Այնուհանդերձ, պետք չէ թուլանալ ու հաճույք ստանալ: Այդ առաջին հայացքից էր ազատ մամուլին նվիրված ծաղկաձորյան քննարկումն անշառ: Այն քաղաքական բավականին հետաքրքիր սիգնալ էր՝ հարկավորներին ուղղված:
ԱՐՇԱՎՈՒՄ ԷՐ ԷՍԿԱԴՐՈՆԸ ՊԱՐՏԻԶԱՆ ԿՏՐԻՃՆԵՐՈՎ
Ամենահետաքրքիրը ֆոնն էր, որում տեղի էր ունենում սույն միջոցառումը: Թինա Քեյդենաուն էր նախորդ օրը Հայաստանում: Նա հաստատ տեղյակ էր, որ Բենն այլևս չկա: Բեն Լադենի «չլինելու» լուրը ազատ մամուլի հայրապետ ԱՄՆ-ը մեկ շաբաթ հրապարակայնության չէր ենթարկում: Ինչն էլ նշանակում էր՝ Նահանգները վերադասավորվում է աշխարհով մեկ: Ինչի համար էլ Թինան էր էստեղ:
Բեն Լադենի «մասին» լուրը տրվեց «ազատ մամուլին» այն ժամանակ, երբ ավարտվել էր ամերիկյան հաջորդ դասավորությունը՝ ռմբակոծվել էին Քադաֆիի որդին և երեք թոռները (ծաղկաձորյան ֆորումում հումանիզմին առնչվող խնդիրներ չքննարկվեցին):
Բեն Լադենի մասով այսօր ընդամենն ասենք. փաստն ինքնին նշանակում է՝ Նահանգները մտել է խաղի վերջնական փուլ: Սեղանին նետելով նման խաղաքարտ՝ նա հասկացնում է բոլորին. ժամանակ չունի ժեստերի ու դիվանագիտության համար. իրեն պետք է ամբողջը և հիմա, և բոլորը միահամուռ պետք է արձանագրեն՝ զորահանդեսի հրամանատարն ինքն է:
Ծաղկաձորյան ֆորումի օրերին Հայաստանում էր նաև պարոն Ֆյլուեն, որից նույնպես «մեջբերումներ» արվեցին:
Այդ ամենում ամենահետաքրքիրը, անշուշտ, այն էր, որ այնտեղ էր մեր կողմից անչափ հարգված տիկին Մարին: Այդ օրը նա կարմիրի մեջ չէր: Սևի ու սպիտակի բավականին նրբագեղ համադրության կոստյումով եկավ, հմայիչ ժպտաց, տեղավորվեց… միամիտ չլինեք. երբ մուտք գործեց նիստերի դահլիճ, նրա վզին երկար կարմիր շարֆ էր:
Այդուհանդերձ, քաղաքական ֆոնի տեսանկյունից ամենահետաքրքիրը ԱՄՆ-ի դեսպանի ներկայությունը չէր: Այլ հանգամանքը, որ տիկին դեսպանը չէր մեկնել Թիֆլիս, ուր պետք է հավաքվեին հարավկովկասյան՝ ԱՄՆ-ի դեսպանները: Ըստ լրատվամիջոցների՝ քննարկելու ժողովրդավարության, իմա՝ «այդ երկրներում իրականացվելիք հեղափոխությունների» հարցը՝ Կոսովոյի երբեմնի դեսպան «ֆրաու» Թինա Քեյդենաուի և Ադրբեջանի «թիվ մեկ խառնակիչ» Մեթ Բրայզայի հետ: Տիկին Մարին Հայաստանից Թիֆլիս էր «ուղարկել» փոխդեսպան պարոն Դոնահյուին:
Կարո՞ղ ենք օրթոդոքս գտնվել ու հարցնել. Հայաստանում հեղափոխությունը «հետաձգվո՞ւմ» է: Ով՝ ոնց։
ՆԻՆԱ՞Ն ՇԱՏ ԽՆԴՐԵՑ
Ներկայացնենք ազատ մամուլին նվիրված ծաղկաձորյան երկօրյա գերխիտ քննարկման ընթացքի «ամենահետաքրքիր» մոմենտները:
Քննարկումը կազմակերպել էր Հայաստանի ՄԻՊ-ը: ԵՄ համատեղությամբ: Ինչը նշանակում է՝ եվրոպական «սոոբշչեստվան» ինչպես և ինչքան է կարևորում հայաստանյան ՄԻՊ ինստիտուտը, եվրոպաներում կրթված նրա երիտասարդ ղեկավարին, որ օգտվում է այդ «սերվիսից»:
Հիշենք, որ ծաղկաձորյան միջոցառումն այդ գրասենյակի առաջին սերվիսային բեմելն էր: «Մատուցումը» ձևի և բովանդակության առումով ահագին խորհրդանշական էր: Նախ, որ կատարվեց ոչ թե ընդունված հարյուրօրյակի, այլ հիսնյակի առիթով, ինչն էլ, իր հերթին, նշանակում է՝ աշխարհիս վիբրացիոն տեմպերը, դասավորությունները մեր ՄԻՊ են հասել:
