Հայաստանի մարմնամարզության մասնագետների մի մասն անկախացումից հետո տեղափոխվել է տարբեր երկրներ: Նրանցից ոմանք իրենց մասնագիտությամբ են աշխատում, ոմանք` ոչ: Մոսկովյան օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարում չեմպիոն դարձած ԷԴՎԱՐԴ ԱԶԱՐՅԱՆՆ էլ, արդեն 19 տարի է, ԱՄՆ-ում է: Վեցամյա ընդմիջումից հետո նա կրկին Երևանում է: Հետաքրքրվեցինք, թե մարմնամարզությունից օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի որդին ինչո՞վ է զբաղվում հեռավոր ափերում:
-Ամերիկա տեղափոխվելուց անմիջապես հետո մարզչական աշխատանք եմ կատարել,- ասաց Էդվարդ Ազարյանը։- Սկզբնական շրջանում դժվար էր, սակայն հետագայում, երբ արդյունքներ եղան, գործերն ավելի լավ ընթացան: Վերջին հինգ տարիներին գլխավորում եմ «Ազարյանական մարմնամարզություն» կենտրոնը, որը գտնվում է Կալիֆոռնիայի նահանգի Ալիսո Վիեգո քաղաքում: Այն մարմնամարզության խոշոր օջախ է, ունի հարմարավետ մարզասրահներ, օժանդակ կառույցներ: Մարզասրահները կահավորված են ամերիկյան արտադրության ժամանակակից մարզագործիքներով: 120 շնորհալի երեխա անմիջականորեն մարզվում է իմ գլխավորությամբ: Նրանք, ովքեր բարձր արդյունքներ են ցույց տալիս, հեռանկարային են: Բացի այդ, մարմնամարզության կենտրոն է հաճախում այդ մարզաձևի ևս 800 սիրահար: Ընդ որում, բոլորի համար էլ մարզումները վճարովի են:
-Ցայտուն արդյունքներ կա՞ն:
-Սաներ ունեմ, ովքեր ԱՄՆ-ի երիտասարդական հավաքականի թեկնածուներ են: Այդ մարզիկներին հրավիրում են Կոլորադո Սպրինքսում կազմակերպվող ուսումնամարզական հավաքներին: Դա յուրօրինակ ստուգատես է, որին մասնակցում են բոլոր նրանք, ովքեր կարող են պաշտպանել ԱՄՆ-ի հավաքականի պատիվը: Տարեկան այդպիսի 5 ուսումնամարզական հավաք է կազմակերպվում, յուրաքանչյուրը` մեկ շաբաթ տևողությամբ: Ավելի վաղ ԱՄՆ-ի հավաքականում չորս սան ունեի, սակայն նրանք ներկայումս ուսանում են քոլեջում: Ի դեպ, ԱՄՆ-ում մարզիկներին մեծ արտոնություններ են տրվում: Ովքեր հավաքականի անդամներ են դառնում` ստանում են անվճար ուսանելու հնարավորություն: Բացի այդ, լուծվում է նրանց անվճար կացարան, դասագրքեր տրամադրելու խնդիրը: Այսինքն, մարզիկն ուսման չորս տարիների ընթացքում շուրջ 250 հազար դոլարի օգնություն է ստանում: Իսկ հերթափոխը շարունակվում է: Մեկ շաբաթ առաջ 13 տարեկանների ԱՄՆ-ի առաջնությունն էր: Իմ սանը` Մարտին Ստրեչը, բազմամարտում երկրորդը ճանաչվեց: Ընդ որում, 700 երեխա էր մասնակցում:
-Մարմնամարզության կենտրոնում հայ մասնագետներ աշխատո՞ւմ են, մեր հայրենակիցները հաճախո՞ւմ են «Ազարյանական մարմնամարզության կենտրոն»։
-Ոչ, հայ մարզիչներ չունենք, ոչ էլ՝ երեխաներ: Մի շարք քայլեր են ձեռնարկվել այդ բացը լրացնելու համար, սակայն ոչինչ չի ստացվել: Այդուհանդերձ, հույս ունեմ, որ խնդիրը կկարգավորվի: Այցելելով հայկական եկեղեցի նույնիսկ փորձել եմ համոզել մեր հայրենակիցներին, որ իրենց երեխաներին մեր կենտրոն բերեն մարզվելու, բայց արձագանքներ չկան: Ինքս էլ լավ չեմ զգում, որ հայերն ԱՄՆ-ում աշխատում են հեռու մնալ այս մարզաձևից։ Մինչդեռ, կարծում եմ, որ եթե պարապողներ լինեն, ապա հաջողություններն իրենք իրենց կգան:
-Ի՞նչ կասեք ԱՄՆ-ում աշխատող մարմնամարզության հայ մասնագետների մասին:
-Լոս Անջելեսում իր անունով ակումբ է հիմնել աշխարհի չեմպիոն Արթուր Հակոբյանը: Նա ունի գործընկեր, որը, եթե չեմ սխալվում, բուլղարացի է: Արթուրը պարապում է հիմնականում մարզուհիների հետ, և նրա սաները նշանակալի հաջողություններ ունեն: Մասնավորապես, Հակոբյանի սաներից մեկը վերջերս հաղթեց աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարում, դրանից առաջ դարձել էր ԱՄՆ-ի բացարձակ չեմպիոնուհի: ՈՒշագրավ է, որ վերջին մի քանի տարիներին Հակոբյանի սաներն աչքի են ընկնում կայում մրցելույթներով: ԱՄՆ-ի հավաքականում սաներ ունի նախկինում ճանաչված մարմնամարզուհի Արմինե Բարությանը, Գրիգոր Չալիկյանն էլ անցյալ տարի արժանացել է ԱՄՆ-ի մարմնամարզության «Լավագույն մարզիչ» անվանակարգով դափնեկրի կոչմանը: Ի դեպ, ես էլ Կալիֆոռնիայի նահանգի «Լավագույն մարզիչ» դարձա, իսկ դա պատահական չի տրվում: Գրիգորի և իմ սաներն ԱՄՆ-ի առաջնությունում համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերն էին զբաղեցրել, մեդալների տիրացել բազմամարտի առանձին մրցաձևերում: Ի դեպ, ԱՄՆ-ում աշխատում են աշխարհի տարբեր երկրներից հրավիրված մարմնամարզության լավագույն մասնագետներ, և նրանց հետ մրցակցությունում հեշտ չէ արդյունքի հասնել, ուշադրության արժանանալ:
-Ձեր կարծիքով` ինչո՞վ է բացատրվում մարմնամարզության ասպարեզում վերջին տարիներին ԱՄՆ-ի մեծ առաջընթացը:
-Պարապմունքների կազմակերպման համար գերազանց պայմաններ են ստեղծված: Մարզաձևը վտանգավոր է, մեծ համարձակություն է պահանջում, և ամեն բան արված է, որ մարզիչներն ու նրանց սաներն անվտանգ պայմաններում աշխատեն, կատարելագործեն մարմնամարզության բարդ տարրերն ու կապակցությունները:
-Հայաստանում մարմնամարզության վիճակն ինչպիսի՞ն է:
-Լավ մասնագետներ կան, պարզապես, պայմաններ են անհրաժեշտ և ուշադրություն, որ նրանք կարողանան աշխատել: Իմ նախորդ այցելությունից հետո մարզասրահներում արդեն նոր մարզագործիքներ են տեղադրվել, և արդյունքներն էլ շոշափելի են: Սակայն մարզագործիքները մի քանի տարվա ընթացքում շարքից դուրս են գալիս, անհրաժեշտ է այդ խնդիրը ևս լուծել:
-ԱՄՆ-ում ինչպե՞ս են վերաբերվում օլիմպիական խաղերի չեմպիոն Էդվարդ Ազարյանին:
-Հարգանքով, սակայն աշխատանքի հետ դա կապ չունի: Անհրաժեշտ է գործով, արդյունքներով հաստատել, որ լավ մասնագետ ես:
-Մարզիչներն ԱՄՆ-ում լա՞վ են վարձատրվում:
-Սկսնակների խմբերի հետ աշխատողներն ամիսը ստանում են շուրջ 2 հազար դոլար:
-Նախատեսվո՞ւմ է Հայաստանի ներկայացուցիչների հետ առաջիկայում համատեղ ծրագրեր իրականացնել:
-Հաջորդ տարի ԱՄՆ-ի հավաքականի մարմնամարզիկները Երևանում կմասնակցեն Ալբերտ Ազարյանի մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարին: Նախատեսվում է, որ դրանից հետո ստուգատեսը կկազմակերպվի նաև ԱՄՆ-ում, և պատվիրակներ կլինեն Հայաստանից: Այժմ մտածում ենք հովանավորներ գտնելու մասին:
Զրույցը` Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