ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ «ԱՅՍՕՐ ԱՅՍ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՀԱՎԱՔՎԵԼ Է ԵՐԿՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԵՆՈՑԻԴԸ»

ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ «ԱՅՍՕՐ ԱՅՍ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՀԱՎԱՔՎԵԼ Է ԵՐԿՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԵՆՈՑԻԴԸ»
05.02.2010 | 00:00

ՈՒկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտին մնացել են հաշված օրեր, իսկ քարոզարշավի երկրորդ փուլի երեքշաբաթյա ժամկետը, շատերի կարծիքով, վերածվել է իսկապես գրավիչ ու զվարճալի տեսարանի։ Այդ ընթացքում նախագահի թեկնածուները հասցրին շատ ծիծաղելի, հակասական ու սկանդալային միջադեպերով զվարճացնել ոչ միայն ուկրաինացի դիտորդներին ու փորձագետներին։
Յուլյա Տիմոշենկոն ընդգծվեց իր «առաջադեմ» տեսահոլովակով, որը նկարահանվել է «Ավատար» ֆիլմի մոտիվներով, և որի գլխավոր հերոսը սիրած աղջկան խոստանում է «երբեք չքվեարկել կրիմինալի օգտին»։ Բայց, անշուշտ, հումորի գծով առաջնության դափնին պատկանում է Վիկտոր Յանուկովիչին ու, թերևս, պատահական չէ, որ ՈՒկրաինայում արդեն տարածված անեկդոտ կա, որ Վիկտոր Ֆեոդորովիչի օգտին քվեարկում են այն ժամանակ, երբ նա քիչ է խոսում։ Երկրորդ փուլից առաջ «Տարածաշրջանների կուսակցության» առաջնորդը հարկադրված էր հանդես գալ շատ և ակտիվ։ Արդյունքում նրա «բացթողումները» տիրաժավորվում են բոլոր համաշխարհային ԶԼՄ-ներով։ Ղրիմում տեղի ունեցած դեպքից հետո, երբ նա իմաստություն ունեցավ երեք բառանոց բառակապակցության մեջ անելու երկու սխալ` Չեխովին անվանելով ուկրաինացի մեծ պոետ, նրա քարոզչության դափնին դարձավ Լվովում տեղի ունեցած միջադեպը։ Այստեղ Յանուկովիչը հայտարարեց. «Այսօր այս հրապարակում հավաքվել է երկրի լավագույն գենոցիդը»։ Երբ օգնականները հուշեցին, որ «գենոցիդ» բառի փոխարեն պետք էր ասել «գենոֆոնդ», Վիկտոր Ֆեոդորովիչն իրեն չկորցրեց ու ավելացրեց. «Եվ դա նույնպես»։ Ընտրարշավի ընթացքում ընտրողներն ու դիտորդները բազմիցս առիթ ունեցան տեսնելու, որ «Տարածաշրջանների կուսակցության» ղեկավարը դժվար է արտասանում «եվրաինտեգրացիա» և մի քանի այլ բառեր։ Թերևս այս հանգամանքներից ելնելով էլ նա հրաժարվեց գործող վարչապետի հետ հեռուստաբանավեճին մասնակցելուց, և արդյունքում Յուլյա Վլադիմիրովնան Ազգային առաջին ալիքով երկու թեկնածուներին տրամադրված ժամանակը տնօրինեց սեփական հայեցողությամբ` բանավիճելով ինքն իր հետ։ Բնականաբար, հակառակորդին նա անվանեց վախկոտ, որն ամենամեղմ բնորոշումն էր քարոզարշավի ողջ ընթացքում։
Ընդհանուր առմամբ, քարոզչական PR-ով զբաղվող մասնագետներն այս օրերին գերազանցեցին իրենք իրենց` նպատակ ունենալով ի ցույց դնել հակառակորդ կողմի հիմարությունն ամբողջ ծավալով։ Օրինակ, «Տարածաշրջանների կուսակցության» շարքերը լքած ուկրաինացի հայտնի այլախոհ Վյաչեսլավ Չեռնովիլի որդին` Տարաս Չեռնովիլը, հրապարակավ հայտարարեց, թե Յանուկովիչի շտաբում է ծագել թեկնածուի դատվածության փաստերը քարոզչական նպատակներով օգտագործելու գաղափարը` նրա