ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԱՐԵ՜Ք, Է՛ԼԻ

ԱՐԵ՜Ք, Է՛ԼԻ
12.04.2011 | 00:00

Մարի Յովանովիչը համառորեն ցանկանում է բոլորին ապացուցել, որ ինքը հե՜չ, իսկի՛ չի խառնվել հայաստանյան ներքին գործերին, ինչպես կարծում են իշխանական «վերնահարկերում» ու պրոռուսական «պադվալներում»: ՈՒ որ քաղաքացիական հասարակության մասով իր ասածներն ահավոր անվնաս, անմեղ (ձեր աչերն են մեղավոր, տիկի՛ն) բարձրաձայնումներ են: Եվ ում հանդիպում, ղալամով քաշած յուր ելույթն է դեմ տալիս՝ որպես անմեղության կանխավարկածի իրեղեն ապացույց:
Միահամուռ ու բուռն հավատում ենք իր ասածներին: Հավատում ու փորձում ենք հասկանալ՝ ապրիլի 8-ի ընդդիմության հանրահավաքի օրն «էն ո՞վ էր նայում լիսածակից»: Կոնսպիրացիոն որևէ գործընթաց նկատի չունենք: Մեծ Բրիտանիայի դեսպանն էր այդ օրը միտինգի: Կիբեր և նանո տեխնոլոգիայի այս օրերին, երբ հնարավոր է «սպուտնիկով» հատ-հատ հաշվել ընդդիմության ու ոստիկանության ողջ «ֆիգուրացիան», մարդը «ղաչաղ» էր գրվել:
Ասենք միանգամից. մեզանում այսօր արտաքին ուժեր (Ռուսաստանը ներառյալ)-ՀՀ իշխանություն-ընդդիմություն կոնֆիգուրացիան ամենաիդեալական չափուձևի մեջ է, ինչը շատ հազվադեպ է պատահում: Այնուհանդերձ, շահերի այս կարգի համընկնումը պետք է համարել խիստ փխրուն, եթե չասենք՝ ժամանակավոր:
Ինչ վերաբերում է «անգլո-սաքսոնային» վերը նշված ներկայությանը, ապա նպատակ կար սեփական մաշկով զգալու հայկական ալգորիթմը: Կենդանի օրգանիզմի և էպիկրիզի վրա տեսնել՝ որքա՞ն է հայոց «շարժումը» վերահսկելի, ո՞ր մասով ենթակա՝ սաբոտաժի, դոզայավորումն ի՞նչ մեթոդոլոգիա պետք է ենթադրի՝ ի անհրաժեշտություն: Սա՝ «ա»:
բ) Բուֆերի դերակատարության ստանձնում ոչ միայն ընդդիմություն-իշխանություն ձևավորվող տանդեմում, այլև Ռուսաստան-Իրան-Վրաստան-Ադրբեջան գեոխաղում` սադրում թույլ չտալու, խաղը վերահսկողությունից բաց չթողնելու համար:
գ) Արևմտյան ներկայացուցիչը, որի «կոալիցիան» ռմբակոծում, խրվել ու չի կարենում դուրս գալ արաբական կողմերից, իր անտես աջակցությունն է բերում էս կողմերում, կոնկրետ՝ Հայաստանում, նկատվող իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը:
Կրկնում ենք՝ ընդամենն առայժմ և այս պահին (հաջորդ պահի «մասին» ոչ ոք չգիտի, նույնիսկ իրենք՝ մեր սույն «միտինգավորները»):
Իսկ որ նման բազմահազարանոց միտինգում-երթում կարող է և ինչ-որ պահի (Աստված մի արասցե) «սռիվ» լինել, երբեք մի ասա՝ երբեք (այս հանգամանքով պետք է բացատրել Լևոն Տեր- Պետրոսյանի անհանգստությունը, մի վայրկյան տեղում հանգիստ չկանգնելը, և ընդհանրապես, արդեն մի քանի միտինգ նկատվող ՀԱԿ-ի գործիչների թաքնված շտապողականությունը, ինչն անչափ մարդկային ու սիրելի է):
Այսպիսով, եզակի անգամ հայոց մեջ կա ռեալ շանս՝ անելու այն, ինչ չի արվել անկախության, անցնող քսան տարիների ընթացքում, ինչ չի արվել ընդհանրապես մեր պատմության ողջ ընթացքում՝ համերաշխվել, կոնկրետ դեպքում՝ հասարակական երկու սեգմենտների՝ իշխանության-ընդդիմության միջև (թող լինի երրորդ ուժն էլ, ո՞ւմ է խանգարում. ոչ մեկին, իր համար զրոյական «նեյնիմ» է) իրական կամուրջներ ստեղծելու, այլոց կողմից «պահպանվող», բայց և հարկավոր պահին փսորվելու ենթակա փխրուն համագործակցությունը պինդ խոսակցություն դարձնելու, «գերան» հարցերում համազգային մոտեցում ունենալու: Հանուն երկրի: Հանուն Ղարաբաղի: Հանուն ապագա սերունդների:
Այս երազանքով են ապրել մեր նախորդ սերունդները: Անկախության մեր սերունդը ևս անվերջ է գուրգուրել այդ հույսն ու երազանքը:
Արե՜ք, է՛լի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