել է «Գլենդել Հիլզ» ընկերության հետ և հանձնարարել է խնդիրը խորապես ուսումնասիրել։
Մեր այս տեղեկությունը քաղաքաշինության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում ոչ միայն հաստատեցին, այլև նշեցին. «Շաբաթ և երկուշաբթի օրերին իրականացվել է խնդրի ուսումնասիրություն և, ըստ նախնական տվյալների, խնդիրը կապված է ենթակապալառու կազմակերպության հետ, որը տեղի կազմակերպություն է»։ Հիշեցնենք, որ Լոռու մարզի Գետաշեն գյուղում, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի այցելության ժամանակ, աշխատավարձերի խնդիրը բարձրացրեց միայն մեկ շինարար։ Այլ կերպ ասած, բարձրացված խնդիրը չանտեսվեց, ավելին` նախարարությունում նշեցին, որ այն մոտ օրերս կկարգավորվի, ինչը շատ հավանական է։ «Պետբյուջեն շինարարին պարտք չունի»,- վստահեցրեց նախարարը, իսկ ենթակապալառու ընկերության ներկայացուցիչներն այն չժխտեցին։
Անցած ուրբաթ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն այցելել էր Լոռու մարզի Գետաշեն և Սարամեջ գյուղեր` տեղում ստուգելու երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրի ընթացքը։ Պարզվեց, սա նախարարի առաջին այցը չէ, գյուղացիներն օտարի պես չէին ընդունում նրան։ «Էս մարդն ամսվա մեջ մի քանի անգամ մեր գյուղն ա գալիս»,- մեզ ասացին գյուղի բնակիչները։ Իսկ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ շինարարների և շահառուների հետ նախարարի հանդիպումները տեղում պարբերական բնույթ ունեն։ Ինչ խոսք, սրտաբաց ընդունելությունը չխանգարեց գյուղացիներին նախարարին ներկայացնելու իրենց խնդիրները։ Ասել, որ դրանք սոսկ ծրագրին էին առնչվում, սխալ կլինի։ Նրանք խոսում էին և՛ լրացուցիչ բնակարանների անհրաժեշտության, և՛ առկա գործազրկության, և՛ ճանապարհների անսարքության, մի խոսքով, իրենց հուզող բոլոր խնդիրներից։ Սակայն, միևնույն ժամանակ, շատ գոհ էին, որ, ի վերջո, երկրաշարժից 23 տարի անց կարող են իրենց տունն ունենալ։ Այլ կերպ ասած, նշված ծրագիրը նպատակ ունի մարդուն վերադարձնելու մարդավայել ապրելու բնական իրավունքը։ «Երկրաշարժից տուժած գոտում բնակարանային շինարարություն իրականացնելու համար այս տարի հատկացվելու է 26 մլրդ դրամ։ Այս ծրագիրը և՛ ֆինանսական, և՛ ժամանակին իրագործելու, և՛ ցանկացած այլ առումով գտնվում է ՀՀ նախագահի անմիջական հսկողության տակ, և մենք ստացել ենք հստակ հանձնարարական, որը հետևողականորեն իրականացնում ենք»,- լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքաշինության նախարարը։ Լոռու մարզում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրով հաշվառված է 2233 ընտանիք, որից 1727-ը բնակարանային շինարարության շահառու է, իսկ մնացած հատվածի համար խնդիրը լուծվելու է ԲԳՎ-ների միջոցով։ Պետք է նշենք, որ ԲԳՎ-ների միջոցով բնակարան ձեռք բերող ընտանիքների թիվն զգալիորեն փոքր է։ Հաջորդ կարևոր քայլը, որ այս ծրագրում իրականացվում է, շահառուի ուղղակի մասնակցությունն է իր տան շինարարությանը։ Մեր տեղեկության համաձայն` աղետի գոտու բնակիչները փոքրիկ խմբեր են կազմում և, որպես «խոպանչի», աշխատում են ոչ միայն իրենց, այլև մյուս բնակարանների շինարարության վրա։ Սա նշանակում է, որ տեղի բնակչությանը շինաշխատանքներում ներգրավելու ՀՀ նախագահի ցանկությունն իրականացվում է։ Օրինակ, Սարամեջ և Ջրաշեն գյուղերում դա խիստ նկատելի էր։ Մեզ հետ զրույցում Վարդան Վարդանյանն ասաց, որ Լոռու մարզի գյուղական համայնքներում շինարարական աշխատանքներում ներգրավված բնակիչների թիվը 1520-ն է, որոնց աշխատավարձը 150-ից 170 հազար դրամ է։ Եթե հաշվի առնենք, որ գյուղական համայնքներում աշխատատեղեր չկան, ապա նշված աշխատանքն ուղղակի «ոսկու կարաս» է բնակիչների համար։ Բացի սոցիալական խնդրից, յուրաքանչյուրը, իր բնակարանի վրա աշխատելով, ոչ միայն սրտացավ մոտեցում կցուցաբերի, այլև պատասխանատվություն կկրի տան շինարարության որակի համար։
