Մի խելոք մարդ ասել է` «կայսրությունը նպատակի պակաս չի զգում», բայց երբ այն դատարկ տեղն է հռչակվում, ապա «նպատակը վերանում ու ծեսով է փոխարինվում»։ Պատկերացում կա, թե Ռուսաստանի Դաշնությունը` ռուսական, ապա ժառանգաբար` խորհրդային կայսրության դժգույն նմանակը, անդառնալիորեն կորցրել է երկիրը միավորող որևէ գաղափարախոսության ցանկացած նշույլ, իսկ պաշտամունքի առարկա «կայսրության» շուրջ ծիսապարերը, եթե որևէ մեկին ուրախացնում էլ են, ապա բնավ չեն ոգևորում։
Հարկ է արձանագրել, որ ԱՊՀ-ն, որպես փաստ և բովանդակություն, այլևս նախկին խորհրդային հանրապետությունների միասնական կառուցվածք չի համարվում։ ՈՒ թեև, ինչպես պնդում են ռուսական շատ փորձագետներ, «նոր Միության սոսնձվածքը» շարունակում է մնալ որպես Ռուսաստանի վարչապետի «սևեռուն գաղափար», 21-րդ դարում մահամերձի «նոր վերջին օծումը» հազիվ թե արդյունավետ և իրագործելի լինի, հատկապես Կրեմլի որդեգրած «համոզման մեթոդներով»։ Սակայն մերկախոս բամբասկոտ չլինենք և դիմենք փաստերի։ Անցած տարի, փաստորեն, պետությունների համագործակցության մասին եթե առիթ եղել էլ է լսելու, ապա միայն որպես պայմանականորեն աշխարհագրական գործոնի (այսինքն` «ԱՊՀ տարածքում...» բանաձևով), բայց ոչ քաղաքական, առավել ևս` տնտեսական։ Առայժմ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի դեռևս խախուտ Մաքսային միությունն է, ակներևաբար, դարձել Կրեմլի սիրելի ինտեգրացիոն նոր խաղալիքը։ Ինչ վերաբերում է լարված իրավիճակներին և դրանց վերաբերյալ համատեղ որոշումներին, ապա այդ առնչությամբ միայն ու միայն հարցեր են առաջանում։ Ինչպիսին էլ լինեն կապերն այդ կազմավորման երկրների միջև, մի՞թե նրանք կարողացան լիցքաթափել իրավիճակը, երբ Ղրղզստանը հերթական իշխանափոխությունն էր «անում», իսկ Ղազախստանը շտապ փակում էր այդ երկրի հետ ունեցած սահմանը` տնտեսական շրջափակմամբ սաստիկ հարված հասցնելով շարքային ղրղզ բնակչությանը։ Կամ` ամենամյա էներգետիկ պատերազմները, մի կողմից, Ռուսաստանի, մյուս կողմից` ՈՒկրաինայի ու Բելառուսի միջև։ Իսկ Կովկասում տեղի ունեցած օգոստոսյան պատերազմից հետո ամբողջ ԱՊՀ-ում ստեղծված իրավիճա՞կը։ Հայաստանի ու Ադրբեջանի փոխհարաբերությունների մասին էլ ավելի լավ է առհասարակ չխոսենք։ Այնինչ, անգամ փորձագետներն են տարակարծում` գոյություն ունի՞, արդյոք, ԱՊՀ-ն որպես արդյունավետ կազմավորում։ Իսկ ԱՊՀ-ի գագաթնաժողովնե՞րը, ընդ որում, հաճախակի, սկսել են աստիճանաբար, բայց անշեղորեն տեղը զիջել մակարդակի զուտ «կորպորատիվ քննարկումներին»։ Այսինքն, թվում է, որ Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի թևավոր խոսքը` «ՈՒզում էինք, որ լավ լինի, այնինչ, ստացվեց ինչպես միշտ», բացարձակ ճիշտ է արտացոլում ԱՊՀ-ի էությունը։
