Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

«ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊՈԵՄ ՉԷ, ԱՅԼ ՍԽՐԱՆՔ»

«ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊՈԵՄ ՉԷ, ԱՅԼ ՍԽՐԱՆՔ»
26.11.2010 | 00:00

Սերգեյ ՖՈՒԴԵԼ
Եկեղեցական պառակտումը ոչ միայն հիմարություն է, այլև հպարտություն։ Առաջին մեծ պառակտումը (2-րդ դարի մոնտանականությունը) հաստատում էր, որ Սուրբ Հոգու հայտնությունը եկեղեցում ոչ լրիվ է, և ահա մենք (մոնտանականներս) հիմա սպասում ենք նրա լրիվությանը։ ՈՒրեմն, նրանց մոտ ոչ թե պարզապես կարգապահական պառակտում էր` ներքին եկեղեցական մաքրության և կարգապահության ուժեղացման նպատակներով, այլ եկեղեցու հոգևոր լինելու մերժումը, վերագրելով այդ հատկությունը միայն իրենց։ Ըստ էության, հենց այդպես էլ դատում են մեր հնադավանները։ Իհարկե, անթույլատրելի է միստիկ փաստի պատճառով անել ռացիոնալիստական, ադմինիստրատիվ եզրակացություն` ինչ-որ արտաքին հատկանիշներից ելնելով շերտավորել հավատացյալներին «սրբերի» և «ոչ սրբերի», որոնց հարկավոր է դուրս շպրտել։ Ո՞վ է տեսնում մեր մեջ մեր ներքին արատները` հպարտությունը, չարությունը, կեղծավորությունը, անհավատությունը, սառնությունը։ Որտե՞ղ է սրբության այն չափանիշը, որը կտրվեր մեզ այնքան ակնհայտորեն, որ մենք նրա միջոցով կարողանայինք կատարել ինչ-որ բարոյա-քիմիական վերլուծություն։ Միայն սուրբ եկեղեցին է եկեղեցի, սակայն սուրբ եկեղեցու գոյությունը գաղտնիք է, ոչ լիովին բացված մեզ համար` մեր աչքերի համար չի կարող բացահայտ տեսանելի դառնալ Քրիստոսի մարմինը։ Մենք կարող ենք հաստատել, որ եկեղեցում լինելու համար հարկավոր է հիրավի լինել Աստծո սրբության մեջ, բայց թե ով է հատկապես այս պահին արժանացել դրան, չգիտենք։ Այդ պատճառով է Տերն ասում. «Մի՛ քաղեք արտի մեջ որոմը, որ նրա հետ արմատախիլ չանեք ցորենը»։ Դա հարկավոր է հասկանալ նախ և առաջ այն իմաստով, որ այսօր ես կամ դու, կամ նա որոմ ենք, իսկ մի ժամ հետո և՛ ես, և՛ դու, և՛ նա կարող ենք դառնալ ցորեն, կամ, ինչպես ասել է սուրբ Իրինեյ Լիոնացին` «Մարդն է ինքնին պատճառն այն բանի, որ դառնում է մերթ ընդ մերթ կամ ցորեն, կամ դարման»։
Տաճար է մտնում մի աղջիկ առանց գլխաշորի կամ կանգնած է տաճարում, ոչինչ դեռ չհասկանալով, մի տեսակ կողմնակի տեսքով, և նրա վրա բազեների պես հարձակվում են կանոնադրական կանայք և դուրս հանում տաճարից։ Եվ գուցե նա էլ երբեք ներս չմտնի տաճար։
Հիշում եմ, մի քահանա ասում էր ինձ, որ իր աղջկա անհավատության «ձևակերպումը» կատարվել է տաճարում չար պառավներից ստացած տպավորությունից։ Պայքար նրանց դեմ, կարծես, ոչ ոք չի մղում։ Թեև լսել եմ, որ մի վանահայր վերջերս վտարել է եկեղեցուց մի այդպիսի կանոնադրության նախանձավոր և մարդատյաց կնոջ։ «Կարծում ես, այստեղ դո՞ւ ես տիրուհին,- հարցրել է վանահայրը բոլորի ներկայությամբ հենց բեմից։- Ո՛չ, դու չես, այլ Աստծո Մայրը»։
