ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՄԵՆՔ ՊԻՏԻ ՄՏՆԵԻՆՔ ԱՅՍ ԾՈՎԸ»

«ՄԵՆՔ ՊԻՏԻ ՄՏՆԵԻՆՔ ԱՅՍ ԾՈՎԸ»
27.04.2010 | 00:00

Տևական ժամանակ Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման հայ-թուրքական արձանագրություններն էին՝ վավերացնել-չվավերացնել երկընտրանքով: Քաղաքական ուժերը հրապարակային ելույթներում երբեք չէին շրջանցում այս հարցը, նույնիսկ հատուկ քաղաքական միավորում ձևավորվեց՝ ընդդեմ արձանագրությունների: Արտաքին աշխարհն էլ ուշի ուշով հետևում էր զարգացումներին, սակայն ապրիլի 24-ի նախօրեին Հայաստանի նախագահն անորոշ ժամանակով հարցը «սառեցրեց»: «Անցած մեկ տարվա ընթացքում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունները, թե մինչև ղարաբաղյան հիմնախնդիրը չլուծվի, արձանագրությունները չեն վավերացնի, և այդ կարգի այլ բարձրաձայնումներ հանգեցրին նրան, որ Հայաստանի նախագահը գործընթացը կասեցրեց: Պետք չէ, որ մենք անընդհատ լարված ու սպասողական վիճակում լինենք, առավել ևս, եթե Թուրքիան փորձում է ժամանակ շահել: Ըստ օրենքի, կասեցումը ենթադրում է, որ գործընթացը կարող է հետագայում վերսկսվել: Թուրքերն այնքան էլ վախեցած չեն, քանի որ, կարծում են, ստորագրությունը հետ չի վերցրած: Գերտերությունները փորձել են Սերժ Սարգսյանին համոզել, որ վերջնական, կտրուկ որոշում չընդունվի, այլ տեղ թողնվի Թուրքիայի հետ հնարավոր հարաբերություններ ստեղծելու համար»,- մեր զրույցի սկզբում անդրադառնալով նախագահի ուղերձին՝ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ փոխնախագահ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:
-Նախագահի ուղերձին նախորդեց իշխող կոալիցիայի հայտարարությունը, որում նշվում էր, թե արձանագրություններն ԱԺ օրակարգից հանելու պատճառներից մեկն էլ Թուրքիայի վարչապետ Էրդողանի «անընդունելի հայտարարություններն են»: Գործընթացի մեկնարկից հետո Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար այդպիսի տեսակետներ էին հայտնում, ինչո՞ւ այդ ընթացքում կոալիցիան արձանագրությունների վավերացումն առկախելու մասին հայտարարություն չէր անում:
-Այո, Թուրքիայի վարչապետը բավականին ժամանակ նախապայմանների լեզվով էր խոսում: Մենք կարծում էինք, որ դա դիվանագիտական քայլ է` ներքին օգտագործման համար, սակայն պարզվեց՝ հստակ քաղաքականություն է: Բանն այնտեղ հասավ, որ Էրդողանը հայտարարեց, թե Ղարաբաղի շրջանները պիտի հանձնեք և այլն, այսինքն` առևտուր էր արվում: Մինչդեռ արձանագրություններում ոչ մի նախապայման չկա Ղարաբաղի առնչությամբ, և Հայաստանն էլ ցանկություն չունի մի քանի տարի սպասելու, թե Թուրքիան ինչ երգ է երգելու: ՈՒստի կասեցնելու ճիշտ ժամանակն էր, դեռ մի քիչ էլ ուշ, քանի որ ներքին խորհրդակցություններում ասում էինք, որ դրա ժամանակն արդեն հասունացել է: Այսօր մենք այլևս կենտրոնացած չենք այս արձանագրությունների վրա ու կարող ենք Ղարաբաղի հիմնախնդրում առաջընթաց ունենալ, լուծել ներքաղաքական խնդիրներ և այլն:
-Փաստորեն, այս քայլով Հայաստանի արտաքին քաղաքականության, մասնավորապես հայ-թուրքական հարաբերություններում նոր շրջա՞ն է սկսվում: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է այն լինելու:
-Նախագահի ուղերձում էլ նշված էր, որ Թուրքիայի նախագահն այս ընթացքում շատ կոռեկտ պահվածք է ունեցել: Չպետք է մոռանանք, որ Թուրքիան ունի նաև քրդական հարցը: 2011-ին Թուրքիայում ընտրություններ են լինելու, և արձանագրությունները խաղաթուղթ են դարձրել: Իրենք էլ իրենց համար են ուզում հստակեցնել, թե ով ինչ վերաբերմունք ունի արձանագրությունների նկատմամբ: Ինչ վերաբերում է նոր փուլին, ունենք ղարաբաղյան հիմնախնդիր, որի առնչությամբ ևս «անընդունելի» հայտարարությունների պակաս չկա: Սակայն Ադրբեջանն ինքնուրույն չէ, կա Մինսկի խումբ, ինչը ենթադրում է, որ բանակցությունները շարունակվում են: Ադրբեջանը փորձում է հա՛մ նալին, հա՛մ մեխին խփել, այնինչ հայկական կողմը շատ հստակ արտահայտում է իր դիրքորոշումը, այն է՝ Ադրբեջանը պիտի Ղարաբաղի անկախությունը ճանաչի, հետո միայն որոշ տարածքների շուրջ համաձայնության գանք: Հարկ է նկատել, որ հրադադարից հետո հիմնախնդրի շուրջ բանակցություններ են ընթանում, բայց ոչ մի արդյունք չկա: Սերժ Սարգսյանն առաջին անգամ հայտարարեց, որ խնդրին նման լուծում է պետք: Սրան Ադրբեջանը չհամաձայնեց ու անգամ ուժի չկիրառման համաձայնագիրը չստորագրեց:
-Կարելի՞ է ասել, որ նախագահն այս ուղերձով ցանկացավ վերստին հայտարարել, որ ղարաբաղյան հիմնախնդիրն արձանագրությունների հետ ոչ մի առնչություն չունի:
-Այն, որ ասում ենք, թե այս փուլը փակեցինք, հենց առնչվում է այդ խոսակցություններին: Երբ կրկին վերականգնվեն բանակցություններն արձանագրությունների շուրջ, մենք կհամաձայնենք միայն այն պայմանով, որ այս մասին այլևս չխոսվի: Այս մոտեցմանը համակարծիք են նաև գերտերությունները, քանի որ դրանք իրավամբ արդարացի են:
-Այս գործընթացն արտաքին աշխարհում ի՞նչ տվեց Հայաստանին:
-94-ի հրադադարից, Ղարաբաղի անկախության հռչակումից հետո Հայաստանը տարածաշրջանում դարձել է ավելի կարևոր գործոն, քան Ադրբեջանը, Վրաստանը: Այսօր Թուրքիան ուզում է տարածաշրջանում ազդեցիկ դեր ստանձնել: Բայց քանի դեռ կան ուժեղ Հայաստանը և հայկական երկրորդ պետությունը՝ Ղարաբաղը, նա չի կարող իր ենթակայության տակ վերցնել տարածաշրջանի քաղաքականությունը: Սրանով է պայմանավորված, որ նա ցանկացած հարաբերություններում նախապայմաններ է առաջ քաշել: Սահմանի բացման առնչությամբ ևս, որը Եվրամիության և գերտերությունների պահանջներից մեկն է: Հիմա, կարծում եմ, ուրախ են, քանի որ ժամանակ ունեն մտածելու՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից, 2011-ի ընտրություններից հետո ի՞նչ են անելու, քանի որ գնալով գերտերությունների ճնշումները մեծանալու են: Ստիպված են նախապայմաններից հրաժարվել, որովհետև մշտապես իրենց գլխավերևում կախված է դամոկլյան սուրը՝ ցեղասպանության ճանաչումը և հատուցումը: Տարածաշրջանում քաղաքականությունն այնքան է շաղկապված, որ եթե մի օղակի ձեռք ես տալիս, խախտվում է մյուսը:
-Ստեղծված իրավիճակն ինչ-որ կերպ ազդեցություն կունենա՞ ներքաղաքական զարգացումների վրա:
-Այս ամենն արդեն իր ազդեցությունն ունեցել է: Բնականաբար, ընդդիմությունը մշտապես քննադատում է իշխանության նախաձեռնած այս քայլը, թե մի տարի բանակցեցիք, բայց արդյունքում կասեցրիք գործընթացը: Իսկ ո՞վ է ասել, որ մի ակտով հնարավոր է ամեն ինչ լուծել: Չեմ կարծում, թե քաղաքականությունը միջուկային ֆիզիկայից թույլ գիտություն է, ու դրանից գլուխ հանելը բավականին բարդ է։ Մենք չենք ասում, որ իշխանությունն ամենակարող է ու իր ծրագրում նշած բոլոր հարցերը պիտի լուծի: Բայց մենք պիտի մտնեինք այս ծովը: Չենք ուզում կանգ առնել, քանի որ ունենք բավականին շատ չլուծված խնդիրներ: Նժդեհն իրավացի է՝ ժողովուրդների պատմությունը պատերազմների պատմություն է, իսկ խաղաղությունը նրա համար է, որ պատրաստվեն պատերազմին։ Մենք պիտի միշտ պատրաստ լինենք հակառակորդի հետ պատերազմին, սակայն, ի տարբերություն Ադրբեջանի, երբեք ռազմատենչ հայտարարություններով հանդես չենք գա:
-Եթե Թուրքիան ապացուցեց, որ անվստահելի գործընկեր է, ուրեմն ճիշտ չէ՞ր լինի ոչ թե առկախել արձանագրությունները, այլ հետ կանչել ստորագրությունը, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ գործընթացը վերսկսելուց հետո Թուրքիան «կուղղվի»:
-Այո , Թուրքիան ապացուցեց, որ անվստահելի գործընկեր է ոչ միայն հայերի, այլև ԱՄՆ-ի համար: Այսօր ԱՄՆ-ը, կարծես, «ամոթով» մնաց, քանի որ չի կարող Թուրքիայի հետ իր համաձայնություններին տեր կանգնել: Ռուսաստանի և եվրոպական այլ երկրների հետ ևս նման կերպ վարվեց Թուրքիան, այդ իսկ պատճառով նրանք համարում են, որ Թուրքիան քաղաքականության մեջ «անբարոյական» է, ուստի դեռևս թույլ ճնշումներ են գործադրում նրա վրա:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1412

Մեկնաբանություններ