ժողովրդականությունը մեծացնելու նպատակով։ Վիկտոր Ֆեոդորովիչի հակառակորդներն այս ընթացքում հասարակության համար «բացահայտեցին», որ նա իբր «Էդուարդ Շևարդնաձեի արտամուսնական որդին է», և նրա նախնիները ֆաշիստական օկուպացիայի շրջանում աշխատել են որպես «պոլիցայներ»։ Յանուկովիչին լքած մի քանի նախկին համախոհների պնդմամբ, «Տարածաշրջանների կուսակցության» ղեկավարը տառապում է տարաբնույթ ֆոբիաներով` սկսած հասարակության առջև կանգնելու և հարբած լինելու նկատմամբ վախից, վերջացրած թունավորված լինելու սարսափով։ Եվ, իհարկե, բոլոր այս «կատակներն» ուղեկցվում էին ոչ պակաս զվարճալի «ռազբորկաներով» երկրի խորհրդարանում, ուր «Տարածաշրջանների կուսակցությանը» հաջողվեց վաստակած հանգստի ուղարկել Յուլյա Տիմոշենկոյի հավատարիմ զինակից, ՆԳ նախարար Յուրի Լուցենկոյին։ Վարչապետն էլ տակ չմնաց և նույն օրը նրան նշանակեց նախարարի պաշտոնակատար։ Երկարատև բանավեճից ու պարբերական ձեռնամարտերից հետո Գերագույն ռադան կարողացավ նույնիսկ փոփոխություններ իրականացնել ընտրությունների մասին օրենքում։
Այս ամենը տեղի էր ունենում փոխադարձ մեղադրանքների խորապատկերի վրա, երբ մրցակից կողմերը մեղադրում էին միմյանց, թե Կիևի շուրջը գոյություն ունեցող բոլոր հանգստյան տները լցված են «զինյալներով», որոնք պատրաստ են իշխանությունը խլելու ցանկացած սցենարի։ Մի շարք հասարակական գործիչներ արդեն հայտարարել են, որ միջազգային դիտորդների անվան տակ ՈՒկրաինա են թափանցում զինյալ խմբեր` իրավիճակն ապակայունացնելու համար։ Արդյունքում այդ ցանկի մեջ հայտնված վրացական «դիտորդներին» Սաակաշվիլին հետ կանչեց, իսկ ուկրաինական ԿԸՀ-ն մերժեց «Սերբիայի երիտասարդ եվրոպացիներ» կազմակերպության 120 դիտորդների գրանցումը։ Եվ չնայած դրան, երկու թեկնածուների կողմնակիցներն էլ պարբերաբար հայտնվում են մամուլի ուշադրության կենտրոնում` ուժային գործողությունների դիմելու պատճառով։ Արդեն անցյալ են դարձել Կիևի վարչական վերաքննիչ դատարանի շենքը և «ՈՒկրաինա» պոլիգրաֆկոմբինատը գրավելու փորձերը, որտեղ էլ, ի դեպ, տպագրվում են քվեաթերթիկները։ Այժմ այնտեղ «ռեժիմային» դրություն է հաստատված։ Ընտրությունների նախօրեին կրակի վրա յուղ լցրեց ՈՒկրաինայի Անվտանգության ծառայությունը` քրեական գործ հարուցելով Ռուսաստանի ԱԴԾ-ի (Ղհը) կադրային սպաներից մեկի նկատմամբ, որը, իբր, կասկածվում է լրտեսության մեջ։ Թեպետ ԱՊՀ-ի տարածքում ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր գործում է համաձայնագիր, որ համագործակցության անդամ երկրները միմյանց դեմ հետախուզական գործողություններ չեն իրականացնելու, սակայն ռուսական ԱԴԾ-ն, այնուհանդերձ, հաստատել է իրենց աշխատակցի ձերբակալության փաստը։
Այս հարուստ խճանկարի մեջ իրենց ներդրումն ունեցան նաև գրավառուները, ովքեր սկսեցին հօգուտ երկու թեկնածուների խաղագումարներ ընդունել։ Ռուսական աղբյուրների համաձայն, գրավառու գրասենյակներում մեծամասնությունը գրավ է դնում Յանուկովիչի օգտին, որը, իբր, նախընտրական արշավի անվերապահ առաջնորդն է։ Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն էլ իր հոգևոր ներդրումն ունեցավ ընտրարշավում` աղոթելով ուկրաինական ժողովրդի ճիշտ ընտրության օգտին։