Նաև լսել եմ, որ մի իմաստուն մոսկովյան ավագ քահանա այդ կանանց կոչում է «ուղղափառ քավթառներ»։
Հաճախ ես լսում վերջերս եկեղեցի մտած մարդկանցից, թե ի՞նչ պետք է կարդալ հավատքի մեջ զորանալու համար։ Քրիստոնեության մեջ միայն Նոր կտակարանն է լիովին հնարավորություն տալիս աճելու։ Այդ պատճառով բոլոր մնացած գրքերը, որոնք դրական են խոսում քրիստոնեության մասին, պետք չէ անպայման ընդունել։ Կան բազմաթիվ գրքեր ամենաուղղափառ վերնագրերով, որոնք գուցե և գրված են ամենալավ մտադրություններից դրդված, սակայն քրիստոնեությունը կամ մշուշով են պատում, կամ նույնիսկ խեղաթյուրում։
«Կենդանի է Աստծու խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր, որը կտրում-անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը»,- ասել է առաքյալը։ Միայն այդպիսի սուրը կարող է հատել աստվածաբանական և եկեղեցու պատերի տակ ստեղծված գրականության խավարն ու խառնաշփոթությունը և բացել մարդու առաջ լույսի ճամփան։ Սակայն Աստծու խոսքը կարդալն արդեն սխրանք է, աշխատանք։
«Ծխելով» կարելի է կարդալ Ռոզանովին կամ Թովմա Ակվինացուն, նույնիսկ Վլ. Սոլովյովին, բայց ոչ Պողոս առաքյալին կամ Մակար Մեծին։
Կա աստվածաբանություն դպրոցական, կա, հավանաբար, աստվածաբանություն «սալոնային»։ Եվ կա նաև մտքի ճշմարտացի զարմանքն Աստծու առաջ` ուրախ աստվածաբանություն։ Ֆլորենսկին, հակառակ իր գիտունության, սովորեցնում էր հենց այդպիսի աստվածաբանություն։ Ինչպես ասել է նրա մտերիմ մարդկանցից մեկը. «Ֆլորենսկու մեծությունը ոչ թե նրա գիտունության, այլ այն հաղթահարելու մեջ է»։ Եվ դա հաստատվում էր միշտ, երբ անձամբ շփվում էիր նրա հետ` նրա անդորրությունն ու լռությունը վկայում էին նրա ճշմարիտ հոգևոր վիճակի մասին։
Շատ կարևոր է այն ըմբռնումը, որ քրիստոնեական հրաժարումն աշխարհից ոչ միայն հրաժարում է աշխարհի նկատմամբ սիրուց, այլև նրա առաջին իսկական հաստատումն է։ Ես դիտավորյալ ասացի «աշխարհի», չնայած կարելի էր և ասել «մարդկանց նկատմամբ», և այդ ժամանակ ոչ ոք չէր շփոթի և չէր բերի առաքյալի խոսքերը. «Մի սիրեք աշխարհը»։ Դա բոլորը հիշում են, չհասկանալով այն, իսկ մյուս խոսքերը ո՛չ հիշում են, ո՛չ էլ հասկանում. «Աստված սիրեց աշխարհը»։ Աստված սիրեց, իսկ մենք ահա չենք սիրում, ու այդ պատճառով է, որ չենք ցանկանում մասնակից լինել այն բանին, ինչի մասին հետո նույն տեքստում շարունակվում է. «Քանզի այնպես սիրեց Աստված աշխարհը, որ տվեց իր Զավակին»։
