ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԼԵՌՆԱՅԻՆ ԳՅՈՒՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է

ԼԵՌՆԱՅԻՆ ԳՅՈՒՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
15.04.2011 | 00:00

ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մինչ Եվրամիության անդամ երկրներում, անգամ Ռուսաստանի Դաշնությունում, մեծ ճիգեր են գործադրում վերականգնելու տեղի բնակչության բնական աճը, ծնելության մակարդակը, Հայաստանի կառավարությունը կարծես երկար մտորումների մեջ է ժողովրդագրական լրջագույն խնդիրների պարզ լուծումների շուրջ: Հիշյալ պետություններում դեմ չեն անգամ մեխանիկական աճ ապահովելու` ուրիշների հաշվին, դրա համար ակնհայտ ծուղակներ և թակարդներ լարելով հատկապես Հայաստանի և նրա մակարդակում գտնվող այլ երկրների աշխատունակ բնակչությանը ներգրավելու դարակազմիկ ծրագրերում` հեշտացնելով որակյալ աշխատուժի միգրացիայի գործընթացը: Տասնամյակների ընթացքում Հայաստանում և Արցախում դատարկված, լքված բնակավայրերի թիվը կրճատելու, դրանք վերաբնակեցնելու փոխարեն այն այսօր կարծես ավելացնում ենք սեփական կառավարության նախաձեռնությամբ:
Ֆինանսական ճգնաժամի փուլում վերսկսված զանգվածային արտագաղթի պայմաններում իշխանության միջանցքներում վերստին թևածում է գյուղերի խոշորացման չարաբաստիկ ուրվականը: Վերջինիս պաշտոնական նպատակն է բարձրացնել գյուղերի և գյուղատնտեսության կառավարման արդյունավետությունը: Իսկ իրականում այն նպաստում է գյուղերից դեպի քաղաքներ (հիմնականում` Երևան) գյուղացիների մեծաքանակ շարժին` ուրբանիզացիային, իսկ ավելի ուշ վերածվում է երկրից արտագաղթի նոր ալիքի:
Նախագծի բովանդակությունից պարզ երևում է, որ նրա հեղինակներն անտեղյակ են 20-րդ դարի 50-70-ական թվականներին գյուղերի խոշորացման ավերիչ հետևանքներին. Հայկական ԽՍՀ-ում գյուղերի թիվը կրճատվեց 1192-ից մինչև 918, այսինքն` մենք կորցրինք 275 գյուղ, որոնցից շուրջ 50-ը մտավ քաղաքների կազմի մեջ, իսկ մյուսները, այսինքն` բացարձակ մեծամասնությունը, լքվեցին, ամայացան: Դրան ուղեկցեցին շուրջ 500 հազար հեկտար գյուղատնտեսական մշակելի հանդակների լքումը, խոպանացումը, լեռնային ընդարձակ մշակելի հողատեսքերը վերածվեցին արոտավայրերի:
Հայաստանյան ագրարային հատվածի այդ կորուստն անդառնալի հետք թողեց մեր տնտեսության և տարաբնակեցման նկարագրի վրա: Նոր, ավելի «ժամանակակից» նախագիծը խոստանում է մեզ է՛լ ավելի խորացնել հիշյալ ազգային կորուստը:
Այսօր հիմնավոր մտավախություն ունենք, որ նոր օրինագծի կիրառումով կհասնեն ճիշտ հակառակ արդյունքի, քան հավատում և հավատացնում են նրա հեղինակները: Ինչպես ժողովուրդն է ասում, «հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ հետը կհանեն»:
Նախագծի հեղինակների կարծիքով` գյուղերի խոշորացումը (տվյալ դեպքում նրանք նկատի ունեն գյուղական համայնքների կառավարման խոշորացումը) կբերի կառավարման ծախսերի կրճատման, ինչպես նաև կենտրոնացված միջոցների ավելի նպատակային ներդրման սոցիալական ոլորտում:
Այդ զուտ հաշվապահական մոտեցումը զուրկ է որևէ գիտական հիմքից: Նրա հեղինակներն աչքի առաջ են ունեցել սոսկ գյուղապետարանի վարչական ծախսերը և ակնհայտորեն աչքաթող են արել այն ծախսերը, որոնք կապված են լինելու դեպի գյուղապետարան տանող ճանապարհի երկարացման հետ. չէ՞ որ աշխատող գյուղացին կամ թոշակառուն այժմ հարկադրված կլինեն ինչ-ինչ հարցեր լուծելու համար արդեն երեք-չորս անգամ ավելի ժամանակ և միջոցներ ծախսելու: Մի՞թե ժամանակը փող չէ: Եթե ոչ, ապա ի՞նչ միջոցներով պետք է չափել բարոյա-հոգեբանական կորուստը, որը կրելու է գյուղացին այդ երկարացված ճանապարհին:
Ինչ վերաբերում է զուտ ֆինանսական միջոցների օգտագործմանը, ապա հաստիքների կրճատումը և գյուղապետարանի բյուջեների կենտրոնացումը կարող են միայն դիմազրկել այդ միջոցների օգտագործումը և ավելացնել դրա հետ կապված չարաշահումները: Նույնիսկ լավագույն դեպքում միջոցների կենտրոնացումը տեղի կունենա ավելի փոքր համայնքների հետագա տկարացման և կազմալուծման հաշվին:
Այսպիսով, գյուղական համայնքների կառավարման միավորումը և ֆինանսական միջոցների կենտրոնացումն անխուսափելիորեն կհանգեցնեն.
1. այդ միջոցների դիմազրկմանը և դրանց չարաշահումների մեծացմանը,
2. փոքր գյուղերի հետագա տնտեսական տկարացմանը, և թերևս ամենակարևորը`
3. այն բերելու է բնակչության` գյուղից գյուղ հարկադրված և անտեղի երթևեկության տրանսպորտային ծախսերի աննախադեպ ավելացմանը, փոքր գյուղերի բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի վատթարացմանը, մարդկային գործոնի բացասական դերի ուժեղացմանը գյուղում:
Նոր «ծրագրի» հեղինակների առաջարկի համաձայն, այսօրվա 913 գյուղերի կառավարումը պետք է կենտրոնացվի մոտավորապես 300 խոշոր գյուղերում, ասել է` գյուղապետ ունենալու իրավունքից զրկելու են ավելի քան 600 գյուղի: Ի վերջո, ինչ է սպասում մեզ գյուղապետարանների խոշորացումից հետո, երբ 913 գյուղապետարանից հետո մենք կունենանք 315: Կհեշտանա՞ արդյոք գյուղի և գյուղատնտեսության կառավարումը, թե՞ ճիշտ հակառակը` կդժվարանա: Կհեշտանա միայն գյուղապետերի կառավարումը վերադաս վարչական մարմինների կողմից, քանզի 913-ի փոխարեն նրանք գործ կունենան ընդամենը 315 գյուղապետի հետ: Սակայն միավորված գյուղերի կառավարումն առնվազն երեք անգամ կդժվարանա, քանզի, ամենայն հավանականությամբ, նշանակովի իշխանությունն ուղղակի և փոխաբերական իմաստով կհեռանա գյուղացուց:
Եթե հաշվի առնենք, որ այդ գյուղերի ճնշող մասը գտնվում է լեռնային և սահմանամերձ գոտում, ապա ակնհայտ է դառնում հարցի ռազմավարական նշանակությունը: Հետևաբար, վստահորեն կարելի է կանխատեսել, որ նման «իշխանազուրկ» գյուղերի մեծագույն մասը դատապարտված է ժամանակի ընթացքում լքմանն ու ամայացմանը:
Արդյոք հասկանո՞ւմ են դա ագրարային «բարեփոխման» մերօրյա հեղինակները: Կարծում ենք` չեն հասկանում: Զի չի կարելի կտրել ճյուղը, որի վրա նստած ենք:
Կոլխոզ-սովխոզային ժամանակաշրջանի վերջին մոհիկանները վկայում են, որ գյուղերի և գյուղապետարանների (գյուղսովետների) խոշորացումից-ապախոշորացումից հետո մեր գյուղատնտեսությունն այլևս ուշքի չեկավ: Դա է վկայում նաև վիճակագրությունը: Իսկապես, համայնատիրական կարգի գոյության վերջին 2-3 տասնամյակներում Հայաստանի գյուղատնտեսության զարգացման տեմպերը, միջին հնգամյա ցուցանիշները նվազեցին 5-10 %-ից մինչև 5-0,5 %: Այլ խոսքով, հանրային գյուղատնտեսությունն այդ տարիներին դոփում էր տեղում: Ինչը և ավարտվեց համայնավարական ագրարային կարգի տխուր և համատարած փլուզումով:
Ինչպես վկայում է տնտեսագիտական-վիճակագրական վերլուծությունը, Հայաստանի գյուղերը խոշորագույնն են ամբողջ ԱՊՀ տարածքում: ՀՀ մեկ գյուղի բնակչության միջին թիվը մոտ 1500 մարդ է, որը 2,5 անգամ գերազանցում է ԱՊՀ միջին ցուցանիշները: Համեմատության համար նշենք նաև, որ Վրաստանում գրեթե նույն ցուցանիշներն են, ընդ որում, այնտեղ առկա են լեռնային բնակավայրերի հիմնախնդիրներ: Ինչո՞ւ մեր հարևանները չեն խոսում գյուղերի խոշորացման մասին: Երևի դեռ չե՞ն հասկանում, որ դա լավ բան է:
Հիշեցնենք ընթերցողին, որ խոշոր տնտեսությունների առավելության մասին «դասական» մարքսիստական տեսությունը վաղուց արդեն մերժվել-հերքվել է կյանքի և գիտության կողմից որպես հակագիտական մոլորություն: Ասվածը վերաբերում է նաև խոշոր տնտեսությունների կառավարմանը. նման խոշոր և գերխոշոր տնտեսությունների կառավարումն անհամեմատ ավելի բարդ է և ցածր արդյունավետ: Եթե գյուղերի և գյուղապետարանների խոշորացման հեղինակները հակառակ կարծիքի են, ապա, ինչպես ասում են, ավելի վատ իրենց համար: Սակայն նման ծրագրերը նրանց հեղինակներին վնաս չեն բերում: Ավելին, նույնիսկ օգուտ կարող են բերել, երբ դրանք ֆինանսավորվում են Արևմուտքի տարբեր կառույցների դրամաշնորհներից: Դրանից հետո էլ ինչ փույթ, որ դրանք ավերիչ են մեր տնտեսության համար: Իսկ Արևմուտքը, որտեղից կարող են հնչել նման հորդորներ, և որի հետ փորձում են համեմատել մեր երկիրը, ունի խիստ հակասական փորձ այս հարցում: Հատկանշական է, որ իրենց իսկ` եվրոպացիների խոստովանությամբ, այնտեղ, ուր դիմել են համայնքների համատարած և արագ խոշորացման, գրեթե կորցրել են գյուղացիությունը որպես դասակարգ և այժմ լուրջ սպառնալիքներ են ստեղծել սեփական երկրի համար: Եվ հակառակը, գյուղացիությունը և գյուղատնտեսության մրցունակությունը պահպանվել են այն երկրներում, որոնք ավելի հավասարակշիռ մոտեցում որդեգրեցին այս հարցում: Գերմանիայում, օրինակ, այս գործընթացը տևեց 10 տարի` 1965-1975 թթ., իսկ Շվեդիայում նույն գործընթացի համար պահանջվեց 44 տարի` 1951 թվականից սկսած մինչև 1995 թվականը: Ինչ վերաբերում է Արևելյան Եվրոպայի երկրներին, ապա մեկ համայնքի բնակչության միջին թիվը Չեխիայում 1680 մարդ է, Սլովակիայում՝ 1846, Հունգարիայում՝ 3290, մեր երկրի գյուղական համայնքներում՝ 1443: Հազարից պակաս բնակչություն ունեցող համայնքներն այս երկրներում համապատասխանաբար կազմում են ամբողջի՝ 79,8, 68,5, 52,6 տոկոսը, մեր երկրում` 52,5 %-ը:
Հայաստանում, ինչպես հայտնի է, համայնքները միմյանցից խիստ տարբերվում են բնակչության թվով: Հայաստանում միջին հաշվով մեկ համայնքում բնակվում է 4084 մարդ, առանց Երևան քաղաքի՝ 2777, իսկ միայն գյուղական համայնքներում՝ 1443 մարդ: Ընդ որում, մինչև 200 բնակիչ ունեցող 96 համայնք կա, 201-ից 500 բնակիչ ունեցող՝ 176, 501-ից 1000 բնակիչ ունեցող՝ 185, 1001-ից 3000 բնակիչ ունեցող՝ 318, 3001-ից բարձր բնակիչ ունեցող՝ 96 գյուղական համայնք:
Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի 871 գյուղական համայնք, որոնցից 700-ը` լեռնային շրջաններում, դրանց զգալի մասը բարձրլեռնային և սահմանամերձ գյուղեր են: Դրանցից յուրաքանչյուրի ամրապնդումն ունի կենսական, ավելի ճիշտ` ռազմավարական նշանակություն մեր հանրապետության համար: Մինչդեռ, եթե առաջնորդվենք գյուղերի և գյուղապետարանների խոշորացման ծրագրով, նշված 700 գյուղերից «իշխանազուրկ» կդառնա շուրջ 500 գյուղ: Դա է վկայում 20-րդ դարի խոշորացումների դառը փորձը: Ով կարող է հաշտվել նման հեռանկարի հետ, չէ՞ որ այդ գյուղերն աստիճանաբար կլքվեն (պատճառներն արդեն ներկայացրել ենք) և կդատարկվեն ընդամենը մեկ սերնդի կյանքի ընթացքում:
Ո՞վ կարող է ավելի լավ ծառայություն մատուցել մեր չորսբոլորը խրամատավորված հակառակորդներին:
Մի՞թե խոշորացման ծրագրի հեղինակներն ապրում են ինչ-որ վիրտուալ-երևակայական, շվեյցարանման մի երկրում և ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, որն ապրում-մաքառում է.
-թշնամական շրջափակման պայմաններում,
-միջպատերազմական (պատերազմը դեռ չի ավարտվել) պայմաններում,
-վերջապես, ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, որի վերահաս վտանգը կախված է մեր գլխին:
ՎԵՐՋԱԲԱՆ. ԿԱՄ Ո՞ՒՄ Է ԾԱՌԱՅՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Ամփոփենք: Նկարագրված արտակարգ իրավիճակի պայմաններում մարտնչող երկրում գյուղերի և գյուղապետարանների առաջարկվող խոշորացման ծրագիրը պետք է դիտվի առնվազն որպես վարչական արկածախնդրություն: Հետևաբար, այդ ծրագիրն այսօր պետք է կասեցվի և հանվի շրջանառությունից, չժխտելով, որ երբևէ պետք է սկսել նաև այդ գործընթացը: Միայն մի քանի լուրջ վերապահումներով: Մինչ համայնքների խոշորացման գործընթաց սկսելը Հայաստանն անկասկած պետք է լուծի առնվազ երեք հիմնախնդիր: Առաջին` Արցախի և ազատագրված շրջանների միջազգային կարգավիճակի ամրագրումը: Երկրորդ` լեռնային բնակավայրերի լիարժեք բնակեցումը և համաչափ զարգացումը: Երրորդ` ազգային մրցակցային տնտեսության կայացումը: Դա այն ժամանակն է, երբ հարաբերությունները մեր ոխերիմ հարևանների հետ կլինեն նույնքան քաղաքակիրթ, որքան ֆրանս-գերմանական հարաբերություններն այսօր: Հասկանալի է, որ այս խնդիրները ոչ թե մի քանի տարվա, այլ մի քանի սերնդի նպատակային գործողությունների կարիք ունեն:
Նորայր ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2999

Մեկնաբանություններ