ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
09.11.2010 | 00:00

Այս խորագրի տակ «Իրավունքը de facto»-ն պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես չեմ կիսում Ձեր տեսակետը, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
Հայաստանում հասարակությունն ավելի ու ավելի է համակվում այն մտքով, որ հնարավոր է երկիրը ներքաշվի նոր պատերազմի մեջ, որը պայմանականորեն կարելի է անվանել «Ղարաբաղյան երկրորդ պատերազմ»։ Թուրք-հայկական հարաբերությունների, այսպես ասած, կարգավորման գործընթացի հետ կապված իրադարձությունների և Ադրբեջանի ղեկավարությունից բխող ամեն տեսակի մարտահրավերների ու սադրանքների պայմաններում հայ հասարակությունը սկսել է նախընտրել շատ ավելի ակտիվ մասնակցությունը հակամարտության ղարաբաղյան գոտում նոր պատերազմի հնարավորության հարցի քննարկմանն ու նախապատրաստությանը։ Իհարկե, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը չի ձգտել ո՛չ հասարակության, ո՛չ էլ ընդհանուր առմամբ երկրի ռազմականացմանը, ինչը միշտ հակասել է զինվորական շրջանակների և հասարակական որոշակի խմբերի մտքերին ու հայացքներին։ Երկրում բանավեճ է ծավալվում հայկական զինված ուժերի մարտունակության և զինվորական հրամանատարության համարժեքության առնչությամբ։ Զինված ուժերի վիճակի քննադատության առթիվ զինվորական հրամանատարության արձագանքից կարելի է հասկանալ, որ նա չի ըմբռնում մեղադրանքների էությունն ու պատճառները, որոնք հանգեցրել են պաշտպանության նախարարի և մյուս բարձրաստիճան սպաների հրաժարականի պահանջին։ Զինվորական հրամանատարությունը բոլոր հիմքերն ունի պնդելու, թե զինված ուժերի մարտունակությունը պատշաճ մակարդակի է և ոչ մի երկյուղ չկա նոր պատերազմի ելքի առնչությամբ, քանի որ ադրբեջանական զինված ուժերը մի քանի շաբաթվա ընթացքում կմասնատվեն և մաս-մաս կոչնչացվեն` առանց նրանց մարտունակության արագ վերականգնման որևէ հույսի։ Զորախաղերը, որոնք շատ թե քիչ կանոնավոր պարբերականությամբ անցկացվում են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իրանի ու Ռուսաստանի ռազմական գերատեսչություններում` ոչ միայն զինվորական մասնագետների, այլև զինվորական փորձագետների մասնակցությամբ, վկայում են, որ, չնայած զգալի ռազմական տեխնիկայի ձեռքբերմանը, Ադրբեջանին այդպես էլ չի հաջողվել ստեղծել մարտունակ զինված ուժեր։ Ադրբեջանի զինվորական հրամանատարությունը գլխավոր շեշտը դնում է «էքստենսիվ» գործոնի, այսինքն` զրահատանկային ուժերի ու հրետանու հոծազանգված գործադրման վրա, ինչը կոչված է կոտրելու հայկական զորքերի դիմադրությունը և ճեղքելու պաշտպանությունը։ Ընդ որում, Բաքվում վստահ են, որ պատերազմական գործողությունների ամբողջ ընթացքում հակառակորդը պաշտպանվելու է։ Ադրբեջանի զինված ուժերի ամենախոցելի տեղն անընդունակությունն է իրականացնելու հարձակողական գործողություններ և կոորդինացնելու տարբեր զորատեսակների գործողությունները, միաժամանակ, նրա համար ամենևին հասկանալի չէ` ինչպես վարվել և ինչ որոշումներ ընդունել ենթադրվող «բլիցկրիգի» ձախողումից հետո։ Հույսեր են դրվում տևական դիրքային մարտերի և մինչև ինչ-որ «միջազգային