«Մինչդեռ մեզ մոտ հայկական մշակույթը Գրիգոր Լուսավորիչը ոչնչացրեց քրիստոնեություն ընդունելու ընթացքում», «Իրատես de facto»-ի թիվ 26 (236)-ում եզրակացնում է հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու, մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը։ Եվ այդ բառերը «Արժեհամակարգ» խորագրի ներքո հրապարակման մեջ նա գրում է մեր ազգային և համաշխարհային մեծագույն սրբի` Գրիգոր Լուսավորչի մասին, ում ժամանակին բազմաթիվ ներբողներ են նվիրել (այդ թվում և` սուրբ Հովհան Ոսկեբերանը)։ Որտեղի՞ց է հեղինակը վերցրել այն տեղեկությունը, թե «ՈՒրֆա քաղաքում կար Ալեքսանդրիայի գրադարանին չզիջող հայկական մեծ գրադարան, նա վառեց-ոչնչացրեց այդ գրադարանը»։ Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ` սխալ, սուտ և ապակողմնորոշող տեղեկություն է։
Հասկանալի է, հեղինակն ամբողջ հոգով դեմ է քրիստոնեությանը, որքան էլ հետո շարունակում է. «Համարում եմ, որ քրիստոնեությունը մեր հեթանոսական կրոնի տրամաբանական զարգացումն է»։ Հեթանոսությունը «մերն» է, իսկ քրիստոնեությունը` Աստված գիտե, այո՞։ Եթե հեղինակը չլիներ սլավոնական համալսարանի դասախոս` մանկավարժ, ես մեծ հաճույքով կլռեի, բայց, ավա՜ղ...
Չէի ուզենա մի թշնամի էլ ձեռք բերել, այնուամենայնիվ, չեմ կարող լռել ու չհարցնել` պարոն Վահրադյան, ինչպե՞ս կարելի է ուսանողների գլուխը (գլուխը դեռ ոչինչ), սրտնե՜րը լցնել նման դեստրուկտիվ վերաբերմունքով առ սուրբ Գրիգոր Լուսավորիչ։
Նկատե՞լ եք, մեր շատ մտավորական-ինտելեկտուալների մեջ զարմանալի մի բան կա, ինչն անգամ իրենք` մի փոքր զմայլված իրենց ինտելեկտով, չեն նկատում։ Դա աթեիզմն է, ինչը նրանք ժառանգել են բոլշևիկ տատիկներից ու հայրիկներից, և ինչը նենգաբար դարձել է նրանց մեջ ինչ-որ անհայտ բնույթի հեթանոսություն։ Եվ... չափազանց ագրեսիվ, որովհետև նրանք, օգտվելով մեր եկեղեցու «աշխատողների» տգիտությունից ու անտարբերությունից, շպրտում են այդ «հեթանոսությունը» աջ ու ձախ թե՛ իրենց բանավոր, թե՛ գրավոր խոսքում։
Կարծում եմ, վաղուց ժամանակն է, որ մեր «սրբազանները» վերջապես արթնանան և մտաբերեն, թե ինչի համար են եկել այս «անիրավ» աշխարհը։
Կարծում եմ, ստիպված ենք դիմելու տարբեր աղբյուրների` պարզելու` կարո՞ղ էր արդյոք Լուսավորչի նման մարդ-հրեշտակը «վառել-ոչնչացնել ՈՒրֆա քաղաքի հայկական մեծ գրադարանը»։ Ընթերցողը, եթե բնույթով ծույլ չէ և էությամբ պրպտող է, ապա շատ արագ կգտնի անհրաժեշտ կենսագրական տվյալները (հանրագիտարանից, համացանցից և այլն)։
Պարոն Վահրադյանը մեծ սիրով է գրում Սասունցի Դավթի ու նրա ասպետ լինելու մասին։ Իսկ Լուսավորիչը մի՞թե ասպետ չէ։ Հիշենք` նա արդեն ամուսնացած էր և ուներ երկու զավակ, երբ հանկարծ (որովհետև իրենից դա թաքցնում էին) իմանում է (նրան ասում են), որ հայրը մարդասպան է։ Ի՞նչ պետք է աներ նա։ Նրա հոգևոր հայրը (այդ ժամանակ դեռ գոյություն ունեին հոգևոր հայրեր) առաջարկում է միակ ու սարսափելի տարբերակը` թողնել ընտանիքը և գնալ ծառայության Տրդատ արքայի մոտ, ինչը նշանակում էր միայն մի բան` մահ։ Եվ այդ հայ մարդը, որը չափազանց շատ էր սիրում և՛ կնոջը, և՛ զավակներին, տիկնոջն ուղարկում է վանք, իսկ երեխաներին հանձնում բարեկամների խնամքին ու գնում դեպի մահ։ Տեսնում եք, մի քիչ փորձեցինք մարդկայնորեն (մարդավարի, սրտանց, մերձավորի նման) նայել այդ ոչ թե սխեմատիկ դարձրած կերպարին, այլ կենդանի, շատ ջերմ և իսկական տղամարդուն, մեծատառով ասպետին, և նա անսպասելի դարձավ և՛ Սասունցի Դավթից, և՛ Շեքսպիրի Համլետից շա՜տ ավելի հետաքրքիր և մինչ օրս էլ համարվում է «ամենա-ամենան»։
Հիշո՞ւմ եք, Համլետն էլ Օֆելյային է կուսանոց ուղարկում, բայց ինչքան ճղճիմ է դառնում այդ ամենը Լուսավորչի խնդրի համեմատությամբ, ինչքան ավելի ահռելի մեծ է ու խոր այդ հերոսի և ասպետի ողբերգությունը. նմանը չեմ հիշում համաշխարհային գրականության մեջ։ Իսկ այդ ամենի շարունակությո՜ւնը։ Մինչդեռ ասում եք` Ներսես Պատրի՜կը, Գիլգամե՜շը և այլն։ Պատասխանեք, խնդրեմ, կարո՞ղ էր արդյոք Ձեր և մեր սիրելի Սասունցի Դավիթը «ոչնչացնել հայկական մշակույթը»։ Եվ վերջին հարցը` այդ մեր շատ սիրված էպոսը ե՞րբ է ծնվել` Քրիստոսից առա՞ջ, թե՞ հետո. Դավիթը քրիստոնյա՞ էր, թե՞ հեթանոս։
Վերջում հավելեմ, պարոն Վահրադյան, որ Ձեր նշած «հայկական մտածելակերպը» զուտ քրիստոնեական է. հիշենք Գարեգին Նժդեհի մարտակոչերը. «Կանանց, ծերերին, մանուկներին ձեռք չտալ» և այլն։ Դա մեր ֆիդայիների օրենքն էր։ Օգտվելով առիթից, խնդրում եմ պատասխանել (քանզի ես Ձեր չափ չգիտեմ)` մի՞թե հեթանոսները կարող էին լինել ասպետ։ Անձամբ ես չեմ հիշում, որ աթեիստ-բոլշևիկները երբևիցե ասպետ լինեին։ Ինձ թվում է, որ Սասնա Ծուռն այդքան հմայիչ է, որովհետև նա համակված է Աստծո լույսով, Աստծո շնորհով...
Չմոռանամ նաև նշել, որ մեր տիեզերահռչակյալ քերթողահայր Մովսես Խորենացին այսպես է գրում Գրիգոր Լուսավորչի մասին. «Գրիգորն անցավ գնաց Տրդատի մոտ` հոր պարտքը հատուցանելու կամ իսկապես ասելով` վարժվելու և պատրաստվելու մեր երկրի առաքելության և քահանայապետության, ինչպես և մարտիրոսության վիճակին»։ Սա՛ է իսկական ասպետությունը։
Կներեք, եթե ակամա դիպա Ձեր քնքուշ, հեթանոսական ինքնասիրությանը։ Հարգանքով` Ձեր խոնարհ ծառա`
Պավել (կնքվելուց հետո` Պողոս) ԱՆԱՆՅԱՆ