ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

5. ՊԱՏՎԻ՛Ր ՔՈ ՀՈՐՆ ՈՒ ՔՈ ՄՈՐԸ, ՈՐՊԵՍԶԻ ԲԱՐԻՔ ԳՏՆԵՍ, ԵՐԿԱՐ ԱՊՐԵՍ ԲԱՐԵԲԵՐ ԱՅՆ ԵՐԿՐԻ ՎՐԱ, ՈՐ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ՏԱԼՈՒ Է ՔԵԶ

5. ՊԱՏՎԻ՛Ր ՔՈ ՀՈՐՆ ՈՒ ՔՈ ՄՈՐԸ, ՈՐՊԵՍԶԻ ԲԱՐԻՔ ԳՏՆԵՍ, ԵՐԿԱՐ ԱՊՐԵՍ ԲԱՐԵԲԵՐ ԱՅՆ ԵՐԿՐԻ ՎՐԱ, ՈՐ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ՏԱԼՈՒ Է ՔԵԶ
06.04.2010 | 00:00

ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ
Թող ընթերցողն ուշադրություն դարձնի, որ այս պատվիրանը միակն է, որ իր մեջ նաև խոստում ունի պահված այն կատարողի համար, որովհետև գրված է. «…որպեսզի բարիք գտնես, երկար ապրես»: Այսինքն` բարությունով երկար և երջանիկ կյանք ունենաս: Թե ինչո՛ւ է առանձնահատուկ ուշադրություն դարձվում այս պատվիրանին, մենք կարող ենք հասկանալ, եթե ծնող ենք, իսկ եթե ո՛չ, նայենք մեր ծնողներին: Ո՞րն է նրանց կյանքի իմաստը՝ իրենց զավակներին գիշեր-ցերեկ խնամել և պահպանել, կերակրել և հագցնել, դաստիարակել ու Աստծո և մարդկանց առջև պիտանի և օգտակար էակ դարձնել: Այնքան կարևոր ու անգնահատելի է ծնողների դերն աշխարհում, որ երբեմն նրանց Աստծո փոխանորդներ են անվանում: Ինչպես գրում է Հովհաննես Երզնկացին. «Աստծուց հետո, ծնունդի պատճառ ու միջոցներ են ծնողները, և որպես մարմնավոր աստվածներ են իրենց զավակների համար, որովհետև ծնում են, սնուցում և կյանք պարգևում»: Հիշենք մեր մանկությունը, երբ դեռ չգիտեինք Աստծո գոյության մասին, արդյոք մեղքի և հանցանքի դեպքում չէի՞նք սպասում մեր ծնողներից արժանի հատուցման և շատ անգամ երկյուղով ու վախով, հանդիմանվելով մեր իսկ խղճից, գնացել և խոստովանել ենք նրանց առջև մեր արարքները և, ստանալով ներումը և թողությունը, կարծես ծանր բեռ է ընկել մեր սրտերից:
Երբ մեծացանք, կամ էլ նրանք այլևս չկան, ո՞ւմ պատմենք մեր հոգսերն ու դառնությունները, իսկ հաճախ մեղքերն ու հանցանքները, որպեսզի մխիթարության և խրատի խոսքեր լսենք: Անշուշտ, մեր երկնավոր Հորը, քանզի նա, որպես սիրող ծնող, սպասում է, ինչպես ավետարանական անառակ որդու հայրն էր սպասում, աչքը կրտսեր որդու ճանապարհին, որ գուցե կգա և իր մեղքը կխոստովանի և հայրական սիրող ու ներող համբույրը կստանա իր ճակատին: Կյանքում ամեն բան կանցնի՝ ունեցվածքն ու հարստությունը, կարողությունն ու առողջությունը, բայց հայրական սիրո այդ ներող համբույրի ջերմությունը, որ մինչև սիրտն է թափանցում, երբեք չի անցնի:
Դու ի՞նչ գիտես այն անքուն գիշերների մասին, որ քո հիվանդ ժամանակ անկողնու մոտ, կապարի նման ծանրացած կոպերով, մաքառելով քնի ու անհուսության դեմ, ցամաքել ու մաշվել են քեզ աշխարհ բերող ծնողներդ: Կարո՞ղ ես ընկալել այն վշտի խորությունը, որ բացել ես ծնողներիդ սրտում քո մեղսալից արարքներով ու անհնազանդ վարքով: Տեսե՞լ ես արդյոք այն աչքերի թախիծն ու տագնապի ալիքները, որ ալեկոծել են ծնողներիդ գորովալից սրտերը, երբ դու շատ ես ուշացել տուն դառնալիս: Իսկ ի՞նչ չափով պիտի չափես այն արցունքների դառնությունը, երբ լքում ես ծնողներիդ ու հեռանում անվերադարձ:
Կան նաև ազգեր, որ անհաղորդ լինելով Աստծո սուրբ պատվիրաններին, դեռևս ողջ, բայց արդեն հիվանդ ծնողներին տնից դուրս են հանում, կամ տանում, աղբանոցն են նետում: Քրիստոսի սիրով առաջնորդված մայր Թերեզան տարիներ առաջ Կալկաթայում և Հնդկաստանի այլ քաղաքներում, հավաքելով աղբանոցներից այդ թշվառ արարածներին, հոգատարությամբ խնամել ու կերակրել է, մինչև նրանց բնական մահը, դրանով իսկ հիմնելով այժմ աշխարհին հայտնի Մայր Թերեզայի միաբանությունը, որի անդամները մեր երկրաշարժի ժամանակ Սպիտակի որբերին նույնպես զորավիգ եղան:
Նաև մահվան պես չարագույժ է արարքդ, որ քո իսկ ձեռքերով, քեզ կաթով սնած, քեզ իր բազուկների վրա օրորած, քեզ լույս աշխարհ բերած, բայց արդեն պառաված ու սմքած, թևից բռնած, մորդ կամ հորդ տանում ես ծերանոց: Իսկ հետո էլ ալեկոծված սիրտդ ու խիղճդ ծառս ելած, մեկ-մեկ քեզ այցելության է տանում` նրանց մի քանի հատ միրգ, մի քանի կտոր թխվածք պայուսակիդ անկյունում պահած: Լա՛վ իմացիր, ով մարդ, դու ողջ-ողջ գերեզման դրված ծնողներիդ շիրմին ես այցելում, իսկ քո տարած կերակուրը սգի հաց է նրանց համար:
Ինչո՞ւ այդ քայլին գնացիր՝ նեղվա՞ծք էր բնակարանում, և մի մահճի տեղ է՞լ չկար նրանց համար, կամ ուտելու մի կտոր հաց: Բայց լավ իմացիր, որ տանդ օրհնությունը գնացել է, և դժոխքի կրակ է բռնկվել այնտեղ ու լափելու է քեզ ու քո ունեցվածքը: Կնո՞ջդ ես լսել, նրա գիշերային հեշտալից կրքով հագեցած, նրա հոլանի թևերով պարանոցդ գրկած: Բայց այս էլ իմացիր, որ այդ թևերը կգան մի օր, և մի-մի գալարուն օձի վերածված, պարանոցդ կգրկեն ու քեզ շնչահեղձ կանեն: Իսկ նրա քնքուշ բառեր շշնջած շրթունքներն այս անգամ բացվելու են որպես թույնի սրվակ, կյանքդ մահառիթ օրերի շարանի վերածելու համար:
Այս բանը հաստա՛տ իմացիր:
Ինչի՞ համար էլ որ այդ արեցիր, քավության պատասխան չունես: Թո՛ղ ամեն պատճառ, ելի՛ր և գնա՛ ու նորից ծնողիդ տուն բեր ու մի՛ վախեցիր, Աստված քեզ հետ է, քանզի դու նրա կամքն ես կատարում:
ՈՒ որպեսզի իմանանք, թե Տերն ինչ կարևորություն է տալիս այս պատվիրանին, ընթերցենք աստվածաշնչային մի քանի խրատներ.
l «Այն աչքը, որ արհամարհում է հորը և անարգում է մոր ծերությունը, ձորերի ագռավները պիտի հանեն և արծիվների ձագերը պիտի հոշոտեն այն» (Առակներ Լ. 17)։
l «Անիծյալ լինի նա, ով իր հոր կամ մոր դեմ հայհոյություն կանի» (Բ Օրենք. ԻԷ. 16)։
l «Ով իր հորը կամ իր մորը անիծի, անշուշտ, պետք է մեռցվի. նա իր հայրը կամ մայրը անիծեց, նրա արյունը իր գլխին լինի» (Ղևտական Ի. 9)։
l «Հոր օրհնությունն ամրացնում է որդիների տները, իսկ մոր անեծքը խարխլում է հիմքերը» (Սիրաք Գ, 11)։
Եվ որպեսզի գրվածը լոկ մերկախոսություն չլինի, մեջբերեմ մի դեպք, որը տեղի է ունեցել քրիստոնյա ընտանիքում։
«Մի անգամ մի եպիսկոպոսի մոտ պիղծ ոգուց տանջվող մի պատանու բերեցին: Միշտ մարդասեր եպիսկոպոսը առանց խնդրանքների բժշկում էր բոլորին, բայց այս անգամ դժկամություն ցուցաբերեց: Ծնողները լացակումած աղաչում էին Աստծո մարդուն, որ խղճա իրենց որդուն և ազատի այդ պիղծ ոգուց: ՈՒ ասաց Աստծո մարդը. «Ձեր որդին անարժան է բժշկության, այդ տանջող ոգին տրված է նրան, որովհետև նա հայրասպան է»: Ծնողներն այդ լսելով` սարսափեցին: Իսկ եպիսկոպոսը հարցրեց. «Ձեր որդին հաճա՞խ է ձեզ անպատվում»: «Այդ ճիշտ է», - ասաց հայրը: «Եվ դուք մի անգամ այդ արարքից խիստ դառնացած աղոթել էիք, որ Աստված պատժի նրան»,- շարունակեց եպիսկոպոսը: «Մեղք ենք գործել Աստծո առաջ»,- հառաչելով պատասխանեցին ծնողները: «Ո՛չ, թող ձեր տղան տանջվի, որպես արժանի պատիժ»,- ասաց Աստծո մարդը: Բայց դժբախտ ծնողները խղճահարվելով իրենց որդու համար, չէին դադարում աղաչելուց, որ նա Աստծուն խնդրի և բժշկի իրենց որդուն: ՈՒ միայն պատանու ծնողների համար եպիսկոպոսն օրհնեց և Աստծուն աղոթելով բժշկեց նրան»:
Ահա այսչափ կարևորություն ունի ծնողը Աստծո մոտ, և նրա աղոթքն իր զավակների համար լսելի ու ընդունելի է մեր Տիրոջ մոտ: Չդառնացնենք, սիրելի հայորդիներ, մեր ծնողներին, այլ հնազանդությամբ և հոգատարությամբ վարվենք նրանց հետ, ինչպես հորդորում է Գրիգոր Տաթևացին. «Բազում պատճառներով ծնողները պատվի են արժանի: Նախ, որ Աստծո պատկերն են, ինչպես արդեն ասվեց, և խորհրդաբար Աստծուն տրվելիք պատվին են արժանի՝ որպես ծնող: Երկրորդ, քանի որ գործիք են Աստծո պատկերը մեզ վրա (ձևավորելու) համար, քանի որ առանց ծնողների Աստված ոչ հոգի է ստեղծում, և ոչ էլ մարդ կազմավորում որովայնի մեջ» (Ամարան հատոր, էջ 18):
Որպես օրինակ մեզ պատմում են նույնիսկ, որ երբ արագիլների ծնողները ծերանում են, ձագերը նրանց թևերի տակ առնելով՝ տեղից տեղ են տանում ու կերակրում իրենց կտուցներից, ճիշտ այնպես, ինչպես ծնողներն են արել իրենց:
Աստվածաշունչը միաժամանակ զգուշացնում է, որ աշխարհի վերջում, Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ, մարդիկ պետք է խոտորվեն ճշմարտության ճանապարհից և անօրենությունը սիրելով պետք է արհամարհեն Տիրոջ խոսքն ու խրատները և արդյունքում կլինի… «ՈՒ եղբայրը եղբորը կմատնի և հայրը՝ Որդուն և որդիները իրենց ծնողների վրա պետք է ելնեն ու մեռցնեն նրանց» (Մարկ. ԺԳ. 12), և դարձյալ. «Այս բանը իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը» (Բ Տիմ. Գ. 1-5):
Այս պատվիրանի մեջ նույնպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը հոգատարության իր անձնական օրինակը ցույց տվեց: Երբ նա արդեն խաչի վրա էր գամված և տանջանքների մեջ էր, իր սիրելի աշակերտին՝ Հովհաննեսին, ցույց տալով՝ ասաց իր մորը. «Ահա քո որդին»: Հետո աշակերտին. «Ահա՛ քո մայրը»: Եվ այդ աշակերտը նրան իր մոտ առավ (Հովհ. ԺԹ. 26-27):
Իսկ ամուսնացյալ կանանց հիշեցնենք, որ նրանք, ըստ Աստծո խոսքի, թողնելով հայրական տունը, իրենց ամուսնու հետ դառնում են մեկ մարմին, ու այդուհետև սկեսուրն ու սկեսրայրը համարվում են նաև իրենց ծնողները, ինչպես և հնում, երբ տուն բերած հարսն իր ամուսնու ծնողներին կոչել է հայր և մայր ու որպես խոնարհ դուստր շահել է թե՛ Աստծո օրհնությունները, թե՛ ծնողների գոհությունը: Նման օրինակ հանդիսացավ աստվածաշնչային հերոսուհիներից մեկը՝ Հռութը, որը նույնիսկ իր ամուսնու մահից հետո էլ չլքեց իր սկեսուրին: Տերն էլ նրա հավատարմությանը նայելով թույլ տվեց, որ Հռութի սերնդաբանության մեջ Հիսուսի շառավիղը գտնվի:
Եվ որպես վերջաբան փոքրիկ պատմություն ևս մեջբերենք մի հին ավանդությունից: Օլիմպիական խաղերին շատ հույներ էին ներկա, և բոլորը զբաղեցրել էին նստատեղերը: Ահա մի ծերունի եկավ և շատ այս ու այն կողմ ընկավ ջահելների մեջ ու տեղ չգտավ: Եվ երբ հասավ այն տեղերը, որոնք զբաղեցրել էին սպարտացի երիտասարդները, շատերն իսկույն վեր կացան և հարգալից զիջեցին ծերունուն: Այդ պատճառով հին առածն ասում է. «Աթենացիք գիտեն` որն է բարին, իսկ սպարտացիք կատարում են այն»:
Այս խոսքը մեզ էլ է վերաբերում, առաջին քրիստոնյա հայորդիներիս, որ ոչ միայն անունով ու դավանությունով լինենք քրիստոնյա, այլ նաև կյանքով և գործով:
Մի վերջին խորհուրդ ևս. եթե չկան այլևս ծնողներդ, և դու քո արարքով վշտացրել ես նրանց հոգիները, այժմ էլ ուշ չէ, որ գնաս և խոստովանես քահանայի մոտ քո հանցանքները և խնդրես, որ նա ծնողներիդ հոգիների համար հոգեհանգստյան պատարագ մատուցի, որպեսզի նրանք էլ երկնքում իմանան քո զղջման մասին և հոգիներին թեթևություն ու ուրախություն լինի: Գնա այցելության նաև նրանց շիրիմներին լացով ու զղջումով ապաշխարիր արարքներիդ համար ու նրանց անունով աղքատներին ողորմություն բաժանիր: Մանավանդ մեռելոց, այսինքն` ննջեցյալների հիշատակի օրը, կատարիր այդ բարեգործությունները: Այդ ամենը կատարելուց հետո դու էլ հոգու խաղաղություն կունենաս, և քո խաթարված կյանքը հետզհետե կուղղվի` Աստծու տված պատվիրաններով քայլելով:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4116

Մեկնաբանություններ