Ձևաչափի հաջորդ հմայքն էլ այն էր, որ հաճելին զուգակցվել էր օգտակարի հետ. Ծաղկաձորում էինք (երկո՜ւ օր պերմանենտ քննարկումներ էին, ինչն էլ հնարավորություն չտվեց հասկանալու՝ հիմա մենք Ծաղկաձորո՞ւմ ենք, թե՞ չենք. էս կիրակի օրով):
Կիրակնօրյա «հաճելին» համազուգակցված էր նաև հաջորդ պարամետրում (եթե չասենք՝ կիլոմետրում, որովհետև ներկայացուցչական շարքն անչափ երկար էր). «ողջ» Եվրոպան այնտեղ էր: Ֆորումի ամենամեծ «հմայքը» (տիկին Մարիին մտքներում պահած) ներկա եվրաչինովնիկների այն ահեղնադղորդ կաստան էր, որը ոչ եվրոպական համառությամբ նստեց մինչև օրվա վերջ, գեթ մեկ վայրկյան չբացակայեց ֆորումից (Գերմանիայի պարոն դեսպանը ուղղակի ֆորումի ընթացքում խմեց իր բաժին սուրճը և համադամեց թխվածքը, որպեսզի որևէ բառ չկորցնի):
Մի խոսքով, բոլորն այնտեղ էին՝ ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ հայաստանյան ղեկավարները, եվրոպական երկրների դեսպանները, փորձագետներ, BBC-ի նախկին ղեկավարներից, Ֆրանսիայի օմբուդսմենի գրասենյակից... ինչ գլուխ ցավեցնեմ:
Բայց ամենահմայիչն այդ ամենում գիտե՞ք որն էր: Որ այդքա՜ն եվրոպացիներ հավաքվել էին որտե՞ղ... Ծաղկաձորյան «Ռոսիա» հյուրանոցում:
Դե սրանում ՄԻՊ-ի կողմից որևէ մեսիջ չտեսնենք, այն համարենք Նահանգներ-Ռուսաստան «վերաբեռնման» ևս մեկ բաղկացուցիչ, ու անցնենք մեր բուն գործին, և անչափ երկար քննարկումից առանձնացնելով մի քանի դրվագ:
Այսպիսով, մեր եվրոպացիներին հետաքրքրում էր բազմակարծության խնդիրը: Հեռուստատեսության-ռադիոյի, զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ օրենքների շրջանակներում:
Եվրոպական այդ համերաշխությունը, սակայն, առաջին հերթին դրսևորվում էր առ այն, թե որքան են իրենք «թիմային» գործում մեզանում: Չմոռանանք՝ նույն եվրոպական դեսպաններն Ադրբեջանում համատեղ հանդիպեցին «Մուսավաթին», նրա առաջնորդ Իսա Ղամբարին: Ինչն էլ խելագարության հասցրեց Ալիև-պուճուրին: Մեզանում ընդդիմության «գետնին» վրա այլ ֆորմատ է գործում: Նախ` երկխոսության: Եվ ապա՝ դեռ «օդինոչկա»: Ընդհանրապես, երբ եվրադեսպանները միավորվում են, ուրեմն «լուրջ բան» են անելու էդ երկրում:
Մեզ մոտ, ինչպես ասինք, նախընտրել են ծաղկաձորյան ֆորմատը, ինչն էլ հեղափոխության «հետաձգման» ևս մեկ ատրիբուտ է: Ասել է՝ այս պահին իշխանություններին առաջարկում են վերակազմակերպվել ստեղծված նոր իրադրության «շուրջ»:
Մյուս կողմից էլ՝ ծաղկաձորյան այդ քննարկումն ու համերաշխությունը (լայն ներկայացվածություն ունեին նաև հայաստանյան լրատվամիջոցները՝ 120 լրագրող կար այդ օրը Ծաղկաձորում. մի՛ վախեցեք, քաղաքում կատակլիզմներ չգրանցվեցին) Յովանովիչի համալսարանական ելույթի, քաղաքացիական հասարակության առաջին ծիծեռնակն էր, որն էլ, որպես քննարկում, եթե անկեղծ՝ առանձնապես չստացվեց, սակայն որպես «եվրոպական նախադեպ», հաստատ «պրոդուկտ» տալու է:
Եթե չասենք, որ արդեն իսկ տալիս է: Բանն այն է, որ օդում «վերադասավորությունը որսած» օմբուդսմենը, փաստորեն, բաց դուռ դարձավ իշխանություններ-ԵՄ-հանրություն-լրատվամիջոցներ համքարության համար: ՄԻՊ-ի կազմակերպած այդ քննարկման բուֆերով բավականին հետաքրքիր մեսիջներ փոխանակեցին «զմիմյանս»՝ բոլոր կողմերն էլ:
Նախ, գաղտնիք չէ, որ եվրոպականներն անչափ դժգոհ են հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքից (մեզ հիշեցրին, որ Հայաստանում քնած, իմա՝ գիշերած Հիլըրին, այդ հարցը բարձրացրել է նաև Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, ստացել որոշակի հավաստիացումներ), և եթե իշխանություններն իրենց խոստումը չկատարեն, «եվրոպացիք» պահը բաց չեն թողնի՝ իշխանություններից դրա համար «վրեժխնդիր» լինելու, իրենց ուզածն այս կամ այն կերպ առաջ տանելու (սա ասաց եվրոպացիներին լավ իմացող մեր զրուցակիցը):
Նման բաների վրա լավագույնս պարապած մեր իշխանություններին, դրանով, հաստատ, չես զարմացնի: Սակայն վերջիններս նույնպես բավականին հետաքրքիր խաղի մեջ են: Եթե քաղաքագիտորեն ձևակերպենք, ապա նրանք փորձում են հնարավորինս շահել իրադրությունից, կորուստներ չգրանցել: Տե՛ս ընդդիմության հետ երկխոսությունը, տնտեսության մեջ որոշակի քայլերը, քաղբանտարկյալների ազատումը… Հերթը մամուլինն է:
ԶՐՈ-ԶՐՈ՝ ԶՐՈ ԴՐԱՄ... ԶՐՈ ԼԻՑԵՆԶԻԱ
Այսպիսով, մեծ կռիվը հեռուստատեսության ոլորտում վերաբերում է ՀՌԱՀ-ի կազմի ձևավորմանը, լիցենզիաների տրամադրմանը, մրցութային խնդիրներին, հանրության չմասնակցությանը…
Ամալյանն էր այնտեղ՝ յուր էկզոտիկ հայացքով և նույնքան էկզոտիկ ՀՌԱՀ անդամներով, որոնք այնպիսի՜ մտքեր հայտնեցին, որ կարելի էր գետինը մտնել, սակայն մենք ժամանակ չունենք «ստուգաբանելու» սույն մարգարիտները, քանզի ՀՌԱՀ գագաթը եղել և մնում է անհասանելի. նա փակել, փակում և, իրենց ասածներից ելնելով,՝ փակելու է Ա1+-ը:
Մեր բարի խորհուրդը ոչ թե սույն Ա1+-ի նկատմամբ գենետիկ ատելություն ունեցող պարոն Ամալյանին, այլ իշխանություններին, որոնք, ինչպես ասացինք, այս պահին ջերմորեն երկխոսում են ընդդիմության հետ. ի՞նչն է խանգարում՝ վերցնել ու բացել Ա1+-ը: Մանավանդ որ համացանցում այսուհետ բոլորը հնարավորություն ունեն դիտելու այն:
Ընդամենն այդ մեկ քայլով իշխանությունը շախ, եթե չասենք՝ մատ կհայտարարի (ու Անդրանիկ Քոչարյանն էլի՜ «կգնա» Հաագա) հայաստանյան անկատար ժողովրդավարությունից ամեն վայրկյան և ամենուր բողոքող եվրոպական կոնյունկտուրային ու կառույցներին (էդ երկու օրը նստել ու մի գլուխ մտածում էի՝ Նիկոլի կողմից օգտագործվող «եվրայոնջա» բառը վիրավորակա՞ն եզրույթ է, թե՞ նա նկատի ունի եվրոպական խոտհարքային տարածքները):
Հաջորդ մտահոգությունը, ինչպես ասացինք, առնչվում էր լիցենզիաների տրամադրմանը: Հայաստանյան հասարակական սեկտորը և ԵՄ-ն այն կարծիքին են, որ լիցենզիաներ չպետք է լինեն, դաշտը պետք է լիարժեքորեն ազատականացվի: Մենք հիմա չենք խորանալու մասնագիտական նրբերանգների՝ որակական-գաղափարական-բարոյական չափորոշիչների և այլնի մեջ: Կրկին քաղաքական մասն ենք դիտարկելու:
ՀՌԱՀ-ը, բնականաբար, պնդում է, որ եթե անգամ կիրառվի «մուլտիփլեքսը» (երբ մեկ հաճախականությունը կարող է անսահմանափակ հեռուստաալիքներ հեռարձակել), ապա այդ դեպքում ևս պետք է կիրառվի լիցենզավորման կարգը, որպեսզի հնարավոր լինի եթերը հետ պահել բոլոր կարգի «փիս-փիս» բաներից:
Այս պարագայում կրկին նույն խնդրին ենք բախվում: Այսօր, երբ համացանցը տիեզերական արագությամբ ներխուժում է ամենուր, ու մինչև տասնհինգ թիվ (հեռուստատեսության թվայնացման համար նախատեսված) որևէ օրենք ի զորու կլինի՞ կանգնեցնելու այդ հզոր դեմարշը:
Խնդիրը պարզապես հետևյալն է. տիկին Յովանովիչը և «հարակիցները» ցանկանում են, որ այդ օրենքն ազատականացվի հնարավորինս արագ: Շատ արագ: Յովանովիչն իր հինգ նախադասությունից բաղկացած ելույթի վեց նախադասությունը նվիրեց սպասվելիք 2012-13 թթ. ընտրություններին, դրանց պատշաճ անցկացմանը, բազմակարծության ապահովմանը:
Ինքնին հասկանալի է, կրկին հաճելին համակցվում է օգտակարի հետ, ինչպես Facebook-ի, Twitter-ի դեպքում. «ժողովրդավարացված, բազմակարծված» հանրությունն ավելի է ենթակա մանիպուլյացիաների: Իսկ այդ մանիպուլյացիան, ինչպես վերևում տեսանք, հիմա և ամբողջությամբ է պետք Արևմուտքին, որովհետև իրադարձությունները շատ արագ են զարգանում, իսկ մինչև 12-13 թթ.՝ ով սաղ, ով մեռած:
Մանավանդ որ Սադամից հետո Նահանգներն արդեն հասել է Բեն Լադենին, իսկ այդ պարագայում մեր քթի տակ ապրող, օրերս անհետացած Ահմադինեժադին (փաստորեն, Ահմադինեժադն ու իր հատուկ ծառայությունները ևս իմացել են Բեն Լադենի մահվան լուրը՝ ավելի վաղ, և Ահմադինեժադն «անհետանալով» նույնպես վերադասավորվում էր՝ հասկանալու, թե ինչ է սպասում իրեն, և ինչ պետք է անի ինքը):
Դառնանք մեր դարդ ու ցավին: Ինչպես երևում էր ՄԻՊ միջոցառումից, երիտասարդ ու էնտուզիազմով առլեցուն Կարեն Անդրեասյանից, Հայաստանը ևս որոշակի քայլեր է անում:
Տեղեկություն ունենք, որ հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքով զբաղվող աշխատանքային խմբին համապատասխան սիգնալներ են ուղարկվել Բաղրամյան 26-ից՝ ազատականացնել օրենքը:
Համ էլ՝ որքան էլ ազատականացնեն ու արագացնեն օրենքի «կիրառումը», այն հաստատ չի հասնի 12 թիվ, ու իշխանությունը կհասցնի ձևավորել «համապատասխան» պառլամենտ. իսկ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նաև նախագահական են, այնպես որ…
Հիմա կարևորի մասին:
Ֆորումի երկրորդ օրը «նվիրված» էր Քոչարյանին:
Ինչ անենք, ինչպես անենք, ումով անենք, որ լրատվամիջոցները չսնանկացվեն «առկա օրենքի շրջանակներում»: Ինչպես որոշենք լրագրողի վարքականոնը, ինչ ողջամիտ գումարներ վճարի լրատվամիջոցը վիրավորանքի ու զրպարտանքի համար, ինչպես որոշվի՝ զրպարտվել է ինչ-որ մեկը, վիրավորվել, թե քունն է տանում կամ սոված է:
Այո, սովածի մասով էլ խոսվեց. պետք է հաշվի առնել՝ հայցվորը պահանջված գումարի կարիքն ունի՞. «այդքա՞ն» է եղել նրա վիրավորանքի գինը, և ապա՝ ինչո՞վ է զբաղվելու ստեղծված տեղեկատվական վեճերի խորհուրդը:
Այս հարցերին մենք անդրադառնալու ենք առաջիկայում, սակայն այժմ ցիտելու ենք BBC-ի խմբագրական ռազմավարության նախկին ղեկավար Սթիվեն ՈՒիթլիի թևավոր միտքը. «Դատարանից չի կարող հեղինակություն հայցել այն անձը, որը հեղինակություն չունի»:
Դո՛ւ ասացիր:
Հիմա էլ մենք ասենք. քննարկումներն ամրագրեցին՝ օրենքի բարեփոխման արդյունքում ապացուցված վիրավորանքի և զրպարտության համար լրատվամիջոցից պետք է գանձվի… «զրո-զրո՝ զրո դրամ»:
Խառնեցինք. մեկ միլիոն դրամ՝ ներառյալ փաստաբանական ծախսերը:
Լավ չի:
Բայց դե՝ վատ էլ չի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