Անհարմար բան ստացվեց: Մամուլի խնդիրներին նվիրված ծաղկաձորյան ֆորումում այնքա՜ն ամեն ինչ իր տեղում էր. ՀՀ-ում ԵՄ ղեկավար պարոն Լյուցենբերգը մեզ բացատրեց, որ մամուլի ազատությունը բարդ գործընթաց է, ուր բոլոր կողմերն էլ անչափ կարևոր են, է՛լ ավելի կարևոր են բաց հասարակություն կերտելու գործը, մարդու իրավունքների, ազատ մամուլի խնդիրները:
ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Ս. Կապինոսն էլ, թե՝ իրենք առաջարկեցին բարեփոխել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի օրենքը, մերոնք չարեցին՝ էսքան խնդիրներ առաջացան: Էնտեղ էլ, ասաց՝ ոչ միայն թերթերին դատի տվեցին, այլև գույքի վրա անթույլատրելիորեն կալանք սահմանեցին:
Մարի Յովանովիչն էլ հարկ համարեց մեջբերել Լիտվայի նախագահի խոսքը. «Եթե չկա ազատ մամուլ, չկա ազատ ժողովուրդ»:
Հաջորդ օրն էլ Իսպանիայից Եվգենիա Ռելանոն ներկայացրեց բոլոր երկրների, բայց ավելի շատ ավտորիտար, բռնապետական երկրների մամուլի վիճակը:
Սրտներս մի քիչ սեղմվեց մերի համար: Մանավանդ BBC-ի ղեկավարը զրույցն էնպիսի մի տեղ տարավ, որ ընդհանրապես սկսեցինք կասկածել՝ արժե՞ լրագրությամբ զբաղվել, թե՞ սա շատ անհույս գործ է: Բրիտանիայում լրագրողներին դատի են տալիս, որովհետև նրանցից մեկը ոստիկանի շորեր է հագել, մտել է ոստիկանության շարքերը, ներսից տեսել, նկարել ամեն բան ու հրապարակել: Ոստիկանությունը դատի է տվել լրագրողին, նա ձերբակալվել է, սակայն որոշ ժամանակ հետո պարզվել է, որ նա ճիշտ էր, և ոստիկանական համակարգում մեծ բարեփոխումներ են սկսվել:
BBC-ի նախկին ղեկավարի բերած հաջորդ օրինակն է՛լ ավելի ուշագրավ էր. իրենց լրագրողը պարզել էր, որ Բրիտանիայում գործող Սաուդյան Արաբիայի մի ընկերություն ֆինանսավորում է ահաբեկչական ինչ-որ մի կազմակերպության (ֆորումի ժամանակ մենք դեռ չգիտեինք, որ աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը սպանվել է)… մի խոսքով, ինչպես տեսնում եք, մեր և ծերուկ Եվրոպայի դատման պատճառներն ահագին այլ են, իսկ մերը՝ «գիտահետազոտական-միտահետազոտական»:
Մինչ փիքր էին անում այս խնդիրների վրա, մեկ էլ Ա1+-ի լրագրող Վիկտորյա Աբրահամյանը հարց ուղղեց BBC-ի ներկայացուցչին. «Երբ ԵԽԽՎ համազեկուցող, բրիտանացի պատգամավոր Ջոն Պրեսկոտը Հայաստանում էր, ես իրեն հարց ուղղեցի, նա իրեն պահեց այնպես, ինչպես մեզ մոտ անգամ օլիգարխները, որոնք այս ֆորումում այսքան ու խիստ տեղին քննադատվեցին, այդպես չեն վարվում. թղթով հարվածեց իմ ձեռքին, ես մինչև հիմա ինձ վիրավորված եմ զգում»:
Դահլիճը պայթեց ծիծաղից:
Անչափ քաղաքավարի Սթիվեն ՈՒոթլը բարի ժպիտով թե՝ Պրեսկոտը, լորդ Պրեսկոտը (ոնց որ ասես՝ դրեսկոդը-հեղ.) լորդ է. ես նրա կողմից ներողություն եմ խնդրում ձեզնից՝ նման պահվածքի համար. նա միշտ եղել է արտառոց քաղաքական գործիչ, վերջերս էլ ցույց էին տալիս, թե նա ինչպես է նույնքան կոպիտ վիրավորում մեկ այլ մարդու:
Սա դեռ ոչինչ: «Զակոն պոդլստի»: ՈՒշ երեկոյան, երբ արդեն հեռուստացույց էինք դիտում, «Եվրանյուզը» ցուցադրում էր կադրեր Գուանտանամոյի բանտից, ուր ահավոր կտտանքների են ենթարկում բանտարկյալներին. սահմռկեցուցիչ կադրեր էին:
Հա էլի, մի տնից չենք, մի հալից ենք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