Սակայն խնդրին ավելի լուրջ մոտենալու դեպքում, չնայած ողջ նախընտրական խառնաշփոթին, դիտորդների մեծամասնությունն արձանագրում է, որ ակնհայտ խարդախություններ նկատելի չեն։ Տարբեր ԶԼՄ-ներ, այնուհանդերձ, օբյեկտիվորեն են լուսաբանում իրադարձությունները, և ընտրությունների արդյունքը կանխորոշված չէ։ Եթե սոցիոլոգները մեծամասնությամբ կանխատեսում են Յանուկովիչի հաղթանակը, ապա նրան աջակցող քաղաքական ու արդյունաբերական խմբավորումների համար «հարցը սկզբունքորեն լուծված է»։ Նրանք վստահ են, որ իրենց կոլեկտիվ ջանքերը երկրորդ փուլում դրական արդյունք կտան, և եթե «առաջին փուլում Տիմոշենկոն ստացավ միայն նոկդաուն, ապա երկրորդ փուլում նրան նոկաուտ է սպասում»։ Սակայն իրատես փորձագետներից շատերը համամիտ չեն Յանուկովիչի կողմնակիցների սպորտային լավատեսությանը, իսկ նրանցից մեկը սրամտորեն նկատել էր. «Տիմոշենկոն միշտ ունեցել է շատ նուրբ, նույնիսկ կենդանուն բնորոշ քաղաքական հոտառություն, որը թույլ է տվել նրան շահել նույնիսկ կանխավ տանուլ տված իրավիճակներում։ Յուլյա Վլադիմիրովնան շատ տարատեսակ է այն դեպքում, երբ նրա մրցակիցը հրեշավորության աստիճանի կանխատեսելի է ու անհիմն ինքնավստահ։ Եվ այդ ինքնավստահությունն էլ նրա գլխին չար կատակ կարող է խաղալ»։
Ըստ ամենայնի, իսկապես էլ, Տիմոշենկոն պահպանում է նախագահ դառնալու իր հնարավորությունները։ Այդ մասին են խոսում նաև առաջին փուլի արդյունքները։ Հետ մնալով Յանուկովիչից 10 տոկոսով, վարչապետը հաղթանակ է տարել 15 մարզերում և Կիևում, այն դեպքում, երբ իր մրցակիցը հաղթել է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, 9 մարզերում և արտասահմանում գտնվողների քվեարկության արդյունքում։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ առաջին փուլում երկրի արևմտյան մարզերը պասիվ են մասնակցել ընտրություններին, և այստեղ Տիմոշենկոն ունի ընտրազանգվածի «բացահայտվելիք ներուժ»։ Նրան անհրաժեշտ է միայն իր շուրջը համախմբել նախկին «նարնջագույն» ընտրազանգվածը, Յուշչենկոյի և Յացենյուկի մոտ 12 տոկոս ընտրողներին, ինչպես նաև նոր ձևավորված միջին խավը։ Մինչդեռ Յանուկովիչն առաջին փուլում վերցրել է այն ամենը, ինչ հնարավոր էր վերցնել սեփական ընտրազանգվածից, և այժմ պետք է աշխատի իր կողմը գրավել առաջին փուլում իր օգտին չքվեարկած ընտրողներին։ Օրինակ, Լվովում նրա հայտնի ելույթից հետո ՈՒկրաինայի ռուսական կազմակերպությունները դժգոհել էին, թե «պան Յանուկովիչը մեզ, հավանաբար, անասունի տեղ է դրել»։ Այսինքն, խիստ կասկածելի է, որ պահպանողական-ազգայնական ընտրազանգվածը կփոխի իր նախապատվությունները և ձայնը կտա Յանուկովիչին, մինչդեռ երկրի արևելքում «Տարածաշրջանների կուսակցության» ղեկավարը կարող է կորցնել առաջին փուլում իր օգտին քվեարկած ընտրազանգվածի մի մասը, որովհետև այդ զանգվածը չի ուզում հասկանալ, թե ինչու է Յանուկովիչը խուսափում Ստեպան Բանդերային ՈՒկրաինայի հերոսի կոչում տալու Յուշչենկոյի նախաձեռնությանը դեմ հանդես գալուց։
Բացի այդ, ինչպես միշտ, պրագմատիկ և խոսքաշատ Յուլյա Վլադիմիրովնան, որը երբեք չի խորշում պոպուլիզմից, արդեն իսկ հանձնարարականներ է տվել իր հաղթանակից հետո որս սկսել «ուկրաինական խոդորկովսկիների» նկատմամբ։ Նա պատրաստվում է ավարտին հասցնել այն ամենը, ինչ խոստացել են «նարնջագույններն» անցած ընտրություններում, բայց չեն կարողացել իրագործել։ Երկու թեկնածուներն էլ փորձում են պայմանավորվածություններ ձեռք բերել տարածաշրջանային էլիտաների և ընտրարշավից դուրս մնացած այլ թեկնածուների հետ։ Տիմոշենկոն ժամանակ չկորցնելով, կարծես, բավականին արդյունավետ զրույցներ է ունեցել Յուշչենկոյի և Յացենյուկի հետ, ու վերջիններս համամիտ են եղել նրա գաղափարներին, որ չի կարելի իշխանությունը հանձնել «հակաուկրաինական կլիկին»։ Երրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Սերգեյ Տիգիպկոյի մերձավոր շրջանակի փորձագետները նշում են, որ Տիմոշենկոն անհամեմատ ավելի մեծ շանսեր ունի լեզու գտնելու նաև այս թեկնածուի հետ, որն առաջին փուլում ստացավ ձայների 13 տոկոսը։ Ի դեպ, Տիգիպկոն ինքն էլ է հայտարարել, թե պատրաստ է ընդունելու վարչապետի պորտֆելն ինչպես Տիմոշենկոյից, այնպես էլ Յանուկովիչից, եթե հաղթողը համաձայնություն տա, որ կիրականացվեն «գուցե և ժողովրդականություն չվայելող, բայց անհրաժեշտ ռեֆորմներ» երկրի մոդեռնացման ուղղությամբ։ Տիմոշենկոն հայտարարել է, թե համամիտ է այս գաղափարին, մինչդեռ «Տարածաշրջանների կուսակցությունում» բոլորովին էլ չեն շտապում նրան վարչապետի պաշտոն առաջարկել։ Այստեղ այդ պորտֆելի համար արդեն հիմա պայքար է գնում և հավանական է, որ Յանուկովիչի հաղթանակի դեպքում վարչապետ կնշանակվի էներգետիկայի և վառելիքահումքային ոլորտի նախարար, ուկրաինական «Նավթագազի» նախկին գլխավոր տնօրեն Յուրի Բոյկոն։
Եվ այնուհանդերձ, նախկինում «ուլտրաազգայնական» Տիմոշենկոն և «ռուսամետ» Յանուկովիչն այսօր, ըստ ամենայնի, փորձում են շփոթված ընտրողներին ներշնչել, որ իրենք ունեն արդեն այլ նախապատվություններ ու դաշնակիցներ։ Երկուսն էլ ընդգծում են, որ ով էլ ընտրվի, «պետք է լինի ողջ ՈՒկրաինայի, ոչ թե նրա մի մասի նախագահը»։ Ռուսական փորձագետների գնահատմամբ, սակայն, ոչ մի բան չի հաղթահարի երկրի արևմտյան մասում ռուսների նկատմամբ առկա «լուրջ վերապահությունը», եթե չասենք` ատելությունը։ Եվ, ըստ այդմ, երկրի արևմտյան մարզերում Տիմոշենկոն ճակատամարտը հաստատ կշահի, իսկ Յանուկովիչին կմնա միայն հնարավորինս ավելին քամել առաջին փուլում իր օգտին քվեարկած ընտրազանգվածից։ Ըստ այդմ, կիրակի օրը տեղի ունենալիք ընտրությունների արդյունքն ամենևին էլ կանխատեսելի չէ։ Ամենավատ սցենարը կլինի այն, որ պարտվող կողմը չճանաչի ընտրությունների արդյունքները, հատկապես ձայների ոչ մեծ տարբերության պարագայում, և իր կողմնակիցներին դուրս բերի փողոց, չնայած այն բանին, որ փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ն արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը Կիևի նշանավոր «Մայդանում»։ Իրականում դեռ վաղ է խոսել «ՈՒկրաինայի նախագահի ընտրություններ» բազմասերիանոց մարտաֆիլմի ավարտի մասին։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1701

Մեկնաբանություններ