ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՀԱՅԸ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԸ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
26.10.2010 | 00:00

Ի՞նչ ներդրում ուն ի հայ ազգը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում։ Այս հարցը կենսաբանական գիտությունների թեկնածու ՎԱՉԱԳԱՆ ՎԱՀՐԱԴՅԱՆՆ ուսումնասիրել է 12 տարեկանից և հավաքել է, իր իսկ խոսքերով, ապշեցուցիչ փաստեր։ Փաստերից մեկը վերաբերում էր անգլիական հնագույն տարեգրքին` «Անգլո-սաքսոնական քրոնիկոնին», որն ընդգրկում է հռոմեական տիրապետության շրջանը` մ.թ.ա. I դարից մինչև մ.թ. XII դարը: Տարեգիրքը կազմելուն ձեռնամուխ են եղել Ալֆրեդ արքայի օրոք, IX դարի վերջին, հիմք ունենալով Բեդա Պատվելու «Եկեղեցական պատմությունը», որը պահպանվել էր մերսիական և ուսեքսյան քրոնիկոններում ու ավանդազրույցներում:
Պահպանվել է անգլո-սաքսոներեն (հնագույն անգլերեն) և լատիներեն ինը ձեռագիր:
Քրոնիկոնի սկիզբը, որ նկարագրում է մինչև 731 թ. իրադարձությունները, հիմնականում վերցված է Բեդայի գրվածքից, բայց ներառում է շատ լրացումներ, որոնք վերաբերում են Հարավային Անգլիայի (հատկապես ՈՒեսեքսի) պատմությանը:
Հին ձեռագրի տեքստի առաջին պարբերության բնագրում գրված է. «Բրիտանիա կղզու տարածքը 800 մղոն երկարություն ու 200 մղոն լայնություն ունի: Այդ կղզում հինգ ազգություն կա` անգլիացիներ, վալիացիներ (բրիտներ), սքոթներ, պիկտեր, լատիններ: Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Արմենիայից ու բնակություն հաստատել Բրիտանիայի հարավում»։
Հաջորդ փաստը, որ ներկայացնում է գիտնականը. «Իտալիայում կա մի հուշարձան, որի վրա գրված է. «Իտալիան ազատագրվել է Ներսես հայի շնորհիվ»։ Ո՞վ է Ներսես հայը։ Ես հայ պատմաբաններին հարցրի, ոչ ոք չգիտի նման պատմական դեմքի մասին։ Ստիպված սկսեցի քրքրել գրականությունը, համացանցն ու պարզեցի անասելի հետաքրքիր բաներ»։
Մյուս հետաքրքիր փաստը. 19-րդ դարի 20-ական թվականներին Չինաստանի կայսրն իր հրամանով ազատում է հայ վաճառականներին մաքսային տուրքերից՝ դարերի ընթացքում ցուցաբերած բացառիկ ազնվության համար։
Հետաքրքիր փաստ է, եթե նկատի ունենանք այսօր ընդունված այն տեսակետը, թե հայը չի կարող ազնիվ առևտրական լինել։ «Թերևս դա էլ ունի իր բացատրությունը։ Հայաստանաբնակ հայ ժողովրդի մտածելակերպը փոխեց Խորհրդային Միությունը։ Հայ ազգի, հայ տղամարդու ամենաէական առանձնահատկությունը նախաձեռնողականությունն է, ու հենց դա էր սահմանափակում Խորհրդային Միությունը։ Հայ տղամարդը պետք է լավ ապրի, պետք է իր ընտանիքը պահի։ ՈՒսանող տարիներին ես շինջոկատ էի գնացել Կոմի Ինքնավար Հանրապետություն, ուր արտագնա աշխատանքի շատ էին մեկնում հայ տղամարդիկ։ Տեղացիները խոստովանում էին, որ ցանկացած ժողովրդից հայերն ամենալավն են։ Աշխատում են առավոտից մինչև արևամուտ, և կարևորը նրանց համար գումարն էր, որ պետք է վաստակեին։ Այս տեսակետը համընկնում է մի փաստի հետ, որ ես կարդացել եմ ֆրանսիական մի աշխատության մեջ։ Մարսելի վաճառականները 1700-ական թվականներին նամակ են գրում իրենց քաղաքապետին, որտեղ խնդրում են քաղաքագլխին ստիպել հայ վաճառականներին իրենց ապրանքը թանկ վաճառել։ Բանն այն է, որ հայ վաճառականներն իրենց ապրանքը վաճառում էին էժան՝ այդպիսով գտնվելով մրցակցությունից դուրս։ Բացի այդ, մարսելցիները տեղեկացնում էին քաղաքապետին, որ հայ վաճառականները չեն հաճախում իրենց հասարակաց տներն ու ժամանցի այլ վայրեր, գումար Մարսելում չեն ծախսում և ամբողջ հավաքածը տանում են իրենց հետ։ Այս ամենին մարսելցիները հավելում են նաև, որ հայերը միայն կանաչեղեն են ուտում։ Պարզվում է, որ դարերի ընթացքում և՛ Չինաստանում, և՛ Ֆրանսիայում, և՛ Ռուսաստանում ասում են նույն բանը. եթե հայ տղամարդն իր ազնիվ աշխատանքով բավարար գումար է վաստակում` աշխատում է եզան պես, բառիս ամենախտացված իմաստով, միայն թե կարողանա իր ընտանիքը, իր երեխաներին լավ պահել։ Ահա հայ տղամարդու խնդիրը։ ՈՒ դրան նրանք հասնում են ամեն կերպ, եթե հնարավորություն չկա, դիմում են օրինազանցությունների, ինչին դրդեցին խորհրդային կարգերը»,- ասում է Վաչագան Վահրադյանը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ.- Վաչագան Վահրադյանի հետ առավել հանգամանալից զրույցը` «Իրատես de facto»-ի հաջորդ համարներից մեկում։

Դիտվել է՝ 1812

Մեկնաբանություններ