Բայց, այնուամենայնիվ, «սովետական շինելից» ելած Համագործակցության բոլոր առաջնորդները, հին ու բարի ավանդույթի համաձայն, մեծագույն գուրգուրանքով են վերաբերվում հիշատակի ու հոբելյանական բոլոր տարեթվերին։ Ահա հիմա էլ, թեև պարծենալու բան ամենևին չկա, վերևներում որոշել են, թե Անկախ Պետությունների Համագործակցության 20-ամյակը հիանալի առիթ է ցույց տալու աշխարհին, որ դեռ վառոդ կա կայսրության վառոդամանում, որ «եղբայր ժողովուրդների բարեկամությունը» հավերժական է ու անխախտ, իսկ նա, ով կհամարձակվի ասել, թե Համագործակցությունը, որպես նախկին խորհրդային հանրապետությունների կազմակերպություն, սպառում է իրեն, իհարկե, ծախված «իմպերիալիզմի գործակալ» է։ ՈՒ հիմա ամբողջ թափով առաջ է գնում հոբելյանական միջոցառումների նախապատրաստությունը։ Բնականաբար, հոբելյանական տարում նախատեսված է անցկացնել ավելի քան 30 տարաբնույթ միջոցառումներ, իսկ 2011 թ. 3-4-րդ քառորդներում Մինսկում հանդիսավոր պայմաններում հրավիրել «Անկախ Պետությունների Համագործակցության 20 տարին» միջազգային գիտագործնական խորհրդաժողով։ Մոտ ժամանակներս ծրագրվում է ԱՊՀ գործադիր կոմիտեի կայքում բացել հոբելյանական տարեդարձին նվիրված խորագիր (հետաքրքիր է, բացի պրոֆեսիոնալ չինովնիկներից, ո՞վ է կարդալու այն)։ Որոշվել է քննության առնել ԱՊՀ երկրների պատմության միասնական դասագրքի ստեղծման հնարավորությունը (պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ ուրախ գրվածք կլինի, երբ կրթության, ըստ էության, բոլոր մասնակիցները ոչ միայն չեն ընդունում մյուսների պատմությունը, այլև կասկածի տակ են դնում միմյանց սահմանները)։ Հուսանք, որ այն գիտնականները, որոնք կոչված են լուծելու այդ, մեր կարծիքով, անհեթեթ խնդիրը, իրար կոկորդ չեն կրծի դասագիրքը կազմելիս։ Եվ այս ամբողջ դիմակահանդեսի համար արդեն փող է հատկացվում բյուջեներից, ընդ որում, փողը, ծանոթ լինելով ԱՊՀ-ական վերնախավի ախորժակներին, ակնհայտորեն քիչ չէ։ Այսինքն, այս տարի մենք բոլորս կարող ենք համոզվել, թե ինչպես է գաղափարախոսության բացակայությունը փոխարինվում շինծու ու ցածրակարգ ծեսերով։
Մինչդեռ Freedom House իրավապահ կազմակերպությունն անմխիթար հետևություն է անում. «ԱՊՀ երկրներում քաղաքական համակարգը հակված է կոռուպցիայի պաշտպանությանը»։ Վերջերս նրա հրապարակած զեկույցում ասվում է, որ «ԽՍՀՄ-ի փլուզումից երկու տասնամյակ անց էլ նախկին խորհրդային երկրների մեծամասնությունը, ներառյալ Ռուսաստանը, թաղված է օրինականացված չարաշահումների ճահճում»։ Միևնույն ժամանակ, նրանց կարծիքով, ԱՊՀ երկրներում չեն ուրվագծվում անգամ բարեփոխումների նախադրյալներ։ «Սովորական քաղաքական միջավայրում քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցներն առանցքային դեր կխաղային կոռուպցիայի դեմ մղվող պայքարում, բայց նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասում մենք տեսնում ենք, որ քաղաքական ղեկավարությունը, պետական մարմիններն այդ հաստատությունների արյունը ծծում են։ Դա վատ է թե՛ ամբողջ հանրապետության, թե՛ յուրաքանչյուր առանձին քաղաքացու համար»,- ամփոփում են հետազոտողները։
Այդուամենայնիվ, համարձակվենք պնդել` քանի դեռ գոնե մի թույլ հույս կա, Միության կազմաքանդման վերջակետը պետք չէ դնել։ Համարվում է, որ ինչպես քրիստոնեության ընդունումը Հռոմեական կայսրության գոյությունը 300 տարով երկարաձգեց, այդպես էլ կոմունիզմի «ուրվականը» մի քանի տասնյակ տարով երկարաձգեց Ռուսական կայսրության գոյությունը։ Համենայն դեպս, հիմա էլ փոքրիշատե լուրջ միավորման գործընթացների մասին կարելի կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանի քաղաքական, պետական վերնախավը ոչ թե թղթի վրա, այլ ներքուստ, հոգեբանորեն ու լրջորեն կընկալի ԱՊՀ երկրների անկախությունը, իսկ հարցերը կլուծի փոխադարձ շահերի տեսանկյունից` ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական։ Իսկ Մոսկվայում ԱՊՀ մասնակից պետությունների «20 տարի միասին. համագործակցության փորձն ու հեռանկարները» միջազգային տնտեսական համաժողովում Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի հայտարարությունը` «ԱՊՀ երկրների տարածքում համագործակցությունն առաջնային է Ռուսաստանի համար», արված է ոչ միայն հոբելյանի առիթով։ Համապատասխանաբար, կարևոր, և գլխավորը` իրական ու գործուն քայլ կարող է լինել մինչև 2020 թ. ընդգրկող ժամանակաշրջանի ինովացիոն գործակցության միջպետական ծրագրի մշակումը։ Արդեն հայտարարվել է, որ դրա նպատակն է պայմաններ ստեղծել ԱՊՀ պետությունների տնտեսության համընդհանուր մրցունակության բարձրացման համար, ձևափոխել այն և հաղորդել սոցիալապես կողմնորոշված տնտեսության բնույթ, իրացնել տնտեսական զարգացման առաջնայնությունները ինովացիոն ոլորտում։ Նախատեսվում է, որ կառավարությունների ղեկավարները ծրագիրը կստորագրեն արդեն այս տարի։ Խիստ հուսադրող է նաև այն, որ ՌԴ կառավարությունն օգնություն է խնդրել «Ռազմավարություն-2020» փորձագիտական խմբից` նախկին խորհրդային տարածքում ռազմավարության մշակման համար, իսկ դա նշանակում է, որ նախկին խորհրդային հանրապետությունների հետ ինտեգրումը, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, բոլոր 20 տարիներին ընթացել է տարերայնորեն։ Ամեն ինչ կախված է եղել այսրոպեական քաղաքական շահերից և Ռուսաստանի ու հարևան երկրների ղեկավարների նախապատվություններից։ «Ինտեգրացիան» ընթացել է նմանատիպ սցենարներով` լայն հանդիպումներ, փաստաթղթերի ստորագրում, որոնց բովանդակությունը մի երկու տարի անց չէին կարողանում վերհիշել անգամ ճյուղային գերատեսչությունների պաշտոնատարները։ Եվ ահա, հիմա էլ, պարզվում է, հարկավոր է առաջին հերթին հասկանալ հիմնական սկզբունքները։ Անհրաժեշտ է նախկին միութենական հանրապետությունների նոր միավորո՞ւմ, թե՞ վերամիավորում։ Նորացված «Ռազմավարություն-2020»-ը մեջտեղ կգա գրեթե մեկ տարի հետո, մինչդեռ վերազգային մարմինների մասին խոսակցությունները շրջանառվում են արդեն այժմ, բայց թե ինչպիսին պիտի լինեն այդ կառույցները, պարզ չէ, խոստովանում են միասնական տնտեսական տարածքի անգամ ռուս ջատագովները։
Իսկ առայժմ հաղորդումներ են ստացվում, թե ծայրաստիճան բարդ իրավիճակ է ԱՊՀ հարավային սահմաններում։ Վերջին ամիսներին գրոհայինների խմբերը մի քանի անգամ թափանցել են Տաջիկստանի տարածք, զոհվել է 20-ից ավելի զինվորական։ Չի դադարում թմրամիջոցների խոշոր քանակությունների անցկացումը։ Այս իրավիճակում, Բորդյուժայի խոսքերով, «Փյանջի սահմանամասի» ամրացման համար անհրաժեշտ են ՀԱՊԿ-ի անդամ երկրների լրացուցիչ ուժեր։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Աֆղանստանի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի` Դուշանբեում կայացած արտագնա նիստում։ Ահա այսպիսի ուրախ հոբելյան է ստացվում, պարոնայք։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից