(Մատենադարան, ձեռագիր 11, թերթ 42բ-49)
Այս` սակավ հայտնի, խիստ հետաքրքիր և, իմ համոզմամբ, նշանակալից տեսիլքի մասին տեղեկացա Աշոտ Հունանյանից և Խաչիկ Ստամբոլցյանից և նրանց իսկ առաջարկությամբ այն փոխադրեցի գրաբարից:
Տեսիլքը հուշում, հիշեցնում է մեզ՝ խոնարհ լինել Աստծո օրենքների, կարգերի ու պատվիրանների մեջ, մանավանդ, ըստ Լեռան Քարոզի ապրելու, ժամանակին ապաշխարելու և խոստովանելու Աստծուն, եթե ոչ՝ սատանային գործակից չարերի, ապաշխարություն չորոնող մեղավորների դատաստանը խիստ ծանր է լինելու: Այսինքն, եթե խելամիտ ենք, լավ է չուշացած գնահատենք մեր կյանքի ժամանակը, որովհետև Աստծո խոսքն ու Հայտնությունները նախօրոք են խոսում երկրի վրա տեղի ունեցող այն ընդհանրական դեպքերի մասին, որոնց ներկա ենք, և որոնք պիտի լինեն ապագաներում:
Վարդապետի տեսածը, ըստ էության, երկու տեսիլքն է, որոնցից ընթերցողին ենք ներկայացնում առաջինը: Ցավոք, ձեռագրում որևէ հիշատակում չկար Բենիկ վարդապետի ապրած դարաշրջանի մասին, սակայն այս բանավոր գանձն ընթերցելու համար, վստահ ենք, այդ իրողությունն այնքան էլ կարևոր խնդիր չէ:
ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆԻ ՄԱՍԻՆ
Ես ու իմ եղբայրները մոլորության հատակն էինք հասել: Մարմնի կամքը կատարելով՝ արդար էի ինձ կարծում, և ինչպես գրվածքներն են վկայում՝ ինքս էլ բարկության մի որդի էի՝ սատանայի կորստյան ճամփին: Շվայտանում էի արբեցողությամբ: Չարաչար հեռացել էի իրական կարգ ու կանոնից և կենցաղային բազմաթիվ դատարկամտություններով էի ապրում: Օրըստօրե ավելի հորդացնելով՝ ավելացնում էի անօրենություններն իմ՝ թե՛ լսելիքով, թե՛ տեսողությամբ, թե՛ լեզվով, թե՛ սրտով ու մտքով: Արդ, մինչդեռ այս ալեբախման մեջ էի, ամենքին խնամող Աստծո աչքն ինձ տեսավ, որ Իր առջև ստորաքարշ մեկն եմ դարձել՝ բյուրավոր չարերի շարքերը ինձնով էլ լրացնելով: Եվ Իր նախախնամական ակնարկությամբ տվեց ինձ, որ տեսնեմ ինձ սպասող սարսափելի ապագան՝ տանջանքների մի տեսիլով և ճանաչեմ արհավիրքը մեծ դատաստանի, որ պիտի գա մարդկանց որդիների վրա, և նաև օրինակը տեսնեմ հավիտենական կյանքի: Եվ որչափ որ միտքն իմ իր բնությամբ կարողացավ հանդարտվել, որ տեսածս ըմբռնեի այդքանը փոխանցում եմ ձեզ, այն, ինչ վկայում է Բարձրյալն Աստված: Եվ ճշմարիտ եմ ասում, Ինքն անճառ է (անըմբռնելի), բազմաթիվ այդ նշաններից չի կարող մարդու բնությունն իր տեսածը փոքր-ինչ պատմել:
Գիշերային տեսիլքի մեջ տեսնում էի, որ միայնակ կախվել եմ երկրի վրա, և ահա բոլոր արարածները դադարի մեջ էին, և ինձ շամանդաղն էր երևում, որ տարածվել էր օդում, և անդունդների խորքերից թնդյուններ էին բարձրանում ու ինձ խեղճացնում, և երկրի երեսին ոչ սակավ արհավիրքներ էին բռնել: Ես զարհուրանքով՝ խիստ տագնապի մեջ էի, և խորհուրդներն իմ ալեկոծում էին ինձ, և իմ հոգով փափագում էի իմանալ, թե ինչ է հետո լինելու: Այդ ժամանակ ամպերի միջից ինձ լսելի եղան բարբառումներ, որ ինձ ասացին՝ ա՛յս է աշխարհի կյանքի վախճանը, և հասել է Գալուստը Աստծո Որդու: Եվ երբ բարբառումը լսեցի, նույն ժամին մշուշը փոքր-ինչ ցրվեց, և հանկարծակի մի մեծ դղրդյուն բարձրացավ, և ահեղ փայլատակումներ եղան, և այրող կրակ էր ամենուրեք առաջացել, և բազում փողերի ձայներ էին հնչում աշխարհի ծագերից: Անիմանալի և անպատմելի ձայներ էին լսվում, որ նման էին խոր որոտումների, և դողում ու ալեկոծվում էին բոլոր արարածները իրենց անդնդային հաստատությամբ հանդերձ, և կուտակվելով՝ նրանցից դղրդյուն էր բարձրանում: Եվ երբ ես իմ անկումային տարակուսանքների մեջ էի, երկյուղից այնքան էի ահաբեկվել, որ քիչ էր մնում հոգիս ինձնից հեռանար, և ոչ էլ ռունգներիս մեջ էր շունչ մնացել, և թվում էր, թե ոսկորներս էլ քանդվեցին ու դեպի հողը վերադարձան, բայց ուշքս դեռ վրաս էր: Եվ որպես թե անդունդների խորքերից համարձակություն եկավ վրաս դեպի բարձունքները նայել-տեսնելու, թե ինչ է այնտեղ կատարվում, և տեսա եղանակը Արարչի Գալստյան, թե ինչի է նմանվելու, և կամ ինչին են նմանվում բանակներն անմահների, կամ ինչպիսին են լինելու անճառելի հրաշքները, որ պիտի հայտնվեն (Գալստյան ժամանակ): Եվ ավելի սրտապնդվելով ու զորանալով՝ աչքերս ավելի վեր բարձրացրի և տեսա, որ հրագույն երկինքը իբրև ծովի ջուրը ծփում էր, և կուտակված ալիքները, որ բոցերի էին նման, հանգչում էին, և ամբողջ հաստատության կերպարանքը ջրի ալիքների նման գալարվում էր, և կրակե կիզող ալիքները ինձնից հեռու էին գնում: Եվ այդ չքնաղ բոցերի լույսերի և անիմանալի փայլատակումների թափանցիկ հրով լուսավորվեցին բոլոր արարածները, և մինչև անդունդների խորքերը լույսի մեջ լուծվեց ամբողջ բնությունը և այդ աննման լույսի առջևում խավար առաջ եկավ, որից ես այլայլվեցի և չէի կարողանում այլևս իմանալ, թե ինչ է կատարվում: Բայց այն տեղերից, որ կրակներն էին հոսելով դուրս գալիս, ամպերն այդ տեղերում վիշապների էին նմանվում, և կրակներն ասես նրանց ռունգներից էին դուրս գալիս, և վիշապներն այդ թանձրանում ու զորանում էին միմյանց վրա: Երբեմն ամպերը կուտակվում էին միմյանց վրա, դեզերի էին նմանվում և մեկ էլ՝ ձկների երամների և բոլորն էլ հրի կերպարանքով էին շրջում ու հրեղեն օձերի պես, իսկ որոշ ժամանակ անց մեծանում էին լեռնանալով: Եվ իբրև մեծ հնոցից ելնող ծխի թանձր մրրիկ, որ բոցի առջևից է գնում, քուլաները երամ-երամ օձերի բազմության նման ելնում էին երկրի հատակից և հասնում մինչև երկնքի ծայրերը և կուտակվում էին միմյանց վրա, և ամենքի բերաններն էլ բորբոքված էին բովի նման, որոնցից դուրս էին հորդում հրաթույն օձերի բազմություններ և իրենց թանձրությամբ ծածկում էին հրեղեն ծովը, որ եռում էր որպես եռանդուն, բազմօրինակ տեսիլներով լցված հսկա մի կաթսա: Եվ որոնց մեջ օձի կերպարանք ունեցողը ակնարկում էր, թե միայն ինքն էլ բավական է, որ բոլոր կենդանի արարածների հոգիները հանի: Եվ այլ հրեղեն նշաններ ու ահավոր արհավիրքներ էլ էի տեսնում: Եվ ինչպես որ ամառվա օրերի մեջ որոտմունքներ են լինում՝ ահեղ փայլատակումներով, այնպես էլ ահավոր ճայթյուններ էին հրեղեն, անծայր ծովում: Եվ այդ անիմանալի փայլատակումները ամբողջ բնությունը վերցրել էին այրող հրի մեջ, և այդ հուրը շրջում էր մինչև թանձրամած խավարի սահմանը, ուր դադարում էին, և մի ժամ անց նույն կերպարանքները սկսում էին շրջել, և անդունդներն ի վեր լսվում էին ահագնալուր ձայների գոչյուններ, և այդ ամենից սաստկալի թնդյուն էր բարձրանում ու հրից որպես տոչորալով՝ եռում էր երկնքի ծովն իբրև կաթսա. և շրջան էր կազմվել՝ հրեղեն ծովից, խոր անդունդներից դեպի վեր՝ մինչև երկնքի ծայրերը: Հորձանք-հորձանք առաքված այդ կրակները ցոլացումներով, երկնքի ծայրերից ճայթյուններով վայր էին իջնում՝ հասնելով մինչև խորքերն անդունդների, և ողջ աշխարհն էր դողացնել տալիս և շուրջանակի գտնվող բոլոր արարածներին դարձնում դառն կերպարանքներ, որոնք կամաց-կամաց գալիս մոտենում էին ինձ: Եվ ես, կապված իմ կախաղանին, տեսնում էի վեհամեծ այդ արհավիրքներն ու տեսիլների աններելի տանջանքներից ասես հանդերձյալ էի, և անբավ ու անթիվ այդ տեսիլները, որ երևում էին, անհասանելի էին մարդկային մտքերին, և որևէ մեկը չէր կարող այդ տեսիլները պատկերել, և ինքս էլ չեմ կարող: Եվ երկնքին կից՝ հրեղեն ծովի շուրջը, պարիսպ էր՝ արևելքից, հյուսիսից և հարավից, այդպես պարսպով էր շրջապատված՝ իր մեջ առնելով ողջ աշխարհը: Միայն արևմտյան կողմն էր ազատ, ուր դատարկ անդունդներն էին, որ ծայրեծայր լցվում էին հրեղեն ու հրաբորբ վիշապներով՝ մինչև առաստաղն երկնքի:
Եվ երկինք ու երկիր լցված էին մեծ դառնությամբ, որն արդեն ինձ մոտ էր հասել, և ամենքն էլ իմ արյանը ծարավ՝ բացել էին իրենց բերանները, թե ով ավելի առաջ կկլանի ինձ, այդժամ տեսա, որ ես կախված էի երկաթյա պարսպի վրա գտնվող մեծ դռան առջև: Եվ նայեցի տեսա, որ դուռը դրախտի կողմն էր: Եվ այդժամ տեսա թագավորական մի կառք, որի վրա արքան էր նստած, և բազմաթիվ էին նրա սպասավորները, իսկ այդ վայրերի տեղանքը անպատմելի վայելչությամբ էր զարդարված, իսկ այդ տեղավայրի վայելչագեղությունը անկարող եմ պատմել, իսկ զորքերը թագավորի պատրաստ կանգնած էին: Եվ մի կին, որ ամբողջությամբ լի էր պարկեշտությամբ ու զարդարված էր ծիրանի հանդերձներով, նստել էր արքայի առաջ՝ երկնագույն կարպետներով ծածկված պատվանդանին և խոսում էր արքայի հետ: Եվ տեսնելով պարկեշտագեղ կնոջն այն և անհուն բարեմտությունը, որ նրա մեջ կար, կամեցա խոսել նրա հետ և նրանից ողորմություն խնդրել, բայց չկարողացա, քանի որ փակված էր իմ բերանը և լեզուս կպել էր իմ քիմքին և աչքերս պլշած՝ անթարթ նրան էի նայում, ջանալով, որ իմ հայացքով նրանից ողորմություն կարողանամ աղերսել, որովհետև կատարելապես բարեմիտ էր, բացի այդ, ատյանի առաջ մեծ համարձակություն և իրավունք ուներ: Եվ նա ինձ քաղցրությամբ նայելով, կանգնեց արքայի առաջ և երկրպագելով նրան, աղերսում էր, որ ինձ արձակեն կախաղանից, իսկ արքան նրան չէր պատասխանում: Եվ նա առավել ևս էր աղաչում, որ ինձ համար գութ առաջացնի արքայի մեջ, և ինձ ազատ արձակեն, և հիշեցնում էր արքային նրա առաջին սերն ու խնամքը, որ ունեցել է արքան իմ հանդեպ: Բայց թագավորն ահա հրամայեց նրան լռել և նստել: Այդժամ սկսեց ինձ մեղադրել աշխարհի իշխանը՝ արքայի ականջին մեկ առ մեկ թվելով այն ամենը, որ արել էի, բաներ, որոնք ինձ ինքն էր ներգործել, և ցասումով էր պատված նրա երեսը, ու կամենում էր ինձ հավիտենական սատակման մեջ տեսնել: Այդ ժամանակ իմ փրկության հույսն սպառվեց և աչքերս փակեցի, սպասելով, որ ահա հրեղեն վիշապներն ու նրանց դառնության տեսիլները ինձ կկլանեն, որովհետև մեղադրանքի ժամանակ հրեղեն ծովը եկել-հասել էր ինձ և վիշապները բացել էին հրաբորբոք բերաններն իրենց և անթիվ, ինչպես ծովի ավազը, երամներով գալիս էին ինձ վրա: Այդժամ ինձ ընդհուպ մոտեցավ հրդեհող բոցը, որի շաչյունը ահա պիտի լսվեր, և ես նրանց ատամներից սարսափի մեջ էի, և քանդվում էր իմ հոգին, և անդնդային ծովի կրակե փոթորիկը սկսեց իմ շուրջը հոսել որոտընդոստ թնդյուններով: Աչքերս դեռ փակ՝ տեսնում էի այդ ամենը, ապա բացեցի աչքերս, որ տեսնեմ, թե ինչ կորստի մատնվեցի: Եվ տեսա այն հրաշագեղ կնոջը, որ կանգնել էր արքայի աթոռի առաջ և նրա ոտքն էր ընկնում մեծամեծ պաղատանքներով, աղերսանքներով ու հառաչանքով և իմ անձի փրկությունն էր այդպես խնդրում: Եվ ապա իմ ականջներով լսեցի, որ երդվեց արքայի փառքով ու զորությամբ, ու ասաց՝ չե՛մ նստելու քո առաջ, մինչև որ դրան չարձակես դառնատեսիլ այդ կապանքներից: Եվ նրա ահավոր ու սաստիկ խնդրանքներից ու բարեխոսություններից շառագունել էր նրա երեսը, մինչև որ արքան քաղցրությամբ լցվեց: Այդժամ արքայի երեսից հրաման ելավ, և հափշտակեցին ինձ դռան դրսից ու ներս տանելով՝ դուռը փակեցին, որն արգելում էր կրակին, և այն պահին հափշտակեցին, երբ ակնթարթ անց ահագին վիշապները հրամած ծովի պիտի կուլ տային ինձ: Եվ նույն ժամին կրակի միջից թնդյուն ու որոտումներ ելան, և վիշապները կրճտում էին իրենց ատամները, և ահագնաձայն հնչումներ էին անդունդների մեջ: Եվ սանդարամետականների թնդյունները մինչև երկնքի բարձրություններն էին հասնում: Եվ այն բարետեսիլ և քաղցրահայաց կինը, որը եղավ փրկիչն իմ անձի, բռնեց իմ ձեռքից և տարավ ինձ արքայի աթոռի մոտ և երկրպագել տվեց ինձ արքայի առաջ և ինձ առաջնորդեց աջակողմը դրախտի, ասելով՝ ա՛յդ ճանապարհով կգնաս, և բաց թողեց ձեռքս:
Եվ նույն ժամին զարթնեցի: Եվ մեծ երկյուղով բռնված դողում էի, և որոշ ժամանակ դեռ տագնապս չէր անցնում: Եվ թե որպես էր այս ամենը լինելու, անքննելի Բարերարը միայն գիտի: Այս ամենը գուցե որևէ մեկին անհավատալի թվա, բայց ինձ Բարձրյալն Աստված այս վկայությունը տվեց, և այդ վկայությունը ինքս տեսա և բազում իմ տեսածներից միայն սակավը կարողացա նշանագրել: Եվ դուք, որ կարդում եք կամ լսում, հայցե՛ք Տիրոջից իմ մեղքերի համար էլ թողություն, քանի որ Աստված առհասարակ ողորմած է: Ամե՛ն:
Գրաբարից փոխադրեց Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԸