ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԳՅՈՒՂԱՑԻ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՏՈՒՆՆ ԷԼԻ ԿՌԻ՞Վ Է ԸՆԿԵԼ

ԳՅՈՒՂԱՑԻ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՏՈՒՆՆ ԷԼԻ ԿՌԻ՞Վ Է ԸՆԿԵԼ
24.11.2009 | 00:00

Կարելի՞ է կարծել, որ վերջին զարգացումները հանգեցնելու են նրան, որ առարկայնորեն դրվի «կամ-կամի» հարցը:
Այս պահին` ոչ, սակայն ինչ-որ փուլում` անպայման:

Կողմերը պատրաստվում և ճակատամարտ են մղում հատկապես այդ օրվա համար: Ճիշտ է, առաջին հայացքից թվում է, թե ներքաղաքական նշանակության էր վարչապետի ՀԿԿ-ացումը, սակայն մյունխենյան հանդիպումից ժամեր առաջ նման «կոնկրետացումը», նախ և առաջ, արտաքաղաքական նպատակ էր հետապնդում;
Ասել ենք` Սերժ Սարգսյանը փորձում է տեղավորվել ժամանակակից գլոբալ խաղի` մոդեռնիզացիոն «վերաբեռնման» ցիկլի մեջ: Շատ անկեղծ որ լինեինք, գուցե և ասեինք` Սերժ Սարգսյանը կնախընտրեր, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը միայն իր հետ խաղային, ասեին` միակ «տղան», որի հետ պետք է խոսել Հայաստանում, Սերժ Ազատի Սարգսյանն է: Սակայն, ինչպես ցույց են տալիս զարգացումները, թե՛ Ռուսաստանը, մանավանդ նրա «սիլավիկ» թևը (տե՛ս «եդինառոսների» համագումարին Գագիկ Ծառուկյանի մասնակցության հայտը), թե՛ Արևմուտքը միշտ էլ փորձել են մեզանում «այլընտրանքով» առաջնորդվել և երբեք մի զամբյուղի մեջ չեն դրել բոլոր ձվերը:
Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա վերջինս «Տիգրան Սարգսյան պրոյեկտը» դեռ կենսունակ է համարում, և մոդեռնացվող գործընթացները Սերժ Սարգսյանը կառուցում է հենց նրա շուրջ:
Ինչո՞ւ։ Տիգրան Սարգսյանն ամբողջովին տեղավորվում է ընթացող խաղի տրամաբանության մեջ, համապատասխանում այն նպատակներին ու «թիրախներին», որոնք իր առջև դրել է Սերժ Սարգսյանը (ի դեպ, մինչ այսօր և Տիգրան Սարգսյանի վարչապետության ողջ ընթացքում վարչապետի կողմից «նյութվող» որևէ ինտրիգի ականատես չենք եղել, էլ չենք ասում, որ նա այդպես էլ չկարողացավ «համարժեք» պատասխան տալ «սիլավիկների» «թիմի»` իր դեմ սկսած բոլոր կարգի մամուլային խաչակրաց արշավանքներին):
Տիգրան Սարգսյանի մուտքը «թիմ» ոչ միայն ակնհայտորեն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանը սատարել, սատարում և սատարելու է նրան, այլև որ ապագա ծրագրերում տեղ է հատկացնելու հատկապես այդ «թիմին» ու բուրգը կառուցում է` «առաջապահ» ունենալով վարչապետին (ՀՀԿ համագումարը շուտով, ըստ ամենայնի, «կվավերացնի» նախագահի այդ մոտեցումը, ինչի առաջին «արարի» ականատեսը եղանք բյուջեի քննարկումների ժամանակ, երբ ԱԺ համապատասխան հանձնաժողովում ՀՀԿ-ականները, ամենքը մի-մի գավազան առած, փորձում էին գանահարել հայոց բյուջեն` գանահարելով նախ և առաջ վարչապետին. «ռեպետիցիան» այդքանով ավարտվեց):
Վարչապետին ուժեղացնելու Սերժ Սարգսյանի քայլը, իհարկե, ուժեղ ցավեցրել է Տիգրան Սարգսյանի դեմ դեմարշի ելածներին, վարչապետի աթոռի տեսլականն օր ու գիշեր գուրգուրողներին (նրանց ընդամենը մի քանի վայրկյան էր պակասում` վերցնելու գործադիրի այդ աթոռը. ամեն բան պատրաստ էր, ամա՜), և ուրեմն, երբ «հարկավորները» (ընդ որում, այդ մասին ինքը` Սերժ Սարգսյանը, հարկ չի համարել տեղեկացնել մյուս վարչապետացուներին) պատմում-իմացնում են լուրը (Սերժ Սարգսյանը համ էլ ուժեղ գաղտնի պահած է եղել լուրը), այդ «մի քանիները» հանկարծակիի են եկել «դիմահար կրակոցից», սփրթնել են ու շոկի մեջ ընկել (ի դեպ, «դեպքն» այնքան «հանկարծակի» է եղել, որ մինչ այսօր Տիգրան Սարգսյանը դեռ կուսակցական տոմս էլ չունի):
Երրորդ-չորրորդ ձեռքից ինֆորմացվածները հասկացել են.
ա) նախագահամերձ շրջանակներում իրենց այլևս չեն վստահում. ՀՀԿ-ն մոդեռնիզացվում-երիտասարդացվում է` Տիգրան Սարգսյանի (որն արդեն «գուլպա» ունի, մինչ համագումար հաստատ կուստոմս էլ կունենա) և նրա թիմակիցների կողմից (որոնք էլ արդեն «չուխա» ունեն. նրանց մի մասը ևս ՀՀԿ-ական է):
բ) Հայոց «սիլավիկներին» այդ քայլով շատ պարզ հասկացվել է` թարգել սողացող բոլոր կարգի գործընթացները, զի Սերժ Սարգսյանը տիրապետում է իրավիճակին:
դ) Սերժ Ազատիչը գնում է կոալիցիայի հետագա տարրալուծման ճանապարհով (տե՛ս կառավարության և նախարարներին «նվիրված» նոր հայեցակարգը, որին հակընդդեմ` ԲՀԿ-ն հանդես է գալիս քաղաքապետարանում մանդատները վայր դնելու հաթաթայով, որպես «սկզբնական օղակ», զգուշացնում, բայց վայր չի դնում դրանք, ինչն էլ ապացուցում է, որ կողմերը պատրաստվում են ավելի գլոբալ մարտի և փորձում են ուժեղացնել իրենց դիրքերն այդ մարտից առաջ. ԲՀԿ-ամերձ աղբյուրները «չեն բացառում» նաև խորհրդարանական մանդատներից հրաժարվելը. հաթաթան դեռ պտույտի մեջ չի դրվել):
Մյուս կողմից էլ, վարչապետն է խոսում 500 հարկատուների և նրանց հետ փոխկապակցված «անձանց» մասին. իմա` «պետք» եղած դեպքում իրենց էլ կարող են հարցնել` որ ունես էսքան փող (ասենք` 10 կամ 17 մլն եվրո), որտեղի՞ց քեզ 25 միլիոնանոց «ապրանք», բա որ ունես 25 միլիոն, բա խի՞ հարկ չես մուծում:
«Էն կողմերում» էլ Գագիկ Ծառուկյանը «թերակղզի» է առել` բուլղարական ջրի տեսքով, որպես պահեստային տարբերակ` անհրաժեշտության դեպքում «մերոնց» ասելու` բավ սիրեցի, մնաք բար-յավ, ես գնացի... և այդպե՜ս շարունակ:
ե) Առկա իրավիճակի քարոզչական էֆեկտը, թերևս, ամենահետաքրքիր «մոմենտն» է այս ամենում. ավտորիտար հասարակությունը մի շատ մեծ հմայք ունի. այնտեղ չինովնիկը շոշափուկներով և շատ արագ է զգում` նժարը որ կողմ թեքվեց, ու ով նայեց «լիսածակից», իմա` ով է էդ պահին ամենակարևորն էս աշխըրքում: Հիշենք` մինչև հիմա «ենթակառուցվածքներում» այնքան էլ չէր անցնում վարչապետի խոսքը, ըստ մամուլի միջոցների, «պապան» ուրիշ էր: Հիմա վարչապետը ՀՀԿ-ից է, և վկայակոչել այլ «պապայի» ոչ միայն «դուրնոյ տոնի» արտահայտություն կլինի «շարքերի» կողմից, այլև շատ վտանգավոր հետևանքներով հղի մոտեցում, զի, ինչպես կարճ ձևակերպեց ԲՀԿ-ական հայտնի պատգամավորը, «դոնն» արդեն վարչապետն է, ու պիտի դրա հետ հաշվի նստել:
Ասենք միանգամից. առանց կանոնների այս մարտը դեռ մկանունքի ցուցադրություն է (էստեղ էլ ականջը կանչի Ռուբեն Հայրապետյանի), ջղերի, նյարդերի ստուգում, և նոյեմբերի 28-ին սպասվող ՀՀԿ համագումարն առանձնապես շատ բան չի ավելացնելու սույն խճանկարին: Կինոն կլինի ավելի ուշ:
Ի դեպ, անցած տարի այս նույն ժամանակ` բյուջեի քննարկման օրերին, գրեթե համանման իրավիճակ էր հայոց բազմաչարչարանոցում` ներքաղաքական դաշտում: Այն օրերին էլ ամեն ինչ ընկավ իր տեղը, խելք ունեցողները խելոքացան, չունեցողները` նույնպես:
Արտաքաղաքական, իմա` մյունխենյան վեկտոր.
զ) ոչ մի «ռամըչնի» էլ Սերժ Սարգսյանը չստորագրեց Մյունխենում, չէր էլ ստորագրելու, իզուր էին «բոլորը» և հատկապես «ոմանք» սպասում, թե ճնշումներն այնքա՜ն ուժեղ են, այնքա՜ն հուժկու, որ պաշտոնական Երևանն ստիպված է լինելու ստորագրել «ռամըչնին», եթե ոչ այս հանդիպմանը, ապա գոնե մինչև տարվա վերջ:
Չենք կարծում:
Մյուս կողմից էլ ակնհայտ է` Սերժ Սարգսյանը ցանկանում է մոնոլիտ իշխանություն ստեղծել, ինչի անհրաժեշտությունն առկա է սպասվող զարգացումների ֆոնին: Այս պահին ստեղծված կարճ «թայմ աուտը» նա փորձում է լավագույնս օգտագործել` վերադասավորվելու, ցանկացած զարգացման պատրաստ լինելու համար` թե՛ հայ-թուրքականի, թե՛ ղարաբաղյան հարցի հետ կապված: Դադարը կարող է ձգվել մաքսիմում մինչ ապրիլ: Չի բացառվում նույնիսկ, որ զարգացումները զուգահեռ ընթանան:
Առայժմ ղարաբաղյան «գետնին» վրա նույնպես նյարդերի, ջղերի պայքար է ընթանում, և «ռամըչնիի» մասին այսրոպեական տարփողումները քարոզչական «նյուանս» են նույնքան, որքան նույն օրը Ֆասիեի և Բրադկեի` «առաջընթացի» և «շատ պուպուշ» բանակցությունների մասին հայտարարությունները: Դրանք հնչում են որպես ադրբեջանական և թուրքական հասարակությունների ներքին օգտագործման ինֆորմացիա:
Բայց հո՞ Ալիևի (պատերազմի մասին) ու նաև Նալբանդյանի, դրանից առաջ էլ Սերժ Սարգսյանի «ում հետ բանակցել եք ազատագրված շրջանները հետ տալու մասին, նրանից էլ ուզեք այդ շրջանները», իսկ «նա» էլ, թարսի պես ու ոնց երևում է` «արջի որսով» աֆրիկաներում է, հայտարարությունների ֆոնին ոչ մի «ռամըչնի» էլ հնարավոր չէր ստորագրել:
Ի՞նչ կլինի հետո, իհարկե, դժվար է ասել. Ալիևը երեկ գնացել է Մեդվեդևի դուռը, Բորդյուժան էլ մեր դուռն է եկել:
Սպասենք: Մանավանդ որ հայկական կողմը երեկ շատ ուշագրավ մի հայտարարություն է տարածել` Ռուսաստանում Ալիև-ավագի հուշարձանի բացման ֆոնին։ ՀՀ նախագահի մամուլի խոսնակը չի բացառել Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման հավանականությունը` որպես կոնտր քայլ։
Բոլոր դեպքերում հետաքրքիր է։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1717

Մեկնաբանություններ