ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ, ՈՐ ՄԵՐ ՈԳՈՒ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՊՂԾԵՆ»

«ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ, ՈՐ ՄԵՐ ՈԳՈՒ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՊՂԾԵՆ»
04.06.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հյուրն է արվեստագիտության դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
-Օտարալեզու դպրոցների հնարավոր բացումը մեր փոքր հայրենիքում հանգիստ չի տալիս մեզ: Ձեր կարծիքով` ի՞նչ նպատակ է այն հետապնդում, ո՞ւմ մտահղացումն է, ո՞ւմ է ծառայում, ի՞նչ պատուհաս է մեզ սպասում…
-Ինձ համար էլ այստեղ գաղտնիք կա` մթություն: Օտարալեզու դպրոցի գաղափարը, իմ կարծիքով, այստեղ չի հղացված: Մեր իրականության մեջ շատ գաղափարներ են սկսում շրջանառվել, որոնք հղացվում են դրսում, և այստեղ գտնվում են տարրեր, որոնք այդ գաղափարներն սկսում են հոլովել. հավանաբար, շահ ունեն դրանից: Եթե շատ խիստ չարտահայտվեմ, պետք է ասեմ, որ այդ գաղափարների հեղինակները մեր երկրի և մեր ժողովրդի բարեկամները չեն: Մտածում եմ` միգուցե այս կեղծ բանավեճը սկսել են մեր հասարակությունը կրկի՞ն պառակտելու համար: Երբ արդեն քանի՜ շերտով են պառակտում մեզ. բազում կուսակցություններ, աղանդներ, հայրենակցական միություններ, հայրեր և որդիներ, ուղղագրություն, արևելահայերեն և արևմտահայերեն, ղարաբաղցիներ և հայաստանցիներ… Հիմա էլ նոր բան են մտածել` արհեստական բանավեճ հրահրել: Իսկ որ դա արհեստական և կեղծ բանավեճ է, ոչ մի կասկած: Վիճել լեզվի հարցի շուրջ նշանակում է սակարկել հայրենիքը: Ժողովուրդների բեղավոր առաջնորդն ասում էր` լեզուն հաղորդակցության միջոց է: Միակողմանի և նեղ բնութագրում է սա: Եթե լեզուն սոսկ հաղորդակցության միջոց է, մարդիկ կարող են միմյանց հետ հաղորդակցվել տարբեր լեզուներով և, ինչպես իրենք` ապազգայնացածներն են ասում, մնալ լավ հայ: Սո՛ւտ է: Նման բան չկա՛: Հաղորդակցությունը բազում շերտեր ունի` կենցաղային, առևտրական, դիվանագիտական, գիտական, հասարակական և այլն: Իսկ մարդու` անհատի ամբողջականությունը և ազգի` հանրության ամբողջականությունը հենց այն է, որ չպետք է հակասություն լինի այդ շերտերում: Ռուս խոշորագույն լեզվաբան Ալեքսանդր Պոտեբնյան ասում է. «Եթե դպրոցի լեզուն այլ է, ընտանիքի լեզուն` այլ, արդեն հակասություն է առաջանում ընտանիքի և դպրոցի միջև»: Հիմա մեր կրթության մեծարգո նախարարն ասում է, թե տարրական կրթությունը կլինի ազգային, իսկ բարձր դասարաններում կրթությունը` օտար լեզուներով: Այսինքն` առօրյա, տնային խոսակցականը կլինի հայերեն, բայց գիտությունը կլինի ուրիշ լեզվով: Մինչդեռ եթե մի ժողովուրդ իր գիտությունն իր լեզվով չի անում, նրան չի կարելի կոչել կուլտուրական ժողովուրդ: Եվ ես մեր կրթության նախարարին ուզում եմ հարցնել. «Մարդու համար կենցաղի լեզուն և գիտության լեզուն պետք է տարբե՞ր լինեն»: Հարգարժան նախարարը լեզվաբանությունից, բանասիրությունից հեռու մարդ է և այսպես շատ լավ դատում է: Թող մեզ հետ չվիճեն և նեղմտության մեջ մեզ չմեղադրեն մարդիկ, որոնք լեզվի համար ոչինչ չեն արել: Ես լեզվաբան չեմ, բայց ես հայագետ եմ, 50 տարուց ավելի զբաղված եմ հայ լեզվական նյութով և կարող եմ ասել` հայոց լեզուն կենցաղի համար չէ միայն, տանը և շուկայում խոսելու համար չէ միայն, հայոց լեզուն նաև գիտության լեզու է, և դա որոշվել է դեռևս 1600 տարի առաջ: Դա որոշել է Մեսրոպ Մաշտոցը: Նա երկու տարի Սամոսատից Եդեսիա և Եդեսիայից Սամոսատ գնաց, որ հունական և ասորական եպիսկոպոսություններին համաձայնության բերի մեկ խնդրում` թույլ տալ Սուրբ Գիրքը թարգմանել հայերեն: Իսկ դա նշանակում էր հայոց լեզվին տալ միջազգային կարգավիճակ: Այո, Մեսրոպ Մաշտոցը հայոց լեզվին տվեց միջազգային կարգավիճակ: Որից հետո հրապարակ եկավ թարգմանիչների այն սերունդը, որ թարգմանեց տրամաբանական, փիլիսոփայական, աստվածաբանական գործեր, ստեղծեց գիտական տերմինաբանություն, որից մինչ այսօր մենք օգտվում ենք: Այսքանից հետո իրավունք ունե՞նք ասելու, որ տանը կարելի է խոսել ազգային լեզվով, իսկ հասարակական շփումներում, արվեստում, գիտության մեջ մեկ այլ` բարձր` «էլիտար» լեզվով: Լեզվական վերնախավ ստեղծելը արդեն հակաժողովրդական է ժողովրդավարական պետության մեջ: Ի՞նչ է նշանակում ժողովրդավարական պետության մեջ հասարակությունը բաժանել վերնախավի և ստորին խավի: Ես ուզում եմ իմանալ` ո՞վ է էլիտար, ո՞վ է այդ էլիտան. դրամատե՞րը, մեծահարո՞ւստը, ում վիզը հա՞ստ է, և ուղեղը` բարա՞կ… «Էլիտա» բառն առհասարակ պետք է հանել բառապաշարից: Ամո՛թ է: Էլիտա նշանակում է վերնախավ: Իսկ եթե իսկական վերնախավի մասին է խոսքը, վերնախավը գիտակից և կրթված մարդն է, հասարակության շատ չնչին` մեկ տոկոսը, և այդ մենք ենք, ընդամենը մեկ տոկոս, բայց մե՛նք, մե՛զ նմաններն են որոշում հասարակության առաջընթացը, ո՛չ թե ապազգայնացած էլիտան: «Մեր լեզուն մեր հայրենիքն է»,- ասում էր Իսահակյանը: «Լեզուն մեր կեցության տունն է»,- ասում էր 20-րդ դարի մեծագույն փիլիսոփա Մարտին Հայդեգերը: «Լեզուն այն տաճարն է, ուր բնակվում է ազգի ոգին»,- ասում էր Վիլհելմ Հումբոլդտը: Եվ մենք թույլ չենք տա, որ մեր ոգու բնակարանը պղծեն, մենք ապրում ենք մեր լեզվի մեջ, մենք մեր լեզվով ենք տեսնում աշխարհը: Իսկ եթե լեզուն հայրենիքն է, հայրենիքը պաշտպանում են, մի թիզ հող անգամ չեն տալիս, և այդ մի թիզ հողի համար մարդիկ զոհվում են: Եվ եթե լեզվից 1-2 տոկոս տրվի ուրիշին, դա ոտնձգություն է հայրենիքի դեմ, և դրա համար պետք է պայքարել բոլոր հնարավոր միջոցներով: Եվ կպայքարե՛նք: Ես մենա՛կ չեմ: Իմ թիկունքը շատ հզոր է: Իմ թիկունքին կանգնած է հայության ողջամիտ մասը: Իմ թիկունքին ամենամեծ կուսակցությունն է` աշխարհով մեկ սփռված հայությունը:
-Հայերենն է այսօր ողբալի վիճակում, և հայերենը փրկելու փոխարեն գերխնդիր են դարձրել օտարալեզու դպրոցների բացումը. կրկին թերարժեքության բարդույթ, երկփեղկվածություն, հասարակության շերտավորում: Ընդամենը 15 դպրոց` արդարանում է կրթության նախարարը: Իսկ ի՞նչ վիճակում են հայտնվելու մնացած` շուրջ 1400 ազգային դպրոցները:
-Գիտե՞ք, վարակի համար մեկ բացիլն էլ բավական է: Վազգեն Մանուկյանն ասաց. «Ինչպե՞ս եք մեկ տոկոսը որոշում: Եթե մարդն ուզում է գնալ օտար դպրոց, ինչպե՞ս եք մերժելու, պետք է ասեք` մեկ տոկոսը լրացե՞լ է, նա էլ կասի` իսկ իմ իրավունքնե՞րը…»: Մեկ տոկոսի գաղափարը պարզունակ ուղեղներից է ծնված: Նման ուղեղով մարդը մակերեսով է դատում, չի հասկանում, որ դա հակասահմանադրական է, որ օրենքը տոկոսով չի սահմանվում: Երբ մարդ սովորում է մի լեզու, նրա մեջ հետաքրքրություն է առաջանում այդ ժողովրդի, այդ երկրի նկատմամբ, և սա բնական է: Բայց երբ մարդը կրթվում է միայն այդ լեզվով, նրա հայացքն արդեն դրսում է: Սովետական տարիներին էլ այդպես էր. բոլոր ռուսական դպրոց ավարտածների, այսպես կոչված, «էլիտայի» հայացքն ուղղված էր դեպի Մոսկվա: Ես կարծում եմ, որ մենք ներքուստ կատարելագործվելու, քաղաքակրթվելու խնդիր ունենք: Այնինչ մտածում ենք` ինչպե՞ս ներկայանանք աշխարհին: Աշխարհը մեզ չի սպասում: Աշխարհին ներկայանալու խնդիր ոչ մի ժողովուրդ իր առջև չի դնում: Եթե մենք իսկապես լինենք մշակութային ազգ, մեր տեղը կիմանան: Ճապոնացին չի մտածել աշխարհին ներկայանալու մասին, երբե՛ք: Բայց աշխարհը նրա տեղը գիտի: Եթե մեր տեղը չգիտեն, ուրեմն մենք քաղաքակիրթ ազգ կոչվելու արժանի չենք, թեև ունենք արժեքներ, որոնց տեղը գիտեն աշխարհում: Այսօր աշխարհում գոյություն ունեցող պետությունների մեջ ընդամենը 9 երկիր կա, որոնք և՛ հին աշխարհում են ունեցել պետություն, և՛ այսօր ունեն: Եվ մենք մեր փոքրությամբ նրանց մեջ ենք: Սա մեզ ոչինչ չի՞ ասում:
-Կրկին փորձ է արվում կազմաքանդելու մեր ժողովրդի միասնականությունը, զարկ տալու ուղեղների արտահոսքին, հայաթափության նոր ալիք հրահրելու:
-Մեր ժողովրդի մեծագույն արատն է դա` փախչում է իր հողից և իր լեզվից: Եվ կրկին առիթ են տալիս նրան փախչելու: Առանց այդ էլ տեխնիկական և ճշգրիտ գիտությունների մարդիկ հեշտությամբ թողնում, գնում են: Եթե այսօր էլ նրանք ստանան ռուսական կամ անգլիական կրթություն, գնալու են երկրից: Սա պարզապես դավադրություն է մեր ազգի դեմ: Փոխանակ մտածելու` վերացել է այսօր հայոց լեզվի ուսուցիչ ինստիտուտը, աններելիորեն ցածր է հայոց լեզվի ուսուցիչների մակարդակը, չկան դասագրքեր, չկա կրթություն, չկա դպրոց:
-Չե՞ք կարծում, որ սա կարող է ուղիղ գծով կապ ունենալ 2009 թ. նոյեմբերին Մոսկվայում Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Յակովենկոյի այն հայտարարության հետ, որով բաց տեքստով հայտարարվեց, որ անհրաժեշտ է ԱՊՀ անդամ բոլոր երկրներում օրենսդրությամբ ռուսերենին տալ երկրորդ պետական լեզվի կարգավիճակ:
-Սա անմեղ գաղափար չէ: Սա ունի հեռահար նպատակներ. մարդիկ չեն ուզում խոստովանել կամ գիտեն, որ հարմար չէ խոստովանել բարձրաձայն: Լեզվի, կրթության հարցը օտարալեզու դպրոցով չեն լուծում: Դա շատ կոպիտ, պարզունակ և վտանգավոր ճանապարհ է և փոքր ուղեղից ծնված գաղափար:
Զրույցը` Նվարդ ԲՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1905

Մեկնաբանություններ