ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՀԱՊԿ-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՆԻ՞ ԳՈՆԵ ՄԵԿ ԶԻՆՎԱԾ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄ, ՈՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՀԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ

ՀԱՊԿ-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՆԻ՞ ԳՈՆԵ ՄԵԿ ԶԻՆՎԱԾ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄ, ՈՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՀԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ
04.05.2010 | 00:00

Եթե ՀԱՊԿ-ը շարունակի զարգանալ այնպես, ինչպես հիմա, ապա այդ կառույցը հեռանկար չունի։
Բելառուսը Կուրմանբեկ Բակիևին ճանաչում է որպես գործող նախագահի, Ռուսաստանը` ոչ, իսկ կազմակերպության մյուս անդամներն այդ հարցի առթիվ իրենց սկզբունքային վերաբերմունքը չեն արտահայտում։ Նման մոտեցումները սպառնալիքի տակ են դնում ՀԱՊԿ-ի գոյության նպատակահարմարությունը որպես ռազմաքաղաքական կառույցի։ ՀԱՊԿ-ի մեկ այլ խնդիր էլ կապված է այն բանի հետ, որ այդ կազմակերպությունը, փաստորեն, չունի այնպիսի սպառնալիքների կանխման մեխանիզմ, որոնց բախվեց Ղրղզստանը։ Նրանում մշակված չեն օրինականորեն ընտրված իշխանությունների անվտանգության ապահովմանն սպառնացող վտանգներին արձագանքելու մեխանիզմներ։ Հասկանալի է, որ ՀԱՊԿ-ը նախ և առաջ մի միություն է, որը ենթադրում է արտաքին ագրեսիայից պետությունների անվտանգության ապահովմանն աջակցելու միջոցների օգտագործում, բայց ոչ ներքաղաքական սպառնալիքներից` նրանց վարչակազմերի։ Հասկանալի է նաև, որ դա ամենևին էլ միևնույն բանը չէ։ Բայց պետության կործանմանը հակազդեցության պարտավորությունները, որպես այդպիսիք, նույնպես այդ կազմակերպության իրավասությունների ոլորտից են։ Եվ էլի` ենթադրենք, Բելառուսի նախագահը ՀԱՊԿ-ի գագաթաժողով գա Կուրմանբեկ Բակիևի` Ղրղզստանի օրինականորեն ընտրված նախագահի հետ։ Այդ դեպքում ի՞նչ պիտի անի Մոսկվան։ Լուկաշենկոյին թողնի, իսկ Բակիևին` ո՞չ։ Բայց դա խայտառակություն կլինի։ Թողնի Բակիևին և նրան հնարավորություն ընձեռի ելույթ ունենալու Ղրղզստանի իրադրությանը նվիրված ՀԱՊԿ-ի նիստում` դարձյալ գլուխկոտրուկ է Մոսկվայի համար։ Բակիևը կարող է պահանջել ՀԱՊԿ-ի հանձնաժողով ստեղծել` Բիշքեկի խաղաղ բնակիչների գնդակոծման փաստի քննության համար։ Իսկ այդ հարցի քննարկումը կարող է տանել ոչ այնտեղ, ուր կուզեին «ոմանք»։ Այդ դեպքում շատ անախորժ հարցերի ստիպված պիտի լինի պատասխանել ոչ թե Ղրղզստանի պաշտոնական առաջնորդը, այլ այն պետության ղեկավարը, որը շահագրգռված է եղել այսպիսի արյունալի եղանակով Բակիևին տապալելու գործում։ Մի եղանակ, որն ուղղակիորեն համեմատելի ու նման է ոչ միայն 2008 թ. մարտի 1-ին և 1999 թ. հոկտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների, այլև «Բուխարեստի ողբերգության» հետ, երբ առեղծվածային դիպուկահարները, մեթոդաբար գնդակահարելով խաղաղ ցուցարարներին, Ռումինիայի բնակչությանը տրամադրում էին Չաուշեսկուի դեմ։
Միաժամանակ, Բիշքեկի իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ կազմակերպության մոդելն անկատար է։ Իսկ եթե հանկարծ դա դրամատիկ ազդեցություն գործի հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի ելքի վրա՞, որի վերսկսումը միայն խելագարը կարող է բացառել։ Առաջիկա մարտերում Բաքուն հաստատ հարվածներ կհասցնի թե՛ Աղդամ-Ստեփանակերտ գծին, թե՛Երասխ-Արարատ-Քելբաջար ուղղությամբ, սկզբնական փուլում տանկային հոծ շարասյուներով գրոհելով Երևան-Գորիս-Ստեփանակերտ (Մեղրի) կարևոր ռազմավարական ճանապարհի վրա, որը Նախիջևանի անմիջական մոտակայքում է։ Վերջին ուղղությամբ հակառակորդի անէական շարժումն անգամ կհանգեցնի այն բանին, որ մեր զորքերը կկորցնեն Իրանի հետ կապող երթուղիները, վրացական ճանապարհները Թբիլիսին կփակի հենց առաջին օրը` վկայակոչելով վրաց-ադրբեջանական ռազմավարական դաշինքը։ Այս հանգամանքների պարագայում ավելորդ չէ հարց տալ. «Իսկ ՀԱՊԿ-ը, որպես կազմակերպություն, Հայաստանում ունի՞ գոնե մեկ զինված կազմավորում, որը պատրաստ լինի անհրաժեշտ պահին աջակցություն ցուցաբերելու Հայաստանին հնարավոր հայ-ադրբեջանական պատերազմում»։ Ցավոք` ոչ։
Կամ էլ` «գոյություն ունի՞ գոնե որևէ ոչ երևակայական, այլ իրական տարանցման սխեմա` հայ-ադրբեջանական հնարավոր բախման գոտի ՀԱՊԿ-ի անդամ երկրների զինծառայողներին հասցնելու համար, եթե, իրոք, նման բախում տեղի ունենա»։ Էլի պատասխանը բացասական է։
Եվ, վերջապես, չկան ոչ միայն ցամաքային, այլև օդային կապուղիներ, որոնք Ռուսաստանին թույլ տային սպառազինություն մատակարարել Գյումրիի իր ռազմաբազային։ Այնպես որ, Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ՀԱՊԿ-ի դերակատարության մասին հետևություններն ինքներդ արեք...
Վլադիմիր ՍԱՐԳՍՅԱՆ
Քաղաքական ծրագրավորման կենտրոնի ղեկավար

Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