ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՊԵՏՔ ՉԷ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՓՆՏՐԵԼ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՆՐԱՆՔ ՉԿԱՆ

ՊԵՏՔ ՉԷ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՓՆՏՐԵԼ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՆՐԱՆՔ ՉԿԱՆ
02.07.2010 | 00:00

Ծանոթանալով Հայաստանի քաղաքական գործիչների հայտարարություններին` նորից ու նորից համոզվում ես. այն հիմնախնդիրները, որոնցում ներգրավված է Հայաստանը, մեր երկրին ձեռնտու լուծումների հեռանկար ունեն, բայց դրանք իրականություն չեն դառնում, քանի որ քաղաքական վերնախավի պատկերացումների շրջանակից դուրս են։ Տպավորություն է ստեղծվում, որ այս կամ այն քաղաքագետը կամ որոշակի կուսակցության ներկայացուցիչը հայտարարություն է անում` ելնելով սոսկ իրեն հայտնի շարժառիթներից և ոչ թե հանրային ակնկալիքից։ Լեռնային Ղարաբաղի խնդիրների փորձագետ Ալեքսանդր Մանասյանը, օրինակ, համարում է, որ «ժողովուրդների ինքնորոշման իրավունքները հաշվի առնող սկզբունքն արդեն ծուղակ է դարձել մեզ համար»։ Այս ձևակերպումը, նրա ասելով, խիստ վտանգավոր է, պետք է խուսափել դրանից և փոխել կարգավորման շեշտադրումը։ Նա համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է 1991-ին` իրավաբանորեն Ադրբեջանին չպատկանող տարածքում, իսկ 2216 բանաձևի ընդունումը Եվրախորհրդարանի կողմից հետևանք էր Հայաստանի պասիվության։ Ահա այսպես, գրչի մեկ շարժումով ի չիք է դարձվում ԵԱՀԿ Մինսկի խմբի, նաև մեր արտգործնախարարության ավելի քան 15 տարվա աշխատանքի արդյունքը։ Իսկ գիտի՞, արդյոք, հակամարտությունների հարգելի մասնագետը, որ 1992 թ. փետրվարի 18-ից, այն օրից, երբ ՀՀ Գերագույն խորհուրդը վավերացրեց ԱՊՀ-ին անդամակցության պայմանագիրը, երբեմնի ԼՂԻՄ-ի վարչական սահմաններից դուրս գտնվող շրջանները ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԱՊՀ-ի անդամ Հայաստանի Հանրապետությունն իր Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մաս, որ և՛ ՄԱԿ-ի, և՛ ԵԱՀԿ-ի, և՛ ԱՊՀ-ի անդամ մյուս երկրներն էլ են այդ շրջանները հարևան հանրապետության կազմում տեսնում։ Կամ գոնե գիտի՞ հարգելի փորձագետը, թե այս դժվարին պայմաններում ՀՀ ԱԳՆ-ից ինչ ջանքեր են պահանջվում, որ պաշտոնական Երևանը քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների չենթարկվի այն կապակցությամբ, որ հայկական ուժեր են գտնվում Ադրբեջանի մի շարք շրջաններում։
Եվրախորհրդարանի 2216 բանաձևը ոչ թե Հարավային Կովկասի վերաբերյալ ԵԽ ընդհանուր քաղաքականությունից դուրս մի ցավալի դրվագ է, այլ նրա բնական զարգացման հետևանք։ Այո, Եվրախորհրդարանը սույն փաստաթղթով հավաստում է այդ տարածքների իրավապատկանելությունը ոչ թե ԼՂՀ-ին, այլ Ադրբեջանին, միաժամանակ Եվրահանձնաժողովին կոչ է անում իր ամենօրյա աշխատանքում առաջնորդվել հենց դրանով։ Ղարաբաղի խնդիրներն ընթացակարգային առումով գտնվում են այնտեղ, որտեղ էին Բիշքեկի հաշտության կնքման օրը։
