Տնտեսական ճգնաժամի 2010 թիվը հայոց մեջ կհիշվի 480 միլիոն կլանած ԱԺ նոր դահլիճով, որի բացումը տեղի ունեցավ անցնող ուրբաթ:
ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ
Արված էր ամեն ինչ, որ պրեզենտացիան հուզիչ ու տոնական լիներ: Նոր դահլիճն էլ, ինչպես Սերժ Սարգսյանն ասաց, ահագին տպավորեցնող էր: Ընդ որում, բոլորին դահլիճը դուր էր գալիս (մենք «անտարբեր» էինք դրա նկատմամբ). ծանր բարոկկոն համադրված էր ազատական-մոդեռն առաստաղի հետ, ու այդ ամենում լավն այն էր, որ այդ շքեղության մեջ նստած (ոչ, այսպիսի դահլիճում անհնար է «պպզելը») պատգամավորները կորել էին մոնիտորների հետևում ու փորձում էին հասկանալ` ոնց է լինելու իրենց հալը հետայսու, զի նրանցից շատերի համար համակարգիչը աքսեսուար է, իսկ դրանից օգտվելը` թիթիզություն:
Բոլորն սպասում էին Վեհափառին, Սերժ Սարգսյանին: Աղվան Գառնիկիչը զբաղված էր Գալուստ Գրիգորիչի հետ լիկբեզ անցկացնելով. նախորդ օրը վերջինս հանդիպել էր ԱՄՆ-ի «ֆեդերալ բյուրոյի» ներկայացուցիչներին, Գրիգորիչի հետ, թերևս, տպավորակես էր լինում: Եկավ շաքարավազահանքերի գեներալը` Սամվել Ալեքսանյանը, բավականին չաղացած, մատների ծայրով բարևեց Սյունիքի մարզպետին (Սուրիկ Խաչատրյանը շփման էր սպասում, Ալեքսանյանը յուր բարձունքներից չգնաց դրան, երևի ականջին հասել է, որ Սերժ Սարգսյանը վերջինիս հետ էն չի), վիզը աջ ու ձախ անելով նստեց իրեն հատկացված ապարանյան ալ կարմիր աթոռին, մի քանի րոպե հետո սկսեց շոշափել կոկորդը. հասկացավ, որ փողկապ չի կապել (երևի սովածացել էր Սաակաշվիլու հանգույն): Եկավ Խաչատուրովը: Բավականին նիհարած: Ընկճված: Նրան գրեթե չբարևեցին. կողքը նստած Բալասանյան Սամվելը թեթև ձեռք մեկնեց, Նիկոյանը` նույնպես: Շատ հեռվից մի կերպ նրան գլխով արեց Արմեն Գևորգյանը: Եկավ Սեյրան Օհանյանը. բոլորը ձեռքները մեկնեցին նրան, վերջինս չէր հասցնում պատասխանել իրեն մեկնված ձեռքերին (հանաք բան չէ. «նոն ստոպ» տարբերակով վերջերս նա նախագահի հետ ֆուտբոլ դիտեց, հետո էլ նախագահն ասաց, որ «զզվում» է բանակը հանիրավի քննադատողներից, ու բոլորը փորձում էին ցույց տալ, որ իրենք զզվելի չեն, որ նախագահը հանկարծ չզզվեր իրենցից):
Եկավ հոգևոր դասը` Նավասարդ և Արշակ սրբազանների գլխավորությամբ: Պատգամավորները նրանց բարևում էին ախպերավարի, թփթփոցով` «բա հետո, բա էլ ինչ կա» հոգեբանությամբ (լիկբեզ` տյունինգվող պատգամավորների համար. սրբազաններին տեսնելիս պետք է նրանց աջը համբուրել և ողջունել` «Աստված օգնական» եզրույթով, ապա նրանցից ստանալ` «Աստված պահապան» օրհնանքը):
Վերջապե՜ս եկավ Գագիկ Կոլյայիչը: Նրան բարևել ցանկացողների հերթը նույնպես մեծ էր: Բայց, չգիտես ինչու, առողջապահության նախարար Քուշկյանը մի 15 րոպե հետո հիշեց, որ պետք է բարևի Կոլյայիչին, եկավ բարևեց: Պաչեց էլ:
Գործադիրը` վարչապետով, կառավարման ողջ համակարգը` օմբուդսմենով հանդերձ, նույնպես այնտեղ էին: Խելոք նստած սպասում էին:
Չկա՜ր միայն Արմեն Աշոտյանը: Ինչպես ասում են, այս տոնական օրը` «no comment»: Հասկացեք, ինչպես կկամենաք:
Վերջապես եկան Վեհափառն ու Սերժ Սարգսյանը` Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ. վերջինս ողջ ուշադրությունը կենտրոնացրել էր երկրի նախագահի վրա (Հովիկ Աբրահամյանի յուրաքանչյուր ժեստում ընդգծվում էր Սերժ Սարգսյանի նկատմամբ յուր հավատարմությունը, իսկ երբ նախագահն ավարտեց իր ելույթը, Աբրահամյանն առաջինն ու անմիջապես ոտքի կանգնեց ու հոտնկայս սկսեց բուռն ծափահարել: Նրա օրինակին հետևեց կոմպյուտերացված դահլիճը), մի խոսքով` տեղավորում էր նա նախագահին, գգվում այնքան, որ Սերժ Սարգսյանն ինքն ստիպված նստելու հրավեր արեց Վեհափառ հայրապետին:
Հնչեց հայոց հիմնը: Թվաց, թե դրան պետք է հաջորդի Տերունական աղոթքը, սակայն դա չեղավ (և ինչպե՞ս է վրիպել «հազար տարվա վոժդ», բոլոր տաղավար տոներին պահք ու ծոմ պահող Գեղամ Ղարիբջանյանը նման կարևոր հանգամանքից), պարզվեց նաև, որ օրհնանքի կարգ նույնպես չի կատարվի (երբ օրհնվում և սրբվում են` «նշանավ սուրբ խաչի ու սուրբ Ավետարանի»` դահլիճը կամ տունը):
Եկեք այս գլխից մի կարևոր հանգամանք նոր դահլիճի համար իսկապես ընդգծենք. նախկին ուղղանկյուն դահլիճն իսկապես արժեր փոխել. այդ դահլիճում տեղի էր ունեցել նորանկախ Հայաստանի ամենասահմռկեցուցիչ ողբերգությունը` հոկտեմբերի 27-ը. պետք էր լվալ այդ արյունը: Եվ այս առումով նոր դահլիճը պետք է անպայման օրհնության սաղմն իր մեջ կրի: ՈՒշ չէ. կարելի է մի օր հատկացնել` օրհնության կարգի համար, մենք էլ կգանք կմասնակցենք, մեր աղոթքը կբերենք այդ օրվա, դահլիճի «սրբվելու-մաքրվելու» աստվածահաճո գործին:
Դե, հիմա չասես էլ չի լինի. դահլիճի բացման օրը, հետկեսօրին, պարզ դարձավ, որ հոկտեմբերի 27-ին, որը դարձյալ չորեքշաբթի է, մեր մայր Ռուսաստանն Աստրախանում հանդիպում է կազմակերպում (իսկ սա արդեն բոլորովին այլ և լուրջ խոսակցության թեմա է) ղարաբաղյան խնդրով (՞): Սա` ի միջի այլոց։
Մի երկու խոսք էլ չար-թունավոր (նախանձ ենք, նախանձ), կծան, «մենակ վատ-վատ բաներ գրող» լրագրողների մասին: Անկեղծ ասած` հազիվ ենք մեզ զսպում «կծում» չանելու համար: Բանն այն է, որ լրագրողները նո՜ր, տոնակա՜ն, բարոկկո՜, մոնիտորացված և այդպես շարունակ դահլիճում` հայտնվել են ապակիների հետևում: Եվ ուրեմն, երբ բոլորս սպասում էինք, որ պրեզենտացիան սկսվի, պատգամավորները մեկիկ-մեկիկ նայում էին վերև, տեսնում լրագրողներին ապակիների հետևում, հաճույքից հալվում-մեռնում էին: Ընդորում, նրանցից մի քանիսը մեզ խոստովանեցին, թե` էն ո՜նց իրենց սրտները հովացան, երբ մեզ էդ վիճակում տեսան:
Ավա՜ղ, պարոնայք: Խի՜ստ ավաղ: Դա էլ ձեզ չի փրկի: Որովհետև.
ա) մտքներիս տեղ լինի, «կարասներս միշտ եղ կլինի». դեռ մի բան էլ ավելի, որովհետև ապակիների պատճառով «будем больше стараться»:
բ) Հնարավոր չէ, որ հարկերի տարբերության պատճառով չկարողանանք ձեզ «բերման» ենթարկել` «սարն ամենքինս է հավասար» (ասաց, չէ՞, Հովիկ Արգամիչը` հավասարազոր կլորություն, կլոր սեղան, իշխանության հակակշիռներ. ասա՛ց):
գ) Սիրելի պատգամավորներ, ձեր «թշնամիներին» մի՛ փնտրեք լրագրողների մեջ. նրանց փնտրեք ձեր կողքին, հետևում և առջևում, որովհետև ձեր ցանկացած ռեպլիկը, որն իբր մենք չենք լսելու ապակիների հետևից, մեզ են փոխանցելու ձեր կողքի, հետևի, առջևի (հետո կոնքերը, հետո ձեռքերը` ծափ-ծափ-ծափ) նստածները` «լայթս» տարբերակով:
դ) Պատգամավորներից մեկն էլ թե` գիտե՞ս, այնքան սարսափելի է, որ դուք մեզ ապակիների հետևից եք նայում, ինձ վանդակի մեջ եղող կենդանի եմ զգում:
Եվ վերջապե՜ս, պարոնայք, ԱԺ նոր դահլիճում պետք է թևածի ասպետական ոգին, Արթուր թագավորի ջենթլմենությունը (հետաքրքիր է` Արթուր-խորհրդարանի նախագահ չի՞ եղել Շոտլանդիայում):
Մի խոսքով, մենք մեր մտահոգությունները բանավոր և շատ արագ փոխանցեցինք խորհրդարանի նախագահ Հովիկ Արգամի Աբրահամյանին, Արգամիչը, որպես գործի մարդ, ասաց` ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում, չեն լինի այլևս ապակիներ խորհրդարանում, և լրագրողներ` ապակիների հետևում:
Թող որ` եղև:
ԱՐԹՈՒՐԱՅԻՆ (Ո՛Չ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ)
Երկու պստիկ դիտարկում էլ բովանդակային առումով, և վերջ: Խնդիրն առն-չվում է առավել ԱԺ ռեֆերենտներին։ Բանն այն է, որ հայոց անկախ պետականության խորհրդարանն առաջին անգամ իր ձեռամբ դահլիճ է սարքել (դե` ոչինչ, որ պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, բայց չոբաններին անձրևի դեմ յափնջի է տալիս, իմա` տնտեսական այս ճգնաժամի պայմաններում շքեղ դահլիճ է կառուցում ազգընտիրների համար), ուստի որքա՞ն է հարմար այդ ամենը (ինչպես նկատեց լրագրողներից մեկը` շաղկապել «անգլո-սաքսոնական վեկտորի» հետ) իդենտիֆիկացնել օտար թագավորի անվան հետ:
Եվ ապա` օվալը, իսկ իրականում սրբազան շրջանակը, դա ինքը քրիստոնեության հենքը, ալֆան և օմեգան է: Եվ մենք, որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, պետք է լավ իմանայինք, որ այն նախ և առաջ զուտ հայկական երևույթ է` որպես Սկիզբ ու Վախճան, ասել է` որպես Աստծո գոյությունը համապարփակող, կատարելությունն ամփոփող, ազատությունը հաստատող ու հավաստող սպիրալ: Սրբազան շրջանակը (այն կարող եք տեսնել նախ և առաջ ոչ թե Արթուր թագավորի, այլ սրբերի գլխավերևում, որպես ոգեղենության մանիֆեստացիա) իր խորքային իմաստով և ըստ մեր հայրերի, նախնիների հատման ու ապագա էներգիայի կերտման վայրն է: ՈՒ քանի որ ի սկզբանե էր բանը` խոսքը, ինչ նշանակություն տալիս ես երևույթին... դահլիճին, նույն նշանակությամբ էլ այն գործում ու կայանում է. դրա համար էլ ճիշտը դահլիճը մեր արմատների հետ հանգուցելն էր:
Սա էլ` ի միջի այլոց:
ՖՈՒՐՇԵԹԱՅԻՆ
Երբ գնում էինք ֆուրշեթի, ականջներիս հասավ պատգամավորներից մի քանիսի զրույցը. «Արա, էդ ինտերնետ չկա՞ր էդ կամպուտերների մեջ»: «Չէ, այ տղա, ինչ ես ասում, ինտերնետ չեն դրել, որ «ադնակլասնիկ» չմտնենք»:
Եվ քանի որ այսօր մենք շատ բարի ու չնախանձ ենք` չնախանձ, ասենք, որ օրվա ամենագեղեցիկ բաղկացուցիչը, թերևս, հենց ֆուրշեթն էր, ոչ թե, որ մարդ միայն «բանով»` խոսքով չապրի, այլև «հացիվ ապրի», այլ որ, իսկապես, օրը գեղեցիկ էր` ԱԺ այգում, դասական երաժշտության ներքո սիրուն, շատ սիրուն մի բան կար. մտահղացումը` դրսում շնորհավորել միմյանց` նոր դահլիճի առիթով, գտնված էր: Այնքան, որ նման վայրերում գրեթե չլինող, կամ մի քանի վայրկյան կանգնող-գնացող Սերժ Սարգսյանը երկար վայելեց այգու, օրվա հմայքը` ազգընտիրների հետ:
Հետաքրքիր էր սակայն, որ ողջ կառավարությունը չէր մասնակցում ֆուրշեթին: Վարչապետը, ասենք, մեկնում էր Ռուսաստան, բա Արմեն Գևորգյա՞նը, մանավանդ որ բոլոր մարզպետները խելոք շարվել էին սեղաններից մեկի շուրջը:
Չկային նույնիսկ ԲՀԿ նախարարները:
Կար Գագիկ Կոլյայիչը, որ կանգնել Սերժ Սարգսյանի կողքին` ջան ասում-ջան լսում էր:
Այսքանը: Տեսա՞ք, Հովիկ Արգամիչ, ո՜չ մի վատ-վատ բան չգրեցինք: Ո՜չ մեկին «չկծեցինք»:
Հա՛ֆ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