ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՏՄԱՆ ԿԵՏՈՒՄ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՏՄԱՆ ԿԵՏՈՒՄ
26.10.2010 | 00:00

Տասնմեկ տարի առաջ կամ տասնմեկ տարի հետո:
Օրը խոստանում էր երկրի պատմության մեջ մտնել ամենայն հայոց 131-րդ կաթողիկոսի ընտրությամբ` Մայր աթոռ սուրբ Էջմիածնում նշանակված էր հոգևոր ու աշխարհիկ ներկայացուցիչների ժողովը:
Շարքային չորեքշաբթին Ազգային ժողովում ոչնչով չէր առանձնանալու նախորդների ու հաջորդների շարքում` ըստ կանոնակարգի աշխատանքային երրորդ օրվա վերջին նիստում կառավարության անդամները պատասխանելու էին պատգամավորների հարցերին:
Կառավարությունում արդեն պատրաստ էր 2000 թ. պետական բյուջեի նախագիծը, որի միայն ուղերձը 30 էջ էր` առաջին անգամ: Առաջին անգամ բյուջեի նախագծի ուղերձում հիմնավորվում էր ոչ թե մեկ, այլ 30 տարվա հեռանկարային զարգացման ծրագրի, արդյունաբերության և գյուղատնտեսության վերականգնման անհրաժեշտությունը:
Երկիրն ապրում էր սովորական կյանքով մինչև 17.12 րոպեն: 17.13 րոպեին հոկտեմբերի 27-ը մտավ աշխարհի պատմության մեջ իբրև Հայաստանի վարչապետի, խորհրդարանի նախագահի, փոխնախագահների, նախարարի, պատգամավորների սպանության օր:
1999 թ. հոկտեմբերի 28-ին հայտնի էին սպանվածների ու սպանողների անունները, հայտնի չէին կազմակերպիչների անունները, ոճրագործության պատճառներն ու նպատակները:
2010-ին նույնն է:
Յուրաքանչյուր իրեն հարգող ու իր երկրի պատմությունն իմացող ամերիկացի գիտի` ո՞վ է սպանել ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդուն, թեև պաշտոնապես բացահայտված չեն հանցագործության կազմակերպիչները, իսկ կատարողների հայտնի անունները ոչինչ չեն ասում: Սպանության հետաքննության արխիվները պետական գաղտնիք են առայսօր:
Հռոմեական իրավունքի հայտնի հարցն էլ առանձնապես մեծ պարզություն չի մտցնում, որովհետև թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս չափազանց մեծ թվով մարդիկ ու շահեր էին հայտնված նույն կետում: Բոլորին ձեռնտու էր թույլ ու թուլացող Հայաստանը, որովհետև թույլ` նշանակում է կառավարելի, թույլ` նշանակում է ենթարկվող, թույլ` նշանակում է պաշտպանության կարիք ունեցող...
Վճռական մենակի իր ծրագրերում Վազգեն Սարգսյանը հունիսից հոկտեմբեր հասցրեց գույքագրել ամբողջ երկիրն իր բոլոր ռեսուրսներով:
Նրա օրոք քաղաքական որոշում կայացվեց «Նաիրիտի», «Կանազի» գործարկման մասին, պետական վարկերի տրամադրումով արդյունաբերության վերագործարկումը վարչապետ Վազգեն Սարգսյանի թիվ 1 խնդիրն էր: Ազգային ժողովում էին անհրաժեշտ օրինագծերը` արդյունաբերության վերածնունդը օրենսդրորեն ապահովելու համար: Կարեն Դեմիրճյանը, առավել քան որևէ մեկը», լավ էր հասկանում այդ քայլի իմաստն ու կարևորությունը: Հոկտեմբերի սկզբին արդեն փակվում էին ամիսներով չվճարված աշխատավարձերի ու կենսաթոշակների պարտքերը: Ներքին ռեսուրսների հաշվին` Հայաստան ոչ մի դրամ դրսից չէր մտել այդ ընթացքում:
Ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերը շատ սերտ էին շաղկապված և բոլոր հարցերի սուր անկյունում մի մարդ էր` 40-ամյա վարչապետը:
Արտաքին քաղաքական օրակարգում Ղարաբաղի հարցի լուծումն էր, Թուրքիայի հետ սահմանի բացումը: Հոկտեմբերի 22-ին վարչապետ Վազգեն Սարգսյանն իրեն թույլ տվեց որոշ փակագծեր բացել Գյումրիում և վստահեցնել, որ կարճ, շատ կարճ ժամանակից իրավիճակ է փոխվելու:
Կարճ, շատ կարճ ժամանակից իրավիճակն իրոք փոխվեց, բայց բոլորովին այլ ուղղությամբ:
10 տարին, 10+... տարիներն այլևս ոչինչ են նրանց համար, ովքեր 1999 թ. հոկտեմբերի 27-ին զոհվեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Նրանց ժամանակը կանգ առավ:
Մնացածը մեր կյանքն է:
Օրը երկրի պատմության մեջ մտավ Ամենայն հայոց 131-րդ կաթողիկոսի ընտրությամբ, և նրա արտասանած առաջին ելույթն ընդմիջվեց մայրաքաղաքից Մայր աթոռ հասած գույժով:
2010-ին էլ շարքային չորեքշաբթին Ազգային ժողովում ոչնչով չի առանձնանա նախորդների ու հաջորդների շարքում. ըստ կանոնակարգի` աշխատանքային երրորդ օրվա վերջին նիստում կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին նույն դահլիճում, որտեղ արտաքուստ ոչինչ այլևս 1999 թ. չի հիշեցնում... բացի այն պատգամավորներից, որոնք 1999 թ. մի գիշեր պատանդ են եղել: Եվ հետո, բացի պատերից, կա պատմություն: Բացի պատմությունից, կա ճշմարտություն:
Կառավարությունն արդեն ԱԺ ներկայացրել է 2011 թ. պետական բյուջեի նախագիծը, որտեղ, ինչպես նախորդ ու հաջորդ տարիներին, ոչ մի խոսք չկա երկրի հեռանկարային զարգացման ծրագրի անհրաժեշտության մասին:
10 տարին, 10+... տարիներն այլևս ոչինչ են նրանց համար, ովքեր 1999 թ. հոկտեմբերի 27-ին զոհվեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Նրանց ժամանակը կանգ առավ: Ի՞նչ փոխվեց կանգ չառած մեր կյանքում... Երկիրը շարունակվեց բոլորովին այլ մեկնակետից և գնաց բոլորովին այլ ուղղությամբ: Թե ուր հասավ` յուրաքանչյուրն ունի իր պատմությունը: Ժամանակի, ժողովրդի ու առաջնորդի միասնության աստեղային ժամն ավարտվեց. մեր պատմության բարձրակետում մենք նորից հայտնվեցինք 0 կետում, որտեղ այլևս հենման կետը կայուն չէր, ու որտեղ ասես կարող էր կայանել խարիսխը կորցրած մեր նավը:
Յուրաքանչյուր իրեն հարգող ու իր երկրի պատմությունն իմացող ամերիկացի գիտի` ո՞վ է սպանել ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդուն:
Իսկ մե՞նք: Մենք գիտենք, որ կա իրականություն, կա պատմություն, կա ճշմարտություն: ՈՒ նրանք պիտի հանդիպեն: Թեպետ ոչինչ այլևս չի փոխվելու անցյալում, բայց կա թեկուզ անիմաստ, թեկուզ անհեթեթ, թեկուզ անօգուտ ձգտումը դեպի լույսն ու գոյության այն որակը, որտեղ ճակատագրի հետ «դու»-ով են խոսում երկրի աղը դարձած մարդիկ:
«Մենք փոսի մեջ ենք»:
«Մտածեք էս երկրի մասին»:
11 տարի առաջ և 11 տարի հետո:
Բաց ծովում խարիսխը կորցրած նավը ցամաքում էլ կարող է խորտակվել:
Բաց ծովում խարիսխը կորցրած նավը օվկիանոս էլ կարող է հասնել:
Բացի իրականությունից, պատմությունից, ճշմարտությունից կա անհրաժեշտություն և կա անխուսափելիություն:
Մնացածը հայտնի է: Կամ` հայտնի կդառնա: Մեզ: Կամ` մեր ժառանգներին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1213

Մեկնաբանություններ