ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ԶԱՏԻԿԸ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՎԱՏՔԻ ՈՂՆԱՇԱՐՆ Է

ԶԱՏԻԿԸ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՎԱՏՔԻ ՈՂՆԱՇԱՐՆ Է
20.05.2011 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

Շարունակենք ընդհատված նկարագրությունները: Լուսահանումից հետո տաճարում վառվող հազարավոր մոմերի առատությունից շուտով ծուխն այնպես լցվեց ամբողջ սրահը, որ հետզհետե սաստկացող հեղձուկ օդից շատերը սկսեցին շնչահեղձ լինել ու վատանալ: Այդ ժամանակ ավելի գերադասելի է իսկույն դուրս գալ, որովհետև գրգռված մարդկային ամբոխը երբեմն չի պատկերացնում իր արածի հետևանքը, ինչպես կատարվեց 1834 թվին, որի ականատես անգլիացի Ռոբեր Քըրզնի նկարագրությունը կներկայացնեմ որպես պատմական փաստ: Ինչո՞ւ է այդպես լինում: Որովհետև քրիստոնյա աշխարհին հայտնի է, որ ամեն մի հոգևոր իրադարձություն բանսարկու սատանան միշտ փորձել է շղարշել, աղտոտել ու ծամածռել իր պիղծ հնարքներով, նույնը և երբեմն-երբեմն կատարել է և այս սուրբ օրը, որի մասին այժմ դուք էլ կկարդաք ու կհամոզվեք: Իսկ մինչ այդ ավելացնեմ, որ Սուրբ տաճարի դահլիճի մի փոքր թեթևացումից հետո սկիզբ են առնում հարանուն եկեղեցիների թափորները, որոնք իրենց տոնական սրբապատկերները դրոշակների նման պարզած երեք անգամ պետք է պտտվեն սուրբ Գերեզմանի մատուռի շուրջը, որը, ավա՜ղ, ցավոտ իրադարձությամբ ավարտվեց 1998 թվականի զատկական արարողության ժամանակ: Այդ դեպքի ականատեսները պատմեցին հետևյալը: Երբ արդեն ավարտի թափորն էր պտտվում սուրբ Գերեզմանի շուրջը, հանկարծ ասորի խաժամուժ, բարձրագոչ ջահելները, փայտերով ու ջարդված սրածայր շշերով նախապես զինված, հարձակվում են մեր վարժարանի սաների վրա և սկսում անխնա հարվածներ տեղալ անպաշտպան երեխաների գլխին: Նրանք էլ միայն իրենց ձեռքի դրոշակներով, որոնց վրա սրբապատկերներ էին նկարված, մի կերպ պաշտպանվում էին կատաղած ասորիներից, բայց և այնպես երեք հոգի մեզնից ծանր վիրավորվեց, նրանց հետ նաև մի ռուս ուխտավոր կին, որի գլխին պատահաբար ջարդված շշի բեկոր էր դիպել: Այդ կինն ապաքինվելուց հետո գնաց իր երկիրն ու մի մեծ հոդված գրեց թերթում, թե ինչ գնով են հայերը սուրբ երկրում պահում ճշմարիտ հավատը: Բայց, իհարկե, քչերը հավատացին նրան, ինչը չխանգարեց նրան մեզ հետ քրիստոնեական սիրով հարաբերվելու, երբ նորից եկավ Երուսաղեմ՝ ուխտի: Այս միջադեպում խորհրդանշականն այն է եղել, որ մեր վիրավորված տղաների անուններն են Հարություն, Արմեն և դարձյալ Հարություն: Երբ հրեական ոստիկանության միջամտությունից հետո կռիվը դադարում է, վիրավորներին իսկույն հիվանդանոց են տեղափոխում, իսկ ապշած ու զարմացած այլազգի ուխտավորները ահաբեկված դուրս են փախչում տաճարից: Այստեղ էր, թե կատարվեց այն առակը, թե` «Տաքացրածդ օձը քեզ պիտի կծի»:
Այս խոսքը հաստատվում է մանավանդ հետևյալ փաստով, երբ 16-րդ դարում իսլամի հետևորդները Սուրբ երկրի քրիստոնեական սրբատեղիների հարկերն անխղճորեն այնքան մեծացրին, որ շատերը, այդ թվում և` հաբեշներն ու ասորիները, ստիպված դրանք լքեցին ու հեռացան: Ասորիները Մարկոս ավետարանիչի տան տեղում կառուցված իրենց եկեղեցին հանձնեցին մեր հայոց պատրիարքության իրավասությանը: Եվ մենք այդ եկեղեցու պահպանության ծանր բեռը վերցրինք մեզ վրա, որովհետև տվյալ սրբավայրը կարող