որոշումների» կայացում ժամանակը ձգձգելու վրա։ Ադրբեջանական ղեկավարության և հրամանատարության լուրջ երկյուղներից մեկը զգալի զոհերն են, որոնք, անկասկած, կլինեն պատերազմի նման «էքստենսիվ» մեթոդների դեպքում։ Ադրբեջանական ղեկավարության համար մեծ խնդիր է այն, թե ինչ կերպ պաշտպանեն նավթի-գազի համալիրը, որն ստեղծվել է այնքան լուրջ ջանքերի միջոցով և որը, անշուշտ, կոչնչացվի հիմնավորապես։ Դրա հետ մեկտեղ, Հայաստանի նախապատրաստությունը պատերազմին թույլ չի տալիս հույսեր կապել նաև հաղորդուղիների շրջափակման գործոնի հետ։ Նախ, Հայաստանի զինված ուժերն ընդունակ են տևական մարտական գործողություններ իրականացնելու ինքնուրույն։ Երկրորդ, Իրանը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի ու նրա զինված ուժերի կանոնավոր գործունեության ապահովման համար, իսկ Վրաստանն ամենևին շահագրգռված չէ ո՛չ Հայաստանի աղետալի պարտությամբ և ո՛չ էլ նրա հետ պատերազմով, որն անպայման կբռնկի, եթե փորձ արվի շրջափակել հաղորդուղիները։ Ընդ որում, Ադրբեջանի համար նպաստավոր միջազգային որոշումների ընդունման հույսերը սպառված կլինեն և ընդմիշտ։ Եթե այդ պատերազմը վերածվի ավելի լայն տարածաշրջանային հակամարտության, ապա Թուրքիայի դերը Նախիջևանի խնամակալության գործում կդառնա կասկածելի։
ՈՒրեմն էլ ի՞նչ պրոբլեմ ունեն հայկական զինված ուժերը։ Եղե՞լ են, արդյոք, դրանք առաջ և որքանո՞վ են հաղթահարելի։
Հայկական զինված ուժերը կազմավորվել են ազգային ազատագրական պայքարի պայմաններում և ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքների ազդեցությամբ։ Երկու սերունդ է ձևավորվել այդ գործոնների պայմաններում և սոցիալական ոլորտում բարեփոխումների ակնկալիքներով։ Դա կատարվել է միայն մասամբ, իսկ հասարակության մի զգալի մասն առհասարակ ներգրավված չի եղել դրական գործընթացներում և երկրի զարգացման գործում։ Հայաստանին, ինչպես բոլոր նորանկախ պետություններին, սպասում էր մանրբուրժուական հասարակության ձևավորում, որը ձգտում է համահարթել հասարակական զարգացման արժեքային տարրերը։ Հասարակության որոշ մասը, քողարկվելով կեղծ ազատական կարգախոսներով, տարածում է հակահայրենասիրական, այսպես կոչված պացիֆիստական (հնազանդության) գաղափարներ, որոնք միջազգային ավելի լայն հարաբերություններում ակնհայտ կապիտուլյացիա են ենթադրում։ Սակայն հասարակական զարգացման գլխավոր խոչընդոտը եղավ օլիգարխական համակարգը, որը շահագրգռված էր հայրենասիրական սկզբունքների ու կառավարման արդյունավետ եղանակի չեզոքացմամբ։ Դա բավական հղկված թեմա է և լրացուցիչ մշակում չի պահանջում։ Զինվորական հրամանատարությունը զարմացած է, որ զինված ուժերում անմարդկային արարքներ են թույլ տալիս շարքայիններն ու սպաները, քանի որ միայն ռազմական շինարարության հաջողություններն է տեսնում, որոնք, իրոք, գերակշռում են։ Հայկական զինված ուժերի մակարդակի միջազգային գնահատականները շատ բարձր են, և որքան էլ ջանան Վրաստանի ու Ադրբեջանի դաշնակիցները նրանց ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ, միևնույն է, Հայաստանը մնում է պաշտպանական ոլորտի առաջատարը տարածաշրջանում։ Բայց ոչ մի ամենաարդյունավետ զինվորական հրամանատարություն ի վիճակի չէ բավականաչափ երկար տիրապետելու բանակում տիրող ամբողջ իրադրությանը, եթե մերժված ու մեկուսացած է հասարակությունից և համապատասխան արժեքներից։ Հայաստանի զինվորական հրամանատարությունը չկարողացավ ժամանակին տեսնել խոր բացասական երևույթների դրսևորումները զինված ուժերում և, հնարավոր է, պատրաստ չէր արձագանքելու այդ իրադարձություններին։ Այժմ իշխանամետ քաղաքական ու հասարակական խմբերն աշխատում են արագացնել իրադարձությունները և շտկումներ մտցնել բանակ-հասարակություն հարաբերություններում։ Բայց այդ աշխատանքը հապճեպ ու ցուցադրովի չպետք է արվի, զինված ուժերը կարիք ունեն լրջորեն ինտեգրվելու քաղաքական և հասարակական գործընթացներին։ Անհնար է զինծառայողներից պահանջել համարժեք ծառայություն, եթե նրանց հարկադրում են քվեարկության «հավաքական» եղանակներին, վերածելով «անլեզու հայվանների»։ Բանակը դարձել է քաղաքական ընտրախավի կարևորագույն ռեսուրս, և դա ուղղակի հանցագործություն է մի երկրի հանդեպ, որը, փաստորեն, պատերազմի մեջ է։ Այս պայմաններում պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը կարող էին պատասխանատվություն հանդես բերել և հեռանալ պաշտոններից, կարող էին ցույց տալ իրենց ունակությունը` ղեկավարելով մեկական բրիգադ կամ տեսուչների պաշտոններ զբաղեցնելով զինված ուժերում։ Ոչ մի վտանգ չկա, եթե պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվի քաղաքացիական մի անձ և ներկայացնի որևէ քաղաքական խումբ։
Ժամանակն է որոշելու և հանրությանը հասցնելու հայկական զինված ուժերի նպատակներն ու խնդիրները հնարավոր ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Գաղտնիք չէ, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ռազմաքաղաքական գաղափարները մշակվում էին արդեն մարտական գործողությունների ընթացքում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը չի կարող սահմանափակվել Ղարաբաղի հանրապետության պաշտպանության նպատակներով ու խնդիրներով կամ ադրբեջանական զինված ուժերի ոչնչացմամբ միայն։ Դա շատ թերի պատկերացում կլիներ պատերազմի ու նրա նպատակների մասին, կհանգեցներ թե՛ բանակի, թե՛ ժողովրդի կողմից պատերազմի էության չըմբռնման։
Հասկանալի է, որ զինվորականները Հայաստանում պատշաճ ազդեցություն չեն գործում քաղաքականության վրա և միայն հույսեր են փայփայում, թե իրենք քաղաքականության մեջ ավելի կարևոր դեր կխաղան պատերազմի ժամանակ։ Բայց դա ամենևին ինքնանպատակ չէ, այլ բանակի ու հանրության կողմից պատերազմի նպատակների ու խնդիրների ըմբռնում։ Պատերազմը կարող է լինել հաջող և տևական խաղաղություն բերել, եթե պատերազմի նպատակը լինի այն տարածության քաղաքական ձևափոխությունը, որտեղ հիմա գտնվում է Ադրբեջանը։ Քանի դեռ այդ պետական կազմավորումը գոյություն ունի, համենայն դեպս, նրա ներկա ձևով, Հարավային Կովկասում խաղաղություն չի լինի։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերջին ժամանակներս հանրային ճնշման պարտադրանքով աշխատում է կապեր հաստատել քաղաքական տարբեր կուսակցությունների ու խմբերի հետ, նպատակ ունենալով մեղմել տպավորությունը զինված ուժերում տիրող