Իսկ մենք միայն դատում ենք աշխարհը, կարծելով, թե ունենք այդ դատավորի իրավունքը, չնայած դարձյալ նույն տեքստում ասված է, որ «Աստված չէր ուղարկել Իր Որդուն աշխարհ, որպեսզի դատի աշխարհը, այլ որպեսզի աշխարհը փրկվի Իր միջոցով»։ Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք, սեր չունենալով, նվիրաբերել մեզ հանուն մարդկանց։ Միայն սիրո սրբությունը կարող է Գողգոթա բարձրանալ։
Չսիրել աշխարհը նշանակում է ամենից առաջ չսիրել ինքն իրեն, սեփական խավարն ու մեղքը, դա նշանակում է նախ և առաջ գիտակցել ինքն իրեն որպես հենց այդ աշխարհը` չսիրող ու մութ։ Եվ այդ ժամանակ այդպիսի աշխարհը չսիրելու պահին մարդու մեջ սկսում է վեր բարձրանալ սիրո արշալույսը` մեծ կարեկցանքը աշխարհի նկատմամբ։
Հիմնականը, որ հարկավոր է ըմբռնել և ընդունել քրիստոնեության մեջ, այն է, որ այն տրամաբանական սոցիալական ինչ-որ ուսմունք չէ, որը կոչված է լուծելու մարդկային համակեցության տանջալից խնդիրները։ Կարելի է ասել նույնիսկ, որ այն հումանիզմ էլ չէ։ Նա կանչում է մեզ հաղթահարելու ոչ թե սոցիալական անարդարությունը, այլ մարդկային բնությունը` հանուն նրա աստվածային բնության վերափոխման։ Քրիստոնեությունը մարդու վերափոխումն է Աստծո շնորհի հաղորդության միջոցով։ Այդպիսի բարձրագույն նպատակի սահմանումով են բացատրվում քրիստոնեության «նեղ ճանապարհը», «ասկետիզմը» (ճգնավորությունը), «սխրանքը» և «սուրը»: Գողգոթայի երկունքից դուրս մարդու մեջ Աստված չի ծնվում։
Գողգոթան մարդկային բնությունից բարձր է, նա այնքան վեր է բնությունից, որ նույնիսկ Քրիստոսն Իր մարդեղության մեջ աղոթում էր, որ այն չլինի։ Այնքան էլ հեշտ չէ պատվաստել մարդուն հավիտենության ճաշակը, իսկ քրիստոնեության նպատակը հենց մարդուն աստվածացնելն է, ընդ որում ամբողջ մարդուն` և՛ հոգին, և՛ մարմինը։ Այդ պատճառով, երբ ժխտվում են Գողգոթան և նեղ ճանապարհը, ապա կարելի է առանց սխալվելու ասել, որ հենց դրանով մերժվում է, վերցվում է քրիստոնեությունից իր բարձրագույն նպատակը, և ամլացրած քրիստոնեությունը դառնում է մարդկային անհամար խմբավորումներից մեկը, որոնք մտահոգված են սոցիալական ընդհարումների լուծումով։ «Քրիստոնեությունը պոեմ չէ, այլ սխրանք»,- ասաց ինձ մի անգամ հայր Սերաֆիմը (Բիտյուգով)։
Սուրբ հայրերի անընդհատ կրկնվող «աստվածանալ» տերմինը շփոթեցնում է հորիզոնների վիթխարիությամբ։ Բայց հենց այդ պատուհանից են երևում ամբողջ քրիստոնեությունը, նրա «լայնությունն ու խորությունը և Քրիստոսի սերը, որը վեր է որևէ ըմբռնումից», որ դարձնում է մեզ ոչ միայն «թագավորներ և քահանաներ», այլև «աստվածներ Աստծու շնորհիվ»։
Հավատքն առ Աստված հավատն է մարդկային անմահության հանդեպ։ Այլ կերպ ասած` հավատքն առ Աստված հավատն է մարդու նկատմամբ, հավատք այն բանի, որ և՛ մարդը կդառնա Աստված։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