էր իսպառ կորսվել, կամ էլ մահմեդականների սեփականությունը դառնալ: Եվ այսպես պահելով այն մոտ երեք դար, այսինքն՝ մինչև 19-րդ դարի քսանական թվականները, երբ Սուրբ երկիրն անցավ անգլիական իրավասության տակ, և հարկերը նվազեցին, ասորիները հետ վերադարձան: Մենք եղբայրաբար վերադարձրինք իրենց եկեղեցին, այն էլ` Գրիգոր Պարոնտեր պատրիարքի ջանքերով շքեղ վերանորոգված: Դրանից հետո նրանց առաջին գործերից մեկը եղավ խորանի վրայի հայերեն արձանագրությունները վերացնելը, որ հայերից եղբայրական սիրո նշաններ հանկարծ չմնան: Իհարկե, մարդկայնորեն հասկանալի է, բայց քրիստոնեական սկզբունքներին, կարծում եմ, վայել չէ: Որպես հուշ հեռավոր այդ օրերից, մինչև այսօր մենք իրավունք ունենք ամեն տարվա Զատկի Բարեկենդանի ուրբաթ օրը հիշյալ եկեղեցում սուրբ պատարագ մատուցելու:
Նման դեպքեր դարերի ընթացքում էլի են կատարվել, բայց վերջին ժամանակներս ավելի են հաճախացել, ինչը բնական է, քանզի ժամանակներն են չարացել, անօրենությունն է շատացել, մարդկանց սերն է պակասել միմյանց հանդեպ, քանզի սուրբ Գերեզմանի շուրջը քրիստոնյան քրիստոնյայի արյուն հեղեց, ինչպես Կայենն Աբելի արյունը թափեց. ահա՛ սատանայի բաղձանքը: Եվ հասավ իր նպատակին, որովհետև, ավա՜ղ, շատերս միայն անունով ու շրթունքների վկայությամբ ենք մնացել քրիստոնյա, իսկ սրտով ու գործերով վաղո՜ւց սատանային ենք ծառայում: Բայց այս միայն մեզ հետ չէ, որ պատահել է, այլ վերջին ժամանակների նշանները այլ քրիստոնեական հարանմանությունների հետ էլ են կատարվել, քանի որ ասացինք, ըստ Տիրոջ խոսքի` մարդկանց սերը սառել է: Ղպտի ու եթովպացի 11 վանականները նույնպես միմյանց արյուն թափեցին Սուրբ Հարության տաճարի տանիքում: ՈՒ գիտե՞ք ինչի համար. ստվերի, այո՛, այո՛, սխալ չկարդացիք, ստվերի համար, քանի որ մի եթովպացի վանական իր աթոռն իրենց իրավասության սահմանից մի փոքր այն կողմ՝ ստվեր տեղում էր դրել, որը ղպտիներին էր պատկանում: Եվ այդ մի թիզ ստվերը պատճառ դարձավ «մի կաթիլ մեղրի» պատմության, քրիստոնյա «եղբայրները» միմյանց տուր, թե կտաս, մինչև արյունահեղության աստիճանի: Վա՜յ մեզ, եթե այսքանից հետո չապաշխարենք:
Աստված թող ողորմի բոլոր մեղավորներիս, որ իմանանք երբ և ինչ խոսենք, և ում հետ ինչպես վարվենք: Այս միջեկեղեցական խրթին հարցերը թող ընթերցողին պարզ մի բան չթվան, որովհետև Սուրբ երկրում դարերի ընթացքում հարաբերություններն այն աստիճանի են նրբացել, որ դրանից կարող են նույնիսկ պատերազմներ ծագել, ինչպես եղավ 1853 թվին, Բեթղեհեմի սուրբ տեղերի իրավունքների առթիվ, երբ Հռոմի Պիոս 9-րդ պապը ֆրանսիացիների Նապոլեոն 3-րդին խոստանում էր կայսր օծել, եթե նա օսմանյան կառավարությունից Սուրբ տաճարի բանալիներն ուզի, որ հույների ձեռքում էր, և իրենց՝ լատիններին հանձնի: Բայց քանի որ հույների թիկունքում ցարական Ռուսաստանն էր կանգնած, այնպիսի սաստիկ վեճ առաջացավ նրանց միջև, որ դրանից Ղրիմի կամ Արևելյան կոչվող պատերազմը ծագեց, որը, ի վերջո, ավարտվեց Սևաստոպոլի դաշնագրով: Շարունակենք զանազան դեպքերի նկարագրության պատճառով հաճախ ընդհատվող մեր շարադրանքը: Բայց այսչափ մեջբերումների նպատակն այն է, որ ընթերցողը կարողանա ըմբռնել ասվածի կարևորությունը, քանզի տիեզերախորհուրդ պահ է այս:
Երբ սկսվեց 1999 թ. «Լույսի օրվա» հայոց թափորը, մենք պետք է անցնեինք սուրբ Հովսեփ Արիմաթացու և Նիկոդեմոսի գերեզմանների սրահի մոտով, որտեղ ասորիներն էին խմբված, ճիշտ այն տեղով, որտեղ անցյալ տարի տհաճ ծեծկռտուքն սկսվեց: Տարբերությունն այն էր, որ մենք այս տարի նախապես «զինվել» էինք աղոթքներով, հայցելով Տիրամոր և սրբերի բարեխոսությունը, որ նրանք այս սուրբ վայրից հեռացնեն դևերի այն ոհմակները, որոնք տկար մարդկանց ու նաև քրիստոնյա եղբայրներին կարողանում են իրար դեմ հանել (վերոհիշյալ ծեծկռտուքի մասնակից վարժարանի սաներից մեկը բարձրացել էր ամենավերին սրահներից մեկն ու անկյունում վախից կծկված թաքնվել էր, որ չմասնակցի արարողությանը. և ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ այդ անփորձ պատանուն):
Եվ երբ մեր թափորն անցնում էր ասորիների միջով, նրանց կանայք հանկարծ սարսռեցնող ձայներով սկսեցին կոկորդային սուլոցներ արձակել։ Այնպիսի զիլ ու անբնական ձայներով լցվեց Տիրոջ Տաճարը, որ մի պահ ինձ թվաց, թե (մեղա՜ Աստծո) հեթանոսական մեհյանում եմ գտնվում, որտեղ նման ձայներով դևերին են հրավիրում: Մենք բոլորս ներքուստ լարված, բայց աղոթքներով ու շարականներ երգելով քայլում էինք այդ «քրիստոնյա եղբայրների» միջով։ Փա՜ռք Աստծո, 20-րդ դարի վերջին տարին «անփորձանք»՝ առանց արյուն թափելու, անցկացրինք զատկական արարողությունը:
Դրանից հետո, սովորաբար, այստեղ եկած ուխտավորներն աշխատում են վառված մոմերն ինչ-որ հնարքով դուրս տանել ու իրենց ընտանիքներ ու եկեղեցիներ հասցնել: Ասում եմ ինչ-որ հնարքով, որովհետև այս տարի Տաճարից դուրս կանգնած հրեա ոստիկանները, հեղուկ օդի փչող բալոններով «զինված», ամեն գնով աշխատում էին հանգցնել այդ կրակները: Հին կտակարանյան՝ «ատամն ընդ ատաման» օրենքն էր գործում, որովհետև, չգիտես ինչու (այսինքն` շատ էլ լավ գիտենք, թե ինչու), զատկական օրերին «քրիստոնյա» կոչվող մոլեռանդները ամեն գնով աշխատում են որևէ հրեայի անարգել, ծաղրել, կամ էլ, հնարավորության դեպքում, բռնցքահարել, Հիսուսին խաչելու անմիտ վրեժն առնելու համար:
Առջևում հետզհետե «պղտորվող» մարդկության, ըստ իս, վերջին դարի վերջին տարիներն են: Միայն թե չհարցնեք, թե ինչու վերջինը, որովհետև բաներ կան, որ մարդու հոգու համար չգիտակցված աքսիոմ են. վճռաբեկությունը միայն Արարիչ Տերը կարող է անել: (Եվ թող անի, եթե ասվածն ընդամենը «որովայնային» մարգարեություն է։)
2002 թվի զատկական արարողությունից հետո զանգահարեցին Երուսաղեմից ու շնորհավորեցին Սուրբ տոնի առթիվ, բայց և տեղեկացրին, որ Տիրոջ Սուրբ Գերեզմանի Հրեշտակաց սրահում հույների նորընտրյալ պատրիարքը, կեղծ նախանձախնդրությունից դրդված, ուզել է, որ անպայման իրենք առաջինը հանեն լույսը, և անսպասելիորեն փչել-հանգցրել է մեր լուսահանի ձեռքի մոմերը: ՈՒ վա՜յ քրիստոնյա կոչեցյալներիս, քանզի այդ սուրբ վայրում ծեծկռտուք է սկսվել, ու հրեական ոստիկանությունն է ստիպված եղել միջամտելու:
Այդ պատրիարք կոչեցյալին մի տարի հետո հույները «որակազրկեցին»` շարքային վանականի աստիճանի իջեցնելով, որովհետև գաղտնաբար հրեաներին էր վաճառել իրենց պատկանող Հին քաղաքի մի տարածք:
Հիմա ասեք տեսնենք, արդյո՞ք Տիրոջ դատաստանն Իր տնից` եկեղեցուց չպետք է սկսվի: Եվ ո՞վ կարող է դիմանալ այդ հրե բորբոքին, եթե արտաքնապաշտության պիղծ հանդերձով կանգնած լինենք Դատավորի առջև: Թող Տերը ողորմի բոլոր Իր արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1268

Մեկնաբանություններ