ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԱԳՐԵՍՈՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է, ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՄԻԱԿ ՎՏԱՆԳԸ ԳԱԼԻՍ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ»

«ԱԳՐԵՍՈՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է, ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՄԻԱԿ ՎՏԱՆԳԸ ԳԱԼԻՍ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ»
10.09.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ՌԱՀՀԿ տնօրեն ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ
-Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական պայմանագրի նորովի ընթերցումը, որպես ռեգիոնալ քաղաքականության արտահայտություն:
-Հետաքրքիրն այս ամենում նախ այն էր, որ պայմանագիրը կնքվեց գրեթե նույն օրերին` ռուս-վրացական պատերազմից ուղիղ երկու տարի անց: Եվ ապա` պայմանագրի ստորագրումը արձանագրումն էր ռուսական ազդեցության մեծացման: Ընդ որում, ասվածը չի վերաբերում միայն այս տարածաշրջանին, առնչվում է ընդհանրապես Ռուսաստանի ռազմավարությանը` հետխորհրդային ողջ տարածքում: Կնքված, առավել ստույգ` 49 տարով երկարացված, պայմանագրով Ռուսաստանը, բացի այլ նպատակներից, ուներ շատ կարևոր երկու այլ նպատակ ևս` մեկընդմիշտ մեկուսացնել Վրաստանին, ապա և` տրամադրվելիք C-300 հրթիռներով լուրջ հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ:
Ինձ համար, անշուշտ, անընդունելի է հայ-ռուսական այդ համաձայնագիրը: Որևէ խնդիր չունենալով հայ-ռուսական վարվող քաղաքականության դեմ, ես խնդիր եմ տեսնում բուն գործընթացի մեջ. Հայաստանն այդպես էլ ոչինչ չարեց Ռուսաստանի հետ հավասար խաղի դիրքերում լինելու համար, որևէ կոնկրետ և պրակտիկ օգուտ չստացավ այդ պայմանագրի ստորագրումից: Հայաստանը չհաշվարկեց, որ ինքը տարածաշրջանում Ռուսաստանի միակ հուսալի դաշնակիցն է, կնքված պայմանագիրը շատ երկար ժամանակով է, ուստի կարող էր նաև որոշակի պայմաններ առաջ քաշել Ռուսաստանի առաջ: Հիշենք, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան միակն է, որի ծախսերը հոգում է այն ընդունած կառավարությունը:
-«Պրակտիկ ստացում» ասելով` կոնկրետ ի՞նչ նկատի ունեք:
-Շատ պարզ. Ղրղզստանում տեղակայված ռազմաբազայի դիմաց Ռուսաստանն ամեն տարի միլիոնավոր դոլարներ է վճարում: Իսկ Հայաստանում տեղակայված բազայի համար ոչ միայն չի վճարում, այլև հակառակը` Հայաստանն է վճարում ռազմաբազայի բոլոր կարգի ծախսերը, ինչն ամենևին էլ սիմետրիկ չէ ռազմավարական գործընկեր երկրների հարաբերությունների և համագործակցության համար:
-Ինչո՞ւ է այդպես:
-Հայաստանի ռազմավարական սխալն այն է, որ թերագնահատում է իր նշանակությունը Ռուսաստանի համար և գերագնահատում է Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի համար: Միևնույն ժամանակ այդ համաձայնագիրը թուլացնում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունն այն առումով, որ ռուս սահմանապահներն են պաշտպանելու Հայաստանի սահմանները, ինչը վիրավորական է Հայաստանի, որպես ինքնիշխան պետության համար:
-Հետաքրքիր էր նաև ամերիկյան կողմի մոտեցումը տարածաշրջանի համար այդքան էական նշանակության պայմանագրին. փորձագիտական գնահատականներով` այն խիստ պասիվ-հայեցողական էր:
-Ինչն էլ արձանագրում է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը տարածաշրջանում բացակայում է, և, այո, պասիվ է բավականին: Մենք տեսնում ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև իրականացվող նոր քաղաքականություն: Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն այսօր այլ առաջնահերթություններ ունի, և ակնառու է, որ այդ քաղաքականության մեջ այս պահին Կովկասը չի կարևորվում:
-Փորձագետները եզրակացնում են, թե ԱՄՆ-Ռուսաստան տանդեմում ներքին որոշակի պայմանավորվածություն կա Հայաստանում տեղակայված ռազմաբազաների ժամկետի երկարացման առնչությամբ: Ի՞նչ եք կարծում, կա՞ նման պայմանավորվածություն:
-Չեմ կարծում, որ այդպես եղած լինի, չգիտեմ:
-Համենայն դեպս, ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Մ. Թոների բավականին լոյալ և միակ արձագանքից հետո ամերիկյան որևէ այլ արձագանք չի հնչել այս ողջ ընթացքում:
-Ամերիկան, բոլոր դեպքերում, ներգրավված է Կովկասյան տարածաշրջանի խնդիրների մեջ: Ինչ վերաբերում է հայ-ռուսական այս վերջին համաձայնագրին, ապա ակնհայտորեն երևում է, որ, ինչպես շատ տեղերում, այնպես էլ այս տարածաշրջանում, ԱՄՆ-ն առավել շատ ցանկանում է ոչ թե մրցակցել, այլ համագործակցել Ռուսաստանի հետ:
-Իսկ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն ինչո՞ւ է եկել տարածաշրջան` ըստ Ձեզ, և ընդհանրապես, ինչպիսի՞ք են այսօր ամերիկյան առաջնահերթություններն այստեղ:
-Կդժվարանամ ասել, թե Քեյդենաուն կոնկրետ ինչ խնդիրներ է քննարկելու տարածաշրջանային լիդերների հետ: Ընդհանուր վեկտորը, անշուշտ, պարզ է: Ինչ վերաբերում է առաջնահերթություններին, դրանք միշտ նույնն են` տարածաշրջանում իրականացվող քաղաքական և տնտեսական բարեփոխումներ: Կա, սակայն, ևս մեկ անչափ կարևոր առաջնահերթություն` կանխել Ադրբեջանին և թույլ չտալ, որ վերջինս ռազմական գործողություններ ծավալի: Բանն այն է, որ Ադրբեջանը տարածաշրջանում դարձել է կայունության և անվտանգության միակ սպառնալիքը: Եվ այդ սպառնալիքի կանխումն առաջնահերթություն է թե՛ Մինսկի խմբի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ բոլորի համար:
-Իսկ ի՞նչ եք կարծում` ՄԱԿ-ի ԳԱ որոշումը որևէ դեր կխաղա՞ տարածաշրջանային զարգացումներում:
-ՄԱԿ-ի ամբիոնում ղարաբաղյան հիմնախնդրի արծարծումը դիվանագիտական ռազմավարություն է Ադրբեջանի կողմից, որը, անշուշտ, պետք է ձախողվի, որովհետև նաև Մինսկի խումբն է դեմ, որ ՄԱԿ-ն այդ խնդիրը քննարկի: Ինչն էլ ցույց է տալիս, որ Ադրբեջանը գոհ չէ ԵԱՀԿ-ից, Մինսկի խմբից: Ադրբեջանը կարծես սարսափած է վարվող դիվանագիտությունից, սա է նաև պատճառը, որ գնալով ավելի է հաճախակիացնում հակամարտության գոտում իր կողմից կազմակերպվող դիվերսիաները:
-Ինչքանո՞վ է հնարավոր, որ այդ դիվերսիաները պատերազմի վերածվեն:
-Հուսով եմ` երբեք չեն վերածվի: Չնայած առկա է նաև «պատահական» պատերազմի հնարավորությունը, երբ փոքր հարձակումները կարող են վերածվել առավել մեծ բախման, որոնք էլ չի բացառվում դուրս գան վերահսկողությունից: Մի բան հստակ է` ագրեսորն Ադրբեջանն է, և տարածաշրջանին սպառնացող միակ վտանգը գալիս է Ադրբեջանից: Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը ձգտում է խաղաղության և կայունության, և սա միջազգային հանրությունը շատ լավ է հասկանում:
-Ձեր մատնանշած «պատահական» պատերազմի (Աստված մի արասցե) ընթացքում Վաշինգտոնի ու Մոսկվայի մոտեցումներն ինչպիսի՞ն կլինեն` «համագործակցայի՞ն, թե՞ մրցակցային»:
-Երկու երկրներն էլ չեն ցանկանում, որ պատերազմը վերսկսվի: Բայց Ռուսաստանի համար այդ պատերազմով նոր հնարավորություն կառաջանա, և չի բացառվում, որ վերջինս փորձի այդ ընթացքում ռուս խաղաղապահներ տեղակայել հակամարտության գոտում:
-Ինչպե՞ս կարձագանքի դրան Ամերիկան:
-Անկեղծ ասած` Ռուսաստանը միշտ շատ մոտիկ է լինելու այս տարածաշրջանին, իսկ ԱՄՆ-ը հեռու է և միշտ է հեռու լինելու: Ընդ որում, և՛ Իրաքում, և՛ Աֆղանստանում Նահանգները չի փնտրում նոր ռազմական միջամտություն:
-Մնանք դեռևս ռուս խաղաղապահների «մոտ». Իրանի քթի տակ Միացյալ Նահանգների համար որքանո՞վ է ձեռնտու ռուս խաղաղապահների ներկայությունը:
-Ռազմական առումով Իրանի հետ կապված ռուս խաղաղապահները ոչինչ չեն կարող անել: Եվ Ռուսաստանի կողմից C-300 հրթիռների վաճառքն էլ Ադրբեջանին հենց Իրանի խնդրի հետ է կապված:
-Այսի՞նքն:
-Այսինքն` այդ հրթիռներն Իրանի հնարավոր հարձակումից Ադրբեջանին պաշտպանելու համար են:
-Հետաքրքի՜ր է: Դուք հավանակա՞ն եք համարում Իսրայելի (մասամբ էլ ԱՄՆ-ի) կողմից Իրանի ռմբակոծությունը:
-Իհարկե: Նման իրական վտանգ իսկապես կա: Եվ որքան Իրանն ավելի է մոտենում միջուկային ռումբ ունենալու սահմանագծին, նույնքան Իսրայելը փորձում է ակտիվ գործողության վերածել իր սպառնալիքը:
-Իսկ հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ը համաձայնեց ու ձայն չի հանում թե Հայաստանում ռազմաբազաների ժամկետի երկարացման, թե Ադրբեջանին C-300 հրթիռների վաճառքի առնչությամբ, և թե ընդհանրապես` ԱՊՀ-ի առնչությամբ, որովհետև ակնկալում է, որ Իրանի դեմ հնարավոր հարձակման դեպքում Ռուսաստանն իրենց հետ կհամագործակցի, կամ գոնե` չի մրցակցի:
-Իհարկե:
-Իսկ հնարավո՞ր է, որ հենց Իրանն էր պատճառը, որ ԱՄՆ-ը որոշեց դուրս գալ Իրաքից, քով քովի բերել Իսրայելն ու Պաղեստինը... Ասել է` թեթևացնել մերձավորարևելյան իր խնդիրները, որպեսզի ձեռքերն ազատ լինեն Իրանի միջուկայինի դեմ «կռվելիս»:
-Դա կա, սակայն այդ քայլերը պայմանավորված են նախ և առաջ այն քաղաքականությամբ, որը Միացյալ Նահանգները վարում է ողջ Մերձավոր Արևելքում: Օբաման ավարտել է իր ներքին առաջնահերթության խնդիրները և հիմա գնում է դեպ արտաքին քաղաքականություն` փորձելով լուծել դրանք:
-Բժեզինսկին վերջերս իր հարցազրույցներից մեկում տեսակետ էր հայտնել, որ Օբամայի վրա որոշակի առաքելություն կա Մերձավոր Արևելքի հետ կապված: Հնարավո՞ր է` ամերիկյան վարչակազմն Օբամայի համար թիվ մեկ խնդիր է համարել Իրանը:
-Ոչ։ Իրանն առաջնահերթություն է Հյուսիսային Կորեայի և Պաղեստինի խնդիրներից հետո: Չմոռանանք Իրաքի ու Աֆղանստանի շատ մեծ կարևորությունը նույնպես: Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանի հետ կապված դեռ ժամանակ ունի: Սակայն ողջ խնդիրն այն է, որ Իսրայելը շտապեցնում է:
-Ի՞նչ կոնկրետ ժամկետների համար է «շտապեցնում» Իսրայելը. ինչքա՞ն ժամանակ ունի ԱՄՆ-ը Իրանի խնդիրը «լուծելու» համար:
-Պատուհանը մեկ, մաքսիմում` երկու տարի է:
-Ոնց երևում է, և ինչպես ընդունված է ասել` «վերաբեռնում» է տեղի ունենում նաև Իսրայելի շուրջ ԱՄՆ-Ռուսաստան փոխհարաբերություններում. Ռուսաստանը վերջերս ռազմական աննախադեպ համաձայնագիր ստորագրեց Իսրայելի հետ (իհարկե` առայժմ շրջանակային):
-Այո: Այդ համաձայնությունը պայմանավորված էր նրանով, որ Իսրայելը կորցրեց Թուրքիան, ինչը նույնպես հետաքրքիր է տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից:
-Դառնանք կրկին մեր «դարդին»: Քիչ առաջ Դուք ասացիք, որ Հայաստանը պետք է պայմաններ դներ Ռուսաստանի առջև։ Ի՞նչ եք կարծում, եթե դներ, Ռուսաստանը կհամաձայնե՞ր:
-Այո, կհամաձայներ: Երկու պատճառով. նախ որ Հայաստանը, որպես տարածաշրջանում Ռուսաստանի միակ դաշնակից, և Գյումրին, որպես տարածաշրջանում միակ ռուսական ռազմաբազա (հիշենք, որ Ռուսաստանը վճարում է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի, Սևաստոպոլի ֆլոտի համար նույնպես), այստեղ ևս Ռուսաստանը պետք է պատրաստ լիներ վճարելու իր ռազմակայանի ծախսերի դիմաց, եթե, իհարկե, Հայաստանը պահանջեր:
Երկրորդ պատճառն էլ այն է, որ եթե Հայաստանը չի պահանջում հավասար պայմաններ, Ռուսաստանը, հաստատապես, երբեք չի հարգի Հայաստանին: Ռուսաստանը, ինչպես բոլոր մյուս երկրները, հարգում է ուժը, եթե ոչ ավելին:
-Գիտե՞ք, պարոն Կիրակոսյան, ինչն է հետաքրքիր. Հայաստանը 49 տարով նախընտրել է ռուսական վեկտորը, Դուք դրա դեմ չե՜ք բողոքում, բայց ռազմաբազաների գնի դեմ «բողոքում» եք:
-Թույլ տվեք բացատրեմ` ինչու. ինքնին հասկանալի է, որ Հայաստանը պետք է ունենա համագործակցություն Ռուսաստանի հետ: Բայց Հայաստանը նաև բալանսի կարիք ունի և պետք է համագործակցության կապեր ունենա նաև Արևմուտքի հետ: Ասածս չի նշանակում, թե «հանենք» այստեղից Ռուսաստանն ու իր ռազմաբազաները, և այստեղ բերենք Արևմուտքը, ՆԱՏՕ-ն կամ ամերիկացիներին: Ողջ խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է լինի ինքնաբավ և չպետք է լինի որևէ երկրից կախվածության մեջ: Սա է իմ մտահոգությունը:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1364

Մեկնաբանություններ