Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԱՂԹԱՀԱՐՈՂԻՆՆ Է

ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԱՂԹԱՀԱՐՈՂԻՆՆ Է
20.05.2011 | 00:00

Ծանրամարտը Հայաստանում միշտ էլ սիրված մարզաձև է եղել և, սիրված լինելու հետ մեկտեղ, «մշտական գրանցում» ձեռք բերել բնակավայրերում, որոնք հենակետային նշանակություն են ունեցել մարզաձևի համար: Բանը հասել էր այնտեղ, որ, զորօրինակ, Գյումրին դեռևս Խորհրդային Միության տարիներին առանձին հնչողություն էր ձեռք բերել մարզաձևի մասնագետների շուրթերին և ոչ միայն երկրի ներսում: Հուրախություն բոլորիս, այսօր հանրապետությունում արդեն լուրջ թիվ են կազմում այն բնակավայրերը, որտեղ ծանրամարտը, ըստ էության, դարձել է թիվ մեկ մարզաձև` եթե ոչ պարապողների քանակով, ապա առնվազն արձանագրած ձեռքբերումներով: Ընդ որում, այդ ձեռքբերումները վաղուց հատել են մեր երկրի սահմանները` նույն այդ երկրին բերելով փառք ու ճանաչում:
Խոսենք փաստերով:
Մեծահասակների Եվրոպայի այս առաջնությանը հանրապետության կանանց հավաքականը ներկայացնում էր երկու մարզուհի, երկուսն էլ երևանամերձ Քասախ գյուղի պատվիրակներն էին (օբյեկտիվ պատճառներով բացակայում էին աշխարհի ու Եվրոպայի մրցահարթակներում ուժեղագույնների համարում ունեցող գյումրեցիներ Նազիկ Ավդալյանն ու Մելինե Դալուզյանը, որոնց մասնակցությունը, անշուշտ, լրացուցիչ կշիռ կտար մեր հավաքականին): Էլեն Գրիգորյանի ու Հռիփսիմե Խուրշուդյանի արծաթե ելույթի մասին մենք արդեն գրել ենք, ուստի հարկ չենք համարում մանրամասների մեջ մտնել: Ի դեմս Սամվել Գրիգորյանի, բնակավայրը ներկայացված էր նաև տղամարդկանց հավաքականում: Նրա ելույթին էլ թերթը բավականին հանգամանալից անդրադարձել է, թեպետ չէր խանգարի լրացուցիչ ևս մեկ անգամ նշել, որ նրան միայն փորձառության պակասն ու մարզական բախտը, ինչպես նաև մեր մարզչական կորպուսի անհամաձայնեցված գործողությունները խանգարեցին ավելի հաջող ելույթ ունենալու: Սկզբունքորեն, առաջնությունից մարզիկին բաժին հասածը փորձառությունը եղավ և միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանն արժանանալը, որը նույնպես քիչ բան չէ: Ի դեպ, նույն բարձր ճանաչմանն արժանացավ նաև Էլեն Գրիգորյանը:
Ինքնին հասկանալի է, որ հաջողությունները դատարկ տեղից չեն ծնվում: Դրանք հետևանք են ամենօրյա քրտնաջան աշխատանքի, որում իրենց առյուծի բաժինն ունեն ՀՀ վաստակավոր մարզիչ Արման Ղազարյանն ու դպրոցի տնօրեն Մելիք Ղուկասյանը, ով, ի դեպ, Սամվել Գրիգորյանի անձնական մարզիչն է, իսկ բոլորովին վերջերս էլ նշանակվել է ծանրամարտի հանրապետության երիտասարդականի ավագ մարզիչ:
Հետևողական աշխատանքը տվել է ու շարունակում է տալ իր պտուղները: Հանրապետության մեծահասակների այս տարվա առաջնությունում բնակավայրը ներկայացված է եղել յոթ մարզիկ-մարզուհով, յոթն էլ մեդալային ելույթ են ունեցել: Էլենի հաջողությունը կարող էր կրկնել և Սամվել Գրիգորյանը, սակայն անձնական քաշի փոքր-ինչ ծանր լինելու պատճառով մարզիկը բավարարվեց մրցանակային երկրորդ տեղով: Արծաթե մեդալի արժանացավ նաև Արփինե Դալարյանը: Բրոնզե մեդալներ նվաճեցին Վարդան Մինասյանը, Անուշավան Մկրտչյանը, Հրայր Մուրադյանը, Աղավնի Միհրանյանը:
Դպրոցն այս տարի հաջողությամբ կարող էր լուծել երկու ծանրորդով հանրապետության պատանեկան հավաքականում ներկայացված լինելու պարտավորությունը, սակայն Յուրա Կարապետյանը վրիպեց: Փոխարենը մարտական բնավորություն հանդես բերեց Վազգեն Քոչարյանը, ով մինչև 94 կգ քաշային կարգում դարձավ հանրապետության պատանիների չեմպիոն: Առանձնահատուկ նշենք, որ ոսկու համար պայքարում ծանրորդը հանդես բերեց բացառիկ կամային որակներ:
Տարիքային մեկ այլ խմբի` հանրապետության երիտասարդական ընտրանու կազմում հայտնվելու խնդիր է դրված Վարդան Մինասյանի, Անուշավան Մկրտչյանի, Հրայր Մուրադյանի առաջ (մարզիկները ներկայացնում են մինչև 56, 85 և 94 կգ քաշային կարգերը): Վանաձորում օրերս կայանալիք հանրապետության առաջնությունը ցույց կտա, թե տղաները որքան են նպատակադրված աշխատել և որքան են պատրաստ արդարացնելու մարզիչների հույսերը:
Տղաների այս «հրավառության» ֆոնի վրա հետ չեն մնում նաև աղջիկները: Կանանց հանրապետական առաջնությունը ցույց տվեց, որ ոչ հեռավոր ապագայում իրենց լուրջ խոսքը կարող են ասել Արփինե Դալարյանն ու Աղավնի Միհրանյանը:
Վերը թվարկված անունները Քասախի ու Քասախի մարզադպրոցի այսօրն են: Ընդամենը այսօրը, սակայն չպիտի հաշվարկից հանել նրանց, ովքեր դեռևս չեն կարողացել դրսևորվել տարբեր պատճառներով` լինեն դրանք հոգեբանական արգելքի հաղթահարում, ֆիզիկապես դեռևս կայանալու ու կայունանալու խնդիր, թե ծանրամարտի հրաշալի աշխարհ շեմելու զուտ ժամանակային գործոն: Ամենակարևորը` այստեղ գիտեն, որ ճանապարհը հաղթահարողինն է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1502

Մեկնաբանություններ