իրավիճակի մասին։ Տպավորություն է ստեղծվում, թե զինվորականներն աջակցություն են փնտրում հասարակության շրջանում, այն պայմաններում, երբ քաղաքական ղեկավարությունն ու կառավարող շրջանակները զինվորականներին թույլ չեն տալիս իրական բարեփոխումներ կատարել բանակում տիրող իրադրության մեջ։ Ձգտելով հասարակական խմբերի հետ հաստատել ավելի վստահական հարաբերություններ, զինվորականները նրանց ներքաշում են զուտ ռազմական հարցերի քննարկման մեջ։ Օրինակ, հանրությանը տեղեկացնում են օպերատիվ բնույթի որոշ գաղտնիքների։ Զինվորականները հույս ունեն, թե Ադրբեջանը մարտական գործողություններ կձեռնարկի պետական սահմանի ամբողջ երկայնքով, որպեսզի հիմքեր ունենա զանգվածային հարված հասցնելու Ադրբեջանի տարբեր շրջանների ռազմավարական ենթակառուցվածքի օբյեկտներին։ Ընդ որում, դարձյալ առաջադրվում է նախկին խնդիրը` ընդլայնել անվտանգության գոտին Ղարաբաղի Հանրապետության շուրջ։ Սա միանգամայն խոցելի մոտեցում է ինչպես ռազմավարական առումով, այնպես էլ քաղաքական։ Անհրաժեշտ է հասկանալ, որ Հայաստանի համար խիստ կարևոր է ընդհանուր սահման ունենալ Ռուսաստանի հետ Դաղստանի կողմում, ինչպես նաև ելք ապահովել դեպի Կասպից ծով, Իրանի սահմանի մոտ ստեղծելով թալիշական հանրապետություն։ Ադրբեջանը պետք է կիսվի երկու մասի` սահմանափակված Կուրի հարթավայրով և Մեծ Կովկասի հարավային ճյուղավորումներով, ինչպես նաև Բաքվի շրջանով։ Ավարներն ու լեզգիները պետք հնարավորություն ունենան վերամիավորվելու Դաղստանին, իսկ թալիշները` ստեղծելու Հայաստանի և Իրանի նկատմամբ բարեկամական իրենց պետությունը։ Քաղաքական առումով, պատերազմը պետք է հանգեցնի Ադրբեջանի լիակատար կապիտուլացմանը, որը չպետք է ունենա այնպիսի հեռանկարի հնարավորություններ, ինչպիսիք են «կարգավորումը» կամ «հաշտության բանակցությունները»։ Բացի այդ, պետական սահմանի ամբողջ երկայնքով տեղի ունեցող մարտական գործողությունները հնարավորություն կտան գործողություններ իրականացնել Նախիջևանի ուղղությամբ։ Ադրբեջանական «ազգի» ամբողջ հետագա պատմությունը պետք է ընթանա այդ բնակչության քայքայման շրջանակներում։ Պատերազմը շահում են միայն այն պարագայում, եթե առկա են ծավալուն, պատմական նպատակներ ու խնդիրներ։ Մանր-մունր խնդիրները չեն կարող հանգեցնել պատմական ու ռազմավարական հաջողության։
Ամենաանսպասելի թեմաներ ու խնդիրներ ներառող քաղաքական վերլուծությունը հնարավորություն է տալիս հետևություն անելու, որ արևմտյան ու ասիական «ուժի կենտրոնները» շահագրգռված չեն (առնվազն) կամ, ավելի ճիշտ, չեն ուզում, որ Ադրբեջանը տնտեսապես և քաղաքականապես զորեղանա, որի վերնախավն ու հանրությունն ավելի ու ավելի են դառնում անհամարժեք։ «Մեծ խաղում» (գուցե և ստվերային «մեծ խաղում») Ադրբեջանի համար նախատեսվում է միայն մեկ գործառույթ` նավթի արդյունահանում և առաքում։ ՈՒրիշ ոչինչ։ Առավել ևս, որ մեծ եկամուտներ ստանալով նավթից, Ադրբեջանը, խթանվելով այդ երկրի պրոբլեմների խորացմամբ շահագրգիռ որոշ քաղաքական և գործարար շրջանների կողմից, ձգտում է միջազգային ասպարեզում առաջարկել տարածաշրջանային քաղաքականության մեջ իր «դերի» այլընտրանքային վարկած։ Հավակնություններով համակված ադրբեջանական վերնախավը կամ, հնարավոր է, վերնախավի մի ոչ մեծ մասը, դեռևս դժվարանում է հասկանալ իր երկրի ապագան, և միաժամանակ համատեղում է երկու տրամադրություն` ագրեսիվությունն ու երկյուղը։ Դա շատ վտանգավոր վիճակ է վերնախավային խմբերի համար։ Երևի երկյուղների գլխավոր առիթը լիովին չըմբռնված ու չգիտակցված այն դրությունն է, երբ ադրբեջանական վերնախավն այդպես էլ համաշխարհային քաղաքական ու տնտեսական վերնախավի մաս չի դառնում։ Բաքվեցի որոշ հասկացողներ ջանացել են կառավարող վարչակազմին վեհերոտ ու ապարդյուն բացատրել ապաշնորհների գործունեության նման անարդյունավետության պատճառները։ Ավելին, երկու թե երեք էթնիկ ադրբեջանցիներ, որոնք ընդունվել էին համաշխարհային բարձրաշխարհիկ շրջանակներ, հարկադրված էին բառացիորեն դուրս գալ ադրբեջանական շրջանակներից, և իրենց ազգային ծագումը համարում են «մասնավոր դեպք»։ Արևմտյան և իսլամական վերնախավերի միջև որոշակի փոխըմբռնում կա Ադրբեջանի տեղի ու դերի առնչությամբ, որը պետք է բավականին համեստ տեղ գրավի տարածաշրջանում։ Չափազանց շատ անորոշություններ կան բուն Ադրբեջանում և համաշխարհային քաղաքականության ինչ-որ «գերտարածք» մտնելու նրա ձգտման ոլորտում։ Մի երկիր, որն աշխարհում իր տեղը կառուցում է նավթի ու գազի վրա, չի կարող հավակնել երկարաժամկետ պլանների ու ռազմավարության, թեկուզ և այն պատճառով, որ պաշարներն արագորեն սպառվում են, իսկ այլընտրանք չկա։ Տարանցման հանգամանքը, անգամ ռազմական տարանցումը ածխաջրածիններից ոչ պակաս ժամանակավոր երևույթ են։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, անշուշտ, կունենա միանգամայն որոշակի նպատակ. զսպել Թուրքիային և տևականորեն օտարել նրան Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններից։ Եթե արևմտյան ընկերակցությունը Հայաստանին ազդանշաններ հաղորդի այն մասին, թե պատերազմը հնարավոր է և դիտվում է որպես իդեալական իրադարձություն, պայմանով, եթե տարածաշրջանում պաշտպանվի նավթատար և հաղորդակցական համալիրը։ Նույն կերպ այդ խնդիրը լուծեց Ռուսաստանը վրաց-ռուսական հակամարտության ժամանակ։ Ռուսաստանի կողմից նավթամուղների և տարանցման մյուս ենթակառուցվածքների պաշտպանությունը դարձավ բազային պայմանը Եվրոպայի հետ, այնուհետև նաև ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի դիրքորոշումների մերձեցման համար։ Առանց բացառության բոլոր տերությունները, այդ թվում` Թուրքիան, շահագրգռված են կովկասյան իրադրության սառեցմամբ, ներառյալ ղարաբաղյան և վրացական խնդիրները, բայց եթե պատերազմը տեղի ունենա, իսկ այն անպայման տեղի կունենա, ամեն տերություն կաշխատի այդ պատերազմը հարմարեցնել իր ռազմավարությանը կամ ընդհակառակը։ Համենայն դեպս, այդ պատերազմի հովանավորների պակաս չի զգացվի։
Երբ խոսքը վերաբերում է հանրային գիտակցության ռազմականացմանը, առիթ է լինում լսել միանգամայն լուրջ հակափաստարկներ ու հանդիմանություններ, սակայն դա նշանակում է հասկանալ պատերազմի, որպես երկարաժամկետ խաղաղության հաստատման միջոցի, նպատակներն ու խնդիրները։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1099

Մեկնաբանություններ