Պետք է նշենք, որ Սարամեջ գյուղում առանձնակի խնդիրներ չբարձրացվեցին, իսկ Ջրաշենում հարցեր կային, մասնավորապես, ծրագրից դուրս մնալու վերաբերյալ, սակայն հարց ու պատասխանի ժամանակ պարզվեց, որ որոշ մարդկանց փաստաթղթերը կա՛մ թերի են ներկայացված եղել, կա՛մ էլ չեն համապատասխանում ծրագրով սահմանված չափորոշիչներին։ «Բոլոր նման այցերի ժամանակ այն ընտանիքները, որոնք ընդգրկված չեն այս ծրագրում, պահանջում են իրենց ևս ընդգրկել։ Հստակ կարող եմ ասել, որ ծրագրում ընդգրկվում են այն ընտանիքները, որոնք ներկայացնում են նախատեսված բոլոր փաստաթղթերը։ Իսկ բողոքող կողմը նրանք են, ովքեր, ճիշտ է, բնակարանային խնդիր ունեն, բայց ոչ թե երկրաշարժից անօթևան մնացած, այլ նոր կազմավորված ընտանիքներ են կամ բնակարանային պայմանները բարելավելու պահանջ ունեն»,- ասաց քաղաքաշինության նախարարը։ Իսկ թե ինչով է պայմանավորված այն, որ մի գյուղում նման խնդիրներ կային, իսկ մյուսում` ոչ, կարծում ենք, պատճառը գյուղապետերի կողմից աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպումն է. նրանք պետք է իրենց բնակիչներին ժամանակին իրազեկեին վերջիններիս իրավունքների մասին։
Ինչ խոսք, նշված ծրագիրը երկար սպասված էր, սակայն պետք է ընդգծենք, որ բնակարանային պահանջը շատ մեծ է նաև գյուղական համայնքներում, ինչը բնական է, քանի որ անցած 23 տարում ընտանիքները մեծացել են, իսկ սոցիալական կացությունը թույլ չի տալիս գյուղացուն տուն կառուցել։ Սա, իսկապես, լուրջ խնդիր է, որը լուծման անհրաժեշտություն ունի։ Ինչպե՞ս է այն կարգավորվելու։ «Այդ խնդիրը մշտապես օրակարգում է, բայց, ցավոք, ողջ երկրում, հատկապես Լոռու և Շիրակի մարզերում բնակարանի կարիք ունեցող անօթևանների թիվը շատ մեծ է։ Այս ծրագիրը լուծում է միայն երկրաշարժի պատճառով բնակարանը կորցրած ու առայսօր բնակարան չստացած ընտանիքների խնդիրը։ Առաջիկայում իրագործվելու են այլ ծրագրեր, որոնք բնակարանով ապահովելու են տեխնածին կամ այլ պատճառներով բնակարանից զրկված, նոր կազմավորված կամ բնակարանային պայմանները բարելավելու անհրաժեշտություն ունեցող ընտանիքներին։ Այժմ մենք մշակում ենք առանձին հայեցակարգ, որն ավարտելուց հետո նախագիծը կներկայացնենք կառավարությանը։ Իսկ մինչ այդ պետք է ընդգծեմ, որ այժմ էլ, աղետի գոտու ծրագիրն իրականացնելու ընթացքում, որոշակի վերանայումներ ենք կատարում շահառուների պահանջները բարելավելու ուղղությամբ, քանի որ երկրաշարժից տուժած այս ընտանիքներում ևս համալրումներ են եղել։ Բազմաթիվ են դեպքերը, երբ ծրագրում ընդգրկվելու պահին երկսենյականոց բնակարանի շահառու դարձած ընտանիքները հիմա արդեն ստանալու են չորս կամ հինգսենյականոց բնակարան»,- մեր հարցին ի պատասխան պարզաբանեց Վարդան Վարդանյանը։
Նշենք, որ Լոռու մարզի գյուղական համայնքներում այս ծրագրով իրականացվում է անհատական տների շինարարություն։ Ըստ գյուղացիների` 2009-ի համեմատ շինարարական գործընթացը 2010-ին ավելի դանդաղ է ընթացել։ Մեզ հետ զրույցում նշվածը չբացառեց նաև մարզպետ Արամ Քոչարյանը. «2010-ին այս ծրագրի շրջանակներում Գյումրիում աշխատանքները մեծածավալ են, այդ պատճառով էլ աշխատանքները մի փոքր դանդաղեցին։ Մենք դա հասկանում ենք և գիտակցում, որ երկու ճակատով լայնածավալ աշխատանք իրականացնելը դժվար է։ Այս տարի շինարարներն ավելի մեծ հնարավորություն ունեն Լոռու մարզի գյուղական համայնքներին ուշադրություն դարձնելու, քանի որ և՛ ֆինանսական հատկացումներն են ավելացել, և՛ հզորություններն են մեծացել։ Այնպես որ, 2011-ը բեկումնային պետք է լինի»։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2460

Մեկնաբանություններ