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության նախագահը, գնահատական տալով Սերժ Սարգսյանի այցին ԵՄ-ի քաղաքական մայրաքաղաք, ասաց, թե Հայաստանի նախագահը, իր կարծիքով, Բրյուսելում պիտի ասեր. «Թքած ունեմ ձեր Եվրախորհրդարանի բանաձևի վրա»։ Ահա ձեզ հարգալից վերաբերմունք մի կառույցի նկատմամբ, որն «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում 100 միլիոնական դոլար ֆինանսական օգնություն է հատկացրել Հայաստանին ու Ադրբեջանին, ինչը մեկ շնչի հաշվով Հայաստանում 43 դոլար է, իսկ Ադրբեջանում` 13։ Եվ դրանով իսկ, փաստորեն, ամրագրում է ԵՄ-ի նախապատվությունը Հայաստանին (մեկ շնչի հաշվով տարբերությունը 30 դոլար` հօգուտ Հայաստանի)։ Նույն Վահան Հովհաննիսյանը սահմանեց իր կուսակցության վերաբերմունքը նախագահ Սերժ Սարգսյանի եվրոպական քաղաքականության նկատմամբ` հետևյալ կոնկրետ արտահայտությամբ. «Եթե Հայաստանի իշխանությունը շարունակի այս քաղաքականությունը, ապա իշխանությունը Հայաստանում ժամկետից շուտ կփոխվի»։ Այս ցիտատը ոչ միայն անցնում է քաղաքական էթիկայի սահմանը, այլև մեկ անգամ ևս հավաստում է, որ Հայաստանի քաղաքական վերնախավի մի որոշակի մասը պատրաստ չէ երկրի իրական խնդիրները տարբերելու գաղափարաբանական դրույթներից, դրանց լուծման հարցերում նախապատվությունը տալով ոչ թե խնդիրների առաջին, այլ երկրորդ բլոկին։ Ի միջի այլոց, 2216 համարը կրող փաստաթուղթն իր «ամբողջ Հարավկովկասյան տարածաշրջանը կենտրոնական նշանակություն ունի էներգետիկայի ոլորտում ԵՄ շահերի համար» ձևակերպմամբ արդեն ընդլայնել է հայկական կողմի գործարար հնարավորությունները։ Եվրախորհրդարանն այս փաստաթղթով Եվրահանձնաժողովին (ԵՄ կառավարությանը) հանձնարարել է նախապատրաստել առաջարկություններ «Նաբուկո» և «Սպիտակ հոսք» գազամուղները մեր երկրի տարածքին միացնելու վերաբերյալ։ Դա, ի դեպ, մինչ այս չկար։ Իսկ Լեռնային Ղարաբա՞ղը։ ՈՒրեմն, նրա համար նախատեսվում է վերջնական կարգավորման ամբողջ ժամանակամիջոցի համար նախատեսված միջանկյալ կարգավիճակ, որն իր սահմանային հնարավորություններով չի կարող ԼՂՀ-ի ներկա մակարդակից ցածր լինել։ Այնպես որ, ընտրությունը մերն է։ Կա՛մ ընդունում ենք առաջարկությունն ու նշանակալի շահ քաղում ակնկալվող հնարավորություններից, կա՛մ վիժեցնում ենք բանաձևի կատարումը, զրկվում լրացուցիչ ֆինանսական հնարավորություններից և շարունակում հետևել, թե ինչպես են մեր ավելի ու ավելի շատ հայրենակիցներ, այստեղ` Հայաստանում, իրենց դրսևորելու հնարավորություն չգտնելով, գաղթում օտար երկրներ, կամ էլ, մնալով այստեղ, մուրացկանի գոյություն են քարշ տալիս, ինչը որոշակի պայմաններում նրանց մասնագիտացնում է աղբաման քչփորելու գործում։ Բայց, ամեն դեպքում, եկեք իրերը կոչենք իրենց անուններով և թշնամիներ չփնտրենք այնտեղ, որտեղ նրանք չկան։
Վլադիմիր ՍԱՐԳՍՅԱՆ
Քաղաքական ծրագրավորման կենտրոնի ղեկավար

Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