ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԽՈՆԱՐՀՆԵՐԻՆ ՏԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է

ԽՈՆԱՐՀՆԵՐԻՆ ՏԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է
22.10.2010 | 00:00

«Նայեցե՛ք հին ազգերին, և տեսեք՝ ո՞վ հավատաց Տիրոջը և ամոթով մնաց» (Իմաստություն Սիրաքի 2.11)
Շատերս ենք լսել ղպտիներ բառը, բայց հաճախ չենք իմացել, թե խոսքն ում մասին է։ Այս սեղմ հրապարակման միջոցով փորձենք ավելի մոտիկից ծանոթանալ ղպտիների հետ, քանի որ նրանք մեր Հայ առաքելական եկեղեցու դավանակից եղբայրներն են, այն էլ դարերով հավատարիմ մնալով։
Եվ այսպես, նախ իմանանք, որ ղպտիները նույն եգիպտացիներն են, այսինքն` փարավոնների արյունակից ժառանգորդները։ Նրանց նախնիներն են կառուցել փարավոնների բուրգերը, որոնց մասին խորհրդաբանորեն ասված է. «Ամեն ինչ վախենում է ժամանակից, իսկ ժամանակը՝ բուրգերից», քանի որ մարդու ձեռքով կառուցած ամենահին շինությունների մեջ միայն սրանք են կանգուն մնացել մինչ օրս: Նրանց մասին բազմիցս է գրվել Աստվածաշնչում, քանի որ Եգիպտոսը եղել է ու է Իսրայելի ամենամերձավոր հողակիցը և ինչ-որ տեղ էլ Իսրայել ազգի աճման ու բազմացման շտեմարանը, քանի որ երբ Տերն Աբրահամ նահապետին տարավ Պաղեստին ու խոստացավ այդ երկիրը տալ նրա սերնդին, Աբրահամն իր եղբոր՝ Ղովտի ընտանիքի հետ մեկտեղ փոքրաթիվ էին ու այդ երկիրը ժառանգելու մարդկայնորեն ոչ մի ուժ և կարողություն չունեին, բայց քանի որ խոստացողը Տերն էր, Աբրահամն էլ հավատքով մինչև ի մահ սպասեց այդ խոստումի իրականացմանը։ Եվ Տերն Իր խոսքին անսացող ծառային հուսախաբ չթողեց ու նախ Աբրահամին 99 տարեկանում խոստման որդին պարգևեց, նրա 90 տարեկան ամուլ կնոջը՝ Սառային, ծնել տվեց նրանց Իսահակ որդուն, որն էլ հետագայում Հակոբ նահապետին ծնեց, որից էլ Իսրայելի 12 ցեղերի զավակներին հանեց։ Այդ 12-ի միջից նա Հուդայի ցեղն ընտրեց, որտեղից էլ Դավիթ թագավորը սերվեց, իսկ նրա սերնդից էլ Հիսուս Փրկիչը ծնվեց, քանզի Մարիամ Աստվածածնի ծնող հայրը՝ Գալիլիայի Նազարեթ քաղաքում, Կարմեղոս լեռից ոչ շատ հեռու, Հուդայի ցեղի, Դավիթ թագավորի սերնդից Հովակիմ անունով մի արդար ու աստվածավախ այր էր, որն ապրում էր իր կնոջ` Աննայի հետ, որը նույնպես Իսրայելի աննշան սերնդից չէր, քանի որ սերում էր Ահարոն քահանայապետի սերնդից, ու Մատթան քահանայի դուստրն էր։
Եգիպտացիները հրեա ազգի կազմավորման, խմորման և զորացման գործում Աստծո նախախնամությամբ ամենավճռորոշ դերն են կատարել, որովհետև հրեաներն ընդամենը 70 հոգով, Հակոբ նահապետի գլխավորությամբ, Եգիպտոս մտան և, Նեղոսի դելտայի` Գեսեմի ամենաբերրի երկրում բազմանալով, 430 տարի հետո այնտեղից դուրս եկան բյուրավորներով, որոնց մեջ միայն մարտունակ տղամարդկանց թիվն անցնում էր 600000-ից: Այսինքն՝ Եգիպտոսը հրեաների համար մի բարեբեր երկիր դարձավ, որտեղ նրանք շատացան ու այնքան զորացան, որ կարողացան իրենց հայր Աբրահամին Աստծո խոստացած Ավետյաց երկիրը ժառանգել:
Բայց այդքանով չավարտվեց Եգիպտոսի դերը, քանի որ հետագա դարերում նա Ասորեստանի և Բաբելոնի հետ եղավ հրեաներին մեղքերի համար խարազանող մի ցավոտ մտրակ: Եվ վերջապես՝ մանուկ Հիսուսին Հերովդեսի ձեռքից փրկելու համար Հովսեփն ու Մարիամը Եգիպտոս փախցրին Նրան, որով և կատարվեց մարգարեի բերանով Տիրոջ ասած այն խոսքը, թե` «Իմ Որդուն Եգիպտոսից կանչեցի» (Ովսեե 11.1): Իսկ երբ Եգիպտոսը հպարտացավ Աստծո դեմ, Տերը Եզեկիել մարգարեի միջոցով ասաց. «Որդի՛ մարդու, Եգիպտոսի փարավոն թագավորի բազուկը կոտրեցի: Ահա այն պիտի չփաթաթվի, ոչ էլ նրա վրա դեղեր ու կապեր դնելով՝ այն պիտի պատեն, որ զորանա սուր բռնելու համար... Եգիպտացիներին ազգերի մեջ պիտի ցրեմ ու երկրների մեջ նրանց ցիրուցան պիտի անեմ, ու պիտի իմանան, որ Ե՛ս եմ Տերը... Որովհետև նա հասակով բարձրացավ ու գլուխը ամպերին հասցրեց, նրա սիրտը իր բարձրությամբ հպարտացավ: Ես էլ նրան ազգերի մեջ զորավոր մեկի ձեռքը մատնեցի, որն անշուշտ նրան հատուցում պիտի անի» (Եզեկ. 30. 21,26, 31. 10-11): Եվ այս մարգարեությունը կատարվեց բառիս բուն իմաստով, քանզի հիմա Եգիպտոսում ընդամենը 7 միլիոն բնիկ եգիպտացի է ապրում, իսկ մնացած քսան միլիոնը ցրված են աշխարհի տարբեր ծագերում: Իսկ որ մինչև ամպերը հասած իր բարձրությամբ իսկապես հպարտացել էր, դեռ հազարամյակներ անց երևում է նրա անկրկնելի արվեստի ու ճարտարապետական հանճարի եզակի կոթողներից՝ թագավորական խորհրդավոր դամբարաններից, երկնաքեր բուրգերից և վիթխարի բազմազան կուռքերից:
Ինչպես տեսանք, Եգիպտոսը նշանակալից դերակատարություն է ունեցել հրեաների՝ որպես ազգ կազմավորվելու գործում, և բնական էր, որ մաս ու բաժին ունենար Սուրբ երկրի՝ Իսրայելի մեջ, քանի որ նրանց համար նաև գրված է. «Տերը եգիպտացիներին պիտի հարվածի: Պիտի հարվածի, բայց պիտի բժշկի, ու նրանք պիտի դառնան դեպի Տերը, և Նա նրանց պիտի ընդունի ու պիտի բժշկի» (Եսայի 19.22): Այս մարգարեությունը կատարվեց 7 դար անց, երբ Մարկոս ավետարանիչը գնաց Եգիպտոս, քարոզեց Քրիստոսի Ավետարանը, հոգեպես բժշկեց նրանց, ու եգիպտացիներից շատերը, թողնելով իրենց կուռքերին, կենդանի Աստծուն սկսեցին պաշտել: Եվ դարձյալ մի ուրիշ մարգարեության մեջ ասվում է. «Եկեսցե հրեշտակք յԵգիպտոսէ. հնդիկք յառաջագոյն ձեռնտու լիցին առ Աստուած» (Սղմ. 67.31): Սաղմոսի մարգարեական այս տողերը մեջբերեցի գրաբարով, քանի որ «հրեշտակք» բառը տարբեր թարգմանություններում տարբեր ձևով են արտահայտել: Մի տեղ՝ դեսպան, մի այլ տեղ՝ իշխանավոր, մի ուրիշ տեղում` պատգամավոր, իսկ հին սլավոնական թարգմանության մեջ՝ աղոթողներ: Ինքս համակարծիք եմ այդ վերջինի հետ, ինչը հաստատվեց եգիպտացի սուրբ և ընտիր հայրերի աննախադեպ աստվածապաշտությամբ ու առաջին անապատականներով, ինչպիսիք են Անտոն Մեծը, Մակար Մեծը, հայր Արսենը, Շենուդա սուրբը և այլք:
Ահա այս ազգը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում երեք առաջնորդող եկեղեցիներից հետո, իր ունեցած սրբատեղերի սեփականությունների թվով ու կարևորությամբ, չորրորդն է, և իրավունք ունի իր մասում պատարագներ ու ժամերգություններ կատարելու: Ճիշտ է, արարողության ժամանակ միայն պատարագիչն ու ժամարարն են հազիվ տեղավորվում վերը նկարագրած փոքրիկ մատուռում, իսկ մնացածները կանգնում են արտաքին մասում, բայց դա նրանց չի խանգարում հոգեշահ աղոթքներով Տիրոջը փառաբանել, որ բազում դարեր հետո այդ ողորմությունն է արել իրենց ազգին: Ավելացնեմ, որ այս փոքր, բայց կարևոր մատուռը ղպտիներն ունեն հայերիս շնորհիվ, քանզի 13-րդ դարում այն կառուցել է տվել Կիլիկիայի Հեթում թագավորը, բայց հետագայում իրենց սբ. Մինաս եկեղեցին Եգիպտոսում տալով այնտեղի հայ համայնքին՝ ղպտիները Երուսաղեմում իրավունք ստացան Տիրոջ սուրբ գերեզմանին կից այս շատ կարևոր մատուռ-խորանն ունենալ, որտեղ նրանք չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին կարող են անարգել ժամերգություն և հետո պատարագ մատուցել:
2003 թ., Աստծո ողորմությամբ, ինձ հնարավորություն ընձեռվեց այցելելու Եգիպտոս և ուխտագնաց լինելու մեր Տիրոջ սուրբ ընտանիքի ապրած վայրերում: Այդ տեղերում ղպտիական եկեղեցիներ են կառուցվել, ու հազարավոր այցելուներ են գնում և օրհնվում Տիրոջ անվան հետ կապված այդ սրբավայրերում: Եղա նաև ղպտիների Սուրբ Մարկոս կոչվող կաթողիկանիստ վանքում, և տեսա բարեշեն եկեղեցիներ և, կարևորը, հյուրընկալ ու մարդասեր վանական միաբանների, մեկ անգամ ևս համոզվելով Տիրոջ խոսքի ամենակարողության մեջ, որովհետև այդ մոլեռանդ մուսուլմանական երկրում, շրջապատված հազարավոր մզկիթներով, քրիստոնեական հավատը պահելը անհնար կլիներ առանց Աստծո զորության: Երբ այցելության վերջում Շենուդա հայրապետի հրավերով մասնակցեցինք ամեն չորեքշաբթի Կահիրեի ղպտիական եկեղեցու սրահում գումարվող հավաքին, մեզ ապշեցրեց նախ շենքի վիթխարիությունը, որտեղ միայն 7000 նստատեղ կար (երևի կառուցելիս բուրգեր ու վիթխարի կոթողներ կերտող նախնիների ոգին էր խոսել մեջները), հետո հիացրին ղպտի քրիստոնյաների կազմակերպվածությունը և, ամենակարևորը, սերն ու հարգանքը հյուրերի, ու մանավանդ իրենց կաթողիկոսի հանդեպ: Նրա քարոզի ժամանակ ժողովուրդը համակ ուշադրություն էր դարձել՝ աշխատելով որսալ իրենց հայրապետի շուրթերից ելած ամեն մի բառը: Իսկ վերջում, երբ նա օրհնեց հավաքվածներին ու դուրս գնաց, պետք էր տեսնել, թե ինչպիսի անհամբերությամբ ու փութանքով բարեպաշտները բարձրացան բեմ և սկսեցին գորովանքով համբուրել իրենց կաթողիկոսի աթոռն ու սեղանը և նրա ձեռքը դիպած իրերը (նման բան հիշեցնող դեպք Հայաստանում եմ տեսել, մեռոնօրհնեքին, երբ ժողովուրդը արարողության վերջում խռնվում է մեռոնի կաթսայի շուրջը և ամեն կերպ ջանում գոնե մի մատով դիպչել դեռևս ջերմ կաթսային, կամ էլ ձեռքի թաշկինակը քսելով դրան, հետն օրհնություն տանելու նպատակով): Այս իմաստով ղպտի ժողովրդի ճակատագիրը մասամբ նման է մերին: Ինչպես մեր ժողովրդի արևմտյան հատվածի բեկորներն են իրենց նախնիների հայրենիքում, մահմեդական պետության մեջ, այնպես էլ ղպտիները: Եգիպտոսը, որ անհիշելի ժամանակներից, հազարամյակներ շարունակ նրանց հայրենիքն էր, այժմ մահմեդականների երկիր է, և ղպտիներն իրենց հայրենիքում ապրում են որպես օտար նվաճողների պետության հպատակներ: Այս տողերը գրելիս հիշեցի 2000 թ. Բեթղեհեմում հավաքված քրիստոնյա եկեղեցիների համաժողովը, ուր եկել էին Սուրբ երկրի բոլոր պատրիարքներն ու հոգևոր առաջնորդները: Երբ հայտարարվեց, որ Պաղեստինի արաբ առաջնորդ Յասեր Արաֆաթն է գալիս, բոլորը ոտքի կանգնեցին ու սկսեցին ծափահարել: Տեղյակ լինելով արաբների հանդեպ ղպտիների ունեցած հակակրանքին, ես հատուկ ուշադրություն դարձրի, թե ինչպես կպահի իրեն ղպտի եպիսկոպոսը: Նա, ի հարգանս ինձ, շատ խորագիտորեն վարվեց. մինչ բոլորը հոտնկայս ծափահարում էին (ինչ-որ տեղ և ստիպված, քանի որ Բեթղեհեմը գտնվում է պաղեստինյան իշխանության ներքո), ղպտի առաջնորդը ձեռքերն էր իրար շփում, լվացվելու շարժումներ անելով, բայց ոչ թե ծափահարում, ինչպես մնացածները: Ինձ թվում է, շատ քչերն այդ նկատեցին, բայց մեծարանք իրենց հայրենիքը նվաճողների հանդեպ, համենայն դեպս, չեղավ: Ինչևէ, այս գրեցի, որպեսզի համոզվենք, որ չնայած Աստված Եգիպտոսի հպարտության համար այդ երկիրը տվեց անօրենների ձեռքը, բայց բուն ղպտի ազգին ապրեցրեց Քրիստոսի հավատքով (եգիպտացիների մեծ ազգից գոյատևեցին միայն նրանք, որոնք ընդունեցին քրիստոնեությունը, իսկ մնացածը տարրալուծվեցին արաբների մեջ):
Այդ ուխտագնացության ժամանակ գնացինք դիտելու Կահիրեից ոչ հեռու աշխարհահռչակ բուրգերը, իսկ հետո մտանք նրանց քուրմերի հսկայածավալ տաճարները: Սեփական աչքով տեսնելով այդ հզորագույն պետության դարեր ու ժամանակներ հաղթող զորության կնիքները՝ ես խորհում էի. այս ազգը հիրավի մեծագույնն է եղել իր ժամանակներում, բայց նրա մեծությունը դարձավ ոչինչ, իսկ նրա երկիրը տրվեց մի փնթի ու անհանճար ազգի, որ մեծավ մասամբ պատերազմելուց ու խախուտ հյուղակներ շինելուց զատ, ոչինչ չի կարողանում անել (իհարկե, չնսեմացնելով արաբ ազգի շատ ընտիրների մեծ գործերը): Ինչո՞ւ այդպես եղավ: Պատճառն այն էր, որ Եգիպտոսն իրենց մեջ ապրող հրեաներին պիղծ էր համարում, ու մերժեց նրանց պաշտած Աստծուն, չնայած հրեազգի Հովսեփ Գեղեցիկի միջոցով Տերն այդ պետությունը փրկեց սովից ու աննախադեպ զորության հասցրեց: Եվ այդ նույն Աստվածը իր հզոր ձեռքով ու մեծամեծ հարվածներով հրեաներին դուրս բերեց Եգիպտոսից, նրանց մատնելով փարավոնի թագավորության ժամանակավոր փառքը մերժող Մովսես մարգարեի ձեռքը: Իսկ երբ նույն հրեաները մերժեցին այդ նույն Աստծո Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, այդ ժամանակ Տերը հայերին տվեց հրեաների փառքը՝ Սիոն լեռան բարձունքը, և աշխարհի զորավորների հետ բաժնեկից արեց մեզ Սուրբ Հարության տաճարում, իսկ եգիպտացիներին մեզ հետևակ դարձրեց: Այդ այցելության ժամանակ մեզ տարան ցույց տալու նաև փարավոնների խորհրդավոր դամբարանները, փորված լեռների ընդերքում: Երբ անցնում էինք լաբիրինթոսի նմանվող և ամբողջովին նկարազարդված միջանցքներով, բազմաթիվ հիերոգլիֆների մեջ հանկարծ նկատեցի քրիստոնյաներիս Խաչը: Երբ ավելի մոտիկից զննեցի, հասկացա, որ դա ավելի ուշ ժամանակների գործ է, և հոգիս ուրախությամբ համակվեց՝ տեսնելով մեր ազգի պարծանք սուրբ Խաչի նշանը, որ նկարել էին նախնի քրիստոնյաները այդ հզորագույն պետության թագավորների դամբարանում: Այդ պահին մի ներքին հպարտություն ապրեցի (բայց ոչ ամբարտավանություն. ինչ զգացի, ա՛յն եմ ասում) մեր իմաստնագույն նախնիների համար, որոնք, կանխատեսելով գալիքը, առաջինը հրաժարվեցին անշունչ կուռքերից ու Քրիստոս Տիրոջը որպես Աստծո և Փրկչի ընդունեցին և հարյուրավոր ազգերի մեջ դարձան անդրանիկը բոլոր քրիստոնյաների:
Վերջերս էլ մի հայ պատմաբանի վարկածով (Սուրեն Այվազյան) հայ-եգիպտական հարաբերությունների մի եզր է հայտնաբերվել, ըստ որի մ.թ.ա. 1710 թ. Եգիպտոսում հայտնվեց օտարալեզու մի ազգ` երկաթապատ կառքերով ու թրերով, որոնք հեշտությամբ ճեղքում էին մինչ այդ ամենակարծր համարվող մետաղը՝ բրոնզը: Նրանց ամեհի ուժին ու ճարպկությանը չդիմանալով ընկավ մինչ այդ անպարտ Եգիպտոսը ինչ-որ հիքսոսներից (կամ ինչպես հնում են անվանել՝ Հյուքոս, կամ Հայկսոսներ, որ թարգմանվում է՝ թագավոր հովիվներ): Նրանք իշխելով Եգիպտոսին, հաստատեցին նոր թագավորական հարստություն, որը տևեց մինչև մ.թ.ա. 1580 թվականը: Մանեթոն քուրմի թողած աղքատիկ պատմության պատառիկներից տեղեկանում ենք, որ այդ եկվորները Հուրի երկրից են, որ հասկացվում է Հայասա, կամ այժմյան Հայաստանը: Նրանց շնորհիվ էր, որ Եգիպտոսն իմացավ երկաթ ստանալու գաղտնիքը, որը հետագայում նրան օգնեց իր գերագույն հզորությանը հասնելու: 1963 թ. պեղումների համաձայն, Մեծամորում հայտնաբերված երկաթաձուլարանի ուսումնասիրություններից հետո հնէաբանները հանգեցին այն եզրակացության, որ աշխարհում առաջին անգամ երկաթ ձուլել են հայերը: Այնպես որ, հավատում ենք, թե ոչ, հայ-եգիպտական եզրեր դեռ հնուց են եղել, երբ Տերը հպարտացած Եգիպտոսին ուզել է խոնարհեցնել ինչ-որ «հովիվների» միջոցով:
Այսպես է գործում Տերը, քանզի ամեն բան Իրենն է և ում ուզում՝ տալիս է, և ինչը մարդկանց մեջ մեծ է համարվում, Նրա համար չնչին ու պիղծ է, իսկ խոնարհներին Տերը բարձրացնում է: Եվ Ամենակալ Աստծո առջև խոնարհությամբ քայլող ու սուրբ երկյուղով Իրեն պաշտող ժողովուրդ թող անի մեզ՝ հայորդիներիս: Այս նյութին վերաբերող որպես կարևոր լրացում ասենք, որ ըստ Եվսեբիոս Պամփյուլոս Կեսարացու «Ժամանակագրություն» (Քրոնիկոն) գրքի, երբ հիքսոսները պարտություն կրեցին եգիպտացիներից, 24000 սպառազեն զորքով ստիպված եղան դուրս գալ այդ երկրից ու գնալ Պաղեստին (այժմ՝ Իսրայել) և Սաղեմը հիմնել: Այստեղ էլ Բարձրյալ Աստծո Մելքիսեդեկ քահանայի մասին ենք կարդում Ծննդոց գրքում, որին հայր Աբրահամը տասանորդ տվեց: Իսկ ի՞նչ կապ ունի Մելքիսեդեկը մեր հայոց ազգի հետ. պարզվում է` ամենաուղիղ: Որտեղի՞ց նման տեղեկություն. Գրիգոր Նարեկացի սրբի «Ապարանքի սուրբ Խաչի պատմությունը» գրվածքից: Մեջբերում եմ անում այդտեղից. «Թորգոմա հյուսիս-արևելյան տան վրա հորդեցին իրենց կենսաղբյուր շնորհների անձրևները, և ցողեցին իրենց գթությունը: Որովհետև սրանք (Թորգոմա սերունդները) իրենց տոհմային պայազատությամբ (պայազատ նշանակում է ազնվական տոհմի ժառանգ -հեղ.) երևելի այրեր էին՝ ազնվական ցեղից, դյուցազունների զարմից, իշխանական տնից, գովյալների գնդից, քաջերի դասակարգից, Մելքիսեդեկի հարազատ արյան շառավղից»: Այսինքն, ըստ այդ տեղեկության, մենք, այսինքն` Թորգոմի տան սերունդը արյունակցական կապ ունենք Մելքիսեդեկի հետ: Իսկ թե որտեղից է Նարեկացի սուրբը գտել Մելքիսեդեկի հետ արյան հարազատության այս անուստն վկայությունը, - քանի որ սրբի միջոցով է մեզ փոխանցվել, - ես տեղյակ չեմ, բայց հավատում եմ ամբողջ սրտով, որովհետև այս ազնվացեղ հայորդիներին պետք է առաջինը վստահվեր Քրիստոս Տիրոջ անունն ու Խաչը: Ինչպես մի երկրի թագավոր իր տղաների միջից ամեն տեսակի հնարքներ բանեցնելով փնտրում է իր գահի արժանի հետնորդին, այնպես էլ Տերը մի քանի դար փնտրեց, փորձեց ու գտավ այն ազգը, որն արժանի պետք է լիներ առաջինը կրելու քրիստոնյա ազգ լինելու անդրանիկի անզուգական պատիվը: Ինչո՞ւ: Որովհետև այս ազգը պետք է լիներ այն «թթխմորը», որով պետք է խմորեր աշխարհի մնացած քրիստոնյա ազգերին: ՈՒրեմն թող նույն Աստվածը նաև հիմա շնորհների առատություն տա մեր ազգին, նորոգվելու և բարձրանալու, որպես երկնքին արժան հետնորդներ ապրելու:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2199

Մեկնաբանություններ