ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ՀՐԱՄԱՆ ԿԱ, ՈՐ ՀԱԿ-Ն ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԻՏԻ ԿՌՎԵՆ»

«ՀՐԱՄԱՆ ԿԱ, ՈՐ ՀԱԿ-Ն ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԻՏԻ ԿՌՎԵՆ»
24.05.2011 | 00:00

«Ռոբերտ Քոչարյանի հետ ճանապարհ չեմ անցել ու չեմ անցնելու։ Քոչարյանին համարում եմ շատ մեծ չարիք Հայաստանում կատարված գործընթացների մեջ։ Նա լուրջ դերակատարում ունի Սերժ Սարգսյանին իշխանության բերելու գործում, ով, սակայն, քաղաքական այլ կուրս է վարում»,- երեկ հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` նշելով, որ իր տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանն այժմ Մոսկվայում է ու լուրջ խնդիրներ ունի։ «Պիտի հասկանա, որ Հայաստանի քաղաքական դաշտ վերադառնալու բոլոր ճանապարհները փակված են։ Մարդ, որը մարտի 1-ին կրակել է, որի պաշտոնավարման տարիներին հոկտեմբերի 27, քաղաքական սպանությունների ընթացք է եղել, իսկ այսօր ասում է` ՀՀՇ-ի տարիներին մարդիկ են սպանվել, որպես նախագահ ի՞նչ է արել այդ ամենը բացահայտելու համար։ Հիմա ինչո՞ւ չի գնում ասի, թե ովքեր են այդ սպանողները։ Կարելի՞ է այդքան պարզամիտ հարցազրույց տալ։ Հարցնում են` մարտի 1-ին հրաման տվե՞լ են, թե՞ ոչ, պատմում է, թե Քրիստոսին սխալ են խաչել»,- նկատեց Արամ Կարապետյանը։
Անդրադառնալով մարտի 1-ի գործի շրջանակում Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հնարավոր հարցաքննությանը, ընդդիմադիր գործիչը կարծիք հայտնեց, որ նրանց ոստիկանությունը կկանչի ցուցմունքներ տալու։ Ավելին, ըստ Կարապետյանի, մարտի 1-ի բոլոր քրեական գործերում նշված է Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, սակայն նրան չեն հարցաքննել։ «Այսպիսի իրավաբանական նոնսենս երբևէ տեսե՞լ եք։ Ի՞նչ է, այս երեք տարի ՀՔԾ-ն Լևոն Տեր-Պետրոսյանի ու հատկապես Ռոբերտ Քոչարյանի, Խաչատուրովի, Հայկ Հարությունյանի, Միքայել Հարությունյանի, Գորիկ Հակոբյանի տեղը չի իմացե՞լ։ Տիգրան Թորոսյանը հայտարարում է, որ բանակի մասին իրեն ոչինչ հայտնի չի եղել, այդ մարդուն չե՞ք կանչում հարցաքննելու։ Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը երկրում զինվորական հեղաշրջո՞ւմ է արել»,- շեշտեց ՆԺԿ ղեկավարը։
Ինչ վերաբերում է ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, Կարապետյանը նախ ընդգծեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև էական գաղափարական տարբերություններ չկան։ ՆԺԿ-ն ժամանակին չմիացավ ՀԱԿ-ին, քանի որ, ըստ նրա ղեկավարի, նախապես գիտեին, որ այսպիսի գործընթացներ են լինելու։ Այդուհանդերձ, Կարապետյանն առաջարկում է ամեն ինչ չսևացնել ու հետևել զարգացումներին, առավել ևս, որ միջազգային հանրությունն այսօր Հայաստանում մի գործընթաց է իրականացնում, ինչը կարող է պատերազմի լուրջ սպառնալիք դառնալ։ «Հրաման կա, որ ՀԱԿ-ն ու իշխանությունը չպիտի կռվեն, բարիշելու ժամանակն է։ Այսօր երկու կողմերի միջև կա երկխոսության իմիտացիա, որովհետև այն հարցի վերաբերյալ, որի շուրջ պիտի երկխոսությունը կայանա, տարբեր կարծիքներ կան»,- նկատեց քաղաքական գործիչը` հավելելով, որ խոսքն արտահերթ ընտրությունների մասին է։ Ե՛վ իշխանությունը, և՛ ՀԱԿ-ը պիտի հետևեն, թե ինչ է կատարվում Վրաստանում, որովհետև, Կարապետյանի դիտարկմամբ, Հայաստանում հեղափոխական խմորումները չեն քնել, ու այսօր որևէ խնդիր դեռևս լուծում չի ստացել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